***
Այս Նոր տարին ինձ մոտենում է
Փքված կրծքերով սիլիկոնե,
Ես դուրս եմ ելնում,
Որ իր այցը
Հրավառությամբ շքեղ տոնեմ.
Մուշտակի մեջ եմ,
Սիրտս բաց է,
Մի քիչ հարբած եմ,
Մի քիչ էլ՝ լուրջ,
(Ժամանակին էր իմ կաթվածը,
Էլ չեմ պտտվում պանդոկի շուրջ):
Կգնայի,
Բայց շղթայված եմ
Այն ամենին, որ
Էլ իմը չեն…
Ինչո՞վ լրացնեմ ես ձեր բացը՝
Լույսեր,
Հեքիաթներ,
Հոգիներ ջերմ…
ԲԱՌԸ
Այս աղմուկներից հոգնել է Բառը,
Իր լա՜յն թևերն է թափահարում,
Տեսնում եմ նրա եթերապարը,
Նրան երկինք եմ ճանապարհում…
Զարդարում էին մտքերը հում,
Եվ ունեցածը շորթո՛ւմ էին,
Արյունը՝ խմո՛ւմ,
Հոգին՝ խլո՛ւմ,
Գառի տեղ նրան մորթո՛ւմ էին:
Շարելով երգի տողերի մեջ՝
Նրան սպանո՛ւմ,
Քերթո՛ւմ էին,
Շուրջը սարքելով անիմաստ վեճ՝
Հանձնում հույզերի անդունդներին…
Հիմա հեռո՜ւ է,
Էլ չեն հասնի,
Որ խեղդեն դատարկ մտքերի մեջ,
Որ քննեն նրա վարքը ազնիվ
Եվ նրա հաշվին հռչակվեն մեծ:
Հիմա ամեն բան մոռացվել է,
Խոսում ու իրար չեն հասկանում,
Եվ ինքնակոլոլ զանգվածներ են
Բախվում կրքերի տափաստանում:
Լույսերի մեջ է ճախրում Բառը,
Իր լայն թևերն է թափահարում,
Տեսնում եմ նրա հրե պարը,
Արևի շուրջն է զվարթ պարում:
Էլ չեն խոցոտի սիրտը նրա,
Չի դիպչի նրան այնտեղ ոչինչ,
Թափանցիկ լույս է իջել վրան,
Եվ փայլփլո՜ւմ են աչքերը ջինջ:
ՍԻՐԱԽԱՂԻԿ
Գիլուգլոր եկավ,
Ասաց՝ ե՛ս եմ՝
Սերը:
Ասաց՝ տեր կլինե՞ս:
Ասի՝ տեր եմ:
Ափսոս, շատ կարճ տևեց,
Պոկվեց թելը,
Ընկա՜ն,
Փշրվեցի՛ն մեր սրտերը:
Հետո ուրիշն եկավ,
Ասաց՝ Սերն եմ:
Ասի՝ բա որ սերն ես՝
Ո՞ւր է տերդ:
Ասաց՝ ես էլ էսպես
Անտեր սեր եմ…
(Շողշողացող,
Երկա՜ր սև վարսերը
Ծածկում էին ճերմակ
Կաթ ուսերը…)
Ափսո՜ս, նորի՛ց ընկան՝
Փշրվեցին,
Հե՜յ, վա՛խ, փշրվեցին մեր սրտերը…
Խառնվել էր իրար վարնուվերը
Տանջում էին հուշն ու կարոտները,
Ծանրանում էր վրաս
Հոգս ու ցավի բեռը,
Մինչև որ հայտնվեց,
Ծիծառի պես թևե՜ց՝
Երգով լցրեց հեռվի մութ մասերը-
Ասի՝ գիտե՜մ, գիտե՜մ՝
Դո՛ւ ես՝
Սե՜րը…
Ու լցվեցին հոգուս
դատարկ կարասները,
Շրխկացի՛ն նորից գինով լի թասերը…
Մեկ էլ ա՛յ է՜ն խորքից
Քաղցր ժպտաց,
Կկոցելով լուսե իր աչերը-
Ասաց՝ դա չէ,
Սա՛ չէ,
Նա՛ չէ,
Ո՛չ մեկն էլ չէ՝
Ե՛ս եմ
Սերը…
***
Աղմուկ էր,
Շուռ եկա, որ գնամ.
Սեպեցին՝ դավադիր փախուստ է՝
Սրա՛նք, որ մարմին են հոգեքամ,
Սակայն դուք կոչում եք հարուստներ:
Սա չարքով սահմանված գալուստ է,
Սա Աստծո լույսի հետ կապ չունի,
Արևոտ օրերի կորուստը
Փոխարկվեց սառույցի և ձյունի…
ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ
Հեռվից նայում եմ՝
Ի՜նչ պուճուր ես
Քո ցամաքներով ու ծովերով.
Մի բուռ հող ես ու մի կում ջուր ես,
Խյուս ես՝
Արևի այրող սիրով…
Քեզ թևութիկունք մեկը չունես,
Ոտատակ տալիս ու խոցում են.
Հիմա ո՞նց փրկեմ, փոքրի՛կս,
Քեզ
Տաշո՛ւմ են,
Քերթո՛ւմ,
Սղոցո՛ւմ են…
***
Իմ սիրուն մոլորակ, պտտվի՜ր…
Ամենուր քեզ նորից խոցում են,
Մենք հիմա խավարի ծոցում ենք,
Ավերող սողանք է,
Թո՛ւյն,
Փթի՛ր:
Իմ սիրուն մոլորակ, պտտվի՜ր:
Չպայթես խաղերից դավադիր.
Արթնացել, աչքերն է կկոցում՝
Մի մանուկ՝
Հեքիաթիդ ամրոցում:
Արևի ճանապա՛րհը գտիր,
Պտտվի՜ր,
Պտտվի՜ր,
Պտտվի՜ր:
Իմ սիրուն մոլորակ, պտտվի՜ր.
Չարերը անաղմուկ թող չքվեն.
Բարության ձեռքերը թող ճկվեն՝
Դո՛ւրս նետեն բոլորին անխտիր:
Իմ սիրուն մոլորակ, պտտվի՜ր …
Քեզ իմ տաք գրկի մեջ կպահեմ,
Կարոտով ու սիրով կփայեմ՝
Գգվելով երազին քո պատիր՝
Միայն թե՝ պտտվի՜ր, պտտվի՜ր…
***
Մենք հիմա դժոխքի փոսում ենք,
Հնար կա՝
Խոսում ենք այդ մասին,
Լավայով բոլորայն հոսում ենք՝
Կազմելով խմբապար միասին:
Մի փոքրիկ թաքստոց՝
Սի՛րտ լիներ,
Ես աստղեր շարեի ու լուսին…
Հիշո՞ւմ ես՝
Ամեն ինչ սիրուն էր՝
Ծառի տակ,
Գլուխդ՝ իմ ուսին:
***
Չեմ կարողանում լինել անվրեպ,
Անփորձի նման դեռ վրիպում եմ,
Սիրո հուսալի թռիչքներ են պետք,
Թեև անցել է կյանքիս գարունը,
Բայց ո՛չ աննկատ,
Այլ խինդ ու պարով,
Դեռ չի ցամաքել սուրբ արարումը,
Եվ արարչական ինչ-որ հունարով
Ձեր մեջ է հոսում հոգուս արյունը…
ԾՆՈՂՆԵՐԻՍ
Ե՛տ եկեք,-
Նորից ձեզ կանչում եմ,
Տենչիս դեմ հալչում են
Սառույց ու ձյուն…
Անժամանակ էր ձեր անցումը,
Երկրից երկնքին փոխանցումը՝
Աստվածային անփորձություն,
Ինքնանպատակ հիացում էր,
Անլուրջ պահերի փո՛ւչ լրացում:
Ե՛տ եկեք,-
Ես ձեզ սպասում ու
Բերող ճամփեքը փայլեցնում եմ
Հոգուս մեջ պարող տաք լույսերով:
Մոլորակները խաղացնում եմ,
Բոլոր կապերը միացնում եմ
Իմ արարչական
Աննի՜նջ Սիրո…
***
Երկնքից պոկված լուսեղեն մի մաս
Ծնկիս փռել էր սաթե վարսերը,
Արցունքներն էին գլորվում վրաս,
Բայց արտասվելու համար չէր սերը:
Գուցե թռիչքը անփույթ սանձել են,
Մեկը խանձել է սիրտը նրա,
Եվ շրխկո՛ւմ է ամռան անձրևը
Հոգում չբացված վարդի վրա:
Մթնում-չի մթնում աստղոտ գիշերը,
Վառվում են ջահերն առավել վառ,
Գրկում պահելու համար է սերը,
Սերը չեն թողնում հեռվում երկար…
ՉԱՐՔԱՊԱՏՈՒՄ
Սրանք էլ մարդիկ չեն,
Խոնավ ջնջոցներ են,
Որով ժամանակն է նեռը ջնջում,
Սրանք մահը գուժող հարմար
միջոցներ են,
Դժոխքից դուրս թռչող դառը հնչյուն…
Ատելության շնչով վեր խոյացած
լեռ են.
Սեր, բարություն ու լույս չեն ճանաչում,
Մոլորակի վրա չարաբաստիկ բեռ են,
Պիտի խեղդե՛նք սրանց իրենց որջում:
***
Որ շուրթերիցդ բառեր դուրս չգան՝
Բացվող բերանդ
Փակեմ համբույրով.
Ավելի շքեղ հեքիաթներ չկան,
Անուրջներ չկան առավել գերող…
Ոչինչ մի՛ պատմիր,
Արդեն պատմել ես,
Դու պատմվել ես անբառ, անխոս…
Աստվածատարածք
Դրախտատեղն ես,
Սիրո կանթեղ ես,
Հոգու փարոս:
***
Անողնաշար բառեր,
Մտքեր ցաքուցրիվ,
Սրանց սերը՝ կիսատ,
Թշնամանքը՝ լրիվ,
Դուրս է ելել մեր դեմ
Այս զանգվածը խռիվ,
Պստիկ հոգում պահած
Անմիտ վեճ ու կռիվ…
Բառեր, բառեր, բառեր՝
Անհույզ ու անհոգի,
Նրանք մատնել են ձեզ
Ցավի ու մորմոքի,
Ձեր արարող լույսը
Պետք չէ էլ ոչ ոքի,
Չեն հաղորդվում արդեն
Ձեր կենարար խորքին,
Ասես, թե ցայտել են
Չարքի փռշտոցից,
Հավաքելով թույնը
Կարիճից ու օձից.
Սրանք անհեր, անմեր
Զավակներ են անծին,
Չար հողմերի նման
Եկան, ավերեցին.
Բայց արևը՝ արև,
Սերը սեր է էլի,
Եվ անձրևն է երգում
Մայթի ստեղներին,
Եվ օրերն այս թեկուզ
Գունաթափ ու դեղին,
Բայց բուրո՜ւմ են շռայլ
Հոգուս սկուտեղին…
ԻՆՔՆԱՍՈՒՅԶ (ՔԵԶ ՀԵՏ)
Հերիք է կանգնես,
Արի գնանք.
Անշարժությունը լավ չի,
Լավ չի,
Մահը բաց թողնենք,
Թող կյանքը գա
Անշունչ սառույցը
Շուրջը հալչի:
Գիտե՞ս՝
Կանաչը շատ եմ սիրում,
Փիրուզագույնը՝ դրանից քիչ,
Ոչինչ չեմ տեսել քեզնից սիրուն՝
Լույս արարող ու
Լույս առաքիչ…
Հույզերի մաշված սավաններին
Խռմփացնում են բառերը ծեր՝
«Յարը» փոխեցինք «սիրելիի»,
Տալով նոր գույն ու դիմագծեր…
Զվարթ մեկնարկ էր,
Իսկ ավարտը,-
Հեշտ չէ մեռնելը,
Երբ չես ապրել.
Մենք տանուլ կտանք վերջին մարտը,
Թեպետ,
Ո՞ր մեկն ենք արդյոք հաղթել…
ԵԹԵՐԱՅԻՆ ԱՊԱՐԱՆՔ
Մեծացա,
Ու էլ հնար չկա՝
Չեմ տեղավորվում էս եղածում.
Օվկիանոսները մի բուռ դարձան,
Մայրցամաքները՝ հինգ լորի ձու:
Ոտքի կանգնեցի,
Բա ո՞նց գնամ,
Գլուխս ճերմակ ամպից վե՜ր է.
Նայում եմ՝
Շուրջս ոչինչ չկա,
Թռչուններ էլ չեն թափահարվել:
Բարեկամաբար ինձ ժպտում են՝
Վեներան,
Մարսը
Եվ Մերկուրին.
Ամենածավալ իմ նոր տունն է,
Աստղեր են փայլում կտուրներին.
Շքեղ հանդես է,
Ցնծուն տոն է,
Լույսի ծփա՜նք է էս վերևում.
Ինչ սարքուսուրքով նայում էինք՝
Խորքի հեքիաթը չէր երևում…
Անկշի՜ռ, թեթև՜ պտտվում եմ
Իմ եթերային ապարանքում,
Թափանցիկ եմ,
Էլ մարմին չունեմ,
Հոգի եմ՝
Եկած
Հայրական տուն…