Օրըստօրե դասական դարձող Հրաչյա Սարուխանն ասում է. «Ամեն մի կանգառ՝ մի-մի քավարան…», և այսօրվա «մեղավոր» Մանվել Միկոյանն արդեն իր հայերեն վեցերորդ քավարանում է: Քավարաններ են նրա բանաստեղծական ժողովածուները՝ «Շարունակվող մղձավանջ» (1991 թ.), «Անդրադարձներ» (2001 թ.), «Որտե՞ղ են երաժիշտները» (2011 թ.), «Անդունդի եզրով քայլողը» (2014 թ.), «Ստվերներից անդին» (2017 թ.), «Լռության խոնավ աչքերը» (2021 թ.): Եթե առաջին երեք ժողովածուները տպագրվել են տասնամյակ առ տասնամյակ, ապա վերջին երեքը մեկ տասնամյակի արդյունք ու հետևանք են: Կյանքի ռիթմի արագացումը և ինքնահաստատման ու ինքնաբացահայտման գրողական բնական մղումը ձևավորել են ձգտում՝ լինել պոեզիայի հուռթի դաշտերում, այլ ոչ թե խարկված անապատը տեսնել պոեզիայի կենսատարածք:
Վերջին ժողովածուն ներառում է վեց բանաստեղծական շարքեր՝ «Նոր ջրհեղեղ է լինելու», «Դատարկ փողոցի կտրտված ուրվագիծը», «Բզկտված լույսի հոգեվարքը», «Հիշողության մասնիկներ», «Լռության խոնավ աչքերը», «Վիտամին Ս», հավելվել են նաև երեք արձակ բանաստեղծություններ: Բանաստեղծական այս շարքերը կարելի է վերանվանել մեկական բառերով՝ «Ժամանակը», «Տեղը», «Պատերազմը», «Ես-ը», «Ներսը», «Սերը»: Հեղինակը գործերի գրության կամ ծնունդի ժամանակը հաստատագրել է միայն առաջին երեք շարքերում, սակայն մյուսների գրության ժամանակն էլ կարելի է մեծ հավանականությամբ կռահել կամ հաստատել՝ հաշվի առնելով ասելիքը և կամ բանաստեղծության կառուցման նախասիրությունը, նկատի ունենալով հրապարակախոսական շեշտադրումը, պատերազմն ու համաճարակը: Տաղաչափված ռիթմական բանաստեղծությունից անցումը վանկական, հիմնականում սպիտակ բանաստեղծությանը, ապա ազատ տաղաչափությանը, այն ճանապարհն է, որ երևակվում ու դառնում է հեղինակի բանաստեղծական ծիրը, և այս իրողությունն է դառնում գրության ժամանակի ցուցիչ:
Շուրջբոլորը կյանքն է, որի արտացոլքն է դառնում բանաստեղծությունը, և հեղինակի խոհն ու տագնապները կան, զգայնություններն ու իրեն հասած ինֆորմացիոն հոսքերը, որոնք նույնպես հավակնում են դառնալ բանաստեղծություն: Սակայն կա մի երրորդ ու անպայմանորեն գլխավոր գործող անձ՝ հեղինակը, որի ընտրությամբ են կայանում և՛ թեման, և՛ կառուցման կերպն ու եղանակը, և՛ բառընտրությունը, և՛ բանաստեղծությունը:
Թերևս իրավունք չունեմ սուբյեկտիվության ինչ-որ տարր թույլ տալու, սակայն ասեմ, որ ինձ համար գրքի ամենակարևոր բաժինն առաջին շարքն է՝ իր թարմությամբ և արդիականությամբ, ասելիքով, կյանքին իր մերձությամբ կամ հարազատությամբ: Ենթադրվող բնօրինակների կամ նախատիպերի պատկերումն այնքան տպավորիչ է, որ անգամ կարելի է կռահել կամ հաստատապես ասել, թե ովքեր են շնառնետը, «Վանդակի ներսում, վանդակից դուրս» գտնվողները, ինչ տագնապներ են կարևորվել վերջին տարիներին բոլորիս մոտ: Մասնավորապես. «Ամոթը դարձել է անպետք հնոտի,//գնորդներ չկան,//աղբամանները լալիս են անզորությունից,//ձրի էլ տանող չկա» (25):
Ասում են՝ 19-րդ դարի կեսերին թատերագիր ենք ունեցել՝ Սրապիոն Հեքիմյան, որ գործատեղում թրքերեն էր խոսում, տանը՝ միայն հունարեն, իսկ իր թատերակները գրում էր միայն հայերեն, որովհետև գիրը այդ պահին չէր բարձրաձայնվում: Եվ ասում են՝ Սիամանթոն սարսափում էր, երբ ընթերցում էր նրա քերթվածները: Օրինակները զուգահեռման նպատակ չունեն, այլ օգնում են հասկանալու, որ, բացառելով ամեն ինչ, թղթին իր վիրտուալ աշխարհը ստեղծող գրագետը չի բացառում միայն ճշմարտությունը («սերը ծնվում է ճշմարտությունից,//<…>://Թույլ տուր, ճշմարտություն,//համբուրեմ քո աչքերը՝//քեզ համար հազարերորդ անգամ//զոհվելուց առաջ» (20-21)): Երբեմն նույնիսկ բանաստեղծությունը կարող է ինչ-որ տեղ հեռանալ իր գեղագիտական արժեքից, բայց ձեռք բերել հրապարակախոսական գործառույթ, չդառնալ պաճուճված ասույթ, բայց լինել կարգախոս. «Հայրենիքը ճանաչում է ԻՐ զավակներին,//եղե՛ք զավակ, հետո մտածեք//տեր լինելու մասին://Ճանաչեք//ինքներդ ձեզ ներսից,//իսկ երբ խորշանքը շատ ահագնանա,//առաջինը դո՛ւք թքեք ձեր երեսին,//լվացե՛ք ամոթի ինքնաբուխ հեղուկով,//համոզվեք, որ լիովին ասուն եք,//որպեսզի ուրիշները չթքեն ձեզ վրա//և չասեն՝ անասուն» (19):
Ես չգիտեմ Մ. Միկոյան մարդու քաղաքական կողմնորոշումների մասին, ինձ ծանոթ է Մ. Միկոյան բանաստեղծի տագնապը, որ ճչում է հեղինակը՝ նայելով մեր պատմությանն ու այսօրվան. «Քաղաքական մարմնավաճառներ,//հերմաֆրոդիտ երկկենցաղության//թանգարանի կենդանի նմուշներ՝ դրսևորվող ըստ իրավիճակի,//օլիգարխիկ դինոզավրերի//ատամների արանքից հանած//մսի կտորներով սնվող//ծախու բարբաջողներ,//«արդարության» խաբկանքով//ժողովրդի կաշին քերթելու//մենաշնորհը նվաճելու//անզոր ու զորեղ ճիգեր,//ճշմարիտ խոսքն ու//ցավի անատոմիան//որպես ախտորոշում//ու բուժում առաջարկողներին//արհամարհող անդեմ խառնամբոխի//ցփնված կույտեր՝//մեր ինքնության բարակող մաշկին,//մաշկից ներս սողոսկողներ՝ քաղցկեղածին բացիլներով,//մեծամտության և թերարժեքության//փոխներթափանցված բարդույթներով//անհիշելի ժամանակներից//ինքնաքայքայվող//11 միլիոն մարմնամասեր,//որ այդպես էլ//մի մարմին չդարձան,//մնացին ժողովուրդ՝//ազգ դառնալու պատրանքներում//հավետ խճճված» (37-38):
Ճշմարտությունից զատ կա նաև արդարությունը, կա նաև ներդաշնությունը, որ ոչ պակաս կարևոր է մարդկանց համար, սակայն աններդաշնը նոր ջրհեղեղի սկիզբ է դառնալու: Անդրեյ Բիտովը Հր. Մաթևոսյանին նվիրված «Հետգրություն. տասնհինգ տարի անց» խոսքում նոր ջրհեղեղին նախապատրաստվելու պատմություն է շարադրում, Հովիկ Հովեյանն իր գրքերից մեկը վերնագրում է «Վրիպած ջրհեղեղ», իսկ Մ. Միկոյանն իր հոռետեսությունն է բարձրաձայնում. «Նոր ջրհեղեղ է լինելու,//իսկ բոլոր տապանները//խարխլված են վաղուց» (32):
«Դատարկ քաղաքի կտրտված ուրվագիծը» շարքը, որն ընդգրկում է կորոնավիրուսի ժամանակահատվածը, ժողովածուի ամենից փոքր շարքն է, բայց ոչ վերջինն իր կարևորությամբ: «Դատարկ քաղաքը» տեղ է մատնանշում, մեր ապրած կենսատարածքը, բայց ժամանակը մատնող անտրոհելի ատրիբուտներ կան («Գիշերը ցնդում են ցերեկվա վիրուսակիր տագնապները» (41), «ձգվում են սպասման առաձգական թելերը,//սակայն չեն կտրվում//գույժերի ամպրոպներից» (60)), կա հեռացածներին սպասելու և տեսնելու, ուրեմն և քաղաքը վերապրեցնելու մեծագույն երազանք («Վերադարձի ճամփաները//ձգվում են մեր սրտերի միջով,//որոնց զարկերը ճանաչում են//ոտնաձայները մոտեցող՝//ամենաշքեղ երաժշտությունը//մենության երկնքում» (41)):
Համանուն բանաստեղծության սկիզբն աչքի է ընկնում իր տպավորչությամբ. «Փողոցները կարոտում են//մարդկանց ոտնահետքերին,//օդում կախվել է շենքերի կոտրված ժպիտը,//լռությունը զնգում է//ինչպես հին ու փոշոտ կամերտոն//և ճմլում է մարդկանց հոգիների//զսպանակված հղացումը,//լույսը բեկվում է//մեր հոգնած աչքերի մեջ, մեզ բանտարկել է//դատարկ քաղաքի//կտրտված ուրվագիծը» (42): Կա կարոտը, որ իր լրումին չի հասնում «օնլայն ողջագուրանքով», հասել ենք վիրտուալ հյուրընկալությանը: Մենք հաճախ տաք-տաք չենք ընկալում իրավիճակի աբսուրդն ու ահավորությունը, և հեղինակը նախազգուշացնում է՝ ձևավորելով փոսի ու անդնդի հակադրությունը. «Մենք միշտ վեր ենք նայում,//երբ քայլում ենք՝//զարմանալիորեն շրջանցելով//բոլոր փոսերը,//որոնցից չենք վախենում,//քանզի տեսնում ենք//նյութեղեն դարձող անդունդը» (43):
Շարքում գլոբալացման բերած տագնապները կան. «Մենք տեսնում ենք, թե ինչպես է փոքրանում//Բաբելոնյան աշտարակի ստվերը//Երկիր մոլորակի վրա,//բոլոր լեզուները հավակնում են//դառնալ մեկ ընդհանուր» (44): Այս տագնապներից մեկն էլ կապվում է ինքնակորստյան և ինքնաօտարման հետ. «Բոլորն ուզում են//իրենց ներսը նայել//ու երբ տեսնում են,//հաճախ բոլորովին//ուրիշին են հայտնաբերում://Երբ անցնի փորձությունը,//շատերը չեն ճանաչելու իրենց…» (44):
Բայց այդ տագնապներից հետո գալու է իրական փորձանքը. նախ գիտակցվում է, որ արժեզրկվել է հասարակ, սովորական մարդու պատկերացումը («Հին ծանոթների ես հանդիպում,//ովքեր առօրյա կյանքում//չորս ժամը մեկ//հրեշտակների տարաձև//դիմակներ են փոխում,//որպեսզի խուսափեն//շարքային մարդ լինելու//նորահայտ վիրուսներից» (33)), ապա և ենթադրվում է, որ լինելու է ռոբոտացված, միալեզու, բազմագույն դիմակներով խամաճիկների մի հասարակություն. «Անընդհատ փոքրանում է//Բաբելոնյան աշտարակի ստվերը,//բայց եթե ստվերից//մեկ նշույլ անգամ մնա,//հետո նորից մեծանա,//մենք կտեսնենք, թե ինչպիսին է//իսկական աղետը» (44-45): Այս տողերի հեղինակը Օլդոս Հաքսլին չէ, փառք Աստծո, Մանվել Միկոյանն է, և պարզ է դառնում, որ գլոբալացման ու քաղաքակրթության սխալ ընթացքի հետ կապված տագնապներն ապրվում և արձանագրվում են նաև այստեղ:
Անտրամաբանական մի բան էլ ժամանակի հետ է տեղի ունենում. մենք ապրում ենք գիշերը, դիմակավորվում ցերեկով. «Գիշերը փորձում ենք ջնջել//ցերեկվա գրատախտակը,//սակայն լղոզվում է կավիճը՝//ուրվագծելով մեր սքողված//դիմապատկերը» (48): Մարդը չի տնօրինում իր կյանքի ժամանակը, և սա է աններդաշնության պատճառներից մեկը. «Հետո մոտենում են//մեր բարեկամ ռոբոտները,//առաջ են մղում//անիվը ժամանակի,//ուր իրական դեմքերի//և բնական ու անողոք աչքերի//տոնահանդեսն է,//մեզ պահում են այնտեղ//մինչև լուսաբաց,//որ ցերեկը չմոռանանք,//թե դեպի ուր ենք քայլում,//թե ինչու է մեր ցերեկը//նախանձում գիշերվան» (49):
«Բզկտված հույսի հոգեվարքը» շարքում օրվա անմիջական տպավորության տակ ծնված էքսպրոմտներ են, որոնք քառասունչորսօրյա մղձավանջի մասին անազնիվ տեղեկատվության արդյունքում խաբված ու արնաքամվող ժողովրդի պատրանքն են արձանագրում, բայց ի վերջո հաստատում են պարտադրված պարտությունը: «Մեր արծիվները» վերնագրված գործ կա.
«Նրանք չեն տեսնի հաղթանակը,//նրանք այն կերտում են,//որ մենք տեսնենք://Մենք, որ խոցվում ենք//նրանցից յուրաքանչյուրի հետ,//մենք, որ մեր սրտերում//մեկուկես միլիոն սպիներին//նոր վերքեր ենք ավելացնում,//որոնք հրաժարվում են սպիանալ,//որոնք սրում են մեր զգոնությունը,//որը բարձրացնում է կյանքի արժեքը՝//մեր զավակների կյանքի գնով…//Մեր թափած արցունքները//երկու դեմք ունեն՝//մեկը լալիս է կորստյան ցավից,//մեկը բերկրում է//հզոր ու հաղթական//ոգու խոյանքներից…» (54):
Ճշգրիտ ու անկիրք ինֆորմացիոն հոսքի դեպքում թերևս չգրվեին վերջին տողերը, բայց մարդկային ցավի ընկալումը հազարավոր զավակներ ունեցող պոետի կողմից (հեղինակը արժանիորեն հասել է այդ տարիքին) ձևակերպվում է, որ «մեր զգոնությունը <…> բարձրացնում է կյանքի արժեքը՝ մեր զավակների կյանքի գնով»:
Այս շարքն այլևս փաստ է, օբյեկտիվ իրողություն, և սրա բնածին արժանիքներն ու պարտադրված թերացումներն այլ մի խոսքի առիթ կարող են դառնալ:
«Հիշողության մասնիկներ» և «Լռության խոնավ աչքերը» շարքերը կարելի է համարել հեղինակի «Ars poetica»-ն, քերթողական արվեստի մեկնությունները, որ պարզում են, թե ինչից, ինչպես, ինչու, երբ է ծնվում բանաստեղծությունը, ինչ զգացմունքային ու կենսական լիցքեր ու ազդակներ են մասնակից արարմանը: Ստեղծագործության ծագումնաբանության և հոգեբանության ուսումնասիրման տեսակետից այս շարքերը անգնահատելի հեղինակային «ինքնամատնագիր» են, հետագա քննությունների ու զննությունների նյութ:
Ժողովածուի թերևս ամենակարևոր մետաֆորը լռությունն է, որը մեկնելու կամ իմաստավորելու համար ջանք ու համառություն է պետք: Այս լռությունը հակադրությունն է այն կակաֆոնիային, որ այսօր կա մեր շուրջն ու ամենուր: Լռությունն ապաստարան է, միաժամանակ՝ ներդաշնությունը ապահովող պայման, երբեմն՝ հաղթանակի առհավատչյա, երբեմն՝ պարտության վկայություն, բոլոր դեպքերում՝ պարտադիր ներկայություն: Մի դեպքում «Լռությունս իմաստություն համարվեց» (22), մեկ այլ դեպքում՝ «Լռությունը քմծիծաղում է//հոգու դատարկ անկյուններում» (73), «լռությունը վատ հուշարար է» (230), «Լռությունը նահանջել է և նոր թիրախ է փնտրում» (229), «քարացած լռության առեղծված» (70), «լռության կարծր համառություն» (61) «Լռությունը իմ հոգու՝ բազմաշավիղ, ինքնացնծուն//և սլացքի միշտ պատրաստ» (81), «լռության ժխոր» (99) և այսպես շարունակ: Եթե հեղինակն այն կարևորել է՝ ձևավորելով «Լռության խոնավ աչքերը» վերնագիրը և այն փոխանցելով ժողովածուին, ուրեմն նրանում է տեսել իր ասելիքի փիլիսոփայական քարը: Եվ եթե «ի սկզբան էր բանն», ապա նրանից առաջ կար լռությունը, որին էլ հաջորդեց մեծ պայթյունը: Ասել է՝ ի սկզբանե լռությունն էր, որի ներկայությունն ենք զգում հանապազ, և որից փախչում ենք աղմուկի կուտակումներով:
