Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ – Մեր զրույցն սկսենք «Ո՞րն է գրողի և մտավորականի դերը մեր հասարակությունում» հարցով: «Մեր ժամանակի հերոսներ» ավելի ու ավելի է ընկալվում շոու բիզնեսի աստղը, հաջողակ բիզնեսմենը, մանդատ գնած պատգամավորը… Այս մտայնությունը փոխում է հասարակական գիտակցության հոլովույթը, ձևախեղում է չափանիշները: Քո կարծիքով, այս ձևախեղումը ժամանակի թելադրա՞նք է՝ երկարատև ու հստակված, թե՞ ժամանակավոր երևույթ:
Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ – Մեր տակառի լուծույթը դեռևս պղտոր է: Աներևույթ մի շերեփ անվերջ խառնում է տակառի պարունակությունը և անորոշ ժամանակով երկարաձգում նստվածքի առաջացման ու ջրի զտման, զուլալման բնական ընթացքը: Եվ քանի դեռ խառնվում է լուծույթը, այո, «մեր ժամանակի հերոս» կարող են կոչվել բոլոր նրանք, ովքեր իրականում հակահերոս են, լավագույն դեպքում՝ ժամանակավոր հերոս:
Ժամանակավոր են, որովհետև լողալով պղտորության երեսին, առայժմ իրենք են նկատելի: Մամուլը նրանց է տեսնում, ռադիոն, հեռուստատեսությունը, համացանցը՝ նույնպես, արտաքնապես տեղեկատվական, ըստ էության քարոզչական հզոր այս մեքենան չի զլանում վազվզել փրփուրների ետևից, ծուլանալով, սակայն, փոքր-ինչ փրփուրի տակ խորանալ: Այնինչ մեր լուծույթի մյուս բաղադրիչները լողում են խորքերում և իրենց ծանրության համապատասխան ավելի հակված են նստելու հատակին:
Հակահերոս են, որովհետև ստեղծում են տպավորություն, պատրանք, թե փոխել կամ փոխում են հասարակական գիտակցության հոլովույթը՝ ընդամենը այդ գիտակցության մակերեսը ալեկոծելով: Նրանք զբաղեցնում են սոսկ տարածք և ոչ երբեք՝ խորք, իսկ առանց խորքի տարածքը անշունչ գծագրություն է: Բնության մեջ առանց խորքի չկա ոչինչ: Այս մոլորակի վրա որևէ երկիր՝ տարածքով մեծ լինի թե փոքր, նաև խորք ունի, պատմա-մշակութային խորք, որ ձևավորվել է դարերի ընթացքում և չի ընդհատում հոգևոր արժեքների ամբարումը նույնիսկ այն պահերին, երբ երկրի երեսին ավերներ է գործվում: Օտարների թե յուրայինների կողմից՝ միևնույնն է:
Հոգևոր արժեքների ահա այս ամբարման մշտական մասնակիցն է մտավորականը, որի ներկայությունը, բնականաբար, նկատելի է դառնում, երբ զուլալվում է տակառի պարունակությունը:
Առայժմ պղտոր է մեր տակառի պարունակությունը:
Ս. Մ. – Ես շատ եմ սիրում քո «Ամենատաք երկիրը» պատմվածքը, որը համակված է մարդկային ջերմությամբ և անցուցադիր սիրով: Այն մի քանի էջանոց վեպ է, որը մեզ հնարավորություն է տալիս պատկերացնել այդ ընտանիքի անցյալն ու կանխագուշակել ապագան, բայց այն նաև մի ամբողջ երկրի ընդհանրացում է: Եվ այստեղ է, որ առանցքային է դառնում պատմական հիշողությունը. այս պատմվածքում՝ տեսանելի ու մերթընդմերթ, և շարունակում զարգանալ «Հայոց թաղում» ու «Որդան կարմիրում»: Վերջին վեպիդ հերոսը՝ խորհրդանշանային Տրդատ անունով, այսպես է բնութագրում. «Պատմությանը ներքուստ խժռում է առասպելը, արտաքուստ՝ քաղաքականությունը»: Այն տպավորությունն է, որ դու փորձում ես մեր պատմության առանձին օղակները հավաքել մեկտե՞ղ, թե՞ այլ խնդիր ես դրել քո առջև:
