ՆՈՃԵՀԱՍԱԿ ՍԻՐՈ ԲԱՐԲԱՌՈՒՄԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

28958637_113074496195739_6267373065350924158_nՍոնա Անտոնյանի գրականությունը կյանքից եկող յուրահատուկ կշռույթով է պայմանավորված, որը նրա աշխարհի ընկալումն է՝ որպես ներսուդուրսի սուզումներ, և… դառն ու զվարթ իրականություն, ինչի վկայություններն են «Սուզումներ», «Եվ» ու 2018-ին հրատարակված «Դառն ու զվարթ» (ՀԳՄ հրատ., խմբագիր՝ Սլավի-Ավիկ Հարությունյան) բանաստեղծությունների ժողովածուները:
Սոնա Անտոնյանն այն բանաստեղծուհին է, որը «ճիշտ կրակ տված բացուխուփի լռությունը» դարձնում է կամուրջ ես-ի ու Ես-ի միջև, դարձնում է թովիչ բառախաղ, որում հենց իրենով է կյանքն ափեափ զարկվում, ու եթե Սարոյանի Ջոնին ասում էր՝ «Պա՛, ես անուններ չեմ տալիս», ապա Սոնան գրում է՝ «Ես այսօր անուններ եմ տալիս, իսկ այդ անուններ պահողը նրանում շարժվող տաք արյունն է՝ ամեն մի ծնված երգն օրհնող, քանի որ նրա համար հստակ է.
ես հագա//օրվա պարտությունը երկրի//երկնքին թողեցի//իմ առագաստները թևաբաց//իմ թռչուններին սիրաշատ
Տարածական ծավալումներում բանաստեղծուհու ժամանակը տևողությունն է՝ զգայականով իմաստավորված, պահն ու դրա քայլը իրենը չեն, հանկարծակին իրենը չէ, լինելիքը միշտ սպասված է, թեկուզ երբեմն տհաճ է լինում, և այդ տաքուպաղում պոետը խոստովանում է «մազ մնաց գիտենամ՝ / ինչ է ապրելը», քանի որ «բոլոր եկողների մեջ/ միշտ մեկը կբացակայի», ուստի Նա երևակայում է «օրվա ափերից կպոկեմ / կգծեմ քո դեմքը»: Ուշագրավն այն է, որ նա ոչ թե նկարում, այլ գծում է, ասես շարունակում է Հենրիկ Էդոյանի բանարվեստի գծերի խորհուրդը, որտեղ գիծը մտքի ու զգայականի հատման իրողությունն է: Կյանքի խորհրդանիշը «Դառն ու զվարթ» գրքում օրն է, օրվանը՝ շրջանագիծը, որտեղ բաց են բանաստեղծուհու հավատի ու հույսի թևերը «հպման ի վար / հպման ի վեր հակված».
շրջան գծող գիծը//մինչև շրջանագիծ դառնա//միացած չէ//հատված չէ//մինչև կոր գծերի միանալը//ազատ տեղեր կան//դրանք մեր կատարելության//ենթադրվող աղեղներն են
Սոնա Անտոնյանի պոեզիան հենց ենթադրյալ կատարելության պիրկ աղեղներից արձակած խոսքն է հանց բումերանգ, որը խոյահարողի իբրև խոնարհումն է կատարելության կրծքին, ու, կարծես թե, անցյալում է մնացել իմաստը խաղ խաղալու կամ էլ գալիքի մեջ է ալիք տալու: Ներկան սերն է՝ սիրահարված տղամարդուն կատարելագործող, երկուսով լինելը իմաստավորող, ինչը խնդություն է, ավելի շուտ՝ ներս գնացող, քան տարածվող, և միտված է «չխանգարել (թափվող տերևների) անկումը», հոգսի ու կարոտի տիրույթում, որտեղ
ճանապարհը չեն բաժանում երկուսով//մնացորդը//բողբոջը//առաջնեկը//երկուսինն են
Անդրերկնային է Սոնա Անտոնյանի սիրո պոեզիան, ամեն դեպքում նա չի դիմում Աստծուն, հայացքը դեպի ես-ն է ու դու-ն, իր միջից աշխատում է չպակասեցնել հույսն ու հավատը՝ կարևորելով ազատությունը, ու երբ բանաստեղծուհին ասում է՝ «քո հանդեսին ինձ տար գլխաբաց», ոչ մեկի մտքով չի անցնում՝ «այս թռչունն ո՞ւմ ափից է /պոկվել / հորիզոնը ո՞վ է լցնում…/ ո՞վ կհանդգնի քեզ չսիրել»: «Դառն ու զվարթ» գրքի հեղինակի սերը որքան խելահեղ է իր երկնային ներսում, նույնքան էլ ասես աշխարհիկ հանդարտություն ունի՝ մի թեք ժպիտով, որպեսզի հոսեն դառնությունն ու չսիրությունը, օդը չորանա, ու պապակությունը մեղքի գույն առնի:
որովհետև ի՜նչ գիշեր//երբ մենակ չես հենված//պատուհանի սպասումին//էլ ի՜նչ քամի այդ գիշերվա մեջ//որ չի հրում մեղքը// որ չի հուշում այգը հղացումի
Սոնա Անտոնյանն ապրում է մի ճակատագրով, որի դեմ, ասես, պայքարում է արդեն հետաքրքրությամբ ու նվիրումով, «հե՜յ ում չքնաղն եմ» հռետորական հարցմամբ.
եկա իմանամ՝//ում մեղավորն եմ//ում հաջողության//մոմեր վառողը//տեսնեմ իմ լրումներին//ով կդիմանա//քմայքներս ով կսուլի թեթև//ծանր ապրածս ով կսուսերի//վերջին մարտը ով կնվիրի ինձ
Բանաստեղծուհու խոսքի շարժը դեպի ճերմակն է սիրո հմայքի, որի գաղտնախորհրդով է լցված նրան շրջապատող ամեն ինչ, որտեղ «առանց քեզ»-ը դարձնում է հիշողություն՝ իրականության մեջ սպասող անուրջների համեմատություններով ու հարաբերականությամբ, որն, ի վերջո, զգացողություն է՝ թունելում դեպի անհայտ լույսը շարժվող մոլորյալի նման:
մի պատուհանի միջով ապրել//եթե ուսերդ գրասեղանից բարձր են//եթե թանաքը թունդ է//եթե գտնելու մտքեր ունես//թուղթդ ճերմակ չի մնա//լույսդ չվառած//օրդ չպսակված
Սոնա Անտոնյանը «Դառն ու զվարթ» ժողովածուում, ի տարբերություն նախորդների, հրաժարվել է մեծատառերից ու կետադրական որոշ նշաններից, մասնավորապես՝ ստորակետից, միջակետից ու վերջակետից: Մտորելու տեղիք է տալիս՝ ինչո՛ւ ամբողջովին չի հրաժարվել կետադրությունից, ու դա ի՛նչ է փոխում բանաստեղծական տեքստը հասկանալիս: Կարծում եմ՝ սա ազատ մտածողության դեկորատիվ հնարանք է, որի վեկտորն ուղղված է զգայականի դաշտին, որտեղ այս ամենն «անսկիզբ ու անվերջի» խորհուրդ ունի, մեծ ու փոքրի հարաբերականություն՝ համահավասարություն գնացող միտումով: Անգամ պարտադրյալ կաղապարվածության մեջ չկ աղապարվածի ձգտման ակնարկն է, որը հենց բանաստեղծուհու ես-ն է ու բանաստեղծություն դարձրած իր հարցը, բացահայտումը, զարմանքը: Ես-ով գուրգուրված սիրո գիրք է գրել Սոնա Անտոնյանը ու սիրո կամային մեկնումից խուսափելու համար տեքստում թողել է հարցական (անհանգստություն), բութ (բացահայտում) և շեշտ, բացականչական նշան, բազմակետ (զարմանք) կետադրական նշանները:
չգայթե՛լ փշրանքները//սուսամբար չզգացի//ի՞նչ եղավ//սեղմումներ ունեցա՝//կարոտի
անրջանքի//շատ սիրուն//մտերմիկ բաների//որ բացում են թրթիռները
կամ այս մեկն էլ՝
գիրկդ էլի՜ թափուր//աչքդ թա՛ց է կրկին//այսօր Սերն է բացում//սերն է կիսում նորից
կնոջ մղձավանջից մի պուտ//շռայլումը հե՛չ է//կինդ//քեզ չի ների՝//պոետ//գինին թունդ է
Սոնա Անտոնյանի պոեզիան ժպիտ է թաքնախորհրդով՝ «մենք շատ բան թաքցնում ենք / երբ ժպտում ենք»: Ուշագրավ է, որ գրքում մեծատառերով լոկ անուններն են գրված («պատկերը փշրվում է / անունիդ մեջ / շռայլորեն» ) ու մեկ էլ Աստծուն հիշատակելիս.
օ՜ ձնծաղիկի Աստված//երգս դեռ կթնդի՝//առավոտին գրկած//նաև գրկված
Ս. Անտոնյանը Ինտրայի նոճաստանի ներաշխարհի խորհուրդը վերադարձնում է հայ պոեզիային՝ ժամանակի նորահունչ ելևէջներով:
«Դառն ու զվարթ»-ում զետեղված բանաստեղծություններից վերջինը վերնագրված է «վաղ է» և ավարտվում է հետևյալ տողերով.
բայց մեկը որ տխուր սիրել գիտե//տեսնես ինչ է գրում//իմ մասին
Ասեմ՝ այն, ինչ վերևում գրվեց, վայելումի արտահայտությունն է՝ որպես խոսք, որը բանաստեղծուհի Սոնա Անտոնյանի թախծոտ տոնին ներկա գտնվելու փորձ է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.