Մտքերի, զգացմունքների, ցավի իրարամերժ քաոսում, երբ հարցականներն սկսում են բացականչականներ դառնալ, երբ ի պատասխան դրա փորձում են կախման կետերը ժողովրդի համար կրկին ականջի օղ դարձնել՝ վրա է հասնում ցասման ժամը: Ոչ միայն թշնամու դեմ, որին պարտվեցինք, այլև պարտությանն անարգալից տրվելու մեղավորների դեմ, որոնց մեղքով հազարավոր զոհեր ունեցանք, անհայտ կորածներ, հաշմվածներ, որ կարող էինք չունենալ, հայրենիքի մեծ տարածք հանձնեցինք թշնամուն, որ կարող էինք այդ վիճակին չհասցնել, անդառնալիորեն կորցրեցինք ազգային մշակույթի հարյուրավոր արժեքներ, բնակավայրեր, հավատ, հույս… Ովքեր են մեղավորնե՞րը: Մենք՝ բոլորս: Հորթի հրճվանքով մեր «դըմբ-դըմբ-հու-հան», մեր ազգային արժեքները պահպանելու, բայց պաշտպան չկանգնելու դնջությունը, ազգային ոգու ընդդիմության բթացումը, մեր խեղճությունը, մեր միամիտ հավատը, որ եթե Նիկոլը սատանայի դեմ է պայքար սկսել, ուրեմն փրկիչ է: Այնինչ սադայելին փոխարինեցինք դիվապետով:
Մեր պարտությունը նոր չէր սկսվել, պատերազմն ու դրա ողբերգական ավարտը պարտությունների կուլմինացիան ու հանգուցալուծումն են: Սկսվել էր, երբ հանրությունը թեթև ձեռքով ու հայհոյախոս լեզվով բաժանեցինք «սևերի» և «սպիտակների», երբ սասանեցինք իրավական համակարգի հիմքերը, երբ երկիրը թալանածներին ոչ թե արդարադատության ատյաններում տեսանք, այլ ամեն օր նրանց բռնել-բաց թողնելու սերիալներում, երբ պրոֆեսիոնալ կադրերը փոխարինվեցին անփորձ, կասկածելի կրթություն և դաստիարակություն ունեցողներով ու սորոսականներով, երբ խաղատախտակին շպրտվեցին դպրոցներում ռազմագիտություն, հայ ժողովրդի պատմություն, լեզու և գրականություն, եկեղեցու պատմություն դասավանդելու նոր մեթոդները, երբ այլասերությունները պետական քարոզչությամբ առաջադիմություն ու քաղաքակիրթ անվանվեցին և օրենքների նախագծեր գրվեցին՝ դրանք օրինականացնելու համար: Եվ այդ ամենը՝ ներծծված ատելության շրեշով, պատերին հատ-հատ ծեփելու, ասֆալտին փռելու հաթաթաներով ու իրականացումներով:
Մի պահ ձեզ թափ տվեք և երրորդ դիտակետից նայեք. մի երկիր, որը շուրջ 30 տարի թալանվել է, այդուհետ գունավոր հեղափոխությամբ իշխանության եկածների թեթև խելք ու ձեռքով առաջացել են հակընդդեմ բևեռացումներ և ատելության մթնոլորտ, անձնական թշնամանքով առաջնորդվող գործիչներ, խուժանության աստիճանի հասած գզվռտուքներ, ընդդիմություն կոչումն ունեցող, բայց դրան չկոչված շահամոլներ, մարաղ մտած, բայց աչքներն էլի պատառ փախցնելուն գցած օլիգարխներ, այդ երկիրը կարո՞ղ է բարձրակարգ դիվանագիտություն ունենալ, բանակ զորեղացնել: Շարունակենք, շարունակենք նայել մեր հպարտորեն անցած ճանապարհին. ժողովրդի աչքին կապույտ վարագույր ծածանելով հեղափոխական ալիքի պատրանք ստեղծածները, վարագույրի ետևում, կաշառքատու օլիգարխների և իրենց արտասահմանյան հայրերի հետ առևտուր սկսելու համար նորանուն հիմնադրամներ ստեղծեցին, որոնց գործունեությունն այդպես էլ յոթ փականքի տակ է պահվում, երկրի բյուջեից իրենք իրենց ահռելի գումարներով պարգևատրեցին, սառեցրին հարաբերությունները բարեկամ հզորների հետ՝ նոր բարեկամներ չունենալով, իսկ երբ պատերազմի շունչն արդեն զգացվում էր, ստալինյան մեթոդաբանությամբ նոր գեներալներ սկսեցին երկնել՝ ազգային անվտանգության, ոստիկանության ու բանակի ղեկը հանձնելով անկարող կադրերի:
