Թարգմանությունը`
ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆ
Ճամփա ենք ելել, որ փնտրենք կածան,
ետ` դեպ Արարատ,
դեպ նախնիներիս գյուղը հայրենի,
քայլում ենք դարերի ոտնահետքերով, որ
գալարվում են ցամաք լեռներում`
իմ հայրենիքում:
Ես մի բռաչափ հող եմ վերցնում
հողմահար ձեռքով`
անզգայացած
անամոք ցավից:
Դեմքիս եմ հպում,
որպեսզի զգամ մի վերջին անգամ
«Իմ Հայաստանը»,
անգին «Հայաստան»:
ՆԱԽՆԻՆԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ
Հզոր ձայները մեր նախնիների
վտակներ դարձած հոսում են հանդարտ
դեպի օվկիանն անեզր:
Ուր անցյալը, ներկան, ապագան
բարձրանում-իջնում,
վայրիվերում են
հոսանքների և տեղատվության հետ մեկտեղ,
նաև քամիների` ամենուր իշխող:
Հզոր ձայները մեր նախնիների
հսկա օվկիանում
անեզր ալիքների ծովեր են դառնում,
որ տարածվում է հայացքից անդին
և մտքից էլ վեր:
ԱԶԳԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Ազգի արմատները շատ խորն են աճում,
տարածվում արագ:
Եվ սնուցում են
բոլոր ճյուղերը
հավերժորեն դեպ արև ձգտող:
Ի հեճուկս արնաբիծ հողի,
վրահաս վայրագ, ահեղ հողմերի,
ազգի արմատներն աճում են փարթամ
և չեն թաքցնում սպիները խոր:
Ու դեռ աճում են արմատներն ազգի`
շարունակելով ժառանգությունը,
միահյուսելով անցյալն ու ներկան, նաև ապագան,
ինչպես արմատը, ճյուղն ու բողբոջը`
մեկ միասնություն, լինելիության ապրող մի շղթա:
Ազգի արմատներն աճում են շատ խոր,
հասնում միջուկին և
սնուցում են բողբոջները թարմ: