Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ… Կաղ, կուզ, գեղեցիկ, ճաղատ, ծիծաղելի, մռայլ, սուտ անկոտրում, սուտ հանդիսավոր, դժգո՜հ, անվերջ դժգոհ, ուրա՜խ, անմտության չափ ուրախ բանաստեղծների քո տոհմը, ծաղրածուների այդ մեծ ընտանիքը հիմա ամբողջ աշխարհով մեկ արև է փռում, արևի մեջ սամիթի բույր է փռում, ծիրանի ծառ է տնկում, լուսին է օծում, հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները, իմաստավորելով մահը՝ լռին գերեզմանատներ է դնում արևի տակ, իմաստավորելով ծնունդը՝ ուրախության բաժակներ է փշրում, աղավնիներ ու աստղաթիռներ է շպրտում երկինք, հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ, փառաբանում է հացի լինելը և փառաբանում է հացի չլինելը, տղամարդ-ավազակներից շինում է հայր-ավանակներ և արևային երկիրը լցնում է մոլոր արահետներով ու բարի ավանակներով, բանաստեղծների այդ տոհմն ահա աղուտ հարթավայրը դարձրել է Արարատյան դաշտ,- և մարդիկ խմբավորվում են ըստ արհեստների, և չկա խմբավորման մի այլ կերպ. և թող սուրբ լինի բանաստեղծների քո ընտանիքը, որի հոգնած նահապետի ճանապարհն այստեղ, այս բլրի տակ իր տան դռանը փակեցին զինվորական գործի մարդիկ ու պահանջեցին. «Անցաթուղթ: Բանաստեղծ-մանաստեղծ չեմ հասկանում, անցաթուղթ»: Նա նահապետ էր, բայց բանաստեղծների քո նահապետն էր և միայն քոնը: Բանաստեղծների քո տոհմն ահա կախաղանների տակից խեղկատակորեն աչքով է անում, սխալմամբ բանտ է նստել և քմծիծաղով սպասում է, թե հիմա թյուրիմացության համար ներողություն են խնդրելու, ատրճանակ բռնել չգիտե և գնում է մենամարտի, Հիտլերի ականջն ի վեր մրջյունի ձայնով գոռում է՝ թե ինքը համաձա՜յն չէ նրա կարծիքին և ունի բոլորովին այլ տեսակետ, կապում է կործանված կամուրջները և չի նկատում, որ իր ետևից քանդելով գալիս են նույն կործանողները, կախաղանի տակից շփոթ ժպիտով նայում է քեզ՝ թե հիմա կհասկանան իրենց սխալը, և սխալն էլ մարդկային է, ոչինչ: Հաղթած բանակների գեներալները պարտված բանակների գեներալներին չեն կախում, այլ նստում են նրանց հետ հացի, և որովհետև բանակային օրապահիկը չի բավականացնի խնջույքին՝ հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին: Հեռավոր ուղերթի վարորդները իրարու ողջունում են զվարթ շչոցով ու ձախ ձեռքի զուսպ բարձրացմամբ՝ հայտնելով միմյանց ողջ տեսնելու ուրախության և նույն սիրո մասին առ իրենց արհեստը: Թշնամական ռմբակիրները հանդիպակաց սլացքով գնում են քարուքանդ անելու թշնամական քաղաքները և նույն երկնքի մեջ չեն բախվում մեկմեկու: Այդպես:
Կարդալ նաեւ․․․
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ՝ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ, ՀԵՌԱԳՐԵՐ ԳԱԼ ՀԳՄ ՀԱՍՑԵՈՎ
Մեծարգո Տիար Միլիտոնյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր շնորհավորանքն ենք…
ԻՄ ԽՈՆԱՐՀ ԱՐՁԱԳԱՆԳԸ «ՆՈՐ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԳԻՐՔԻՆ / Երան ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ
Երան ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ Գրող, հրապարակախօս, գլխաւոր խմբագիր եւ արտօնատէր «Ազատ խօսք»…
ՀԵՐՅՈՒՐԱՆՔԸ ՀՈՐԻՆՎԱԾՔ ՉԷ, ԿԱՄ ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Զորի ԲԱԼԱՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԲԱՆ Որոշ ժամանակ առաջ ես պարզապես ստիպված…
