ԱՂՈԹՔ
Քանի երկիրը պտտվում է, և լույսը վառ է դեռ,
Տո՛ւր ամեն մեկին այն, ինչ նա չունի կյանքում այս, Տե՛ր իմ.
Գլո՛ւխ տուր արթուն դու իմաստունին, վախկոտին՝ նժույգ,
Ով երջանիկ է՝ շատ փող… Ու հիշիր նաև իմ մասին:
Քանի երկիրը պտտվում է դեռ,- Տե՛ր, կամքը քո՛նն է,-
Տո՛ւր իշխանությանն իշխելու հնար իշխանատենչին,
Շռայլին թույլ տուր դադար տա մի քիչ, երբե՛մն գոնե,
Ապաշխարանք տուր Կայենին… Բայց և հիշիր իմ մասին:
Ամենազոր ես Դու և իմաստուն, ես հավատում եմ,
Ոնց ընկնող զինվորն է հավատում, որ կապրի դրախտում,
Ոնց հավատում է ամեն մի ականջ խոսքերին քո մեղմ,
Ոնց հավատում ենք և՛ մենք՝ անգիտակ՝ ինչե՜ր ենք անում:
Դեռ պտտվում է երկիրն՝ իր վրա ինքն էլ զարմացած,
Տե՛ր իմ, Աստվա՜ծ իմ՝ կանաչ աչքերով,
Բարձրյա՜լ դու վերին,
Քանի ժամանակն հերիքում է դեռ, ու վառ է լույսն այս,
Տո՛ւր ամեն մեկին մի քիչ… Ու հիշիր նաև իմ մասին:
ՄԱՐԴԸ
Շնչում է նա օդը, առաջին թարմ խոտը,
Եղեգները, քանի մեղմ օրորվում են դեռ,
Յուրաքանչյուր երգ, որ կարելի է լսել,
Տաքուկ ձեռնափը, որ շոյում է ճակատը…
Շնչում է ու շնչո՜ւմ, բայց չի հագենում դեռ:
Շնչում է նա մորը՝ միակ ու թանկագին,
Շնչում հայրենիքը՝ եզակի ու անգին,
Լալիս է, տառապում, սուլում է ու խնդում,
Մինչ մայրամուտ երգում, լռում՝ նստած շեմին…
Եվ սիրահարված՝ կարճ կյանքի էջը թերթում:
***
Ինչ էլ լինի, ձեզ չե՛մ խաբի երբեք:
Ինձ չի կարելի խաբել այս կյանքում.
Դե, առանց այդ էլ ստի մեջ ենք մենք
Ու դրանից ենք անվերջ սայթաքում:
Վաղուց մարել են ժպիտ ու ծիծաղ,
Իսկ շուրջբոլորը լոկ ճահճաջուր է,
Ու այստեղ սխալ կամ գաղտնիք չկա,
Ուր գնանք՝ միայն դավ ու փորձանք է:
Հեռու օրերին իմ ջահելության,
Երբ անգետ էի դեռ շատ բաներից,
Ինչ-որ թափանցիկ, պարզ ազատության
Խելառ մի շիթ, ումպ բաժին ընկավ ինձ:
Եզակի՛, միա՛կ: Ու նաև՝ անխաբ,
Ի թիվս անհույս իմ մյուս տենչերի,
Ինչպես քաղցր թույն, երկնի մանանա,
Անխոստում նվեր ճակատագրի:
***
Դուք դատեք նախ ինքներդ ձեզ,
Տիրապետեք այդ արվեստին,
Ու նոր անցեք թշնամուն ձեր,
Երկրային ձեր հարևանին:
Սովորեք հենց ինքներդ ձե՛զ
Որևէ մեղք դուք չներել,
Ու նոր ամբողջ ձայնով զլեք,
Թե ուրիշներն ինչ են արել:
Ձե՛ր մեջ հաղթեք թշնամուն ձեր,
Ու թե իրոք հաջողվի ձեզ,
Պետք չեն լինի էլ փչոցներ,
Մա՛րդ կդառնաք դուք վերջապես:
***
Քանդոտված է հողը, փորված թարս ու շիտակ:
Պայթյունների ու երգերի միջով նրան
Հարցնում եմ ես. «Համբերությունից ինչպե՞ս ես,
Դիմանո՞ւմ ես: Կարողանո՞ւմ ես անխռով
Լսել դու մեր զառանցանքները այն մասին,
Թե մեզնից ով է առաջինն ու վերջինն՝ ով»:
Նա շշնջում է ինձ բուռն մի ջերմությամբ.
