ԹՌՉՆԱՀԱՎԱՔ
Կաչաղակ ճարպիկ, գող,
արծաթասեր…
Ռ.Պատկանյան
Կախարդական
այն պարտեզից
թռան – եկան
նկատեցի՜ն
կաչաղակները
գանձասեր –
եկան սրտիս
գովքը ասեն…
Ուրախ – զվարթ
կչկչոցով,
Շատ Ջրերի
քչքչոցով…
Ասին` տեսա՜նք
մենք երկնքից
սրտիդ հյուսած
փայլն ու ջանքը,
որ երկրում ո՛չ
նկատեցին,
ավելի՛ն դեռ`
այն ատեցին…
Որ կիսում ես
մութ տանջանքով
հրեշտակաց
անրջանքը…
Գանձդ այնտեղ`
երկնքում է,
կրկնակն ահա
քո կրծքում է…
…Ուրախ – զվարթ
կչկչոցով,
Շատ Ջրերի
քչքչոցով,
կաչաղակները
գանձասեր
այսպես սրտիս
գովքը ասին…
Վ. ՏԵՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՈՒՂԻՆ
ՌԿ / բ / Պ կենտկոմին
«Նկատի ունենալով
նախապատրաստվող
ռուս – թուրքական դաշինքը,
որին
կխանգարեր հայ բոլշևիկ
Վ. Տերյանի ներկայությունը,
նպատակահարմար եմ
համարում վերջինիս
ուղարկել երկարատև
գործուղման (մանավանդ`
վերջերս սաստկացել է նրա
հազը…):
Ի.Վ.Ստալին
«Տափաստա՛ն,
տափաստա՛ն
անծիր,
անափ,
տափաստա՛ն,
տափաստա՛ն
անծիր,
անափ»,-
խփում էր
գնացքի
անիվն
հատ – հատ,
խփում էր
գնացքի
անիվն
երկաթ:
Իսկ հորիզոնում
ցուրտ – կապարե`
վառվող մի հսկա,
արնոտ արև…
«Ընկնո՜ւմ եմ…»,- ճչաց նա`
հողին հակված:
«Սերմի՜ պես, զավակս…»,-
ասաց Աստված…
ՆՈՍՏԱԼԳԻԱ
Այս ժայռն
իր լավայությունն է հիշում,
երբ հրահեղուկ էր`
վառման սիրտ
հանց մի…
Հիմա
ճաքճքում է
կարոտից…
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԶԱՆԳԱԿԱԾԱՂԿԻՆ
Քանզի առավոտվանից մենք խոսակցություն ենք: Ֆ. Հյոլդեռլին
Տեսնես` որտե՞ղ ես
հիմա դու օրորվում:
Ախ, հիմա ղողանջեղ
հուշերն են ինձ տանջում…
Երբ առավոտվանից
երաժշտություն էինք
(այդ հետո՛ իմ ունկերում
սկսեցին խշշալ
աստղերի աղմուկը,
միգամածությունների
խորքերի ժխորը…):
Երաժշտություն էինք –
ու մեզ, հա՛, հենց իրենք`
հրեշտակներն էին լսում,
երբեմն ձայնակցելով…
Հիմա` ինչպես որ ես`
իմ մանկությունը,
լռությունն ինձ է
ակնդետ որոնում…
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Հուր եմ դառել, լույս տվել,
լույս տալով եմ սպառվել:
Հ. Թումանյան
Քիչ է ասել` հուր ենք դարձել-
մենք հենց բուն
Կրակների Կրակի
զուգահեռ կրակն ենք եղել`
անեզրական ամայուտների
խորխորատների ցուրտը
մի քիչ
մեղմելու համար…
Վնաս չունի, որ երբեմն
ճարճատել ենք ցավից…
Մենավոր մի աստղի տակ
մենավոր խարույկ ենք եղել,
և մրսած որսորդներ են
մեր շուրջը բոլորած
տաքացել:
Վնաս չունի, որ երբեմն
նրանց որսաշներն են
փորձել…
միզելով հանգցնել…
Հրատի համր սառույցների
առարկությունն ենք եղել
այստեղ` Երկրի վրա…
***
Ի՞նչ հանգույցներով է
հանգուցված
քունը հանգուցյալի,
նինջը ննջեցյալի
(նրանք երազում
Երկիրն են տեսնում
երկինքների միջով):
Բայց լույսից բորբոքված
հագագներով
հանգերգուներ են շրջում
դաշտերում անուրջի,
արթնության ասքը`
շուրթերին,
և հրեշտակի
զնգացող սիրտը
զարթուցիչ է մահվան
քնից – և ահա`
աղքատ Ղազարոսը,
արթնացած, ոսկե
ամպհովանու տակ…
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ
Չորս տող`
չորս պատ:
Իսկ տանիք` չունի –
երկինքն է տանիքը:
Մի տուն,
ուր ապրում է պոետը
(երբեմն նաև`
հետմահու…):
Երեկոյան
կփակեմ դուռն ու
կհեռանամ
դանդաղ:
Կփակեմ դուռն ու
կհեռանամ դեպի
երեկոյան
շամանդաղ…
Նախապես
յուղ կթափեմ
ծխնիներին,
որ չհառաչեն…
Յաղագս իմ` հուշը`
ծառի պես,
պատուհանի տակ,
թող կանաչի…
ՔՈՒՆ
Ումբրս էրազի
պես անց կացավ,
ծառս չխերած գիտենաք…
Սայաթ – Նովա
Հոսեց ու
անցավ,
հոսեց ու
անցավ`
հանց գետը
Հերակլիտի –
և հիշողության անդուռ
տիեզերքը մնաց,
ուր խարխափում եմ ես…
Հիմա
Մորփեոսի ամպհովանու
տա՞կ եմ,
թե Կենաց ծառի ստվերի…
Բանաստեղծությունն`
իմ պտուղը,
գուցե երազ է` ծնված մի
այլ երազից…
Երա՞զ է, թե իրականություն-
չեմ կարող շոշափել ինձ…
Հրեշտակի սի՛րտը
պիտի զնգա`
իբրև զարթուցիչ
մահվան քնից…
ՄԵՂՎԱԿԱՆ ԽՄԲԵՐԳ
Մեղվապահը,
անհունների
շլացուցիչ ճերմակ
զգեստն հագած,
որ ունայնությամբ է
ծխահարում մեզ
(Ծիր – Կաթինը դրա
քուլան է թափառող),
մեկ առ մեկ շրջելով
ու զննելով շրջանակները
մեր Բերքի… Մի ողջ
ձմեռ է տևում մեր քունը`
շաքարաջրով ու ծաղկավետ
դաշտերի
երազատեսությամբ…
Ու մենք մեր զարթոնքի,
հարության խմբերգն ենք
տարասփռում այսպես
գարնան նախաշեմին…
ՈԴԻՍԵՎՍԸ ՈՐՊԵՍ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՈՒՆ
Ճարպկություն, ստորնագետ
միտք,
ինչպես և` տրոյական ձի –
բաներ, որ լուծում են
առօրյա
հոգս ու խնդիր հացի:
Ճեղքում է անխոնջ քիթը
նավի` ջրերը լուրթ:
Ժամանակն իր ձկնկիթն է
դնում` հանց մշակույթ:
Ծովե՜ր շնորհի, ծփացող
ընտրանի խելք ու հանճար:-
Խեղճ սիրեննե՜ր երգեցիկ,
լքյալ գեղի կաճառ…
Սատանան փախչում է
խունկից,
սա` Վսեմի մեղեդուց,-
և խցում է իր ունկերը,
որ մեռնի ամեն դից…
ԱԿՆԱԲՈՒՅԺԻ ՄՈՏ
Ցուցափայտը հպվեց օպտիկական փորձատախտակին –
«Ի՞նչ տառ է սա» ,-
հարցրեց,
ասացի` «Ա»: «Իսկ սա՞»: –
Ես
հրաժարվեցի անվանելուց,
ասացի, որ
մնացած բոլոր տառերը կան
«Ա» – ի մեջ…
(«Գնա բանիդ»,-
շարունակեցի մտքիս մեջ):
Նա շփոթվեց, բայց
այդուհանդերձ, ինչ – որ բան
հասկանալով,
ինձ տարավ մի սարքի մոտ`
զննելու աչքիս հատակը:
«Քո բիբն,- ասաց,-
ամբողջովին միտված է
առ խորքերը Լույսի, ինչպես
գիշերաթիթեռը`
դեպի լամպի
լուսապսակը… Սակայն…
Պիտի հավասարակշռես
հայացքդ – դեպի
Խորքը և միաժամանակ`
դեպի Մակերես:
Այլապես տեղի կունենա
(զգուշացնում եմ)
կուրության վտանգով հղի
խզում ցանցաթաղանթից,
որ է՛… Երկիր մոլորակն`
իր գետ – երակներով,
լեռներով, ռասաներով
զանազան,
անմտությամբ ու
դիպվածներով…
Դու երբեմն պիտի
սնվես պարզունակ
մտքերով` հանց D
վիտամինով»:
Ասացի` «Գուցե ճիշտ ես»,
ու դուրս ելա…
ԾՆՆԴՈՑ
Դեռ հիշում եմ –
մղեղի և օղու
հոտը, երբ գրկում էիր ինձ,
և քեզ` երերաքայլ ընթացող
ցամաքային մի Պոսեյդոն`
եղանը ուսին,
թեև ոչ հրացայտ,
բայց գեղեցիկ աչքունքով
ֆերմայի
հավերժահարսներին
հմայած – հայր իմ…
…Հոռի ամսվա գիշերը
դու ինձ ընկղմեցիր
երկրային ջրերի մեջ, մայր,
որ անխոցելի լինեմ,
գլխիվայր,
կրունկներս` մատներիդ մեջ:
Բայց այդուհանդերձ
Ասքերի սարերից
մի նետ սուլոցով
եկավ ու խոցեց ինձ…
Իմ գլխավերևում ծաղկեց
համաստեղությունը
Քնարի…
Մսուրքի մեջ շողաց
եզան շողիքն, իսկ այնտեղ`
երկնքում, վայր ընկնող
մի աստղ` իմ անունով…
ՄԱՆՈՒՇԱԿԸ, ՄԱՍՐԵՆՈՒ ԹՓԻ ՏԱԿ
Արքայադո՜ւստր,
տես, ինչպես է քեզ
պատսպարում
պատվախնդիր այս
փշոտ ասպետը
(թե՞ պսակ է փշե`
երկնքից քեզ բաժանող,
ի դեպս երկրային
տառապանաց…):
Քո եղբայրը` մի թիթե՜ռ
լինեի խաղաղ
քո այս փոքր աշխարհում,
խմեի քո բույրը, լույսը,
լռությունը` լուռ նույնիսկ
փշեղեն խոցմանց մեջ,
պտտվեի քո շուրջբոլորը`
հմայված մի մոլորակ…
ԱՄՊԱՄԱԾ ՕՐ
Հետ քաշվիր,
հետ քաշվիր դեպի
քո խաղաղության խեցու
խորքերը, դեպի
ակունքները խոսքի
մարգարտափայլ:
Եվ երանի`
հնար լիներ
այլևս դուրս չգալու,
քանզի դրսում, տես,
խոզեր են խռնչում
մարգարտի մարմաջով
համակված…