Ես հավատում եմ, որ այս ամենը ծրագրավորված էր և չեմ բացառում Թուրքիայի քողարկված մասնակցությունն այդ ծրագրին: Բայցև չեմ պնդում, որ դուք էլ հավատաք: Եվ գիտե՞ք ինչու: Մի բարակ, շատ բարակ հույսի թելով դեռ կախված եմ այն մտքից, որ սխալվում եմ… Այլապես, եթե, իրոք, ի վերուստ այս ամենը ծրագրված էր, ինչպես պնդում են ոմանք, ապա դժվար թե դա կիսատ-պռատ ծրագիր լինի, և երկրորդ փուլում խաղարկվելու է հայոց պետականության լինել-չլինելու սցենարը, այն, ինչը մեր դարավոր թշնամու նկրտումն է:
Այսպես թե այնպես, իմքայլականներն ապացուցեցին, որ ունակ չեն երկիրը ղեկավարել: Թուլամիտ պիտի լինել՝ կարծելու համար, որ այսքանից հետո, ներքին և արտաքին քաղաքականություն վարելու իրենց «կարողությամբ», նրանք կարող են իրականացնել երկրի առջև ծառացած հիրավի բարդ և ահռելի խնդիրները: Բայց պնդերեսաբար դեռ կառչած են աթոռներից, որովհետև վախենում են դատաստանից: Միմիայն այդ պատճառով: Նրանք քողարկում են իրենց վախը նոր մանիպուլյացիաներ անելով: Սկզբում փորձեցին պարտության ամբողջ մեղքը գցել նախկին իշխանությունների վրա, բայց երբ մի շարք դավաճանակա՞ն ասեմ, թե՞ տհասության արդյունք հանդիսացած իրողություններ ի հայտ եկան, «մեղավորների» ցանկն սկսեցին ընդլայնել՝ բոլորը մեղավոր են, բացի ամոթալի պարտությանն օժանդակած և վավերացրած Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից: Մանիպուլյացիայի տիպիկ օրինակ է վարչապետի բստրած, պարզունակ «Ճանապարհային քարտեզը», որն ավելի շատ «Ինչ եմ ուզում դառնալ» ստեղծագործական շարադրություն է հիշեցնում:
Այս իրավիճակում, երբ ժողովրդի մեծամասնությունը դեմ է կառավարող քաղաքական ուժին, պետք է որ ի հայտ գար չարատավորված, հայրենասեր, կարողունակ այն ընդդիմությունը, որին ժողովուրդն աներկբայորեն կվստահեր ու կգնար նրա ետևից: Սակայն, նոր գործիչների կողքին հայտնվել են նաև այն ուժերից, որոնց դառը հացը մի անգամ արդեն ճաշակել ենք… Մարդ աստծո, գոնե մի՛ երևացեք այդ հարթակում, մարդկանց մեջ մի՛ արթնացրեք թալանչիների կլանի, օլիգարխական մկրտություն ունեցողների ետ գալու երկյուղը: Ի վերջո, ուշ թե շուտ, իշխանափոխությունը նոր ընտրություններով է լինելու, իսկ ձեր շարքերում կան հատուկենտ ազնվաբարո անձինք, ովքեր, երբ ժամանակը գա, կարող են հավակնել ժողովրդի վստահության քվեին:
- Բա, լավ, սրա վերջն ի՞նչ է լինելու,- ծառանում է ամեն օր ու ժամ հազարբերան տրվող հարցը: Անձամբ ես՝ չգիտեմ, թե վերջը ոնց է լինելու, բայց որ անհետաձգելի սկիզբը Նիկոլի և իր թիմի հեռանալն է՝ պահի հրամայականն է: