Կամրջի բազրիքին հենված աղջկա դիրքը կասկածելի թվաց: Հերթական ինքնասպանը, մտածեց: Արագացրեց մեքենայի ընթացքը, սակայն կտրուկ միջամտությունը կարող էր արագացնել աղջկա գործողությունները: Արգելակեց մոտ քսան մետր հեռու, իջավ մեքենայից ու փորձեց աննկատ մոտենալ: Աղջիկը շարունակում էր նույն դիրքով կանգնած մնալ, հայացքը կամրջից ներքև: Համարյա վազելով հասավ նրան ու ամուր բռնեց թևից:
– Գժվե՞լ ես:
– Այլ տարբերակ չգտա,- հանկարծակիի գալուց հետո, ավելի հանգիստ, քան կարելի էր սպասել, պատասխանեց աղջիկը:
– Փնտրեիր, կգտնեիր…
– Խորհուրդներ չեմ սիրում,- համարյա շշնջաց աղջիկը:
– Ապրելու հետ ո՞նց ես:
– Երբեմն լավ, երբեմն լեզու չեմ գտնում հետը:
– Լավ չի… Այդքան ջահել…
– Ինչո՞ւ լռեցիր… Բա բարոյախոսական խրատները, նկարագրիր ինչ հրաշալի բան է կյանքը… Բայց դա կլինի քո կյանքի նկարագրությունը… Ի՞նչ ես կպել… Երբ ուզում ես ապրել, բոլորը կողքիցդ չքվում են, երբ չէ` հավաքվում են գլխիդ ու զզվեցնում, ինչպես հիմա:
– Կամրջի բազրիքին հենված, միայնակ աղջիկը վատ կանխազգացում է: Կամուրջը շարժվելու, ափից ափ անցնելու համար է… Կամրջի վրա կանգնածները սովորաբար նրանք են, ովքեր չեն ուզում մյուս ափը հասնել, որովհետև…
– Որովհետև ի՞նչ…
Տղան մի պահ ինքն էլ հենվեց բազրիքին ու ներքև նայեց: Տագնապեց կամրջի տակի ձորի խորությունից և կտրուկ ընկրկեց: Երբ շրջվեց, զարմացավ իրենց կողքին կանգնած մեքենաների առատությունից, որոնց ուղևորները` կին և տղամարդ, նույնիսկ երեխաներ, հարայ-հրոցով դեպի իրենց էին շտապում: Մոտենալով՝ կանանցից մեկը բռնեց աղջկա թևից ու բազրիքից ետ քաշեց: Մի ուրիշը համարյա գոռում էր.
– Էս ջահելները ձևը գտել են: Մեր ջանը քար էր, որ ամեն ինչի դիմացել ու դիմանում ենք:
Տղամարդկանցից մեկը բարկացավ տղայի վրա, որ աղջկան բազրիքից հեռացնելու փոխարեն ծնոտն է թուլացրել: Բոլորն աղմկում էին, և այլևս անհնար էր հասկանալ՝ ով ինչ է ասում: Մեղադրում էին աղջկան փոքրոգության և տղային անճարակության համար:
– Ի՞նչ եք իրար անցել,- կնոջ ձեռքերից թևն ազատելով բղավեց աղջիկը,- ձեր գործը չէ որտեղ և ինչու են կանգնել:
– Ո՞նց չէ, աղջի՛կ ջան,- հուզվեց կանանցից մեկը,- անցյալ տարի Փարիզում էի, փողոցում վատացա ու ընկա… Անցորդներին խնդրում էի օգնել, ու ոչ մեկի պետքը չէր… Էդ մարդկությո՞ւն է: Վերջն էլի մի հայ օգնեց…
– Հա՛,- շարունակեց տղամարդկանցից մեկը,- հայերս դժբախտության նկատմամբ շատ զգայուն ենք:
– Կյանքը կյանք չի, ջահելները մեղավոր չեն, ո՛չ գործ կա, ո՛չ հեռանկար…
– Հետո՞ ինչ,- ընդվզեց Փարիզում եղած կինը,- պիտի գան ու իրենց կամրջից գցե՞ն…
– Ոչ մեկը չի պատրաստվում իրեն գցել,- աղջիկը համարյա բղավեց:
– Է՜է, աղջի՛կ ջան… Ինքնասպանությունները շատացել են… Մեր ջահելները չեն կարողանում գնահատել կյանքը…
– Դեռ կհասցնենք,- շարունակեց աղջիկը,- մեր կյանքը նոր է սկսվելու:
– Սրանց կյանքը մեռնելուց հետո է,- հեգնեց տղամարդը:
– Պետք չի,- ասաց Փարիզում եղած կինը,- հեգնել պետք չի: Արի, արի քեզ տուն տանենք:
– Շնորհակալություն, մեր մեքենայով ենք,- ու աղջիկը ձեռքով տղայի մեքենան ցույց տվեց:
– Ժողովո՛ւրդ, գնացինք,- ասաց երիտասարդ մի աղջիկ, որ մինչ այդ լուռ էր,- հայերս ամեն ինչից պատմություն ենք սարքում:
Հավաքվածները, նոր միայն գնահատելով տղայի ներկայությունը, մտածեցին, որ եթե տղան անծանոթ չէ, միասին են, նշանակում է սա իրենց երևակայած դեպքը չի, ու սկսեցին հեռանալ, միաժամանակ շարունակելով ետ-ետ նայել, մտածելով՝ չլինի՞ իրենց միամտացրին: Երբ հավաքվածների մեքենաները շարժվեցին և աղջիկն ու տղան նորից մենակ էին, աղջիկը, հենվելով բազրիքին, տնքաց.
– Ականջներիս մեջ նրանց աղմուկն է, իսկ դու քեզ լավ պահեցիր, երբ ասացի մեքենայով ենք, հասկացնելով, որ միասին ենք:
– Ընդամենը լռեցի:
– Կարող էիր ասածս հաստատող մի բան ասել:
– Կարևորը միասին հեռանալն է:
– Ուզում եմ մի քիչ էլ մնալ:
– Մնացիր, նորից են շուրջդ հավաքվելու:
– Չգիտեմ էլ ով ես:
– Տաքսի նստելիս էլ վարորդին չես ճանաչում, բայց նստում ես:
– Ուրեմն վճարելու եմ:
– Տեղ հասնելուց հետո…
Արդեն մեքենայի մեջ երկուսն էլ լուռ էին: Այն ժամն էր, երբ յուրաքանչյուր խաչմերուկում մեքենաների խցանումը հաղթահարելու համար ստիպված էին երկար սպասել: Հերթական խաչմերուկին հասնելով՝ տղան, ասես իմիջիայլոց, հարցրեց.
– Անհաջող սե՞ր, բռնաբարությո՞ւն, ինչո՞ւ էիր ուզում ինքնասպան լինել:
– Չդիմացար, վերջը հարցրեցիր:
– Չես ուզում, մի՛ ասա:
– Մտքովս էլ չէր անցնում ցած նետվել:
– Կամրջի վրա, միայնակ, բազրիքին հենված… Ինքնասպանության նման էր:
– Նմանն ինքը չի: Ուզո՞ւմ ես ճիշտն իմանալ…- ու առաջին անգամ շրջվեց տղայի կողմը:
– Եթե նորից չես գժվի:
– Մի ամիս առաջ մեր հարևանի տղան էր նետվել նույն կամրջից:
– Ինչո՞ւ էր իրեն գցել:
– Հայրիկս ասում էր, որ կյանքին խորթ ճակատագրով մարդիկ միշտ նույն տեղում են հավաքվում` ինքնաթիռ, նավ, երկրաշարժ…
– Բայց կամրջից խմբով ինքնասպանություն չեմ հիշում:
– Բացառություններ լինում են… Երբեմն ինքնաթիռի վթարից մեկը փրկվում է, որովհետև պատահական էր ինքնաթիռում հայտնվել:
– Հնարավոր է…
– Ձանձրացա՞ր…
– Դեռ չէ:
– Առավոտյան մի երգի բառերը ցնցեցին. «Ես գիտեմ ողբերգությունը կամուրջների, նրանց տակ դատարկություն կա ահավոր», երգիչն էլ ոնց որ մեր հարևանի տղայի նմանակը լիներ: Պատկերացրի հարևանի տղայի ջախջախված մարմինը, նրա գահավիժումը, դատարկության հրճվանքը և կամրջի անօգնականությունը: Գժվելու բան էր… Չիմացա էլ՝ ինչպես դուրս եկա ու հայտնվեցի կամրջի վրա:
– Ի՞նչ էիր ուզում ճշտել:
– Դատարկության խորությունը… Անտեսանելի հրեշ էր, ուրիշների կյանքով սնվող, ամեն պահի սպասելով նոր զոհի… Ինչքան զոհ է պետք, մտածեցի, որ սա կշտանա:
– Հաշվեցի՞ր…
– Ուզում էի, խանգարեցիք:
– Դատարկությունը նրա համար է, որ հնարավոր չլինի լցնել: Ոչ մեկը չէր ուզում, որ անիմաստ մի զոհ էլ ավելանա:
– Դատարկությունը հիպնոսացնում էր, գայթակղում, իրեն ձգում:
– Ներքև նայելիս նույն զգացողությունն ապրեցի,- ասաց տղան ու նոր միայն գնահատեց աղջկա գեղեցկությունը: Զարմացավ, որ մինչև հիմա չէր նկատել: Ու նրա ներկայությունից ներսում հաճելի ջերմություն զգաց:
– Առա՛ջ նայիր, վթար չեմ սիրում,- դիտողություն արեց աղջիկը, ապա պայուսակից հեռախոսը հանելով՝ զանգահարեց: Պայմանավորվում էր ինչ-որ մեկի հետ հանդիպել: Տղան կուզենար իմանալ՝ ում հետ, բայց ամաչեց հարցնել:
– Խաչմերուկից ա՛ջ թեքվիր,- հուշեց աղջիկը, որոշ ճանապարհ անցնելուց հետո,- հիմա ձա՛խ:
Տղան անձայն ենթարկվում էր աղջկա հրահանգներին: Ինչ-որ բան փոխվել էր, թեև անհասկանալի էր, թե ինչ: Տղայի համար անհասկանալի էր, որ մահն ու կյանքը կարող են այդքան մոտ լինել իրար: Քիչ առաջ կամրջի վրա մահվան ուրվականն էր, մինչդեռ այժմ կյանքը նոր գույներով է:
– Կանգնի՛ր,- ասես հեռվից լսեց աղջկա ձայնն ու մեքենան արգելակեց:
Աղջիկը պայուսակն էր քրքրում:
– Կարող ես իջնել,- ասաց տղան,- ի՞նչ ես փնտրում:
– Դրամներս չեմ գտնում,- նեղսրտեց աղջիկը՝ շարունակելով փնտրտուքը:
– Հիմա դատարկությունը պայուսակիդ մեջ է,- չկարողացավ ծիծաղը զսպել տղան,- կարող եմ պարտք տալ:
– Քեզ ինչքա՞ն եմ վճարելու,- նեղսրտեց աղջիկը,- ծիծաղելու էլ առիթ չկա:
– Չգիտեմ, առաջին անգամ եմ անծանոթի տեղափոխում, թեև կարծես այնքան էլ անծանոթ չես: Ծանոթներիս շատերի անունը նույնպես չեմ հիշում:
– Անունս ես ուզում իմանալ,- հեգնեց աղջիկը,- հետո՝ հեռախոսիս համարը, հետո՝ երբ և որտեղ կարող ենք հանդիպել:
– Ոչինչ էլ չեմ ուզում:
– Չհավատացի:
– Քո գործն է: Իջիր, եթե տեղ ես հասել:
– Իսկ եթե չեմ հասե՞լ: Օգնելու ցանկությունդ դեռ տեղ չհասած՝ արդեն սպառվե՞ց:
– Մի քիչ մնացել է, ո՞ւր ենք գնալու:
– Շնորհակալություն,- ժպտաց աղջիկը, ինչից կարծես ավելի գեղեցկացավ ու շարունակելով ժպտալ՝ անսպասելի տղայի այտը համբուրեց: Աղջկա արարքից տաք մի զգացում տղայի այտից սահեց ու տարածվեց ողջ մարմնով: Կուզենար ինքն էլ աղջկան համբուրել, սակայն աղջիկն արդեն բացել էր մեքենայի դուռը և պատրաստվում էր իջնել:
– Առայժմ,- արդեն մեքենայից դուրս ասաց աղջիկը,- օգնեցիր հանդարտվել,- ու դուռը փակելով շտապեց դեպի դիմացի մայթը:
Տղան, դիմապակու միջով հետևելով հեռացող աղջկան, զարմացավ, որ նրա գնալուց հետո կարծես ոչ միայն մեքենան, այլև իր ներսը դատարկվեց: Հաջորդ պահին նկատեց, որ աղջիկը համբուրվում է ինչ-որ տղայի հետ: Ինքն իրեն մեղադրեց, որ անմիջապես չհեռացավ և տեսածի տհաճությունը ցրելու համար ռադիոընդունիչը միացրեց: Երգը լսելով՝ փշաքաղվեց: Երգիչը հստակ, համարյա արտասանելով երգում էր. «Ես գիտեմ ողբերգությունը կամուրջների, նրանց տակ դատարկություն կա ահավոր»: