– Նույն գետը երկու անգամ չես մտնի,- ասել է մեզ հայտնի առաջին փիլիսոփաներից մեկը, և մենք հնուց անտի գիտենք, որ սա դիալեկտիկայի օրենքն է: Բայց ջրերն ամեն վայրկյան փոխվում են, իսկ հունը, որպես կանոն, մնում, ինչն արդեն հիշեցնում է մետաֆիզիկականի մասին:
Առանցքի անխուսափելի որոնումնե՞ր: Հատկապես արագահոս, հատկապես նորացող ժամանակների հորձանուտո՞ւմ:
Ավելի քան քառասուն տարի առաջ, երբ Անդրեյ Բիտովը գրում էր «Հայաստանի դասերը», առաջին հերթին ռուս ընթերցողներին նկատի ուներ, և հետո միայն` հայերիս: Սովետական ստանդարտի միջին թվաբանականին հակառակ, նա տեսել էր մի հետաքրքիր կենսակերպ, որը կարողանում է պահպանել ազգ սնող արժեքների համակարգը` առանց հետ թողնելու նրան դարից: Այդ մասին նա ցանկանում էր պատմել իր ժողովրդին, որպես «հայկական ինքնապաշտպանության» առարկայական դաս: Բայց մենք էլ մեր հերթին, կարդալով այդ տաղանդավոր հայացքը, մեկ անգամ ևս ճանաչեցինք մեզ:
Բիտովի նկարագրած ժամանակները անցյալ են: Առանցք վերագտնելու խնդիրը` օրվա հարց: Տեսեք` կարող ենք ինչ-որ մի շփոթմունք, տագնապի պես մի բան, անվստահ ինքնարդարացման փորձ կամ նույնիսկ` ինքնամեղադրանքի համարձակություն նշմարել այս տարվա գլխավոր «Հայակին» արժանացած ֆիլմի՝ «Այդ ես չեմ» վերնագրի մեջ: Սա նոր սերնդի ֆիլմն է, նոր ժամանակի զավակ: Լավ ֆիլմ է` իր մրցանակը վաստակած, այդ սերնդի մուտքը խորհրդանշող, բայց ի՞նչ ակնարկներ է հղում մեզ այդ վերնագրով: Պատմաշրջանների կտրուկ անկյունադարձի մեջ` սասանված ինքնության նշա՞ն: Արքիմեդյան հենակետի կորո՞ւստ, հունը կորցրած գե՞տ:
Բայց մեր կինոն մեկ ուրիշ վերնագիր էլ գիտի: Դարձյալ մանիֆեստային: Դարձյալ նոր սերնդի խոսք: Իր ով-ինչ լինելու վրա վստահ, հողին ու հիշողությանը հարազատ, բայց և մեծ աշխարհի հետ հավասար, – «Բարև, ես եմ» – քսաներորդ դարի հայը` իր ինքնահաստատման մասին:
Ես չեմ նույնացնում այս ֆիլմերի գեղարվեստական արժեքը: Ու չեմ հակադրում միմյանց: Միավորողն այն է, որ դրանք շատ ինտիմ են: Եվ յուրաքանչյուրը` իր ժամանակի նշան: Եվ իր ժամանակի հանդեպ` ազնիվ: Ինձ հետաքրքրում է մեկ ուրիշ հանգամանք. կենտրոնաձիգ պատմահոգեբանության հարաբերությունը կենտրոնախույս պատմահոգեբանության հետ: Միանգամայն տարբեր վկայություններ` միանգամայն տարբեր ժամանակների մասին:
Արվեստը միշտ էլ զգուշացնում է: Այս դեպքում` ինքնավերադարձի անհրաժեշտության մասին: Ոչ թե դեպի ետ, այլ հենց ներկայի մեջ: Այս խնդիրն ավելին է… կինոյից: Ինքնության վերահայտնաբերման պահանջը` նոր կենսափորձով հարստացած, կանգնած է մեր ժամանակի ծանրությունը տանող և նույնիսկ` այդ ծանրությունից փախչող մարդու, մեր կյանքի ամբողջ բովանդակության առջև, թեպետ այդ բովանդակության հեղինակներից մեկը,- ոչ ամենավերջինը, անշուշտ,- էլի մշակույթն է մնում:
«Եթե չունես կերպար, չես ունենա նաև տեղ»,- նկատում է Խոսե Օրտեգա-ի-Գասետը, հենց նա, ով գրել է «Անողնաշար Իսպանիա» գիրքը: Ինքն իրեն գտած մարդը անմիջապես հետաքրքիր, անմիջապես արժեքավոր է դառնում ուրիշների համար, բայց առաջին հերթին ուժ ու վստահություն է տալիս իրեն: Հայերը հեշտությամբ են մերվում աշխարհին, բայց գուցե ամենակարևորը սեփական երկրի մեջ մերվելն է, որովհետև մեծաքանակ լինեն ժողովուրդները թե փոքրաթիվ, նախ և առաջ դրանով են ուժեղ:
Իսկ գուցե յուրաքանչյուր երկիր ինքնին մի շնչավոր էա՞կ է: Այսինքն` կենսագրություն և էություն: Այսինքն` հունի ու հոսանքի ներդաշնակություն: Կամ գոնե` այդ նպատակին միտված միտք, որը քայլ առ քայլ վերաճում է գործողության: Կենտրոնաձիգ շարժում, ինչը մարտահրավերներին դիմակայելու, իսկ գուցե նաև` դրանց պատասխանը գտնելու գրավականն է:
ՀՈՒՆԸ ԵՎ ՀՈՍԱՆՔԸ / Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
