ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ / Զավեն ԲԵԿՅԱՆ

Գրականության միջավայր ասելով՝ հասկանում ենք այն պետական-գաղափարախոսական, հասարակական իրավիճակը, որի պայմաններում, տվյալ ժամանակաշրջանում, ստեղծվում է գրականությունը: Այդ առումով, ուշադրություն կդարձնենք մեզանում գրականության միջավայր ստեղծած և ստեղծող երեք ժամանակաշրջանների` խորհրդային, հետխորհրդային` մինչև թավշյա հեղափոխությունը, և թավշյա հեղափոխությունից հետո:
Խորհրդային ժամանակաշրջանում գործ ունեինք գաղափարախոսական պետության հետ՝ սկզբնական շրջանում ֆանատիկ (անկեղծ) և աստիճանաբար` ժամանակի ընթացքում, կեղծ, դեմագոգիկ գաղափարաբանությամբ (գաղափարի` իրականության մեջ կոնկրետ կիրառումը): Լինելով գաղափարախոսական (կոմունիզմի, մարքսիզմ-լենինիզմի) պետություն՝ այդ պետությունը ո՛չ սիրո վրա հիմնված, շահադիտական «ամուսնության» մեջ էր ողջ մշակույթի, նաև` գրականության հետ (թեև կար նաև պատվասիրական ձգտումը աշխարհում լավագույն կրթական, մշակութային, ինչպես նաև մարզական, գիտական և այլն, համակարգերն ունենալու):
Հայաստանի կոմկուսի ղեկավարությունը վախենում էր գրողների միությունում ընթացող խմորումներից, համապատասխան չինովնիկները կարմիր մատիտով էին մշակում գրողների ելույթների տեքստերը: Պատժվում էլ էին գրողները` երբ իշխանությանը պետք էր, ընդհուպ առանձին կասկածելի իրավիճակներում տեղի ունեցած մահերը` կայսերական ԽՍՀՄ-ի կենտրոններից հրահանգված (Պ. Սևակ, Մ. Գալշոյան, Ռ. Բազիկյան և այլք): Այն, ինչ բացահայտ արվում էր 1937 թ., հարկադրված այժմ կատարվում էր գաղտնի (ինչպես ասացինք` կասկածելի մահեր, արտաքսումներ երկրից և այլն): Գաղափարախոսական պետությանը գաղափարախոսական «ջոկատ» էր պետք, «ես քեզ` դու ինձ»՝ «ամուսնական պայմանագրի» կետով: Դու գրիր վեպ կուսակցության այսինչ համագումարի որոշումների «լույսի տակ», ես քեզ` նյութական բարեկեցություն, տպագրվելու, թարգմանվելու և այլ հնարավորություններ:
Գրողների (ինչպես արդի, այնպես էլ դասական) հոբելյանները նշվում էին հանրապետության գլխավոր դահլիճում` օպերայի շենքում, մասնակցում էին հանրապետության առաջին դեմքերը: Դա նաև պետական գովազդ էր գրականության համար, ժողովուրդը տեսնում էր, որ գրողը, այսպես ասած, կարևոր մարդ է, դա նպաստում էր ընթերցանությանը, գրողը հասարակության համար հայտնի էր դառնում: Սովետահայ կոչված, այժմ հայտնի շատ գրական դեմքեր, եթե գործեին այսօր, հավատացեք, հասարակության համար անհայտ անուններ կլինեին, և հակառակ տրամաբանությամբ` այսօր կան գրական դեմքեր, որոնք իրենց տաղանդով, առնվազն, ոչնչով չեն զիջում վերոհիշյալ գրական դեմքերին, բայց հասարակությանն անհայտ են:
Խորհրդային շրջանի ընթերցողականությունը աշխարհում ամենաբարձր մակարդակ ունեցողներից էր: Կար, բացի գրողների պետական գովազդից, լավ գրադարանային ցանց, բայց ընթերցողականության բարձր մակարդակը պայմանավորված էր նաև երկու այլ գործոններով.
1. Գրադարանները, գիրքը գիտելիքի, այդ թվում` գեղարվեստական, միակ աղբյուրն էր. չկար համացանց:
2. Գոյություն ուներ որակյալ, մեծաքանակ տեխնիկական մտավորականություն (գիտահետազոտական ինստիտուտների, մեծ արդյունաբերական համալիրների ինժեներատեխնիկական աշխատողներ. ի դեպ, ասում են՝ պոեզիա ամենից շատ սիրում են ֆիզիկոսները…) և, իսկապես, նպատակասլաց ձգտումով ուսանողություն, որոնք գրականության պոտենցիալ, գլխավոր «սպառողներն» էին (ես, օրինակ, կասկածում եմ, որ հիմա ԵՊՀ-ի կամ մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետների ուսանողության, որի համար գրականությունը մասնագիտություն է, տասը տոկոսը գրական մամուլ կարդա, էլ չեմ ասում` գեղարվեստական գիրք):
Գրականության միջավայրի համար ամենածանրը հետխորհրդային շրջանն էր: Իշխանությունը զավթվել էր հանցագործ խմբի` պարբերաբար մասամբ սերնդափոխվող կլանի կողմից: Այդպիսի իշխանության մտադրությունների մեջ չկար ոչ մի ազգային, այդ թվում` գրականության զարգացման շահ ու մտահոգություն: Ընդհակառակը` կար բարդույթավորված մոտեցում – կառավարող տգետը ոչ միայն չէր նպաստում, այլև հնարավոր ամեն ինչ անում էր, որ գրականությունը մեռնի, իսկ գրողը… սատկի: Հանրապետության երկրորդ նախագահը պարծենում էր, որ գիրք չի կարդում, իսկ երրորդը գրահրատարակիչներից մեկի մտահոգված հարցին բորբոքված տոնով պատասխանեց. «Բա էլեկտրոնային գիրքը գիրք չի՞». այսինքն թե` օրինակի համար, համերգասրահները մեր ինչի՞ն են պետք, բա ձայնապնակը երաժշտություն չի՞… Իսկ հրատարակչությունները երևի միայն դասագրքեր, բուկլետներ տպելու համար են…
Ավերված գրադարաններ, մշակույթի միակ տեսակ հռչակված ռաբիս և այլն, և այլն…
Վերջին հարվածը հասցրեց իրենց վերջին մշակույթի նախարարը, որ պետբյուջեն «տնտեսելու-համալրելու» համար վերացրեց պետական աջակցությունը գրահրատարակչությանը: Դա չի արդարացվում այն կեղծ մտահոգությամբ, իբր՝ անորակ գրքեր շատ էին տպագրվում. այդ դեպքում երևույթը կանխող համակարգ ստեղծեիք: Թե չէ` հոնքը շտկելու փոխարեն աչքն էլ հանեցին:
Իսկ հիմա` թավշյա հեղափոխության, հույսերի ժամանակի մասին: Ցանկացած իշխանություն, եթե հակազգային չէ, պարտավոր է հոգ տանել պետական լեզվի զարգացման համար, դիցուք` լեզվի պետական կոմիտեին տալ լայն, իրական, արդյունավետ գործառույթներ, ստեղծել հստակ գործող տերմինաստեղծ և… «տերմինահսկիչ» կառուցվածք, և, իհարկե, պայմաններ ստեղծել գրականության զարգացման համար: Ստեղծել պայմաններ և ոչ թե… վարձատրել գրողներին: Իշխանությունը պետք է նպաստի գրական հիմնադրամների… հիմնադրմանը (բառախաղի պես ստացվեց), նաև դրանցում ունենա բաժնեմասային մասնակցություն: Այդ հիմնադրամնե՛րը պիտի կուտակեն դրամական միջոցներ, դրանք տրամադրեն գրքերի տպագրությանն ու թարգմանությանը, ունենան հեղինակավոր, հոնորար վճարող գրական հանդեսներ, հնարավորինս հոգան գրողների այլ հոգսերը: Պետությունը բաժնեմասային մասնակցություն կունենա, բայց ցավն այն է, որ հասարակությունը դեռևս դրան պատրաստ չէ, չի հասել այդ գիտակցությանը, որ փող տա գրական հիմնադրամներին: Պատրաստ չեն նաև գործարարները, որովհետև ներկայումս գործարարների այն սերունդն է, որի մի զգալի մասը հարստության է հասել զարտուղի ճանապարհներով, իսկ իր կրթվածությամբ դեռևս հեռու է այն աստիճանից, որ գիտակցի գրականության կարևորությունը:
Մանթաշովների ժամանակը նորի՛ց պիտի գա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։