ՀԱՆՃԱՐԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նորայր-ԱդալյանԾատուրի առողջական վիճակն ավելի անհույս էր, քան Մարկոս աղա Ալիմյանի, և նա շուտով կնքեց իր մահկանացուն: Շատերն էին հաշտվել նրա մահվան հետ, սակայն այժմ մի այնպիսի ցավով էին սուգ անում, կարծես նա մեռել էր կատարելապես ողջ-առողջ, խելքը գլխին ու անժամանակ, թեև արդեն յոթանասունութ տարեկան էր և ցնորված, չէր հիշում իր ու մտերիմների անունները, միայն ախորժակն էր անկուշտ, ինչքան տայիր՝ հա, և էլի կցանկանար ուտել: Ծատուրն ամբողջ կյանքում աղբահավաք էր աշխատել, նրա հսկողության տակ գտնվող փողոցն ու բակերը աչք շոյող մաքրություն ունեին ավելի, քան որոշ բնակարանների ներսային տարածքները, որոնցից, հատկապես շոգ ամռանը, նեխության հոտ էր գալիս, ինչպես և՝ դրանց փնթի տանտիրուհիների վրայից: Քաղաքապետարանը Ծատուրին պարգևատրել էր «Օրինակելի աղբահավաք» ոսկետառ պատվոգրով, որը նա փակցրել էր ճաշասենյակի նախշուն պատեգորգին. թող եկող-գնացողները իրենով հիանան: Ոմանք նախանձից քիչ էր մնում մեռնեին, բայց չէին մեռնում, որովհետև զգում էին՝ ապրելն ավելի քաղցր է, թեկուզ մահացու հիվանդ, թեկուզ նախանձոտ, թեկուզ աղբի մեջ: Գորգին Ծատուրի հանգուցյալ ծնողների լուսանկարներն էին, նրանք էլ էին աղբահավաք եղել, նաև՝ պապն ու տատը, Ծատուրը հպարտ էր իր ցեղական այդ ավանդությամբ, մտածում էր՝ հավերժական արհեստ է, աշխարհից աղբը երբեք չի վերանա, ինչ լավ է աղբահավաք եմ, բա որ հանկարծ Խիկարի նման ոտանավորչի աշխատեի. որքան դժբախտ կլինեիր, Ծատուր: Եթե մի օր երեխա ունենամ, նա էլ է աղբահավաք դառնալու:
Մշտապես հին և նոր սովորույթ կար Արարատյան երկրում. գիշերը հանգուցյալին չէին թողնում միայնակ, մի քանի մտերիմներ պետք է գտնվեին նրա շուրջը, որ նա չվախենա, խոսեին հետը, արտասվեին, դեպքեր հիշեին անցյալից, արտահայտեին իրենց հարգանքն ու սերը նրա հանդեպ:
Ծատուրն անվրդով պառկած էր դագաղում և փակաչք նայում էր առաստաղին, որը վերջին երկրաշարժի ժամանակ մի քանի տեղից ճաք էր տվել: Աղբահավաքի մաքուր խալաթով էր, վերևի գրպանում՝ ասեղնագործված եզրերով սպիտակ թաշկինակ, ձեռքերը խաչաձև հանգչում էին կրծքի վրա, գլխավերևում՝ «Օրինակելի աղբահավաք» պատվոգիրը, երկու վառվող մոմեր և ամբողջ գիտակցական կյանքում նրանից անբաժան ցախավելը: Բոլորը լուռ ու մունջ էին ավելի, քան Ծատուրը, կարծես ոչ թե նա էր մեռած, այլ՝ նրանք, նույնիսկ վախենում էին շունչ քաշել, որ հանգուցյալին հանկարծ չաթնացնեն:
– Չհասկացա,- վերջապես լռությունը խզեց Խիկարը և դարձյալ մունջացավ:
– Դու ոտանավորչի ես, իմ նման կոշկակար չես, ինչի՞ պետք է հասկանաս, չե՞ս տեսնում` մարդը մեռել է,- վիրավորվեց կոշկակար Ափոն,- գնա քնիր, իմ սգին խանգարում ես:
– Մինչև չհասկանամ, չեմ գնա: Սիրելի քույր Հերիքնազ,- դիմեց հանգուցյալի կնոջը,- ինչո՞ւ ես մեր պատվական Ծատուրին աղբահավաքի խալաթով թաղում, կոստյում չունի՞…
Բոլորն իրար երես չափեցին:
– Չունի՞,- հարցրեցին միաձայն:
– Իմը թող հագնի,- ասաց կոշկակարը:
Մյուս տղամարդիկ էլ իրենցն առաջարկեցին: Իսկ բանաստեղծ Խիկարը իսկույն հանեց բաճկոնը, փորձեց շալվարն էլ հանել, և փռեց Ծատուրի վրա: Մի քանի րոպեից հանգուցյալը ծածկվեց բաճկոնների կույտով:
– Իմը հագիր, Ծատո՛ւր ջան:
– Իմը ավելի լավն է, նոր եմ քիմմաքրումից դուրս բերել:
– Իմը աղջիկս է ուղարկել Լոսից, դու արժանի ես ամերիկյանով թաղվելու:
Այդ վերաբերմունքից չափազանց հուզված՝ Հերիքնազը լաց եղավ:
– Ծատուրս կոստյում ունի, բայց նա իր վերջին խոսքում ուզեց աղբահավաքի խալաթով գնալ այն աշխարհ, չէ՞, Ծատուր:
Հավաքվածներին թվաց՝ Ծատուրը պատասխանեց.