«Է՜, հիմարնե՛ր, ձեզ շատ խղճում եմ, կարեկցում.
Մինչ արյան մեջ տրորվում եք ու թավալվում,
Կատաղորեն իրար կոկորդ դուք դեռ կրծում,
Անհանգիստ եմ, տագնապում եմ ձեզ համար ես,
Ուժասպառ եմ լինում սիրուց ես պարզապես:
Արտերն այրեք՝ ծով խոտով ես կբարձրանամ
Ավերակների, ժանտախտի վրա դարձյալ,
Որ ձեր որկորը լցնելու բան ունենաք…
Իսկ դուք վիճում եք դեռ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ…»։
Մենք բոլորս տրիբուննե՜ր. կտրիճնե՜ր ենք՝
Սխրանքների՛, մեծ գործերի՛ համար ծնված,
Նրա համար, սակայն, միայն խենթուկներ ենք,
Ձեռքից մեկընդմիշտ գնացած, կորած անդարձ:
Նրա համար մենք մանուկներ ենք անգիտակ,
Որ օրնիբուն բակում իրար են քաշքշում,
Ամեն մեկն իր խաղալիքներով պարծենում…
Ա՜յ թե հիմար, անհեթեթ խաղ է ընթանում:
***
Աշխարհի փորձը հուշում է, որ մեծ
Կայսրություններն անկում են ապրում
Ոչ թե նրանից, որ ծանր իրենց
Հոգսերի բեռին էլ չեն դիմանում.
Այդ նրանի՛ց են կործանվում մի օր
(օր օրի ծանր հիվանդանալով),
Որ մարդիկ իրենց թագավորությունն
Էլ հարգել անգամ չեն կարողանում:
ԵՐԳ ԱՐԲԱՏԻ ՄԱՍԻՆ
Դու հոսում ես գետի նման: Դու՝ անսովոր մի անվանում:
Ու թափանցիկ է ասֆալտդ՝ ինչպես հոսող ջուրը գետում:
Արբա՜տ, Արբա՜տ, ախ, իմ Արբատ,
դու իմ կոչումն ես աշխարհում,
Հին այս երկնի տակ ինձ համար
դու և՛ խինդ, և՛ դժբախտություն:
Քո անցորդները՝ հասարակ,
սովորական ու պարզ մարդիկ,
Կրունկների ծանոթ զարկով աշխատանքի են շտապում:
Արբա՜տ, Արբա՜տ, ախ, իմ Արբատ,
դու հավատն ու կրո՛նն ես իմ,
Քո մայթերը ոտքերիս տակ երբե՛ք, երբե՛ք չեն ձանձրանում:
Քո այս սիրուց, հավանաբար,
անհնար է բուժվել կյանքում,
Թե քառասուն հազար ուրիշ մայթ էլ սիրենք այլ ափերում:
Արբա՜տ, Արբա՜տ, ախ, իմ Արբատ,
հայրենիքն ես իմ՝ աշխարհում,
Քո մի ծայրից մյուսը հասնել ինձ երբևէ չի հաջողվում:
***
Մրցակից չունի պոետը երբեք,
Փողոցում, կյանքում, թե հենց բախտի մեջ,
Եվ երբ ճչում է նա աշխարհով մեկ,
Դա ձեր մասին չէ, ի՛ր մասին է հենց:
Նիհար ձեռքերը երկինք է պարզում,
Ուժ ու կյանք մսխում կաթիլ առ կաթիլ…
Ինքնայրվում անտես, ներում է խնդրում,
Սակայն՝ ո՛չ բնավ ձեզ համար, այլ՝ ի՛ր:
Բայց երբ հատում է վերջնագիծն անդարձ,
Իսկ հոգին՝ թևում մթին մի աշխարհ,
Երբ գործն արված է, ճանապարհն՝ անցած…
Ձեզնի՛ց է կախված՝ ո՞ւմ, ինչի՞ համար:
Լինի մեղր, թե գավը դառնության,
Լուսե տաճար, թե՝ դժոխք, քավարան…
Ողջն, ինչ նրանն էր, էլ ձե՛րն է հիմա,
Ձեզ է մեկընդմիշտ պատկանում միայն:
***
Այստեղ ամեն ինչ խավարի մեջ է,
Խոր լռություն է՝ ընդերքում ինչպես…
Ձերդ մեծություն կի՛ն, մի՞թե ինձ եք
Դուք այցելության եկել հատկապես:
Լույսն այստեղ թույլ է ու աղոտ, ավա՜ղ,
Տանիքից ջուր է երբեմն կաթում…
Ձերդ մեծություն կի՛ն, ինչպե՞ս եղավ,
Որ որոշեցիք դուք գալ հենց իմ տուն:
Օ՜, ձեր գալուստն այս հրդեհ է կարծես,
Դժվարանում եմ ծխի մեջ շնչել…
Դե ինչ, համեցեք, խնդրե՛մ, մտեք ներս,
Ի՞նչ եք շվարած՝ շեմին մնացել:
Ո՞վ եք, ինչացո՞ւ և որտեղի՞ց եք,
Ինչո՞ւ ընտրեցիք դուք հենց ա՛յս օրը…
Չէ՛, հավանաբար, դուռս խառնել եք,
Շփոթել անգամ քաղաքն ու դարը:
***
Այս առավոտ նույնպես, իմ ո՜րերորդ օրում,
Չզարթնեցի ես, այլ՝ ծնվեցի՛ վերստին…
Կեցցե՛ արշալույսի ցոլքը պատուհանում,
Կեցցե՛ն մեր մեջ ապրող բառերն ու մեղեդին:
Պատմությանն ինչքան էլ փորձես հակառակվել,
Ի՛նքն է հենց իր տերը, ինքն՝ իրեն հենարա՛ն:
Կեցցե՛ նա, ով կյանքում ի զորու է փրկել
Պատմության էջերը բարբաջանքից ունայն:
Չէ՛, ամենքի վրա բախտը չի՛ սավառնում,
Ու հաջողությունը չի՛ ժպտում բոլորին…
Կեցցե՛ նա, ով մի օր կվերծանի կյանքի
Ո՛չ թե նպատակը, այլ՝ խորհուրդը վերին:
***
Բանաստեղծները շատ հալածվեցին.
Նրանց համար միշտ ցանցեր հյուսեցին,
Ծաղրեցին, թևերն հաճախ խուզեցին,
Երբեմն կյանքն իսկ չխնայեցին:
Դեռ անհիշելի ժամանակներից,
Գուցե օրերից աշխարհաստեղծման,
Որպես քավության նոխազ են նրանք
Գրանցվել երկրի մատյաններում այն:
Հարգանք ու պատիվ, թերևս, ունեն,
Ճանաչված են, բայց հարց է՝ մինչև ե՞րբ…
Այ, դո՛ւք, որ իրենց հարևաններն եք,
Մի՞թե չոր չեք ու պաղ նրանց հանդեպ:
Երբեմն տոն են ճաշակում նաև
Հին իրենց երկրում այս ողբերգական,
Բայց հեշտ չէ նրանց պատկերացնել
Բունտերից, դժվար կյանքից անբաժան:
Այլ ուղիներ են անվերջ որոնում,
Բայց, մեկ է, իրենց հին թե նոր ճամփին
Երկնագույն են այս աշխարհը տեսնում՝
Երկնագույն իրենց հորիզոնն անդին:
Ու նրանց համար վեր է զայրույթից
Բառի ծննդյան բերկրանքն անսահման,
Տոն ու ծեսերը՝ մի բան անցողիկ,
Պահի, վայրկյանի թուլություն միայն:
Չէ՛, ամենևին չեմ փառաբանում,
Ես լոկ ուրախ եմ գոյությամբ նրանց:
Օ՜, ես լավ գիտեմ, նրանց չի՛ հուզում
Հետմահու գովքը՝ իրենց շռայլված:
Թարգմանությունը՝
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆԻