Իրագործվածի և հավանականի հարաբերությունը Լևոն Խեչոյանի «Զանգը» պատմվածքում / Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

 

 

 

Յուրաքանչյուր իրագործված դեպք իր հիմքում ենթադրում է մեկ այլ հարթություն, որ արդեն դուրս է իրականությունից: Դա ներկայացնում է հավանականի ոլորտը: Այս երկու հարթություններն էապես տարբերվում են միմյանցից: Եթե իրագործվածը միակն է, ապա հավանականն աչքի է ընկնում բազմավարիանտությամբ: Հավանականի ոլորտը գերազանցապես գիտակցվում է այն ժամանակ, երբ արդեն առկա է իրագործվածը: Հավանականի ոլորտը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրագործվածից որոշակիորեն տարբերվող, կյանքի բնական օրինաչափություններին համապատասխան, տվյալ երկում հիշատակվող, բայց չիրագործված գործողությունների հանրագումար:

Բավականին հետաքրքիր են տեքստակառուցման խեչոյանական սկզբունքները: Նրա ստեղծագործություններում մենք հաճախ հանդիպում ենք տարակերպ կրկնությունների: Միևնույն միտքը, պատկերը, նախադասությունը կրկնվում են ստեղծագործության տարբեր հատվածներում: Մեր խնդրից դուրս է ամբողջությամբ քննել Լ. Խեչոյանի պատումի առանձնահատկությունները: Այս աշխատանքը չի հետապնդում նաև խեչոյանական կրկնությունների խորքային ուսումնասիրման նպատակ, բայց հենց սկզբից ցանկանում ենք նշել, որ Լ. Խեչոյանի մոտ չկան անհիմն կրկնություններ: Միևնույն պատկերի տարակերպ արտահայտություններով Լ. Խեչոյանը ցույց է տալիս դրա ընկալման տարբեր աստիճաններն ու հայեցակետերը: Մեր նպատակը կառուցվածքաբանական մեթոդի կիրառմամբ «Զանգը» պատմվածքում հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հարաբերության քննությունն է:

Հրանտ Մաթևոսյանը, խոսելով Լ. Խեչոյանի ստեղծագործության մասին, ընդգծում է մի կարևոր հանգամանք. «Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են»1:

Վ. Փիլոյանը Հ. Մաթևոսյան – Լ. Խեչոյան ընդհանրությունը տեսնում է միևնույն իրողության «միշտ տարակերպ, բայց նույնաբնույթ» շարադրանքի մեջ. «Նմանատիպ սկզբունք է իրականացնում Լ. Խեչոյանն իր վեպում, երբ նույն իրողության շարադրանքին հաջորդում է վերաշարադրանքը, վերավերաշարադրանքը, քառիցս պատմելը` միշտ տարակերպ, բայց նույնաբնույթ, և սրանով իսկ ճշմարտություն-ստվերը (նաև` պատումը) այլազան է բացահայտում իրականությունը»2: Նույն հոդվածում հեղինակը անդրադարձել է նաև «իրար փոխբացառող և իրար լրացնող» մեկնություններին. «Պատումը վեպում ներկայացնում է որոնման ընթացքը, և հաճախ պատումը ձևավորվում է իրար փոխբացառող և իրար լրացնող մանրամասն-մեկնությունների օգնությամբ, որոնք ամբողջացնում են ինչպես պատումի, այնպես էլ պատմության ու առասպելի մասը կամ ամբողջ պատումը (պատմությունը, առասպելը. թերևս շեշտենք` առտնին առասպելը, որ իր հիմքում ունի գերակա առասպելի գենը)»3:

Լ. Խեչոյանի «Զանգը» պատմվածքում մենք դարձյալ տեսնում ենք նմանատիպ կրկնություններ: Սրանց նշանակությունը պիտի քննել իրագործվածի և հավանականի հարաբերության համապատկերում: Այդ հարաբերությունը լայնորեն դրսևորվում է Լ. Խեչոյանի տարբեր ստեղծագործություններում: Հատկանշական է այն հանգամանքը, որ իրագործվածի և հավանականի հարաբերությունը երբեմն դրսևորվում է կյանքի և մահվան հարաբերության համապատկերում. «Համաժողովից հետո` տունդարձի ճանապարհին, ոչ մեկի ջորին, ուղտը, ձին չի խրտնել, հեծվորին պատեպատ չի խփել: Եղեգնուտներում նստած վագրը չի դարանակալել չորքոտանիներին հեծած հոգևոր դասին: Կարիճը չի թունավորել ճանապարհամերձ թմբին հացի նստածներին: Ամենքը գնացել, հասել են իրենց գավառները»4: Այս օրինակը լավագույնս ցույց է տալիս այդ երկու ոլորտների հարաբերությունը: «Ամենքը գնացել, հասել են իրենց գավառները» գործողությունը ներկայացնում է իրագործվածի ոլորտը: Մյուս երեք գործողությունների ժխտման միջոցով հեղինակը պատկերել է հավանականի բազմատարբերակ հարթությունը: Սրանով հաստատվում է նաև այն միտքը, որ հավանականի ոլորտն անհամեմատ ավելի լայն է: Տվյալ դեպքում երկու հարթություններին պատկանող իրողությունների հարաբերությունը 3:1 է:

 

  1. Ամենքը գնացել, հասել են իրենց գավառները:
  2. Համաժողովից հետո` տունդարձի ճանապարհին, ոչ մեկի ջորին, ուղտը, ձին չի խրտնել, հեծվորին պատեպատ չի խփել:
  3. Եղեգնուտներում նստած վագրը չի դարանակալել չորքոտանիներին հեծած հոգևոր դասին:
  4. Կարիճը չի թունավորել ճանապարհամերձ թմբին հացի նստածներին:

Կյանքը պատկանում է իրագործվածի ոլորտին, իսկ հավանականի հարթության վրա ներկայացված են մահվան երեք տարբերակները:

«Զանգը» պատմվածքը վերն ասվածի ամենայուրահատուկ արտահայտություններից է: Այստեղ արդեն ներկայացված է կյանքի և մահվան կրիտիկական հարաբերություն: Մահը թևակոխել է իրագործվածի հարթություն, իսկ հավանականի ոլորտը ներկայացնում է մահվանը հաղթելու բոլոր տարբերակները: Այսինքն` այստեղ կյանք-մահ հարաբերությունը ձեռք է բերել տրամագծորեն հակառակ բնույթ:

Տաք անձրևի հետևանքով ծավալվող հեղեղը քայլ առ քայլ մոտեցնում է ուսուցչուհի Նվարդի մահվան իրողությունը: Մահվան իրողության մոտենալը (աճը) հակադարձ համեմատական է հավանականի հարթությանը պատկանող փրկությանը: Փրկությունը ներկայացված է հավանականի հարթության մի քանի գործողություններով, որոնք, ի տարբերության նախորդ օրինակի, հավասարարժեք չեն: Հավանականի գործողությունները միմյանց նկատմամբ անկման հարաբերության մեջ են գտնվում: Հեղեղի տարածման հետևանքով ի հայտ եկած յուրաքանչյուր դժվարություն առաջացնում է հավանականի հարթության նոր գործողություն, որը, սակայն, իրագործման հավանականությամբ զիջում է նախորդին: Հավանականի հարթության գործողությունների աստիճանական բարդացումն ու անկումը մոտեցնում են մահվան իրողությունը: Փորձենք սխեմայի տեսքով ներկայացնել իրագործվածի և հավանականի հարաբերությունը պատմվածքում.

 

  1. «Տաք, հորդառատ անձրև էր գալիս: Մեր գյուղում նման անձրև երբեք դեռ չէր եկել: Սարերում ձյունը միանգամից հալվեց, ու գյուղի միջով անցնող գետը ակնթարթորեն լցվեց գյուղի փողոցները: Բոլորը վախեցած կտուրներն էին բարձրացել ու տագնապով նայում էին դպրոցի զուգարանի կտուրը բարձրացած ռուսաց լեզվի ուսուցչուհուն: Նայում էինք ու մտածում, որ նրան կարող ենք փրկել»5:

 

կյանք                                              մահ

 

  1. «Երբ դեղին հեղեղը լցվեց տներն ու այնտեղից իր հետ դուրս բերեց նորածին գառներ, տախտակներ, արկղի մեջ ձու ածող հավեր, մեզանից ամեն մեկը դարձյալ մտածում էր, որ լողալով կարելի է մոտենալ դպրոցի զուգարանին ու փրկել ռուսաց լեզվի ուսուցչուհուն»6:

 

կյանք                                              մահ

 

  1. «Երբ դեղին հեղեղը լցվեց պատերազմի հերոս Հայրոյի տունը ու իր հետ տարավ նրա զույգ դնովի ոտքերը, մեզանից ամեն մեկը դարձյալ հավատացած էր, որ կարող է փրկել ռուսաց լեզվի ուսուցչուհուն: Հարկավոր էր լողալը սկսել ոչ թե դեմ առ դեմ, այլ վերևից` դպրոցի բակի վերին ծայրից, որ ջրի քշող հոսանքը բերեր հաներ զուգարանի մոտ»7:

 

կյանք                                              մահ

 

  1. «Երբ մի քանի տղամարդկանց մեջքներից պարաններով կապած նստեցրին լողանալու փայտյա տաշտերի մեջ, որ փրկեն ներսում մնացած, մորթվող անասունի նման բառաչող Հայրոյին, դեղին, ուռած ալիքները, մի ակնթարթում տաշտերը պատեպատ խփելով, ջարդուփշուր արեցին: Մեզանից ամեն մեկը դարձյալ հավատացած էր, որ կարելի է մոտենալ դպրոցի զուգարանին, միայն թե հարկավոր է ոչ թե հոսանքին համընթաց լողալ, այլ գլխապտույտի մեջ չընկնելու համար` հակառակ: Այդպես անելու դեպքում կարող էինք լողալով տեղ հասնել ու փրկել Նվարդին»8:

 

կյանք                                              մահ

  1. «Երբ մի ակնթարթում կամուրջը պոկվեց ու ալիքների վրա ոստոստալով անհետացավ, մեզանից ամեն մեկը հավատացած էր, որ ինքը կարող է լողալով հասնել զուգարանին, ձնհալ սառը ջրում փայտանալու դեպքում` ասեղով ծակոտելով ոտքերը»9:

 

կյանք                                              մահ

 

  1. «Հետո սրընթաց գետը իր հետ հսկա արմատախիլ ծառ էր բերում: Ծառը արագընթաց հոսանքից դուրս պոկվեց, մտավ դպրոցի բակը ու ջրերին համընթաց խաղաղ ու դանդաղ իջնում էր ներքև: Ու մեզանից ամեն մեկը հավատացած էր, որ լողալուն ծառը չի խանգարի, նրան հանդիպելու դեպքում կարելի է սուզվել, հետո դաշտային ծաղիկների բուրմունք ունեցող, օծանելիք բուրող Նվարդին առնել թևերի մեջ ու տաք ու հորդառատ անձրևի տակ, դեղին ալիքների վրա մեջքալող տալով հասցնել կտուրներին»10:

 

կյանք                                              մահ

 

  1. «Հետո չէինք կարողանում հիշել, բարձրաձայն էր ասվել, թե մենք էինք մեր մտքերի մեջ ասել, ու հենց այդ պահից հավաքվածներիցս ամեն մեկն այլևս չէր հավատում, որ ինքը կարող է լողալով հասնել Նվարդին ու նրան փրկել»11:

 

մահ

 

Այսպիսով` հավանականի և իրագործվածի ոլորտների քննությունը հանգեցնում է պատկեր-գործողությունների բազմատարբերակ և տարահարթեցված ընկալումների: Այն նկատելիորեն ընդլայնում է գրական երկում արտացոլված պատկերների ըմբռնումները: «Զանգը» պատմվածքում տեղ գտած երկհարթությունային իրողությունների վերլուծմամբ մենք հանգեցինք այն փաստին, որ «մեզանից ամեն մեկը հավատում էր, որ Նվարդին կարելի է փրկել» մտքի կրկնությունն ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր կրկնություն իր հետ բերում է հավատի անկման որոշակի չափաբաժին, որ ուղիղ համեմատական է հեղեղի ծավալման հետևանքով ի հայտ եկող բարդություններին:  Ստեղծագործության կենտրոնական պատկեր-գործողությունն իրագործվեց միայն հավանականի վեց տարբերակների բացառումից հետո:

 

Օգտագործված գրականության ցանկ.

– Խեչոյան Լ., Երրորդ որդին, Արշակ արքա, Դրաստամատ Ներքինի, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2002, 340 էջ:

– Փիլոյան Վ., Ժամանակ և գրականություն, Երևան, «Լուսակն», 2012, 194 էջ:

________________

  1. Խեչոյան Լ., Երրորդ որդին, Արշակ արքա, Դրաստամատ Ներքինի, Երևան, 2002, էջ 5:
  2. Փիլոյան Վ., Ժամանակ և գրականություն, Երևան, 2012, էջ 151:
  3. Նույն տեղում, էջ 150:
  4. Խեչոյան Լ. Երրորդ որդին, Արշակ արքա, Դրաստամատ Ներքինի, Երևան, 2002, էջ 108-109, ընդգծումը մերն է (Կ. Մ.):
  5. Նույն տեղում, էջ 33:
  6. Նույն տեղում:
  7. Նույն տեղում:
  8. Նույն տեղում, էջ 34:
  9. Նույն տեղում:
  10. Նույն տեղում, էջ 34-35:
  11. Նույն տեղում, էջ 35, բոլոր ընդգծումները մերն են (Կ. Մ.):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.