Չսպասված ինքնասպանություն / Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ

Ոստիկանության
հաղորդագրությունը
Այսօր, հունիսի 14-ի առավոտյան, ժամը 11-անց 30-ից՝ 12:00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 45-50 տարեկան կնոջ դի: Նախնական տվյալների համաձայն՝ կինը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մամուլի մեկնաբանությունը
Հայտնի են դարձել այսօր առավոտյան՝ «Հաղթանակ» կամրջից ցած նետվելով ինքնասպանության դեպքի որոշ մանրամասներ: Ինչպես հաջողվել է պարզել, մահացողը Սերինե Սաքանյանն է, հայտնի ռադիոֆիզիկոս Տիգրան Սաքանյանի կինը: Սերինե Սաքանյանը 47 տարեկան էր, մասնագիտությամբ բժիշկ-նյարդաբան, ուներ երկու որդի: Ինքնասպանության պատճառների մասին առայժմ վարկածներ չեն շրջանառվում: Ճանաչողները տարակուսանք են հայտնել, թե նյութական, առողջական կամ այլ բնույթի խնդիրներ չունեցող անձին ինչը պետք է ստիպեր դիմելու նման քայլի:

Տիգրան Սաքանյանի
բացատրությունը ոստիկանությանը
Դժվարանում եմ որևէ բան ասել: Չեմ կարողանում հաշտվել տեղի ունեցածի հետ, գլխիս մեջ չի տեղավորվում… Չեմ տեսնում պատճառ, որը կարող էր ստիպել Սերինեին նման քայլի դիմելու: Բացառում եմ ինչ-որ մի իրողություն, որ կարող էր ինձանից գաղտնի գոյություն ունենալ կնոջս կյանքում՝ դա նրան հատուկ չէր, հետո մենք լավ ամուսիններ ենք եղել, շատ ներդաշնակ է եղել մեր կյանքը՝ առանց որևէ հակասության: Շատ կենսախինդ մարդ էր կինս, ինչ շրջանակում հայտնվեր՝ դառնում էր տվյալ միջավայրի ոգին, կազմակերպական անսպառ եռանդ ուներ՝ ջերմ էր ու հոգատար: Մեզ՝ իր ընտանիքի անդամներին, ուղղակի խեղդել էր հոգատարությամբ, ես ու տղաներս երբեմն նույնիսկ ընդվզում էինք իր չափից ավելի ուշադրության դեմ: Հետո ուժեղ մարդ էր, ցուրտ ու մութ ժամանակներին մենք սեղմած ատամներով դիմացանք, կինս երբեք չէր տրտնջում, երբեք ավելին չէր պահանջում ինձանից, առհասարակ իր հոգսը բեռ չէր անի ուրիշի ուսերին: Երբ երկրում ամեն ինչ փլուզվեց, մի քանի գործընկերների հետ աշխատանքի հրավեր ստացանք ու մեկնեցինք Գերմանիա: Կամաց-կամաց ոտքի կանգնեցի, այդ ընթացքում Սերինեն մի քանի անգամ եկավ մոտս, մի անգամ նույնիսկ երեխաներին էր բերել: Բայց երկար չէր մնում, ասում էր. «Չեմ հարմարվում ուրիշ կյանքի»: Ես հենց այդ պատճառով էլ վերադարձա` ընկերներիս մեծ մասը մնաց այնտեղ: Բարեբախտաբար, կապերը չխզվեցին, իմ նախկին ինստիտուտի համար գործի պատվերներ բերեցի արտասահմանից: Թող անհամեստ չթվա, նաև իմ մեծագույն ջանքերի շնորհիվ այստեղի մեր ինստիտուտը երկրորդ շունչ ստացավ, հիմա մշտական պատվերներ ունենք դրսից: Ինքս տարեկան մեկ-երկու անգամ մեկնում եմ Գերմանիա, նաև համագործակցության անհատական ծրագրեր եմ իրականացնում: Չեմ թաքցնում, բավարար եմ վաստակում: Ես Սերինեին նույնիսկ առաջարկեցի, որ աշխատանքից դուրս գա. ինչո՞ւ չարչարվեր, եթե ընտանիք պահելու խնդիրը լուծում էի, բայց կինս ասաց. «Իսկ ես անձնական կյանք չունենա՞մ»: Համաձայնեցի, որ իր կամքով լինի: Ի