– Հա՛, կնիկ:
Բոլորը հետ առան իրենց բաճկոնները, որոնց մեռելահոտ էր կպել, թափ տվեցին և հագան, Ծատուրից գոհ ու շնորհակալ, որ նա որոշել է ոչ թե կոստյումով թաղվել, այլ իրեն հարազատ աղբահավաքի խալաթով:
– Հանճար է,- տխրորեն ասաց բանաստեղծ Խիկարը:
Ներկաներն առաջին անգամ էին լսում «հանճար» բառը և չգիտեին ինչ է նշանակում, սակայն ենթադրեցին՝ հայհոյանք չէ, այլ՝ գովեստ:
Խիկարի «հանճար» բառից Ծատուրի մի կոպը թեթևակի բացվեց, և աչքում երևացին զարմանքի կայծեր:
Կոշկակար Ափոն ամուր ագուցեց բաճկոնի կոճակները, որ եթե Ծատուրը հանկարծ միտքը փոխի ու ցանկանա թաղվել իր բաճկոնով, ուզի էլ՝ չկարողանա հանել: Մյուսները հետևեցին նրա օրինակին: Դա ավելորդ գործողություն էր, կարիք չկար կասկածել աղբահավաքի խալաթով թաղվելու Ծատուրի կամքին: Մի քանիսն էլ գնացին տուն և վերադարձան առանց բաճկոնի, մի վերնաշապիկով, թեև ուշ աշնան ցուրտ գիշեր էր, մինչև իսկ Ծատուրն էր մրսում:
– Մրսո՞ւմ ես, Ծատուր:
– Հանճարն ինչի՞ պետք է մրսի,- Խիկարի փոխարեն ասաց հանգուցյալի քրոջ աղջիկը՝ վարսահարդար Սաթեն:- Նա շոգում է:
– Շոգո՞ւմ ես, Ծատ,- մի քանիսն անհանգստացան:
– Ո՛չ շոգում է և ո՛չ էլ մրսում,- ասաց Խիկարը,- հանճար սիրեք, Ծատուր սիրեք, ինձ սիրեք, աշուղ սիրեք, տգետ ժողովուրդ: – Մտքով անցավ Ծատուրին հանել դագաղից և պառկել նրա տեղը:- Պիտի մեռնեմ, որ նո՞ր հասկանաք ով եմ ես: Բանաստեղծությունս արտասանե՞մ:
– Չկարդա՞ս,- նյարդայնացավ շուկայի հսկիչ Ֆելեքը, որը նաև պետան-վտանգության ծպտյալ գործակալ էր:- Ծատուրը որ լսեց՝ հոգեդարձ կլինի:
– Հանճարը հոգեդարձ չի լինում,- ասաց Խիկարը,- տեսեք, նա դանդաղ գնում է դեպի հավերժություն:
Բոլորը նայեցին Ծատուրին: Թվաց՝ նրա մի ոտնաթաթը մետաքսե սև ծածկոցի տակ շարժվեց:
Վախը տիրեց բոլորին: Նույնիսկ Ծատուրի հայրն ու մայրը վախից այլայլվեցին իրենց լուսանկարներում: Հերիքնազը վախից ճչաց.
– Մի՛ գնա, Ծատուր, ինձ մենակ մի՛ թող:
Երկար լռություն եղավ: Լսվում էր միայն պատի կլոր ժամացույցի համաչափ շնչառությունը:
– Ժամացույցի ձայնը կտրեք,- ասաց շուկայի հսկիչը:- Երբ իմ քեռին մեռավ, մենք ժամացույցը կանգնեցրինք, օրենք է:
– Վերջին շնչում Ծատուրս խնդրեց ժամացույցին ձեռք չտամ, թող աշխատի,- հայտնեց Հերիքնազը:
– Բայց ինչո՞ւ…
– Չհասցրեց ասել, մեռավ:
– Չէ՞ր կարող մի րոպե ուշ մեռնել:
– Նա ուզում էր ողջերիս հասկացնել, որ ժամանակն անկանգ է ու հավերժական,- ասաց բանաստեղծը,- հանճար մարդն ուրիշ բան չի կարող մտածել մեռնելուց վայրկյան առաջ:
– Հա էլի,- համաձայնեցին մի որոշ կասկածանքով:
Ծատուրը փակ աչքերով խեթ նայեց բանաստեղծ Խիկարին: Աջ ձեռքը թեթևակի դողաց: Բերանը բաց-խուփ եղավ:
– Ոնց որ կենդանի է,- նկատեց կոշկակարը:
– Հանճարին մահ չկա,- Խիկարն էր:
– Բայց քեզ կա,- վրա բերեց կոշկակարը, ով առանց պատճառի միշտ ատել էր նրան:
– Իմ հանճարեղ հոպար,- վարսահարդար Սաթեն, ով այդ օրը նորաոճ սանրվածք ուներ, հեկեկաց:
Հերիքնազը սև թաշկինակով սրբում էր թաց աչքերը:
Կին թե տղամարդ արտասվում էին:
Ծատուրի ծնողների այտերով նույնպես դառն արցունքի կաթիլներ էին գլորվում:
Դրկից հարևանուհին սուրճ բերեց (այս իրական պատմվածքի հեղինակը անունը չի հիշում):
– Խմեք, Ծատուրի պես քաղցր է:
– Ծատուրս միայն քաղցր սուրճ էր խմում,- շարունակելով լալ՝ ասաց Հերիքնազը:
– Որովհետև հանճար էր,- ասաց հարևանուհին:- Խմեք, թող տեսնի՝ իրեն սիրում եք:
Գոհության փոխարեն Ծատուրի դեմքին դժգոհության թանձր ստվեր իջավ:
– Ինչի՞ց ես դժգոհ, Ծատուր եղբայր,- հարցրեց կոշկակարը:
– Հանճարը ո՞նց կարող է էս երկրից դժգոհ չլինել,- ասաց Հայկոն, որ ամբողջ գիշեր ոչ մի բառ չէր խոսել,- երեք ամիս թոշակս չեն տալիս:
– Բայց դու հանճար չես,- ասաց կոշկակարը,- անորակ դուդուկ:
– Դու իմ բախտը մի՛ որոշիր, փինաչի,- վիրավորանքը փոխադարձեց Հայկոն,- որ մեռնես, դիակիդ լավ էլ կփչեմ:
Պատեգորգին Ծատուրի հոր լուսա­նկարը փոքր-ինչ ծռվեց ու բոլորին լսելի շշնջաց.
– Ես հպարտանում եմ քեզնով, հանճարեղ տղաս, դու չես մեռել, արձակուրդ ես գնում Սոչի, բարով գնա, բարով վերադարձիր մեր չքնաղ քաղաքը:
Մոր լուսանկարն էլ խոսեց, բայց խիստ համառոտ ու արտահայտիչ.
– Ծատուր ջան, շնորհավոր հանճարեղ ծնունդդ:
– Կեսուր-կեսրայրս էլ էին հանճարեղ,- ասաց Հերիքնազը:
– Գիտենք, տեսել ենք:
– Հանճարեղներից հանճար է ծնվում,- ասաց Հայկոն, որ վերջին ժամերին բավականին զարգացել էր, և կասկածանքով կոշկակարին նայեց, սա էլ՝ Խիկարին:
– Ոչ միշտ,- ասաց Խիկարը:
– Լսեցի՞ր, սոխի գլուխ,- Հայկոյին բշտեց կոշկակարը:
– Սխտորի պոչ,- հակադարձեց դուդուկչին:
– Հականեր,- չարացավ Ֆելեքը՝ գաղտնի գործակալի իր դիմակն ակամայորեն բացահայտելով:
– Սխտորն առողջարար է,- ասաց Հերիքնազը,- մի օր Ծատուրիս հարբուխ կպավ, սխտորով բուժեցի, հիշո՞ւմ ես, սիրուն ջան:
Ծատուրը գլխով արեց թե չարեց, և բոլորը համոզվեցին՝ լավ էլ հիշում է, հանճարն իր կենսագրության այդքան կարևոր փաստը ինչպե՞ս կարող է մոռանալ, նա հո մենք չենք:
Ծատուրը վրայից հեռացրեց մետաքսե սև ծածկոցը և խռմփաց, դարձյալ շփոթեցնելով անքուն ներկաներին՝ կարող է մեռած չէ:
– Ցախավելը հետն ենք թաղելո՞ւ:
– Պատվոգիրն էլ:
– Ինձ էլ նրա հետ թաղեք,- հեկեկում էր կինը:
– Տիկին Հերիքնազ, դու դեռ մեռած չես,- ասաց բանաստեղծ Խիկարը:
– Մեռած չեմ, ինչ եմ:
Հերիքնազի հայացքի առջևով արագավազ կինոժապավենի նման անցան նրանց ապրած համատեղ կյանքի պատկերները: Ամեն ինչ հանճարեղ էր անում,- հիշում և մտածում էր նա,- ուտելը, քնելը, լվացվելը, հարևաններին ժպտալը, այնպես էր ժպտում, կարծես չէր ժպտում, միայն մի բան մի քիչ այն չէր… Հերիքնազն ամաչեց և զղջաց դա մտաբերելու համար: Մինչև անգամ մեր երիտասարդ ժամանակ Ծատուրն ինձ շատ քիչ էր տիրանում, տարին հազիվ մեկ-երկու անգամ, կիսատ-պռատ, անվերջ համբուրում էր, շոյանքներ անում ու չէր կարողանում կարգին տիրանալ, ես միշտ կարոտ էի մնում, կարոտով էլ ծերացա… Բայց կարոտալից նայելով ամուսնու այդ պահին բաց աչքերին, որոնք ավելի կենդանի էին, քան մեռած, սրտում կասկած ընկավ, որը հաջորդ վայրկյաններին դարձավ ուրախալի համոզմունք. ո՞նց չհասկացա, որ նրա իմպոտենտությունն էլ էր հանճարեղության հատկանիշ: Իզուր էի նեղանում նրանից, մեղք էի գործում, և չներեց իրեն, մինչև կյանքիս վերջը կմնամ այդ մեղքի տակ: Նա միանգամայն անկեղծ և քրիստոնեական հավատքով ասաց.
– Ծատուրը հանճարեղ տղամարդ է:
Բառը միաձայն դուրս եկավ նաև մյուսների բերանից.
– Հանճարեղ է, հանճարեղ:
Ծատուրը զարմացած նայում էր նրանց: Մի ոտքը ծալվեց: Ձեռքի մատները դողում էին: Դագաղում շուռ ու մուռ եղավ: Ասեղնագործած սպիտակ թաշկինակով սրբեց դեմքի քրտինքը: Ծնողների լուսանկարներն էլ քրտնեցին: Բոլորի ճակատները ծածկվեցին վախի քրտինքով: Ցուրտ գիշերը շոգեց: Եվ հեռու էր դեպի մարդը իր ճամփան:
– Մի օր Ծատուրից փող ուզեցի,- վախեցած ասաց Օհանը:- Չտվեց:
– Ախր ինչի՞ պետք է տար, հարբեցող,- ասաց կոշկակարը,- որ լակեի՞ր:
– Հանճարը դեմ էր իմ խմելուն: Նրանից շատ շնորհակալ եմ:
Ներկա կանայք ու տղամարդիկ և նրանք, ովքեր այդ գիշեր բացակա էին տարբեր հարգելի պատճառներով, պատկառալից նայեցին Ծատուրին և մի ավելորդ անգամ հասկացան, որ նա ավելին է, քան հանճարը, Աստծո նմանությամբ մարդ:
Ծատուրն ընդոստ նստեց և զայրացած գոռաց.
– Ես հանճար չեմ, ինձ հանգիստ թողեք, դուք եք հանճարը,- և մեջքով թրմփաց դագաղի մեջ:
Լուսացավ:
Արարատ սարին ցուրտ արև խփեց:
Ասեղնագործած եզրերով սպիտակ թաշկինակը հատակից բարձրացրին և ծալ-ծալ տեղավորեցին խալաթի վերևի գրպանում, որ Ծատուրը գերեզմանում քրտնելիս սրբի դեմքը: Մեռած մարմինը խնամքով առան մետաքսե սև ծածկոցի տակ, հանկարծ չշոգի ու չմրսի, երկուսն էլ առողջությանը վնաս են: «Օրինակելի աղբահավաք» ոսկետառ պատվոգիրը դրին կրծքի վրա: Ցախավելը սկզբում պառկեցրին Ծատուրի ձախ կողմում, հետո տարան աջ՝ մտածելով, որ այս դեպքում աջությունն ավելի հեղինակավոր է:
– Սիրելի՛ ժողովուրդ, հանճարեղ ցախավելը չթաղենք, ճշմարիտ ու արդարացի չէ,- ասաց բանաստեղծ Խիկարը:
– Բա ի՞նչ անենք:
– Տանք պատմության թանգարանին, թող դնեն Արգիշտիի պղնձե սաղավարտի կողքը,- առաջարկեց Խիկարը:- Ես որ մեռնեմ, իմ գրիչը ուղարկեք գրականու­թյան ու արվեստի թանգարան, ինձ հետ գերեզման չիջեցնեք, խնդրում եմ:
– Խիկարի կարծիքը բավականին համոզիչ էր, ինչո՞ւ առանց այն էլ զրկված ու զարկված ժողովրդից խլել ցախավելը, Ծատուրի մահը մեզ քի՞չ եղավ, ինչի՞ տեր ենք:
Ցախավելը դագաղից հանեցին:
– Խիկար, կտանես պատմության թանգարան, Ծատուրին էլ:
– Հարգելինե՛րս, Ծատուրը մումիա չէ:
Ոչ ոք չհասկացավ «մումիան», կարծեցին՝ ոչինչ բառ է, և դուդուկ Հայկոյի լալահառաչ նվագակցությամբ Ծատուրին տարան թաղելու:
Քաղաքապետարանը Թոխմախի կենտրոնական ծառուղիում, որտեղ ննջում էին մեկը մեկից նշանավոր մարդիկ, Ծատուրին ընդարձակ գերեզման էր հատկացրել: Երբ նրան փոսն էին իջեցնում, կապույտ-արևշող երկինքը արցունք լացեց:
Ծատուրի գերեզմանը կառուցելու համար հայտարարվեց միջազգային մրցանակաբաշխություն, և համազգային հանգանակություն եղավ: Ճիշտ մահվան տարելիցին շիրիմը մարդաշատ հանդիսավորությամբ բացվեց: Սպիտակ մարմարե տապանաքարին միայն մեկ բառ էր փորագրված՝ «Հանճար», Ծատուրի անունը և ծննդյան ու մահվան թվականները բացակայում էին: Հասկացողը հասկացավ՝ այդ բառի տակ պառկած է ոչ միայն Ծատուրը, այլև անօրինակ հայ հասարակությունը:
Հաճախակի կրկնվող մեռելոցներին, որ աշխատազուրկ երկրում ոչ աշխատանքային օր էր, տապանաքարի մոտ մոմ էին վառում և խունկ ծխեցնում: Սքեմավոր քահանան խռպոտ ձայնով երգում էր ու խոսում. «Օրհնեցի և կնքյալ պահեսցի շիրիմն ու ոսկերք հանճարեղ ծառայիս Աստուծո, նշանով Սուրբ Խաչիս և բանիվ Ավետարանիս, Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո: Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛: Ամեն»: Այդ արարողության կախարդիչ ազդեցու­թյամբ, խաշլամայի պատառները խփշտելուց և օղու բաժակները մինչև հատակը քամելուց հետո շատերն էին ցանկանում մեռնել ու հավերժանալ, որովհետև կյանքը այնքան սուտ և փուչ էր: Աբսուրդ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։