Ռ. Հ. – Որևէ անհատի հիշողությունն սկսվում է իր ծննդյան օրից, գուցեև սաղմի ձևավորման շրջանից: Համենայնդեպս, արդեն գաղտնիք չէ, որ սաղմը թե՛ լսում է, թե՛ զգում, ուրեմն՝ ինչո՞ւ պիտի նաև չհիշի: Բայց դեպի մինչծննդյան շրջան, դեպի մեծ պատմության անսահմանություն՝ գիտելիքի, իմացության աշխարհն է: Քո ցեղի, քո ազգի, ի վերջո, մարդկության հիշողության դաշտն է: Քո անձնականը չէ: Բայց դու քոնը կարող ես դարձնել այդ հիշողությունը: Եվ որքան քոնը դարձնես, որքան խորանաս, այնքան կմեծանա պատմական հիշողությունդ:
Անմահության ոչ կրոնական գաղափարը, որ այս կամ այն չափով զբաղեցնում է յուրաքանչյուրիս, սովորաբար մի ուղղությամբ է դիտարկվում՝ ծնունդից մինչև մահ: Որքան երկար ես ապրում, այնքան մերձենում ես անմահությանը: Չես հասնում, իհարկե, բայց մոտենում ես՝ ժամով, օրով, տարով, մեկ է: Սակայն, թերևս չգիտակցված, հակառակ ուղղությունն էլ կա՝ մղում դեպի անցյալ: Եթե քոնն ես դարձնում ցեղիդ, ազգիդ, մարդկության պատմական հիշողությունը, կամ դրա մի մասը, դու նույնպես ժամով, օրով, տարով մոտենում ես անմահությանը:
Անշուշտ, չեմ ուզում ասել, որ գրելիս այս մղումն է ինձ առաջնորդել. բոլորի նման անմահությունը երևակայել եմ ծնունդից մինչև մահ ուղղության տարածքներում, սակայն, հատկապես մեր պատմության օղակները մի շղթայի մեջ հավաքելը միշտ էլ գայթակղիչ է եղել: Ասեմ ավելին՝ փորձել ու ձախողել եմ՝ ոչ թե շղթա, այլ ընդամենը մի օղակ կազմել՝ ելնելով իմ այն համոզմունքից, որ մարդը արդյունք է անցյալի ու ներկայի մի զարմանահրաշ խառնուրդի: Իմ համոզմամբ ներկայի մեջ այնքան անցյալ կա, որքան անցյալի մեջ՝ ներկա: Դրանք առանձին-առանձին կյանք չունեն: Դրանք հազարավոր թելերով կապված են մեկմեկու: Կապված չլինեին, խախտվելու էր նորին մեծություն Շարունակականությունը, և ամեն մի նոր սերունդ նոր թվարկություն էր սահմանելու: Նման փորձեր, իհարկե, եղել են ու ձախողվել: Նոր թվարկություն հռչակած քրիստոնեությանը, նույնիսկ, չհաջողվեց խախտել պատմության միասնականությունը, և նա ստիպված էր «մեր թվարկությունից առաջ» կամ «Քրիստոսի ծննդից առաջ» ժամանակացույցով ոսկե կամուրջ կապել անցած դարերի հետ: Թեև գաղտնիք չէ, որ կամուրջ կապելուց առաջ, այն ափերում նաև ավերներ գործեց:
Ս. Մ. – Քո արձակը, մասնավորապես «Հայոց թաղը», խիտ բնակեցված է բիբլիական կյանքով ապրող կերպարներով, որտեղ կենցաղի նկարագրությունը հանգում է գոյության գիտակցության… «Ծիրանի ծառերի տակ» վեպի գործող անձինք իրական կյանքից անցնում են զուգահեռ կյանք: Քո հերոսներն անհանգիստ բնության տեր են, նրանց արարքները՝ անկանխատեսելի: Չեն ենթարկվում որևէ տրամաբանության, երբեմն էլ քո մի գործից «տեղափոխվում են» մեկ այլ ստեղծագործության տարածք: Այն զգացողությունն է, որ նրանք որոշակի միկրոտիեզերք են՝ իրենց օրենքներով ապրող: Որտե՞ղ ես նրանց գտնում, ի՞նչ տոհմից են նրանք:
Ռ. Հ. – Երկար ժամանակ, մինչև այսօր էլ, ես չեմ ազատագրվել իմ մանկության տպավորություններից: Եվ ոչ էլ ցանկանում եմ ազատագրվել. կամավոր ու քաղցր գերության պես մի վիճակ է: Տարիներ առաջ, երբ առիթ էր լինում այս մասին խոսելու, մանկության տպավորություններիս կուտակումը համարձակորեն նմանեցնում էի ջրհորին, որից որքան էլ ջուր դուրս քաշեիր՝ չէր ցամաքի: Հիմա էլ, դեռ դուրս չքաշված կուտակումներ կան, սակայն համեմատությունս ջրհորի հետ կորցրել է իր դիպուկությունը, որովհետև, ի սարսափ ինձ և մեզ, ցամաքում են ջրհորները:
Կիսաանապատում մեծացած, իսկական անապատում ապրած մարդու համար տիեզերական տագնապ է ջրհորների ցամաքելը: Անտեղի չգոլորշիանալու վախից, ինքնապաշտպանական բնազդով գետնի տակ մտած ջրհորի ջուրը կենդանություն հաղորդեց իմ մանկության թաղին, մեր նոր-նոր ձևավորվող քաղաքին, ինչին անհարմար էր քաղաք կոչելը, և այդ պատճառով բանավան էին անվանում:
Իրոք, նախաստեղծ գոյավիճակ էր ապրում մանկության իմ թաղը. քաղաքակրթության ձեռքբերումները իբր քիչ էր, որ տեղ չէին հասել, հիմա էլ պատառ-պատառ ու մի այնպիսի դժկամ ալարկոտությամբ էին հայտնվում, որ մարդ, ակամա, իր կյանքի կարճ ընթացքում, հասցնում էր մանրամասնորեն ապրել անցած բոլոր դարերը: Սկսած քարե, ավելի ճիշտ՝ կավե դարից:
Կավի ու հարդի շաղախից հունցած աղյուսները թրծվում էին արարատյան բարկ արևի տակ և մեկ-մեկու ագուցվելով, դառնում պատ, կացարան, տուն, որի հողե, հարթ կտուրը ձմռանը պիտի անվերջ մաքրեիր այն օրերին առատորեն թափվող ձյան շերտերից: Հիմա ո՞ւր են այդ ձյուները, որ հալվելով ու ներծծվելով սնում էին մեր ջրհորները: Ձյունը մաքրվող էր և մաքրվում էր, թիակ-թիակ թափվում փողոց՝ ինքնաբերաբար առաջացնելով ֆելինիական լաբիրինթոս, որի մեջ ընկնող, մոլորվող շները, մարդիկ, սայլերն ու հատուկենտ մեքենաները, չգիտես ինչ հրաշքով, այդուամենայնիվ, դուրս էին պրծնում: Ձյունը մաքրվում էր, բայց անձրևն ինչպե՞ս մաքրեիր: Գարնանն ու աշնանը անձրևներից գերհագեցած մեր հողե կտուրները վերածվում էին արոտից տուն դարձած կովի լեփ-լեցուն կուրծի և առանց կթվորուհու մատների մաժմժոցի զտված ջուր չռռացնում մեր գլխներին: Կաթոցների տակ շարված դույլերը, տաշտերը, թասերը ողջ գիշեր նվագում էին բոլոր այն մեղեդիները, որ ցերեկով լսում էինք սև ստվարաթղթե սկավառակ ունեցող և ռադիո կոչվող սարքից և կամ դեդեկտորային հորջորջվող պարզունակ ինքնաշենից, ինչն ավելի շատ ճռճռում էր, քան հոդաբաշխ հնչյուններ արտաբերում:
Էլեկտրականությունը մեզ համար դեռևս հայտնագործված չէր, մոմի թրթռացող լույսի տակ էինք գիրք կարդում և կամ նավթի լամպի, որի ապակին, հատկապես դրա վերին՝ նեղ ու երկար վիզը հաճախ էր ճաք տալիս, փշրվում, իսկ նավթ խմած պատրույգը ավելի շուտ էր մաշվում, քան ընթերցվում էր հերթական հաստափոր գիրքը: Մինչև նոր ապակի ճարելը, լրագրերից խողովակներ էինք կոլոլում, հագցնում լամպի կոտրված վզին և զարմանալի բան. որքան էլ նախապես զգուշանում էինք, միևնույն է, չէինք կարողանում լրագրի մի այնպիսի կտոր կոլոլել, որտեղ չլիներ Ստալինի նկարը: Եվ, ուրեմն, բոլոր այն տներում, որտեղ ջարդված էին լամպի ապակիները, անխուսափելիորեն մրոտվում և նույնիսկ այրվում էին առաջնորդի նկարները: Մատնիչներ չկային թաղում, որովհետև անխտիր բոլորն էին մեղապարտ:
Սեռական դաստիարակության առարկան դեռևս չէին մոգոնել, դասագիրք էլ չկար, բայց մեզ շրջապատող բնությունը, կենդանական աշխարհը հանրագիտարան էր, որի որոշ էջեր թերթում էինք ծածուկ, ամոթխածորեն: Կենդանիները չէին ամաչում իրենց դասը հենց փողոցում, այգում, դպրոցի բակում և ամենուր ներկայացնելիս, այդ մենք էինք ամաչում՝ սերտելով նրանց դասը, երբեմն էլ, չգիտես ինչից զայրանալով, երկար փայտեր ձեռքներիս հալածում էինք խեղճերին՝ հարամելով նրանց սերը: Մեր ծնողներն ամեն պահ մեզ հետ չէին, որ հասցնեին փակել մեր աչքերը և կամ «անջատեին» բնությունը, ինչպես ավանդապահ ընտանիքներում, երեխաների առջև, այսօր էլ անջատում են պարկեշտությունը մոռացած հեռուստաալիքները, բայց ո՞վ գիտե, գուցե նրանք բնազդորեն կամ գիտակցաբար վստահում էին բնության դաստիարակության մաքրությանը, ինչով օծված էին և իրենք: Ովքե՞ր էին նրանք, մեր այդ ծնողները, իմ թաղի մարդիկ, որոնց, որքան էլ անհավանական հնչի, ես ընդամենը արտանկարել եմ՝ չհավելելով ոչինչ և չհորինելով ոչինչ: Այսինքն՝ ի՞նչ պիտի հավելեի կամ հորինեի, եթե մանկական իմ ընկալումներն էին արդեն հավելող և հորինող: Եվ ոչ միայն իմ: Հապա հիշեք ձեր մանկության առուն և համեմատեք այսօրվա նույն առվի հետ, հապա հիշեք ձեր մանկության պաղպաղակի համը և համեմատեք այսօրվա նույն պաղպաղակի հետ և դուք գլխի կընկնեք, որ մանկության տարիներին ամեն ինչ ընկալել եք հավելելով, հորինելով: Մանկության աչքերը, ականջները այլ կառուցվածք ունեն, դրանք տեսնում ու լսում են այլ գույներ ու ձայներ, դրանք իրականության ու երևակայության միացյալ դաշտին հարմարեցված զգայարաններ են, որոնց համար չկա անհավանական ոչինչ:
Ահա այդ զգայարաններով տեսած-լսածի արտանկարներն են իմ թաղի մարդկանց կերպարները, որ մեկ ավարտուն են թվում, մեկ անավարտ և երբ անավարտ են թվում, անբավարարվածության զգացումը մղում է նրանց տեղաշարժվել գործից-գործ: Մինչև դառնան ավարտուն: Կամ թվա՝ թե դարձել են այդպիսին:
Ս. Մ. – Հեքիաթային տարերքը հատուկ է քո արձակին: Հիշենք թեկուզ հայկական թաղամասի Սամվելին, ով կարող էր կորած իրերը գտնել, Նենե կաչաղակին «Որդան կարմիրից»… Ժամանակին հրատարակեցիր «Ճայեր» գիրքը, որտեղ հավաքեցիր հեքիաթային պատմություններ, որոնցից մեկը՝ «Վանդակը», «Հայոց թաղի» մեջ մտավ: Ու վերջին վեպումդ էլ՝ «Ծիրանի ծառերի տակ», հեքիաթային տարրեր կան: Ավելորդ չի լինի հիշել, որ դու ես թարգմանել Մարկեսին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դու ներդաշնակություն ես տեսնում իրական ու բանահյուսական աշխարհի համադրումից:
Ռ. Հ. – Հեքիաթը, հրաշքը ներծծված են մեր կյանքի մեջ: Անհնար և անիմաստ է զտել նրանց առօրյա կյանքից: Նրանք նաև կյանքի խթանիչ են, առաջընթացի շարժիչ ուժ: Իրականության մշտական մասնակիցն են: Եվ, ուրեմն, պետք չէ աղքատացնել իրապատումը՝ ժանրային առանձնացում հատկացնելով հեքիաթին ու հրաշապատումին: Արտասովորը արտասովոր է սովորականի հետ առնչվելիս. երբ չկա այդ առնչությունը, հեքիաթը, հրաշքը կորցնում են իրենց թե՛ իմաստը, թե՛ հրապուրանքը: Առանց հեքիաթի, հրաշքի, մարդ հեշտությամբ խրվում է նյութապաշտության ճահիճը, և նրան փրկություն չկա: Հեքիաթին հավատացողը չի վախենում խաբվելուց, այնինչ անհավատը վախենում է և նրա կողքից աննկատ անցնում է հրաշքը:
Որքան էլ տարօրինակ հնչի, հեքիաթը, հրաշքը ավելի հավաստի են դարձնում իրապատումը և ավելի գրավիչ: Ո՞վ կգնար Հիսուսի ետևից, եթե չլիներ նրա ծննդի հրաշքը, եթե նա ձեռքի մի հպումով չբուժեր բորոտին, կույր աչքին լույս չտար, չքայլեր ծովի վրայով: Եվ ո՞վ կկարդար նրա կենսագրականը, եթե հրաշապատման փայլը չողողեր Աստծո որդու մարդկային կերպարը: Մոգական ռեալիզմի, ավելի ճշգրիտ՝ անսահման ռեալիզմի դասականները ավետարանիչներն են՝ Մատթեոսն է, Մարկոսը, Ղուկասն է ու Հովհաննեսը…
Ս. Մ. – Քո ստեղծագործություններում առավել ուշադրություն ես դարձնում հերոսներիդ բնավորության ու նրանց արարքների հոգեբանական գծերին: Քեզ համար կարևոր է հոգեբանությո՞ւնը, թե՞ այն ինքն է թելադրում հերոսների վարքը կամ անգամ սյուժեն:
Ռ. Հ. – Թե՛ կյանքում և թե՛ կյանքն արտացոլող գրականության մեջ ոչ մեկի արարքը հենց այնպես չի լինում: Ամեն արարք պատճառաբանված է, թեև դժվար պատճառաբանվող արարքները, հաճախ, տպավորություն են ստեղծում, թե «հենց այնպես» գործվող արարքներ էլ կան: Եթե կյանքում հանդիպում էլ են նման արարքներ կամ նման տպավորություն գործողներ, ապա գրականության մեջ, կարծում եմ, անհեթեթություն է որևէ արարք թողնել չպատճառաբանված:
Ինձ համար կարևոր է արարքի հոգեբանական պատճառաբանվածությունը, սակայն միշտ չէ, որ ինքս եմ հետամուտ լինում դրա բացահայտմանը: Կերպարն ինքը և նույնիսկ սյուժեն նույնպես կարող են թելադրող լինել: Առհասարակ, ստեղծագործական խոհանոցին վերաբերող նման հարցերին դժվար է պատասխանել, որովհետև այդ խոհանոցում անբացատրելին է իշխում: Այդ խոհանոցը ոչ թե գիտնականի, այլ ալքիմիկոսի փորձասենյակ է: Այստեղ չեն փորձում պարզել՝ հա՞վն է ձվից ելնում, թե՞ ձուն՝ հավից: Հենց փորձեն պարզել՝ կնմանվեն անեկդոտի այն հերոսին, ով կորցնում է քունը, երբ հարցնում են՝ քնելիս ձեր մորուքը վերմակի տա՞կ եք խոթում, թե՞ վերմակի վրա փռում:
Ս. Մ. – Երբ քո ստեղծագործություններում կարդում ենք «ապարների», «աղի ու քաղցրահամ ջրի բաղադրության» մասին, հիշում ենք, որ կրթությամբ երկրաբան ես և 60-ական թվականներին աշխատել ես Թուրքմենիայում: Ի՞նչ է քեզ տվել այդ երկրաբանական փորձը:
Ռ. Հ. – Հայ գրականության ուսուցչուհուս՝ Արուս Մկրտչյանին շատ էին դուր գալիս իմ շարադրությունները: Դասընկերներս չգիտեին, ես էլ տարիներ անց եմ իմացել, որ ուսումնական ծրագրից դուրս, շաբաթը մեկ-երկու անգամ, շարադրություն գրելու առաջադրանք իմ պատճառով էին ստանում:
Հորս էլ էին դուր գալիս իմ շարադրությունները, բայց նա գրեթե համոզված էր, որ հումանիտար առարկաները մարդուն մղում են դեպի քաղաքականություն և կամ քաղաքականությունն է նրանց կլանում:
Քաղաքական կյանքից նա իր հիմնավոր վախերն ուներ. 37-ին շատ հարազատներ էր կորցրել, ինքն էլ «հուսալիի» մի կարգին համարում չուներ, որովհետև երկու օրով գերության մեջ էր եղել, ու նրա փախուստը գերիների շարասյունից և ընդհատակյա գործունեությունը Գեորգիևսկ քաղաքում թեև ստուգվել էր ու փաստվել, սակայն կասկածի ստվերը մնացել էր: Կուսակցական տոմսը, ախր, խեղճ իմ հայրը թաքցրել էր սապոգի մեջ, իսկ սապոգը հանել էին գերեվարողները: Դե արի ու հավատա այս պատմությանը…
Մի խոսքով, հայրս, թեև հավանում էր շարադրություններս և հաճույքով ու հպարտությամբ լսում Արուս Մկրտչյանի կանխատեսումները, միևնույն է, իրեն հատուկ նրբանկատությամբ քարոզում էր ինձ հեռու մնալ հումանիտարից: Նա ինձ նույնիսկ Մոսկվա տարավ դպրոցն ավարտելուց առաջ, ցուցադրելու նորաշեն Լոմոնոսովը, գայթակղելու բոլոր այն օգտակար մասնագիտություններով, որ դասավանդում էին այդ համալսարանում: Գնացքով էինք մեկնել Մոսկվա, շոգեքարշի ծուխը վագոնի բաց լուսամուտից խփում էր ուղիղ դեմքիս և մինչ ես չտեսի նման Սև ծովն էի հայտնագործում, աչքիս վրա տիկնակլունձ բուսնեց: Բավականին խոշոր: Աչքս գրեթե փակվել էր: Նման աչքով ո՞նց հավանես Մոսկվան ու Լոմոնոսովը: Մանավանդ մոսկովյան հենց առաջին օրը ցնցվեցի մի տեսարանից, ինչը երևի հատուկ է բոլոր մեծ քաղաքներին, բայց ոչ երբեք՝ բանավանին. հավանաբար հարբեցող մեկը փորձել էր անցնել փողոցը ոչ անցումային մասով և ընկել էր մեքենայի տակ: Դիակը ծածկել էին սպիտակ սավանով: Մի երկու ժամ անց, երբ վերադառնում էինք նույն փողոցով, սավանով ծածկված դիակը տեղում էր:
Երկրաբանական մասնագիտության ընտրությունը կոմպրոմիսի նման մի բան ստացվեց: Այն տարիների ընդունելության քննություններից մեկը հայերենի շարադրությունն էր (ականջդ կանչի՝ Արմեն Աշոտյան): Անհրաժեշտ միավորները ես հավաքեցի շարադրությունից գերազանց ստանալով: Երկրաբանությունը, այսպիսով, պարտք մնաց շարադրությանը: Եվ որովհետև երկրաբանությունը ազնիվ գիտություն է, պարտքը պետք է որ հատուցեր: Եվ հատուցեց լիովին:
Երկրաբանությունն ինձ դաստիարակեց ընկերասիրությամբ: Ցավոք, դասընկերներիցս շատերը հիմա չկան: Մեր այս նորանկախ երկրին երկրաբանությունը պետք չեկավ, և իմ այդ հրաշալի ընկերները հերթով մահացան: Ընտիր, ընտրված տղերք էին, երկիր պահող, երկրի աղ տղերք էին:
Երկրաբանությունն ինձ սովորեցրեց միասնականության և փոխադարձ կապակցվածության մեջ տեսնել աշխարհը, ընկալել բնության ներդաշնակության համն ու հոտը:
Եվ, վերջապես, երկրաբանությունը իմ մեջ երկարաձգեց մանկության՝ իրականության ու երևակայության միացյալ դաշտին հարմարեցված զգայարանների աշխատանքը:
Այնպես որ, կյանքի վերջին տարիներին հայրս իզուր էր զղջում, որ իր հայրական «ճնշման» տակ ես չդիմեցի բանասիրական:
Ս. Մ. – Թոմաս Մանը նոր ստեղծագործությունը սկսելուց առաջ վախ էր զգում՝ իսկ եթե հանկարծ չստացվի՞, և դա այն բանից հետո, երբ նա գրել էր արդեն «Բուդենբրոքները»: Քեզ ծանո՞թ է այդ զգացումը:
Ռ. Հ. – Այդ վախը ոչ միայն գրելուց առաջ, այլև գրելու ընթացքում էլ է զգացվում: Բայց դա այն վախը չէ, որից թաքնվում են, փախչում, զրահավորվում, զինավորվում: Դա այն վախն է, որն ուզում ես հաղթահարել, ուզում ես մուրճով հարվածել այդ վախի գլխին, ինչպես ամուր կեղևով ընկույզն են ջարդում, և տեսնես՝ ինչ կա ներսում:
Իմ մանկության տարիների մեր արտաքնոցը այգու մեջ էր: Գիշերով այգու ծառերի ճյուղերից վհուկներ էին կախվում, ցեխոտ առվից վիշապներ էին դուրս սողում, լուսատու բազմատեսակ միջատներ էին կայծկլտում օդում և ծղրիդների միալար նվագն անվերջ ընդհատվում էր անդրաշխարհյան տնքոցներով ու կանչերով: Բայց դու գնում էիր, գնում էիր՝ ոչ այնքան պետքդ հոգալու, որքան պարզելու՝ արդյո՞ք վհուկներ են կախված ճյուղերից և վիշապներ են բնակվում առվի մեջ, լուսատտիկնե՞ր են անտառից ձեր այգի հասել, թե՞ փշաքաղ առաջացնող այդ ձայները ընդամենը չոր ճյուղի ճթթոց են և տերևների սվսվոց:
Այո՛, ինձ ծանոթ է այդ զգացումը, պարզապես Թոմաս Մանն ավելի շատ է հաղթահարել այդ վախը, քան՝ ես:
Ս. Մ. – Ռուս մտածող Կոնստանտին Լեոնտևը ասում էր, որ «գրողը ազատական պիտի լինի պահպանողական ժամանակներում և պահպանողական՝ ազատական ժամանակներում»: Համաձա՞յն ես նրա հետ:
Ռ. Հ. – Եթե հասարակությունում իշխող մտայնությանը հակառակվելուն է վերաբերում խոսքը, թերևս, համաձայն եմ, բայց այդ դեպքում ժամանակները միայն պահպանողական և ազատական չեն լինում:
Ես փոքր-ինչ կփոխեի ձևակերպումը. «Գրողը պահպանողական ժամանակներում դիտվում է որպես ազատական, իսկ ազատականում՝ պահպանողական»: Ինձ ծանոթ չէ հարյուր տոկոսանոց ազատական կամ հարյուր տոկոսանոց պահպանողական որևէ գրող: Առավել ևս՝ ծանոթ չէ պահպանողական ժամանակի պատճառով ազատական և կամ ազատական ժամանակի պատճառով պահպանողական դարձած որևէ գրող: Գրողը գրում է, ինչպես կարող է, ժամանակն ընկալում է նրան, ինչպես հարմար է գտնում:
Զրուցեց Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Նույնիսկ այս փոքրիկ հարցազրույցում երևում է խորք ու կշիռ ունեցող մարդն ու գրողը: