Փիթեր Սուրյանը ԱՄՆ-ում հայտնի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր է: Ծնվել է 1933 թ. Բոսթընում, ապա տեղափոխվել է Նյու Յորք և մինչ օրս բնակվում է այնտեղ: Ավարտել է Հարվարդի համալսարանը: Երկար տարիներ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ: Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, երեք վեպի` «Միրի» (1957), «Լավագույնը և վատթարը ժամանակներից» (1961) և «Դարպաս» (1965), ինչպես նաև էսսեների, գրաքննադատական ու հեռուստատեսային-վերլուծական հոդվածների ժողովածուի: Նրա հարյուրավոր գրաքննադատական և վերլուծական հոդվածների շարքում առանձնանում են Վ. Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործություններին նվիրված աշխատությունները, որոնք ընդգրկված են տարբեր գիտական ժողովածուներում: Հայերեն լույս են տեսել «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (Երևան, 2010) և «Դարպաս» (Երևան, 2011) վեպը: Օրերս հայ ընթերցողի սեղանին կդրվի նաև «Միրի» վեպը, որ հրատարակվել է, երբ հեղինակը քսանչորս տարեկան էր, և ենթատեքստում նկատի ունի հայկական թեման, թեև գլխավոր հերոսները հույներ են:
ՄԻՐԻ
(հատված վեպից)
– Ինձ օգնություն պետք չէ,- ասաց, ձայնը կրկին կոպիտ էր, բայց բարձր չէր, ավելի շուտ ֆշշոցի էր նման, որ զայրացնող էր: Դարձյալ լուռ սպասում էինք ինչ-որ բանի, ի վերջո ասաց:- Կուզեի պատերազմի ժամանակ հետդ Հունաստանում լինել: Նույնիսկ հունարեն չգիտեմ: Էդ հո գիտե՞ս:
– Իհարկե: Հիշում եմ, մի անգամ էլ խնդրեցիր, որ սովորեցնեմ,- ասացի` տարակուսելով, հո ասածս կշտամբալից չհնչե՞ց, հետո շարունակեցի,- էդ ինչո՞ւ հանկարծ ուզեցիր Հունաստանում լինել,- և մտածեցի` արդյո՞ք գլխի չէի ընկնում:
– Հենց էնպես, ուզեցի: Ո՞նց էիք ապրում: Ուտելու բան ճարո՞ւմ էիք: Մեր ուտելիքը շատ էր: Ուզում եմ ասել, Ամերիկայում բոլորը կուշտ էին, չնայած էնպես չէր, որ իրենց ուզածը միշտ ունեին, բայց միսը լիքն էր մեր տանը, ձիթապտղի յուղ ու նման բաներ էլ կային, և օրինական չէին ձեռք բերված:
– Ա՜,- բացականչեցի` չիմանալով ինչ ասել, Լեքսիի հետ երբեք էդքան երկար մենակ չէի մնացել, երբեք չէի լսել, որ էդ ձևով էդպիսի բաների մասին խոսեր:
– Մի՛րի, մի բան կա, որ միշտ զարմացրել է ինձ: Ինչպե՞ս եղավ, որ հորեղբայրն ու մորաքույրը և բոլոր եղբայրներդ ու քույրերդ մահացան, իսկ դու ողջ մնացիր:
– Դե, մահացան, էլի,- ասացի` կրկին դողալով, բայց այժմ տհաճ դող էր, որովհետև նրա դեմքն էնպես թերահավատորեն էր ինձ զննում, որ ուզում էի թքել դրա վրա:- Իսկ ես չմահացա, էդքան բան:- Խոսում էի գլուխս կախ` մտածելով. «Արդեն երկու տարի էս երկրում եմ, և մինչև օրս ոչ ոք էդ հարցը էդպես անշնորհք ձևով չէր տվել ինձ: Մենակ Լեքսիին էր պակասում հանրային նրբանկատության ակնհայտ բարեկրթությունը, որը կարող էր ետ պահել էդպիսի մանրակրկիտ հետաքննությունից, ապա նաև փաստացի հարցնելուց»:
– Է՛հ,- ասաց, և էդ ժամանակ մտածեցի. «Չէ՜, անմեղ հարց էր, որ ուրիշները չէին հանդգնի տալ: Իսկապե՛ս ուզում է իմանալ»:
– Դե՜, մի տեսակ, հետաքրքրում էր,- ասաց,- որովհետև լրիվ անտեղյակ եմ, թե ինչ է կատարվել, անիծյալ լինի էդ ամենը: Նեղվեցի՞ր, որ հարցրեցի:- Կարծես զղջում էր, համարյա փափկել էր:
– Չէ՛,- ասացի և, ի վերջո, զգացի, որ դիմացս նա էր, ում կարող էի մի օր պատմել էդ մասին, երբևէ ինձ հանդիպած էդ կարգի առաջին մարդը:- Վեր կացանք և սկսեցինք քայլելով վերադառնալ:
– Շատ շնորհակալ եմ, Լե՛քսի,- ասացի, երբ արդեն դռների մոտ էինք:
– Ձեզ եմ շնորհակալ, օրիո՛րդ,- ասաց զվարթ ձայնով, մազերը դեռ փայլում էին աղոտ լույսի մեջ, որ խաղում էր քարե աստիճանների վրա:
Վերև բարձրանալով` մտածեցի. «Նույնիսկ նրա հայրը էդ հարցը էդպես անշնորհք ձևով չէր տա»: Արդեն վերևում` Ջոշի և Լեքսիի հետ գնացքով ճամփորդելու մտքից հուզված, Լեքսիի և նրա հոր հանդիպմանը սպասելով և դրանով մտահոգված, չկարողանալով աչք փակել, շուռումուռ գալով անկողնուս մեջ և փորձելով քնել, դանդաղ լողացի դեպի տեսիլքների խելացնոր աշխարհը, դեպի ծովափնյա քաղաքի ճերմակությունն ու փոշին, ժայռոտ ափերն ու քարե տները, մեր տձև քարակերտ տունը ժայռի կատարին` հայրենիքում, կյանք, որ այլևս չեմ տեսնելու, չնայած կարող էր ամբողջ գոյությունս լինել, հայրս սրճարան է գնում, իմ պատուհանի տակ ծառի ճյուղերը ճկվել են թզերի ծանրությունից, երբեմն կարող եմ բազուկներով դիպչել դրանց, քաղել ձեռքով, գյուղացի տղաներից մեկն ինձ կնության կառնի, ձկնե՜ր, ամեն չափի և վարդագույն ու երկնագույն, մի մասը գազանաերախ, մի մասն էլ խաղաղասեր ու թմբլիկ, ձկներին էդպես էլ կրկին չտեսա: Ենթադրում էի, որ այլևս երբեք չէի տեսնելու, և այժմ, պատրաստվելով տուն վերադառնալ` հորեղբորս տուն, դեպի ուտելիքներն ու խաղերը, ծափերը, երաժշտությունը, որ լսելու էի կրկին և հիշեցնելու էր ինձ էն, ինչով հպարտ էի և հոգուս խորքում իմն էի համարում` ընդսմին ամաչելով ինքս ինձնից: Ի՜նչ մարդկային է էս ամենը, գրքերը, որ բոլորն են կարդում, նոր, ոչ մռայլ գրքերը, գրքերի առատությունը և գրքերի, նաև իմ նյարդայնությունը, լիովին վերանում է մռայլությունը, ծնողներս մահացել են, և եղբայրներս ու քույրերս նույնպես մահացել են, և բացի ինձնից` ոչ ոք չգիտի, և հանկարծ հիշեցի զզվելի ծերունուն հրապարակում, խաղաղ օրերին, կամրջից մի քանի քայլի վրա, թխադեմ նստում էր փողոցում և զրուցում էր քրքրված ծնկներով, մանուշակագույն, պատառոտված շալվարով կլորադեմ կնոջ հետ, որ իր մեծ, ուռած, մուգ պալարաբշտով ծածկված ոտքը դրել էր լրագրի կտորի վրա, աղքատներ էին, և այժմ Ջոշը, Լեքսին և Ջոշն ու ես պատրաստվում էինք տուն գնալ` Նյու Յորքից անմիջապես դեպի հյուսիս, և մինչև մեկնելը ես չէի քնելու` աչքիս առաջ Ֆիլիս Փոթերն էր ու Ջոշը, և ճերմակ ու փրչոտ բեղով ծերունին, և մանուշակագույն, պատառոտված շալվարը, և ոչինչ չկա, որից կառչես, և գիտես, որ ամեն բան նույնն է լինելու, սրտխփոցի ձայնը` հաստատուն, ընդմիշտ և առհավետ: Գունեղ տեսիլքները շարունակ գնդակոծում էին ինձ, և երբ արթնացա, կասկածում էի` ընդհանրապես քնե՞լ եմ, թե՞ ոչ, սակայն արագ վեր կացա, հավաքեցի իրերս, քունը գլխիս մտածելով. «Է՛հ, հիմա քնատ եմ, ուրեմն էս գիշեր վաղ կքնեմ, առանց տանջվելու»:
Երբ միասին էինք, և նա լռում էր, Լեքսիի աչքերում էնպիսի արտահայտություն էր, որ վստահություն էր ներշնչում, թե հասկանում էր ինձ, և երբ էնպիսի բաներ էի ասում, որ Ջոշը չէր հասկանում, մինչև մանրամասն չբացատրեի, մտածում էի, որ Լեքսին զգում էր, թե ես ինչ նկատի ունեի, և բոլորովին էլ չէր փորձում իմանալ, որովհետև արդեն գիտեր:
Բայց հորեղբայրս ինձ միայն ստիպում էր տան համ ու հոտ առնել, հարուստ էր և հորիցս ավելի քարսիրտ, չնայած նրան շատ էր նման, բայց հունական իր ձևերով ինձ միայն ստիպում էր տան համ ու հոտ առնել և տան մասին մտածել` այտս կսմթելը, վայրենաբար ուտելը, թովչանքը, պատմությունները, դարձվածքն էնպես փոխելը, որից պատմությունը նոր բովանդակություն էր ստանում, որը երբեք չէր պատմվել և չէր պատմվելու կրկին: Կատակներ չէր անում, պատմություններ էր անում, բայց էլի վատ մարդ էր, ինչպես տանն էին նրան համարում, ոչ առանց նախանձի, և ես չգիտեի, ո՞ւմ էի ավելի շատ սիրում` վա՞տ մարդուն, թե՞ լավ մարդուն, որ գուցե նախանձից էր վատ մարդուն վատ ասում: Ամեն դեպքում մտածում էի. «Էստեղ և այժմ, գետի էս ափին լավ մարդ կամ վատ մարդ չկա»: Ի վերջո, մեծ պարկեշտությամբ նույն բանն են ասում Ջոշի պես լավ մարդիկ: Վախենում էի, բայց մինչ առաջ էինք շարժվում հանդարտ ընթացող գնացքով, սրտատրոփ սպասում էի մեր ժամանմանը և Լեքսիի ու նրա հոր հանդիպմանը:
Հանկարծ մտքովս անցավ, որ Ամերիկայում հազվադեպ էի բեղով տղամարդ տեսել, գնացքում նույնպես ուշադիր զննել էի տղամարդկանց մի մասին, և նրանցից ոչ մեկը բեղ չուներ: «Հունաստանում` մեր քաղաքում, համարյա բոլոր տղամարդիկ բեղ ունեին»,- մտածեցի` իմանալով, որ էնտեղ բեղ ունենալը տղամարդկություն էր, հետո հանկարծ ինքս ինձ ծիծաղեցի` Ջոշին պատկերացնելով փոքրիկ, շեկ բեղով և հիշելով, որ Ամերիկայում էի, որտեղ էդ բանը ոչ մի նշանակություն չուներ: Բայց հետո մտածեցի. «Մեր քաղաքում էլ, փաստորեն, նշանակություն չուներ: Տղամարդկանց մի մասը բեղ չուներ, և չեմ կարծում, թե նրանց վերևից էին նայում»: Եվ թվաց, որ թեթևամիտ էի, հիմար էի և ծիծաղելի, իսկ Ջոշն ու Լեքսին լրջացել էին, Ջոշը նստել էր զգաստ, Լեքսին` մարմինը թուլացրած ու մեջքը ծռած, որպեսզի նստարանին հարմարվեր, դեմքը լուրջ էր, Ջոշի դեմքն էլ սառն ու լուրջ էր: Հետո մտքովս անցավ. «Մի օր Լեքսին իր հորը կնմանվի», բայց նույն պահին էլ զարմացա` մտածելով. «Չէ՛, ամերիկացի է, հունարեն չի խոսում և հորը չի՛ նմանվի, հույն չի՛ լինի», բայց հետո հիշեցի մեր քաղաքի թզենիներն ու փոշին, գնացքը դանդաղորեն արագացրեց ընթացքը, և տեսա, որ կենդանի նռները ճաքել էին, և այլևս չգիտեի, թե ով ինչի էր նմանվելու, և մտածում էի, թե երբ էինք տեղից վեր կենալու և ուղեբեռը իջեցնելու գնացքից, և անցնելով քաղաքի կենտրոնով` բարձրանալու էինք հորեղբայր Ալեքսի տունը, որ գետի կողմն էր նայում:
Թարգմանությունը անգլերենից` Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