դեպ, աշխատանքային կոլեկտիվում էլ մեծ հարգանք էր վայելում, վերջին ժամանակներն էլ ուսանողական ընկերուհին նշանակվեց իրենց հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Նելլին շատ հաճելի կին է, ընտանիքներով մտերիմ ենք: Չեմ հասկանում, ինչ պատճառ պետք է լիներ, որ կինս դիմեր նման ծայրահեղ քայլի: Մի քիչ նույնիսկ վրդովվում եմ, եսասիրություն ու ինքնագլխություն եմ տեսնում այս արարքի մեջ, չէ՞ որ ամեն մեծ ու փոքր դժվարության դեպքում իմ աջակցությանն էր ապավինում, ինչո՞ւ որոշեց նման փաստի առաջ կանգնեցնել ինձ:

Նունե Ադամյանի բացատրությունը ոստիկանությանը
Լավ մարդ էր Սերինեն: Բոլորի նկատմամբ ուշադիր էր, բոլոր հիվանդներն ասես իր հարազատները լինեին: Մենք շատ մտերիմ էինք՝ ես, Սերինեն և Նելլին: Իհարկե, Նելլին և Սերինեն ավելի մտերիմ էին, որովհետև առաջին կուրսից էր իրենց ընկերությունը սկսվել: Այս հիվանդանոցի նախկին տնօրենը Նելլիի հորեղբայրն էր, երբ ավարտելուց հետո Նելլին այստեղ աշխատանքի էր անցել, իր բարեխոսությամբ գործի էին ընդունել նաև ընկերուհուն: Ճիշտն ասած, վերջին շրջանում մի քիչ այլ վիճակ էր: Երբ Պարույր Մարջանյանը թոշակի անցավ, տնօրեն նշանակվեց եղբոր աղջիկը: Զարմանալի էր, բայց Նելլին կարծես միանգամից կերպափոխվեց, մի տեսակ պաշտոնական դարձավ գործընկերների հանդեպ: Ճիշտն ասած, որոշ լարվածություն մինչև հիմա էլ շարունակվում է կոլեկտիվում: Նելլիի նշանակմամբ Սերինեն շատ էր ուրախացել: Մի երկու օր, ճաշի ժամին, սկուտեղի վրա թխվածք, միրգ ու սուրճ շարած մտնում էր մոտը: Շաբաթը չէր լրացել, մի անգամ էլ մտավ ու կարճ ժամանակից դուրս եկավ Նելլիի առանձնասենյակից: Մի տեսակ շփոթված էր, գրեթե ձեռք չտված միրգն ու թխվածքը շուռ տվեց աղբարկղի մեջ: Հետո ինձ իր մոտ հրավիրեց, նստեցինք սուրճի բաժակի շուրջ: Համրացած էր, միայն կրկնում էր, որ իր վրա ուշադրություն չդարձնեմ: Առհասարակ, որքան որ բաց էր շփման մեջ, նույնքան էլ փակ էր ներանձնական հարցերում: Հիշում եմ այդ օրվա մեկ նախադասությունը: Կարծես ինքն իր հետ էր խոսում, ասաց. «Մարդ վերանար իրականությունից ու կողքից տեսներ՝ որևէ մեկը զգո՞ւմ է իր բացակայությունը»: Դրանից հետո խուսափում էր Նելլիի հետ առանձին հանդիպումներից: Մի երկու անգամ ինձ ասել է, թե մտածում է աշխատավայրը փոխելու մասին: Զգայուն մարդ էր Սերինեն: Մշտապես ամուսնուց ու որդիներից էր խոսում: Մեկ էլ վերցնում էր հեռախոսը, ասում էր. «Տեսնեմ Արեգս, կամ Դավիթս, կամ Տիգրանը ինչ են անում»: Մեծ տղայի՝ Արեգի համար էր ավելի շատ անհանգիստ: Տղան Մոսկվայում, ասպիրանտուրայում է սովորում, Սերինեն ասում էր. «Ընկերուհի է ճարել, չգիտեմ էլ՝ ռուս է, թե հրեա, հույս չունեմ, թե ետ կվերադառնա»: Վերջին ժամանակները Մոսկվա քիչ էր զանգում, ճիշտն ասած, տղան էլ մի քիչ բարկանում էր, երբ Սերինեն սկսում էր հարցեր տալ: Ինքնամփոփ էր դարձել, կարծես ավելի էինք մտերմացել, բայց, միևնույն է, սիրտը չէր բացում մինչև վերջ:

Նելլի Մարջանյանի
բացատրությունը ոստիկանությանը
Ես ցնցված եմ: Ոչ մի վայրկյան չեմ կարողանում մոռանալ, գիշերն անգամ Սերինեի գեղեցիկ դեմքը աչքիս առջև է: Ախր, քրոջ պես ենք եղել՝ գրեթե մի ամբողջ կյանք: Երբ ինձ հիվանդանոցի տնօրեն նշանակեցին, ավելի շատ ինքն էր ուրախացել: Հիանալի ամուսին ուներ: Տիգրանը մեր օրերի համար հազվագյուտ տղամարդ է՝ կնամեծար, նրբանկատ, բարեկիրթ և այլն: Մենք ընտանիքներով հաճախ էինք միմյանց հյուր գնում կամ տանից դուրս ինչ-որ միջոցառում էինք կազմակերպում: Ճիշտ է, բազմազբաղության պատճառով, վերջին շրջանում փոքր-ինչ պակասել էին ընտանեկան հանդիպումները, բայց միևնույն է, հարաբերությունները մնում էին նույնը: Ես պարզապես չեմ կարողանում որևէ արդարացնող պատճառ գտնել, ինչը կարող էր Սերինեին մղել այդ սարսափելի արարքին: Տղաները, հրաշալի ամուսինը… Հախուռն բնավորություն ուներ, բուռն էր արձագանքում ամեն երևույթի, կյանքին թեթև չէր նայում, ի վերջո, մեզանով այս աշխարհը չի սկսվել՝ մեզանով չի վերջանալու: Ամեն մարդ մի քիչ դիվանագետ պետք է լինի, իսկ Սերինեն, չասեմ՝ պարզունակ մարդ էր, սակայն կյանքը անմիջականորեն և ուղղակի էր ընկալում:

Տիգրան Սաքանյանի
պատմածը ընկերոջը
Գիտե՞ս, հիմա, երբ սթափորեն վերլուծում եմ, հասկանում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, շատ տրամաբանական էր Սերինեի պոռթկուն բնավորության համար: Արագ արձագանքում էր ամեն ինչի և տվյալ երևույթն իրեն վերաբերեր թե ոչ, պիտի անցկացներ նյարդերի միջով: Միաժամանակ համառ էր, եթե մի բան մտներ գլուխը՝ այլևս դուրս չէր գալիս: Այդ պատճառով երեխաներն էլ հաճախ սաստում էին, ուզում էին, որ հանգիստ թողնի, կարծես չէր զգում, որ մեծացել են: Արեգի համար մտահոգ էր, թե օտարազգի աղջկա հետ կամուսնանա, Հայաստան չի վերադառնա և այլն: Ասում էի. «Գոհ չե՞ս, որ տղադ հաջողությունների է հասնում, այժմվանից լուրջ գիտական հիմնարկից գործի են հրավիրել: Ուզածներս այն չէ՞, որ մեր զավակի կյանքը հաջող դասավորվի, մեր փեշի տակ չի ապրելու: Եվ հետո, մեր ի՞նչ գործն է՝ ռուսի, հրեայի, թե հայի հետ կամուսնանա: Դա իր ընտրությունն է, չէ՞»:
Քեզ մի բան էլ պատմեմ, որ բնավորությունը ավելի լավ հասկանաս: Երեխաները 12-14 տարեկան կլինեին, մի օր ասաց, թե հղի է: Հետն էլ սկսեց տրտնջալ, թե՝ դե արի, նորից երեխա ունեցիր, նորից խրվիր մոռացված հոգսերի մեջ: Ես էլ ասացի՝ չես ցանկանում՝ մի՛ ունեցիր: Մի քանի օրից գնաց, ազատվեց պտուղից, ու կարծես թե ամեն ինչ տեղն ընկավ: Վերջին տարիներին, սակայն, երբ երեխաներն արդեն իրենց անձնական կյանքն ունեին, սկսել էր հիշել ու ափսոսալ: Մեկ էլ մտքից միտք կթռչեր ու կասեր, թե՝ իմ աղջիկն ինձ թիկունք կլիներ, ինչ սարսափելի սխալ գործեցի: Հենց վերջերս՝ ամիս ու կես առաջ, սովորականի պես երկուսով էինք տանը, ինչպես միշտ, Դավիթն ընկերների հետ էր: Հանկարծ հիշեց, թե՝ վա՜յ, ախր միրգ եմ առել, վազեց խոհանոց, միրգը բերեց, իր ցանկությամբ մեկ-մեկ բաժակ էլ կոնյակ խմեցինք: Ամեն ինչ լավ էր, հետո ես սկսեցի հեռուստացույց դիտել, ինքը՝ գիրքն առավ ձեռքը: Մեկ էլ գիրքը ցած դրեց, նորից խորասուզվեց մտքերի մեջ ու նորից սկսեց Կիկոսի հեքիաթը հյուսել չծնված դստեր մասին: Չդիմացա, բարկացա վրան, որ եթե ցանկանում էր՝ թող ունենար երեխային, այլապես հոգեկան շեղումի է հասնելու իր մտասևեռմամբ: Հակադարձեց, թե չէր կարող մի երեխայի աշխարհ բերել, ում ծնվել-չծնվելը միևնույն էր հոր համար, ու գնաց փակվեց ննջարանում: Հիմա մտածում եմ, որ վերջին ժամանակները կարծես թեմա էր ման գալիս, որ ներաշխարհը տակնուվրա աներ: Ահագին նյարդայնացավ եղբոր պատմության հետ կապված: Եղբայրը ձմռանը հինգ հազար դոլար խնդրեց, ինչ-որ բիզնես-գործարքի համար: Ասեմ, որ եղբայրը սուտ գործնականների տեսակից է, անընդհատ փորձում է ինչ-որ մեծ գործեր անել և անընդհատ ձախողվում է: Ինչևէ, քաշվելու իմ հերթն էլ եկավ՝ հերթական անգամ տապալեց ձեռնարկած գործը: Որոշեցի լռել ու չսրել հարաբերությունները, բայց Սերինեն տեղը չէր գտնում, հատկապես վատ էր զգում, որ ինքն էր խնդրել՝ եղբորը գումար տամ: Ես հանգստացնում էի, թե ձեռքներս քարի տակ չէ, բայց նա այնպիսի հոգեվիճակում էր, կարծես աշխարհի ամենամեծ մեղքն էր գործել: Վերջերս էլ տուն եկա, տեսնեմ՝ նույն թեմայով երկար ու նյարդային խոսում է մեկի հետ: Մտածեցի՝ խոսակիցը եղբայրն է, բայց պարզվեց՝ հայրն է եղել: Խոսակցությունն ավարտեց, ասաց. «Այսօրվանից մերոնց տան ճանապարհն էլ կտրվեց ինձ համար»: Քիչ հետո գնամ տեսնեմ՝ խոհանոցում լուռ լալիս է: Հա՛, նույն այդ օրերն էին կամ մի քիչ ավելի վաղ, առավոտյան սափրվում էի լոգարանում, կանգնեց-կանգնեց թիկունքումս, մեկ էլ բա. «Տիգրան, դու ինձ դավաճանո՞ւմ ես»: Չէ՛,- ասացի,- չեմ դավաճանում: Թողեց, լուռ հեռացավ: Մտածում եմ՝ հավատաց, այլապես, եթե ականջին բան հասած լիներ, այդքան հեշտ ձեռք չէր քաշի: Նելլիի հանդեպ ինչո՞ւ այդպես անակնկալ սառեց՝ դարձյալ չհասկացա: Կարճ ասած, կարծես ինքն իրեն քայլ-քայլ նախապատրաստում էր որոշակի արարքի համար:
Հա՛, ասացի՞ քեզ, որ տան ծառայող եմ վարձել, մեծ խառնաշփոթից ազատվեցինք, այլապես ես ու Դավիթը մոլորվել էինք ընտանեկան հոգսերի առաջ: Հիմա կյանքը հունի մեջ է ընկել, կամաց-կամաց կարգավորվում ենք:

Հերթապահ ոստիկանի
բացատրությունը ոստիկանությանը
Այդ օրն ինձ հերթապահության էին ուղարկել «Հաղթանակ» կամրջի վրա: Դեռ կեսօր չէր, բայց շոգն սկսում էր նեղել: Կամրջի մյուս կողմում սառը սուրճ էի գնել բենզալցակայանից ու տեղում խմում էի: Կամրջով հատուկենտ մարդիկ էին անցնում: Նկատեցի, ինչպես մի կին եկեղեցու կողմից ցած իջավ, դանդաղ քայլերով առաջացավ ու կամրջի կեսին չհասած՝ հենվեց բազրիքին ու ձորին էր նայում: Մեջս կասկած ծնվեց, դանդաղ մոտեցա, քաղաքավարի բարևեցի, հարցրի, թե որևէ խնդիր հո չկա՞, կարո՞ղ եմ օգտակար լինել: Կինն իմ կողմը շուռ եկավ, պատասխանեց՝ որևէ խնդիր չկա, մոտակայքում մարդու է սպասում, բայց մի փոքր շուտ է եկել ու հիմա ժամանակ է սպանում: Ճիշտն ասած, մոտը մի քիչ լարվածություն զգացի, բայց, սովորաբար, մարդիկ այդպես լարվում են ոստիկանի հետ խոսելիս: Տեսնելով, որ չեմ հեռանում, տիկինը նորից շուռ եկավ, հետաքրքրությամբ չափեց ոտքից գլուխ, ժպտաց ու անունս հարցրեց: Հետո կարծես հարցա­քննություն սկսվեց, հետաքրքրվեց՝ ամուսնացա՞ծ եմ, թե՞ ոչ, քանի՞ երեխա ունեմ, ծնողներիս հե՞տ է ապրում ընտանիքս, թե՞ առանձին: Վերջում նորից ժպտաց և ասաց, որ չանհանգստանամ, հանգիստ գնամ իմ գործին ու մի բառ ասաց: Հա՛, «արտառոց», ասաց. «Երիտասարդ, գնացեք ձեր գործին, արտառոց ոչինչ չի պատահի»: Հավատացի, որ վատ բան չի պատահի, որովհետև կինը շատ ճաշակով էր հագնված, մազերն ու դեմքը գեղեցիկ խնամված էին: Մտածեցի, որ այդպիսի տեսքով մարդիկ ինչ-որ կարևոր տեղ են գնում, ոչ թե պատրաստվում են ինքնասպանություն գործել: Չուզեցի իմ համառությամբ տհաճ տպավորություն թողնել կնոջ վրա և հեռացա: Կամրջի կողքին ուզում էի ծառի հովին նստել, երբ տեսա, որ կինը ոտքերը ճաղաշարերի արանքում հարմարեցնելով՝ բարձրանում է արգելապատնեշի վրա: Քարացած նայում էի մի պահ, ու հանկարծ անակնկալ բան տեղի ունեցավ: Կնոջ ոտքից մի կոշիկը դուրս եկավ՝ ընկավ գետնին: Տիկինը կարծես մտմտում էր անելիքը, հետո վայր իջավ ու սկսեց կոշիկը հագնել: Կարմիր, թանկարժեք կոշիկներ էր հագել, ես դրանք դեռ զրույցի ժամանակ էի նկատել: Երբ կինը կոշիկն էր հագնում, մտածեցի, որ կհասցնեմ փրկել ու որքան ուժս հերիքում էր, սկսեցի վազել: Փաստորեն, կինն էլ այս ընթացքում ինձ էր հետևել, երբ վազեցի, նորից սկսեց վեր բարձրանալ: Ահավոր լարվել էի, գիտե՞ք, հիմա այնքան շատ ինքնասպանություններ են լինում, որ կարծես վարժվել ենք նման լուրերին, բայց ես այնպես չէի ցանկանում, որ այդ կինը մեռներ: Ինձ թվում էր՝ ոչ թե րոպեներ առաջ եմ ճանաչել, այլ ամբողջ կյանքում ծանոթ եմ եղել նրան: Սկսեցի բղավել, որ չանի, չեմ հիշում՝ ինչ բառեր էի ասում, վազքի ժամանակ կպա ու փողոց շպրտեցի քաղցր բամբակ վաճառող տատիկի զամբյուղը, ձորից ինչ-որ թռչուն սուր, ահազանգի նման սուլում էր, արդեն հավատում էի, որ հասցնելու եմ ձեռքս գցել ու մազերից, մի տեղից բռնել կնոջը, բայց… ինչքան որ ես ցանկանում էի՝ կինը չսպաներ իրեն, ինքը դրանից ավելի մեռնել էր ուզում: Զգալով, որ հասնում եմ, արգելապատի մյուս կողմը լրիվ չանցած, ոչ թե թռիչք կատարեց, այլ պարկի պես ինքն իրեն նետեց ձորը: Ոչ մի ձայն չհանեց՝ ո՛չ թռիչքի ժամանակ, ո՛չ գետնին խփվելիս: Այնպես հանգիստ էր պառկած, կարծես երազանքն իրականացել էր:

Ոստիկանության եզրակացությունը
Ոստիկանությունում ավարտվել է 2018-թվականի հունիսի 14-ին, «Հաղթանակ» կամրջից նետվելու ճանապարհով, Երևանի բնակիչ, 1971 թվականին ծնված Սերինե Սաքանյանի ինքնասպանության դեպքի քննությունը: Հետաքննական և նախաքննական մարմինների կատարած մանրակրկիտ ու համակողմանի աշխատանքի արդյունքում չեն բացահայտվել այնպիսի փաստեր, որոնք կարող էին հիմք ծառայել նպաստողի, դրդողի, պարտադրողի կամ համանման այլ հանցանքի համար որևէ անձի, որպես մեղադրյալի, գործում ներգրավելու համար: Հանցադեպի բացակայության պատճառով քրեական գործի վարույթը կարճվել է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։