ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Եվ ձյուն էր գալիս այս գիշեր:
Կոնտրապունկտ
Անտեսնելի է, բայց տեսել են վաղուց-
Անցնո՜ւմ է դարը էպիկականի…
Իսկ ժամանակը, օ՜, շեղվել իր ուղուց՝
Դեսուդեն է թռչում դաշտերում ականի:
Դու, որ շա՜տ էիր ջանում
Զգացմունքի, արյան շարժումը գեղընթաց
Պատվաստել օդին և առաջանում՝
Գեղեցկությունը շղարշելով թաց
Կյանքի խավարներում,
Ասես մի վիթխարական վիտրաժ,
Որն ապրի՛, անդրադարձնի՜ ակամա վերերում-
Գրի մի Լուվր կամ մի Էրմիտաժ…
Չէ՞ որ Աստուծո փեշին մոտ
Աշխարհ ենք կառուցում միրաժում,
Իրականը բեկում ոսպնյակի մեջ մութ՝
Ինչը բաղձալի է, շքեղ և տգե՛ղ՝ որպես գահավիժում:
Ինչպե՞ս պիտի, ասա՛,
Այս բրոունյան փախեփախի դեմն առնես,
Երբ ինքդ՝ մի մոլեկուլ ես անկաս
Ու չե՛ս իմանա՝ արդյոք կհառնե՞ս:
Ստախոսության ամենակեր
Սարդաթելերի համերկրային ցանցում
Դու՝ մի Գուլիվեր, թզուկները՝ գեր,
Եվ գետնաքարշ են տանում քեզ, ոնց կռապաշտ աստծու՝
Խարդախ՛, ուղղահայա՛ց ուղղորդումով,
Խոյացումդ՝ դիակառքի՛ն տարածական,
Եվ այլևս արյան, զգացմունքի քո հորդումով
Մաքրել չե՜ս զորի ախտն այս անանձնական:
Ազատական խոսքը
Թա՛նկ նստեց քո վրա,- դու հա՛ կլանչի,-
Քեզ չեն արձագանքի ո՛չ զանգվածի հոսքը,
Ո՛չ լրտեսները մոտիկ անցյալի-կողքիդ նստած լանչի:
Ժամանակը քանզի
Քեզ թողնում է խոսես, ինչքան սիրտդ ուզի,
Ապա՝ բացում է խաբսերի կոյուղին,
Ուր ՄԵԾԱՍՔԱՆՉ բառը դիպչում է մեզին.
Այս անդրդվելի անասունի,
Որը խուլ է այնքան, որքան պարտ է լինի,
Որը կույր է այնքան, մինչև որ բախվի առնանդամի սյունին…
Դե եկ, Քերթության քո տո՜ւնը շինի:
Շինիր՝ զառանցանքի պարտեզներում, հանուն
Սերնդի, որ առոգանի որդոց որդի,
Որը լուսերես է, ունի հայրանուն,
Որն զգո՜ւմ է համը Սեզանի նատյուրմորտի,
Նույն ցա՜վն է զգում կորստաբեր վառքով,
Նույն մորմո՜քը՝ լքված իր բնօրրանի,-
Նրա՜նց թող, հեռահար հաշվարկով,
Որ կյանքը, վերջիվերջո, երեսը բաց կանի՝
Վիրավոր պատկերը գազանի մթնաձույլ,
Սիրո շատրվաններ կմղի Վեներա,
Կասի՝ ո՛չ, և իրեն կանվանարկեն՝ ծուռ,
Եվ էլ չի՛ լինի ստությանը ներում:
Բայց մինչ այդ չարչարանքով սիզիփոսյան
Հավաքիր փետուր առ փետուր
Ժամանակն այդ՝ էպիկական փասիան,
Հավատա՜, հուսա՜ և գալստյա՜նը տուր,
Ինչպես մանկաշունչ ծիածանին-
Յոթնգույնին՝ սքանչակա՜ն, կատարյալ կոր,
Համարիր, թե այդ անասունն անցավ
Ջրհեղեղից հետո
Քո՛ ոտքերի տակով:
20.10.2022 թ.
Եվ սեղմեց ափերը ժայռաբեկորին
Սիզիփոսն ամեն անգամ լեռան ստորոտից ժայռաբեկորը վեր հանելիս, երբ արդեն հասնում էր գագաթին, թեթևացած շունչ էր առնում, ճարճատող ողնաշարը շտկում և թևերը կանթած՝ նայում էր լեռնադեմ հովտին ու համայնապատկերին: Երբ նա իր տանջանքի դադարներն էր վայելում, այդ ժամանակ էլ քարը գլորվելով հասնում էր գագաթեզրին ու՝ դղիրդով վիժում ցած:
Սիզիփոսը չէր հասկանում՝ կանգնած, հարթ տեղից ինչպե՞ս է ժայռաբեկորն առաջ գնացել ու գահավիժել: Ապուշ կտրած, դեռ խելքի չեկած, նա վազում էր լանջն ի վար ժայռաբեկորի ետևից ու չէր հասնում, քանի որ այդ բեկորը թռչում էր ուղիղ արագացմամբ, իսկ ինքը զիգզագներով էր վազում, որպեսզի գլխիվայր չիջնի լեռան թեքվածքով: Հասնելով ստորոտ, նա ասում էր՝ թյո՛ւ ու վա՜յ ինձ, և մոտ էր գնում քարին, որի վրա անջնջելի պիտի փորագրված լիներ՝ տանջանք և տառապանք:
Աբսուրդը խելագարության է հասցնում նույնիսկ աստվածներին, իսկ ինքը գերկամք էր դնում ընդդեմ խելագարության, որի ծուղակում հայտնվել էր աստվածների վճռով:
Եվ նորից հրում ու տանում էր քարը լանջն ի վեր՝ երկնային թմբուկների հարվածների դադարներում մի պահ շունչ քաշելով ու էլի թմբուկների զարկերի տակ, ասես որոտմունքում ամպերի, հրում հսկայական ժայռաբեկորը: Իր մարմինն արդեն սովորել էր քարի ամեն մի ծերպին, ելուստին ու ճոռիկին, քարն էլ՝ իր ջլապինդ ձեռքերին ու ուսին, ոտքերին, և նա զորությամբ էր լցվում, սակայն չէր հասկանում՝ ինչո՞ւ դատապարտվեց թատերական այս արարների անվերջությանը, որը ծես էր ու ոչ, և չուներ տառապանքի պապակը հագեցնելու խնդության գոնե մի կաթիլ: Ուստի՝ նա ատլանտային հաղթության ցնծուն ազդանշաններ էր ներքաշում թմբկահարության խուլ ձայների հետ միասին: Նա այդպես պատանի տարիքում, մարգագետնում մի փարչ գինի խմելուց հետո, մի կերպ մեջքի վրա շուռ տվեց հսկաներից մեկի հսկա կնոջը և պառկեց վրան, ապա կնոջ հառաչները մարելուց նայեց նրա դեմքին, երբ ետսիրո անուշ քնի մեջ էր սուզվում կինը: Գեղեցկացել էր դեմքը, իսկ խոշոր մարմինն ասես տաշվել, դարձել էր քանդակ: Նման զգացողություններ էին ծնվում ամեն դադարի միջոցում, կամ երբ աստվածներն իրար հետ կռիվ տալուց դադրած անցնում էին խրախճանքի և գինարբուքի… Այլապես լեռնագնացի նման կքներ իր բեռան կողքին, ուժ կհավաքեր, հետո կշարունակեր իր տաժանակրությունը:
Իսկ նա հրում էր ցերեկը, հրում էր գիշերը և լուսաբացին, պլոկված ձեռքերով ու ոտներով, հայտնվում գագաթին: Լուսաբացը տևում էր մի քանի րոպե ու սլանում էր դեպի ցերեկ, ցերեկից երեկո, երեկոյից գիշեր, երբ ժայռաբեկորը թափ էր հավաքում լանջն ի վար ու թնդում ստորոտում, ուր ապրում էին մահկանացուները:
Երկրի բոլոր եղանակներում երբևէ նման անոմալ երևույթ չի հիշատակվել տարեգրության մեջ ի սկզբանե. 24 ժամը միշտ էլ եղել է 24 ժամ և ո՛չ ավելի, և ո՛չ պակաս: Սա կարող էր պատահել մագնիսական դաշտի մեջ էական փոփոխությունների դեպքում, իսկ Սիզիփոսն ի՜նչ իմանար այդ օրենքը, որն հայտնագործվեց առասպելներից հազարամյակներ անց… Ուստի՝ Սիզիփոսը վերագրում էր աստվածների զայրույթին ու քմահաճույքին և ելք չէր գտնում՝ աբսուրդում ապրելով իր ուժասպառությունն ու ուժավորումը, հիասթափությունն ու տքնանքի համառությունը, արևածագն ու օրվա խավարակալումը, իր զիգզագներն ու ժայռաբեկորի անկման մրցավազքը… Իր համար չքվել, կարծես չէին եղել մարգագետնային զմրուխտե անկողինը, թռչնոց երգեցողությունն արևի ճառագայթների ներքո, մարմնանդամների հանգստի երանելի վիճակն ու մանկության երազները: Միայն մի երազ էր այցելում նրան հոգնության պահերին՝ քարն ինքը հասցնում է գագաթ ու անհագ նայում հեռապատկերով մեկ՝ որոնելով աստվածների ներման ժպիտն իբրև տաժանակրության ժամկետի վերջ…
Եվ մի անգամ, բազում վերելքների ռիթմը պահպանելով, երբ նա շրջվեց դեպի քարը, վախենալով, թե այն հիմա-հիմա կշարժվի տեղից ու կգահավիժի լեռն ի վար, հանկարծ տեսավ իր ձեռքերի նման մկանազոր ձեռքեր, որոնք մոտենում էին քարին, որ, պարզ է, հրեն ցած:
Կանգնի՛ր, գոռաց Սիզիփոսն այնպիսի ուժով, որ սար ու ձոր թնդացին: Ինքն անցավ քարի ետևը՝ այդ ձեռքերի դիմաց, որոնք իսկույն ջղաձիգ հապաղեցին:
Ո՞վ ես, հարցրեց Սիզիփոսն, ակնկալելով, թե հիմա աստվածներից մեկը կազդարարի իր անունը՝ մնալով աներևույթ, սակայն արձագանք չեղավ:
Ցո՛ւյց տուր քո դիմակը, դեմքը, եթե աստված ես ու վախ չունես:
Ո՛չ դեմք երևաց, ո՛չ դիմակ:
Ինչո՞ւ ես ուզում՝ նորից վազեմ էս ժայռաբեկորի ետևից, չէ՞ որ հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ եմ ելել ու իջել այս լեռան լանջով:
Եվ Սիզիփոսը կայծակնորեն բռնեց նրա դաստակից ու մյուս ձեռքը երկարեց դեպի արմունկը, ուսը, ինչպես ըմբիշը, բայց դիպավ ի՛ր հոգնատանջ ուսին:
Չէ՛, ես չեմ գլորի իմ հանած քարը, չէ՛, ես չեմ, չե՜մ:
Դո՛ւ ես, պատասխանեց նրա ներսը, դո՛ւ ես: Հապա ինչպե՞ս զգացիր մարմինդ, երբ բռնեցիր դաստակից:
Ես գժվե՞լ եմ, թե՞ աստվածներն են գժվեցնում, խելքս ուզում են առնեն ու իրենց խրախճանքի միջոցում հետևեն ինձ՝ ծաղրելով ու քրքջալով:
Չէ՛, ասաց ներսը, կովը կթվում ու ոտքով շուռ է տալիս լիքը դույլը, տղամարդը սիրահարվում կնոջն ու լքում է նրան, արևը բոցավառվում ու մարում է ինքն իրեն, ազգերը, ժողովուրդները հասունանում ու թողնում են հասուն կենսատարածքը, սկսում են թափառել ու ամեն բան սկսել զրոյից: Դո՛ւ ես, քո ձեռքերն են:
Ես չե՛մ գլորի իմ բարձրացրած քարը, կրկնեց Սիզիփոսը, որպեսզի իր ներսը լավ լսի:
Հորձանուտը պտտվում է քո մարմնի շուրջ, դու զգում ես նրա բոլոր ալիքները, շիթերը, դու մեջտեղում ես ընթացքի և անկման, ծանրադիր քայլքի ու վազքի, տառապանքի ու կարճատև հրճվանքի, և դատապարտման ծեսը դառնում է կյանք, կյանքը՝ թատերական անվերջնական արար. և դու հավերժացնում ես ծիսական ժամանակը, դա աբսուրդն է:
Ես՝ չէ՛, աստվածներն են անում, ասաց Սիզիփոսը:
Ա՛յ, դու ասում ես աստվածները, բայց քո աներևույթ ձեռնափերը, մինչև դու համայնապատկերում որոնում ես նրանց ներման ժպիտը, դարձյալ հրում են քարը, որ վազես քո ճակատագրին ընդառաջ:
Ո՛չ, կախա՛րդ, դու ստում ես: Ցո՛ւյց տուր դիմակդ, դեմքդ, ասում եմ, եթե դու աստված ես: Դե որ ցույց չես տալիս, ես ինքս կգլորեմ իմ քարը:
Եվ սեղմեց ափերը ժայռաբեկորին ու ծնկներով ուժ տվեց: Այն չենթարկվեց Սիզիփոսին,- տարօրինակ բան՝ մնաց տեղում:
Հաղթանա՜կ, գոչեց Սիզիփոսն ու լաց եղավ, և մինչև նա ձեռքերը կպարզեր երկինք, որպես գոհություն՝ հանդեպ իր հավերժական տանջանքների վերջը, որպես երախտագիտություն՝ ի պատասխան իր պատժաժամկետի համաներման, քարը նորից շարժվեց, թռավ գագաթից ու թափ հավաքեց…
Եվ Սիզիփոսն արտասվաբուխ լացուծիծաղով զիգզագեց ժայռաբեկորի ետևից, լյառն ի վար:
1.04.2023 թ.
ՄԻՇՏ ԷՈՒԹՅԱՆ ԽՈՐՔՈՒՄ
Ես սիրով եմ գրում Շանթ Մկրտչյան մարդու, ընկերոջ, թարգմանչի և վերջապես՝ բանաստեղծի մասին։ Նա իր ստեղծագործական կյանքի 35-ից ավելի տարիներում տպագրել է բանաստեղծական ութ ժողովածու, տասնյակ թարգմանական գրքեր, նաև մանկական գրքեր, և դեռևս տպագրության ընթացքում է պատմվածքների և էսսեների ժողովածուն։
Սա ո՛չ շատ է, ո՛չ՝ քիչ, քանակական կամ թվական գնահատականը ավելորդ է, երբ խոսքը գեղարվեստի մասին է, մանավանդ, երբ Շանթն իր յուրաքանչյուր գրքով մատուցում է մշակութային հարուստ գիտակցության խառնարանից («Խառնարան»՝ 1989 թ. առաջին գրքի վերնագիրը) շատրվանած արվեստի տարբեր բնագավառների մեծերին նվիրված էքսպրեսիվ պոետական հրացոլքեր, ինչպես «Լաոկոն» և «Ես՝ Տինտորետտտոն, որդին ներկարարի» պոեմները, նաև բանաստեղծություններ հայ մեծերին ու աշխարհի հայտնիներին հղված՝ Քուչակ, Սայաթ-Նովա, Թումանյան, Լի Թայ Պո, Բորխես, Բրոդսկի, Բախ, Եսենին և այլն։
Նա միևնույն տեքստում մերում է հակադիր ոճեր՝ էլիտար և ցածր, բայց դա չի վերածում պարոդիայի, այլ՝ յուրահատուկ ժամանակակից մտածողության, որում և դասական մշակութային հոսքերին խառնված են անձնական փորձի սրտահույզ հուշ-պատառիկներ։ Տինտորետտոյի «Դրախտը» մեծադիր նկարը տեսել եմ Վենետիկի Դոժերի պալատում, և Շանթի գրվածքը նրա մասին կարծես հաղորդվել է դասականի՝ դարչնագույնի երանգներով հարուստ գաղտնախորհուրդ ազդեցիկ նկարից։ Ներկա ժամանակի ներմուծումով 2018 թվականին տպագրված «Էության խորքում նվիրականի» խմբագրի իրավունքով վստահաբար ասում եմ, որ գրքի շատ բանաստեղծություններ կարող են տեղ ունենալ աշխարհի կարևոր անթոլոգիաներում և որոշ լեզուներով արդեն տպագրվել են՝ չինարեն, ռուսերեն, պորտուգալերեն, իսպաներեն և այլն։ Մեր համացանցային սրընթաց դիմազրկող, պարզունակ զգայականության հեղեղի դեմ կան որոշակի ժամանակակից բանաստեղծներ, որոնց հարկ է խորապես վերլուծեն մեր գրականագետները։ Շանթն այդ դիմակայողներից մեկն է։ Ես չեմ որակում՝ շնորհալի, տաղանդավոր, մեծ, հանճար, քանզի այդ բառերն այնքան են արժեզրկվել, որ երբեմն վերածվում են զավեշտի։ Շանթ Մկրտչյանը պարզապես բանաստեղծ է և՛ ազգային, և՛ աշխարհի ժամանակակից չափանիշներին համահունչ։ Սա ասում եմ, որովհետև թացն ու չորը խառնելուն զարմանալիորեն լծված են նաև ճաշակի պահապան կոչվածներից ոմանք և տեղական ապրանքի գովազդից ազդված՝ ոչ մի ճաշակի սահման չճանաչող կենացներ են բաշխում աջ ու ահյակ։ Շանթ Մկրտչյանի թարգմանական գործը հատուկ ուսումնասիրության նյութ է. և՛ արձակ, և՛ պոեզիա թարգմանաբար մատուցել է ուրույն ծրագրով՝ Նոբելյան մրցանակակիրներ Իոսիֆ Բրոդսկի, Շեյմաս Հինի, Չեսլավ Միլոշ, Օկտավիո Պաս, ապա և Ֆերնանդո Պեսոա, բազմաթիվ ռուս և այլազգի ժամանակակից պոետների։
ՀԳՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակին է արժանացել և այլ մրցանակների, բարձր են գնահատվել նրա Եվգենի Վոլոդազկինի «Լավր» և Անդրեյ Վոլոսի «Վերադարձ Փանջիռուդ» վեպերի թարգմանությունները։
Շանթ Մկրտչյանը ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալակիր է։
Շնորհավորում եմ փառավոր 70-ամյակը և ցանկանում նույն ստեղծագործական ժամացույցի գիշեր ու զօր աշխատանքը։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Ես նա եմ, ով կամ…
Շանթ Մկրտչյանը, ինչպես ասված է, «սահուն քայլերով» մոտեցավ յոթանասունին, այն սահմանագծին, երբ մարդը հայացքը թեքում է դեպի անցյալը, չափելու իր անցած ուղին, կարգի բերելու իր «ունեցվածքը»՝ իր կորուստների և ձեռքբերումների ողջ համակարգը,- մարդու, հատկապես բանաստեղծի ներքին ամբողջականության արտապատկերը, նրա, այսպես ասած, լեզվական-պոետական կոմպոզիցիան։ Շանթ Մկրտչյանի «ունեցվածքը» բավականին տպավորիչ է. բանաստեղծական գրքեր, որոնք ժամանակակից հայ պոեզիայի կարևոր էջերից են, պատմվածքներ, հոդվածներ, հրապարակախոսական և էսսեիստական ելույթներ, և, որը տվյալ դեպքում շատ կարևոր է, թարգմանական լայն ընդգրկում ունեցող աշխատանքներ:
Նա ունի ի՛ր դիմագիծը, պոեզիայի ի՛ր ոլորտը, ի՛ր աշխարհը: Դա հոգևոր-ինտելեկտուալ աշխարհ է, նա գիտի՝ ինչ է գրում, ի տարբերություն շատերի, որոնք, այսպես ասած, ապավինում են «զգայական ձայնին», ինչը հաճախ խաբում է, շփոթեցնում, «կեղծը» ներկայացնում իբրև անկեղծություն և այլն: Դասականի և արդիականի ներդաշնակ կապը Շանթ Մկրտչյանի կարևոր կողմն է, նրա բանաստեղծությունները հենվում են և՛ ավանդույթի, և՛ սեփական փորձի վրա: Պոետական «հրահանգը» գալիս է նրա հոգևոր միջավայրից և կենսափորձից: Այս բոլորին պետք է ավելացնել նրա մարդկային ջերմ նկարագիրը, բարոյական ճիշտ կողմնորոշումը և պատասխանատվության զգացողությունը, որը նրա լավագույն գծերից է: Յոթանասուն տարիները իզուր չեն անցել, և իմ բարեկամը կարող է հանգիստ խղճով ասել. «Ես նա եմ, ով կամ…»:
Հենրիկ ԷԴՈՅԱՆ
Շանթ Մկրտչյանի էության խորքում
Բոլորս էլ գիտենք՝ մենք չէ, որ որոշում ենք մեր ժամանակակիցներից ում գրական վաստակն ինչքան է ապրելու, բայց մենք պարտավոր ենք մեր ախտորոշումն անելու, ինչպես բժշկի կրթությամբ որևէ մեկը վերապահումով է որևէ մեկի կյանքի տևողությունը գուշակում, այնուհանդերձ, նա իր վճիռը տալիս է:
Վճիռն էլ, սա էլի բոլորս գիտենք, կախված է տվյալ բժշկի մասնագիտական պատրաստվածությունից: Եթե բժիշկը սխալվում է, ապաքինվածը հո չի՞ սպանելու նրան կամ եթե մեռնում է, առավել ևս, չի կարող սպանել նրան: Բախվում ենք մի անհեթեթ վիճակի՝ մենք չենք որոշում, բայց, այնուամենայնիվ, ուզում ենք որոշած լինել: Գրականության մեջ նույնն է այն առումով, որ չպետք է ապագան գուշակենք, այլ ներկան՝ գրողը ի՞նչ մակարդակի է հասել, այս պահին իր ստեղծածն ապրո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ գրականության մեջ նույնը չէ այն իմաստով, որ այստեղ էլ «գրելու» անբուժությամբ տառապողներ կան:
Շանթ Մկրտչյանը ավելորդ գրքեր չի տպագրել, որ ոմանք անում են՝ ընդամենը ցույց տալու, իբր դեռ «չեն սպառվել»: Նրա բանաստեղծական արվեստն այսօր ապրող պոեզիա է, և նրա կենսունակության առաջին նախապայմանը ես համարում եմ միանգամայն տարբերվող ռիթմը, ակցենտը՝ խոսելու յուրահատուկ մի երանգ, որ չեք հանդիպի մեկ ուրիշի մոտ:
Շանթը հենց սկզբից էլ, ինչպես իր «Բրոդսկին», գիտակցված հակազդում է ունեցել իներցիային:
Երբ մենք խոսում ենք կամ գրում, բնազդորեն իներցիոն ենք դառնում, իսկ իներցիան ակամա մեզ կարող է զրկել ինքնության դրոշմից, իներցիան մեզ դատապարտում է միօրինակության, խոսքը դառնում է ձանձրալի, միառիթմ,- ու դրա դեմը «կտրել» է պետք, կտրուկ տոնայնություն, փոփոխություն, այսինքն՝ այն, ինչ անում է «շլյուզը»,- ջրի սովորական-«միապաղաղ» հոսքը ոչ թե շեղում է, այլ մի պահ հոսքի «շունչն է զսպում», որպեսզի սա շեշտավորվի նոր շնչառությամբ:
Այս երևութը Շանթի պոեզիայում կարող է նույնիսկ մի տողի տարածքում կատարվել (Հենրիկ Էդոյանի հիշատակած օրինակը՝ «Էության խորքում նվիրականի» «Հնգանվագ»-ը ամենատիպականն է ասածս հաստատելու համար): Ի դեպ, «Էության խորքում նվիրականի» գիրքը բացվում է երկու սաղմոսով, իբրև ակնարկ աստվածաշնչյան նախաստիճանի-նախակունքի, որ թելադրում է խորհրդանիշեր դեպի «լյառն Արարատ» ու այն ամենը, որ Նոյյան ջրհեղեղից հետո սփռվում է փրկության Լեռան շուրջը «քաոսից հետո» – դա հայ քաղաքակրթությունն է, որ ամենևին էլ մեկուսի չէ համաշխարհայինից,- ու պատճառաբանված է անցումը՝ «անտիկ խճանկարին» հունական մշակույթի «սիրենների», Աֆրոդիտեի, Ապոլլոնի կերպառությամբ, չկտրելով կապը մեր ժամանակներից (Բրոդսկի, Եսենին…):
Այսինքն՝ աստվածաշնչյան «ընդերք»-անցյալից «պոռթկումը» նախապատրաստվում էր՝ հունական մշակույթի «միջով», եթե կարելի է այսպես ասել, դեպի Վերածնունդ, ու Վերածննդի «միջով» դեպի մեր ժամանակները: Ճիշտ է, Շանթի համար գագաթնակետ է մնում Վերածնունդը, բայց այս ամբողջ փոխներթափանցումները «երկու ռիթմ են նույն վայրում», ու այդ «ռիթմերը» կապակցողը լաոկոնյան ճիգն է:
Պոռթկում և մարմնավորում: Ընդերք և մակընթացք: Ինչպես իր «Տինտորետոն» է նախաբանել սաղմոսներից մի քաղվածով. «…Անդունդների խորքից ես պիտի վերադարձնեմ և ժանիքների միջից դուրս պիտի կորզեմ նրան…»: Այս «դուրս կորզելու» մաքառումն է Շանթի «էության խորքում», «խորքից նվիրականի», այսպես ասած, «առևանգումն» ամբողջացնում է նրա պոեզիայի գրաֆիկան առաջին տողից մինչև վերջինը:
Ստանում ենք եռաստիճան կարգավորում, (Շանթի նվիրականը «համակարգվածն» է ու ոչ միայն պոեզիայում…), որի բարձրակետը Վերածնունդն է: Ցատկակետից [սաղմոսային աղոթքից] դեպի բարձրակետ: Կապող օղակը «մաքառումն» է, «պայքարը», «լաոկոնյան գիծն» է՝ Շանթ Մկրտչյանի մեկնաբանությամբ հունա-հայկական միջանկյալ մշակութային շերտը, որ նախահիմք դարձավ Վերածննդի:
Փայլուն գամերով երիզազարդված մի դրվագ էր սա Շանթ Մկրտչյանի փորագրությունից, որ վերադարձնում եմ իրեն՝ շնորհավորելով, որ այսքան տարիներ «լաոկոնյան» իր մաքառումը կարողացել է հասցնել նվիրական մի տարիքի – 70…:
ՄԱՆԱՍԵ
70-ը իմաստուն թիվ է
Շանթ Մկրտչյանն ու 70-ամյակը իրար համ սազում են, համ՝ չէ: Նայում ես գործին՝ խոսքով, խորքով, իմաստնությամբ 7 անգամ 70 է: Նայում ես ոգու և մտքի նոր տարածքներ նվաճելու համառությանն ու հետևողականությանը՝ ի՛նչ 70. 17-ամյայի խիզախություն է, որովհետև երիտասարդությունն է խիզախ լինում:
Շանթ Մկրտչյանը ափից ծովի գեղեցկությամբ ապահով հիացողների փաղանգից չէ: Իրենը տարերքն է: Իրենը տարերքի մաս դառնալն ու նրա ուժը առնելն է: Չեմ կարծում՝ մեկը կյանքից փախս տված ու փղոսկրյա աշտարակում պատսպարվող Շանթ տեսած լինի, բայց հիմա խոսքս գրականության մասին է, այն համաշխարհային գրականության, որ արդեն տասնամյակներ Շանթ Մկրտչյանը սիրահարված ջանքով տեղափոխում է մեր մշակութային դաշտ: Հեղինակներին ու գրքերը չեմ թվարկելու. այս խոսքի տարածությունը ցանկին չի հերիքի: Պարզապես չմոռանանք, որ մեր գրական հարստությունը դարեր շարունակ կուտակել են Շանթ Մկրտչյանի նման անաղմուկ ու խիզախ նվիրյալները:
Թարգմանչական վաստակից եկա, որ ընթացքը տանի ի՜ր բանաստեղծության աշխարհը, որովհետև համաշխարհայինի և անձնականի այդ տուրևառության մեջ կա միայն Շանթ Մկրտչյան բանաստեղծը, էսթետը, մտածողը: Նախևառաջ սեփական կենսափորձից, մտածումից ու գյուտից գալով՝ Շանթ Մկրտչյանի բանաստեղծությունը հարազատ եղբայրն է այն ա՜յլ պոեզիայի, որը նա ամեն օր հայերեն է խոսեցնում: Փոխներթափանցման այս ընթացքն է իրենը, նույնքան ինքնահատուկ, որքան որ ընդհանրական է գրականության մեծերի և իրապես գրական մարդու համար:
Մաղթել, որ Շանթ Մկրտչյանը շարունակի այդ ընթացքը, ծիծաղելի կլիներ. Վերինի կամքը իմ մաղթանքներից ու իր ցանկություններից վեր է: Ուզում եմ միայն, որ Շանթի մյուս 70 տարվա տերը էլի տարերքի էն 17-ամյան լինի:
Շնորհավոր, ախպե՜րս:
Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