– Երբ մեզանում միջավայրն այդքան հարուստ է հումորային իրավիճակներով և դեմքերով, ինչո՞ւ մեր գրականության մեջ երգիծանքի ժանրի շնչառությունը չի զգացվում:
– Ընդհանրապես, հայ գրողի ու հայերեն տեքստի հակվածությունն այնքան խոր ու մեծ է դեպի ողբերգականը, որ տարբեր ժամանակներում մեր գրականության մեջ երևանվող երգիծական նշմարներն ու Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Լեռ Կամսարի ու Նշան Պեշիկթաշլյանի շքեղ ներկայությունները թվում են զարտուղություն, եթե չասեմ՝ պատահականություն, նրանց՝ անգամ ամենաթանձր երգիծանքի խորքում անընդհատ իրեն զգացնել տվող ողբերգական հատակը, որ ավելի հատկական է ու մատնանշում է հայ գրողին ու հայերեն տեքստին իրենց աներկբա պատկանելությունը, Չարենցի «Երկիր Նաիրիի», Մահարու «Այրվող այգեստանների», Մաթևոսյանի արձակի անզուգական երգիծական հատույթը, որ գուցե միտված է, բայց այդպես էլ չի փրկում ողբերգական սուզումից, վկայություն են, որ մերը, գրականության մեր տարածությունը, այնուամենայնիվ, երգիծանք չի սիրում: Մեծ անցուդարձերը, գրոտեսկային վիճակները, կատակլիզմների հեղեղն անգամ եթե խորք է տանում, ապա ոչ թե փառահեղ ծիծաղ, կամ գոնե քմծիծաղ ապահովելու, այլ ցավի մեջ խրվելու, անհուսությամբ պարուրվելու, մեր՝ «հին ու տառապած», ու մանավանդ՝ տառապած ժողովրդի կլիշեացած բարդույթն ընդգծելու զարմանալի պարտքի ճանապարհն է հերթական անգամ բռնել տալիս մեր գրողին ու մեր գրականությունը:
Ու դա առավել տեսանելի է այսօր, մեր հիրավի դարձդարձիկ ու զարմանալի ժամանակներում, երբ հեշտագրության, արագ դիտումի, վռազ արձագանքի, հպանցիկ «ընդհանրացումի», մտքով անցածը նշանավորելու այսպես կոչված՝ մարտավարությունը, այսպես ասեմ՝ ամենագնահատվածն է, երբ հրապարակավ միլիոնավոր երկխոսությունների արդյունքում այդպես էլ զրույց չի ձևավորվում, երբ «քամու բերանն ընկած սյուքի» (Վարուժան Այվազյան) կարգավիճակում ենք երևի բոլորս:
Մտածելու, ի մի բերելու, ընդհանրացնելու համար լռելու ժամանակ չի տրվում այսօր, լռությունն ընկալվում է իբրև անտարբերության, չեզոք վերաբերմունքի նշան, ու մտածել/ի մի բերել/ընդհանրացնելն այլևս վերաբերմունք չէ: Մեծ երգիծանքն, այնինչ, հենց այդ մտածել/ի մի բերել/ընդհանրացնելու արդյունքում է գոյավորվում, իսկ հիմա բոլորը ձգտում են պարզապես արագ ասել: Իսկ նրանք, որ, այնուամենայնիվ, փորձում են մտածել/ի մի բերել/ընդհանրացնել, հայտնվում են մյուս ծայրահեղության մեջ՝ բարդ, ես կասեի՝ բարդացված խորհրդանիշների, ալեգորիաների, ինչ իմանաս՝ քանի շերտով թաքցրած ակնարկների լաբիրինթոսում, որից ոչ իրենք են գլուխ հանում, ոչ հանդիսատես/ընթերցող/ունկնդիրը:
Եվ այդ պատճառով է, որ էժանագին հումորներից, իրավիճակային, հաջորդ օրն իսկ մոռացվող ֆրազաբանությունից, ու այդպես էլ անընկալելի մնացող իբր երգիծական լրջություններից այն կողմ չենք անցնում, ու, որ ամենավատն է, հանդիսատեսը (ընթերցողը) ունկնդիրը դրանից ավելին չի էլ ուզում, այդ պահի իր ճանաչած-շրջապատում տեսածին թատերական ներկայացումներում ու օրեցօր մեր առօրյան լցնող սիթքոմ կոչվածներում կրկին հանդիպելով՝ դրա առաջ բերած հրճվանքն իրեն լիուլի բավարարում է:
Իհարկե, բացառություններ կան, բայց, ցավոք, դրանք այն բացառությունները չեն, որոնց հենքով վաղվա ոստումի հույսն ունենանք, բացառություններ են, որ պարզապես օրինաչափություն են ամրագրում:
Սիրելի Արքմենիկ,
Կարծում եմ այս հիանալի տեսության վերջին նախադասությունը․ “բացառություններ են, որ պարզապես օրինաչափություն են ամրագրում:” պիտի լինի․ “բացառություններ են, որ պարզապես օրինաչափություն ՉԵՆ ամրագրում:”