«Լռության խոնավ աչքերը» շարքում արդեն նկատելի են տարիքն առնելու՝ մայրամուտի տագնապներ. «Չեմ նայում արհեստական լճի մեջ,//որպեսզի չտեսնեմ//բնական թախիծը՝ մայրամուտից ընծայված,//քանզի գնում եմ դեպի Մայրամուտ//և ստիպված եմ լինելու//նայել Նրա տխուր աչքերին» (116):
Կան հետաքրքիր խտացումներ: Զորօրինակ. «Բառերն են հառնում իբրև հաշտություն//լռության, խոհի, հնչյունի միջև» (118), «գեղեցկությունն ամբողջովին մերկ ակնթարթների լավագույն ավետիսն է այսօրվա և վաղվա» (120), «Կարևորը ոտքերիդ տակի հողի ամրությունն է» (126) (խոսում է Փոքր Մհեր արարած ժողովրդի փորձառությունը), «Հեռանում են նավակները,//նավավարներն իմ մահացած օրերն են՝//ձանձրույթի ու անտարբերության//ճիրաններում խեղդամահ արված://Ծովը հանդարտ է,//ինչպես ժամանակի անողոք քմծիծաղը» (134), «Դատարկ օրերը վրեժ են լուծում//իրենց չապրողից» (138), «Ես հրաժարվում եմ//բառերի ստվերներից,//որպեսզի բառերը հրաժարվեն//ստվերներից մարդկանց» (139) և այլն:
«Վիտամին Ս» շարքը սիրո ժամանակագրություն է, որ հուշում է, թե ինչքան հաճախակի է այցի գալիս հեղինակի մուսան, օրվա որ պահերին և որտեղ: Այս դեպքում հարկ է նկատել ոչ թե սիրո անկրկնելիությունը, այլ սիրո հարատևությունը: Բանաստեղծությունների նկատելի մասը գրվել է ոչ թե վերջին երեք տարիներին, այլ շարունակաբար, և դրա ցուցիչներից մեկը տաղաչափությունն է: Հայտնի իրողություն է, որ բանաստեղծն անընդհատ է սիրում, և սիրո մահը կամ մոռացումը հուշում է բանաստեղծի անհետացումը: Մանվել Միկոյան սիրերգակը անընդհատ ու համառ ներկայություն է, որ կատարում է իր ընտրությունը. «Երբ ընտրություն եմ կատարում//կյանքի և բոլոր կյանքերի միջև,//նախընտրում եմ կյանքիս//այն հատվածները, որոնք լցված են//ՔՈ ներկայության լուսաշիթերով…//Երբ ընտրություն եմ կատարում//իմ և իմ միջև,//նախընտրում եմ ՔԵԶ» (212): Ինքնազոհության ու ինքնուրացման այս պայմանաձևը հայոց սիրերգության անտրոհելի բաղկացուցիչն է, որ հայ մարդու սիրահոգեբանության ցուցիչներից է գիտակցվելու:
Բանաստեղծության կառուցման արհեստի յուրահատկություններից մեկն էլ սկզբի ու ավարտի հարաբերակցությունն է: Մ. Միկոյան բանաստեղծը գիտի այս իրողությունը և հաճախ է հարաբերում դրանք՝ կիրառելով տարբեր սկզբունքներ՝ ավարտը սկզբի բացառումն է, ավարտը սկզբի ընդհանրացումն է, ավարտը մի նոր սկիզբ է, ավարտը անավարտությունն է կամ որևէ այլ տարբերակով: Երբեմն էլ ավարտը պատկերացվում է որպես սկզբի վարիացիա: Ահավասիկ. «Դու ինձ փնտրում ես այնտեղ,//որտեղ ես վաղուց բացակա եմ,//թվում է՝ երբեք չեմ եղել…» (226) և՝ «Դու ինձ փնտրում ես այնտեղ, որտեղ վաղուց բացակա է//իմ մասին հիշողությունը» (226): «Բացակա եմ ես» և «Բացակա է իմ մասին հիշողությունը» դրույթները նույնական չեն և չեն կարող լինել, սակայն ժամանակի ու տարածության ընդարձակման ինչ-որ իրողություն է տեղ գտնում՝ ապահովելով բանաստեղծության կայացումը, հանգամանք, որ երբեմն չի իրացվում՝ անկատարության ինչ-որ երանգ հաղորդելով գործին:
Առանձին գործեր կան, որ ստիպում են անդրադառնալ իրենց: Նման երկ է «Որտե՞ղ են որդիներդ…» գործը, որը գրվել է 2017-ին ու մնում է արդիական: Տարիներ առաջ հեղինակը բանաստեղծություն, ապա և ժողովածու է հեղինակել՝ «Որտե՞ղ են երաժիշտները», ուր երաժիշտները մետաֆորի արժեք ունեն: Սրա հետ կապված՝ բանասիրության դոկտոր Գ. Խաչատրյանը նշել է. ««Որտե՞ղ են երաժիշտները» հարցը խորքային պլանում շատ ավելի տարողունակ է, քան կարելի է նրա մակերեսից պատկերացում կազմել. լայն առումով այն հնչում է հետևյալ ձևով՝ «ե՞րբ պետք է հնչի փրկարար երաժշտությունը»»: Այս դեպքում հեղինակը մետաֆորի կարիք չունի. նա հա՛յր է պոետ լինելուց շատ առաջ և զավակների հեռանալն է տեսնում այդ սփռվելու բոլոր հետևանքներով.
«Դու նստել ես ապարանքում//և չես լսում չմակարդվող արյան ճիչը» (5): Չմակարդվող բառը միանշանակ «թարգմանվում» է շարունակաբար հոսող, շարունակակա՛ն, ներկա՛, և սրա փորձառությունն ունենք բոլորս մեր տներում, փողոցում, մեր կենսատարածքում («և ականջդ լի է//բոլոր ճիչերի հասցեներով…», 6): Մենք չենք կարևորը. «Ի՞նչ արժես դու կարոտի արցունքի//մի կաթիլի համեմատ» (6):
Զուտ անձնականը, նաև ազգայինն ու համամարդկայինը, նաև Տիրոջ-ական պատվիրանն այս բանաստեղծության մեջ մեկտեղվել են, և կյանքի՛ց է ծնվել բանաստեղծությունը: «Որտե՞ղ են որդիներդ…». դրսում, սահմանին, հեռու, իսկ դու դեռ պատասխանատվություն ունես նրանց հանդեպ ու նրանց համար: Նրանց հեռացումը, կորուստը, օտարվելը քո խոցելի տեղն է, քո աքիլլեսյան գարշապարը.
«Ճչում ենք անասելի ցավից.//-Որտե՞ղ է գարշապարդ…» (5):
Պիտի որ հատուկ ուշադրության արժանանա «Ես»-ի և «Ոչ ես»-ի՝ նրանց հակադրության խնդիրը, որ այս անգամ էլ մեջտեղ է գալիս՝ խժռելով կյանքը, բայց և բացահայտելով ճշմարտությունը. «Նրանք կանգնել են//մահվանը դեմ հանդիման,//հողի նկատմամբ անչափելի սիրուց//անտեսել են նույնիսկ//իրենց խոցված մարմնից//հոսող արյունը,//որի համը դու չես զգում//վայելքներում և խրախճանքներում,//միայն աչքերդ են լցված//արյունով.//քո դիվային հայացքից//մոխրանում է նույնիսկ կարոտը//հարազատ տան նկատմամբ,//իսկ երկրագունդը փոքր է թվում//դեգերումների լաբիրինթոսում» (5-6):
«Որտե՞ղ են որդիներդ» հարցումը թեմատիկ լեյտմոտիվն է, որ ծնում է նոր հարցադրումներ: Մասնավորապես. «որտե՞ղ են թաղված//ետդարձի տոմսակները» (6): Այս հարցումը եզակի չէ, կան նաև ուրիշները. «Նրանց անեծքները//փոխակերպվում են դևերի//և ամեն օր լցվում մեջդ://Ինչպե՞ս ես տեղավորում բոլորին,//հետո սիրո խոսքեր ասում//ազգային տոներին ու//հանդեսներին…//Ի՞նչ պատասխան ես տալիս տիրոջը,//երբ հարցնում է. «Որտե՞ղ է եղբայրդ»,//երբ մոռացել ես նրա դեմքը,//երբ արդեն նրան չես ճանաչում»(6):
Բանաստեղության մեջ կոնկրետ, առարկայական, տեսանելի ցավ կա, որից ազնվանում է այդ նույն բանաստեղծությունը, բայց դեռ չկա հանգուցալուծումը: Եվ հայտնվում է երրորդ «գործող անձը»՝ «ճանապարհը փակողը», որին հայտնաբերում ենք հրեշտակների բարձրաձայնած ասելիքի մեջ. «-Հողը բոլորինն է, հողը չի ներում//ետդարձի ճանապարհը//փակողներին…//Որտե՞ղ են որդիներդ…» (7):
Եվ «Սերը կորոնավիուսի ժամանակ» բանաստեղծությունը, որ հեղինակի պատասխանն է ինքզինքն առաջադրած բազմաթիվ հարցերի և միաժամանակ փաստում է հայացքի ուղղության փոփոխությունը: Բանաստեղծության քրոնոտոպում այսօրվա մարդը կա, թերևս մեզնից յուրաքանչյուրը, կա հայկական մի հիվանդություն, Դանիել Վարուժանի բնութագրմամբ՝ «կարոտախտը», և կա քրիստոնեական վարդապետությամբ մեզ պատվաստված հավատը: Բանաստեղծները հավատացյալների տեսանելի շարքերում են, անգամ այն դեպքում, երբ հավատավոր չեն, բայց ապրածի ու տարիքի պարտադրանքով գտնում են իրենց փրկության ափ-հորիզոնը, քանի որ «…Աստվածապաշտ չլինելու դեպքում չեն կորցնում աստվածավախ լինելու բնազդը» (35).
«Մենք վաղուց արդեն//ինքնամեկուսացվել ենք միմյանց մեջ,//և յուրաքանչյուրս//կրկնակի անթափանց ենք//ցանկացած վիրուսի//ներթափանցման դեմ://Տագնապի սառցաշիթերը//հալվում են կարոտի//ռիթմիկ առկայծումներից,//հեռանում՝//մոռացության առուներ դարձած://Մեր աչքերն ավելի սրատես են,//մեր ունկերն ավելի զգայուն՝//միկրոձայներով//շշունջներն անգամ որսացող,//մեր մաշկի ամեն բջիջով//զգում ենք թրթիռները//բազմապատկվող,//մեր շուրթերից պոկված//ամեն մի հնչյուն//մի վերադարձ է//զսպված կարոտի,//մեր ձայնից փշրվում է//լռության պատյանը//և դառնում գույնզգույն լույսերի//մի խճանկար//հորիզոնի պաստառին՝//Տիրոջ ժպտադպատկերով» (50):
Տիրոջն ապավինելու իրողությունը, որ բազմիցս արծարծվում է ժողովածուի էջերին, մի դեպքում ապրածից հոգնություն կարելի է պատկերացնել, մեկ այլ դեպքում՝ համառություն: Հոգնությունը ժամանակի ցուցիչ է, համառությունը՝ ոգու բնութագիր, և երկուսն էլ մարդկային են:
Ինչքան էլ Մ. Միկոյանն իր բանաստեղծական աշխարհը բնակեցնի կիբորգներով, շնառնետներով, օլիգարխիկ դինոզավրերով, դիետիկ ագռավներով՝ այսպես ձևավորելով իր միֆաշխարհը, իր ստեղծագործությունը եղել ու մնում է մարդկային, ինչը և՛ այս ժողովածուի, և՛ ամբողջ ու շարունակական ստեղծագործության ամենակարևոր արժանիքն է:
Մանվել Միկոյանի գործերը վաստակել են ապրելու իրավունքը:
Վալերի ՓԻԼՈՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