Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՊՈԵՏ
Պոե՜տ, մտքով վերադարձիր
Ու տես այգում աշնանային
Հրաշալի ծաղկած ծառեր…

Դեղնող բառերից քո հանիր
Անդորր-խոհուն-խաղաղ ռիթմեր,
Վանիր թախիծ, կարոտ ու մահ…

Այգեկութի երգերի մեջ
Փորձիր լսել գարնան որոտ,
Եղիր մի պահ Զգաստ Առավոտ…
* * *
Փափուկ աշնան ցավի ծաղիկ՝
Կորուստների թփին աճած,
Մեծ լռության նախագալիք…

Ժամանակի ճամփաներում
Քաղում են քեզ, բայցև դու ես
Անվերջ քաղում, անդարձ տանում…

Ցավի պսակ դու անխուսափ,
Տարիների անձրևապար,
Մահվան նրբին ուրվանկար…
ԲԱՌԵՐԸ
Իմ մեջ բառերը երբեք չեն քնում,
Ինչպես կարասում չի քնում գինին.
Իմ մեջ բառերը մեղվի պես բզզում,
Մեղվափեթակ են նեկտարով լցնում…
Իմ մեջ բառերը երբեք չեն քնում,
Սրտումս անտես, անվերջ ճառագում,
Անծիր աշխարհի ճամփեքով գնում,
Բառ-լսողություն,
բառ-աչք են դառնում:
* * *
Ես լեռներիդ մեջ՝
Բառ եմ որոնում,
Կապանքված մտքեր,
Հուշեր՝ քարացած,
Ձայներ՝ դարաշունչ…

Ես լեռներիդ մեջ՝
Ի՛նձ եմ որոնում…
* * *
Լեռան գագաթը
Ձյուների մեջ է,
Գարունը եկել –
Բացվել է փեշին…

Դեռատի գարնան
Մունետիկ եմ ես…
* * *
«Չգիտեմ ինչո՞ւ արևածագին,
Երբ էլ ուժ չկար, մահը չընտրեցի»:
Ա. ԲԼՈԿ
Մահը չեմ ընտրի.
Ապրել եմ ուզում,
Դեռ սեր կա գալիք,
Ինձ սեր կա գրված՝
Իմ բախտի գրքում…
* * *
Ու ես էլ նրա տարիքին հասա,
Ես էլ նրա պես եղա իմաստուն.
Ով դեռ չի հասել իմ այս տարիքին,
Խոսքիս իմաստը լավ չի հասկանա…
ԵՐԳԻՍ ԹԵՎԵՐԻՆ
Երգիս թևերին հոգիս բարձրացավ,
Լեռան կատարից շուրջս նայեցի,
Հիմա իջնում եմ դաշտերս արձակ,
Երգիս թևերին հոգիս բարձրացավ:
Ինքս՝ որպես լեռ՝ հպարտ, առնացի,
Հատուցման օրվա հավատով անդավ,
Լեռան կատարից շուրջս նայեցի,
Երգիս թևերին հոգիս բարձրացավ:
ԵՐԿՈՒ ԵՐԳ՝ ՍԵՎԱՆԻՆ
Դու՝ պաղպաջուն բառ՝ մեր շրթին,
Նախնադարից մեզ ժառանգված,
Դու՝ մասնակից միշտ մեր երթին՝
Լեռանց ծոցում հպարտ բազմած…

Ժայռերի մեջ՝ բացված ծաղիկ,
Մեր անառիկ դրախտավայր,
Մեր հույզերի հսկա ալիք,
Դու՝ մեր ծնող և մեր… զավակ…
* * *
Ձուլված քո հող ու ջրին՝
Եկել եմ դարձի ճամփով,
Գուցե ծառ եմ կամ ծաղիկ,
Գուցե սեզ եմ, սիզախոտ…

Եկել եմ լուռ ու հեզիկ,
Ոգիս՝ լույսով ջրդեղված,
Բերել եմ շունչը հողիդ՝
Սուրբ հոգուց ինձ շնորհած…
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Վալենտին Կուզնեցովից
Այն ժամանակ ջահել էի՝
Քամուց՝ հնչեղ, սոճուց՝ սիրուն,
Բայց զարկերը սուր կացնի՝
Սրտիս տվին ցավ ու մրմուռ…

Չհատեցին ինձ արմատից.
Լոկ ճյուղերս պոկոտեցին,
Քանի՜ գարուն տեսա նորից,
Որ վերքերս չամոքեցին:

…Ծերուկ ծառիս հին անտառի՝
Մոտ չեն գալիս կացին-սղոց.
Ապրող վկան եմ անցյալի,
Հուշերով լի ու … սրտախոց:
ԸՆԹԱՑՔ
«Չգիտեմ՝ որտե՞ղ եմ հասել,
Չգիտեմ՝ որքա՞ն է մնում».
Ինձանից առաջ են ասել,
Հիմա էլ ե՛ս եմ կրկնում…

Հանձնված օրերի երթին՝
Գնո՜ւմ եմ, գնո՜ւմ եմ, գնո՜ւմ.
Կհասնե՞մ Երկնի շքերթին,
Մեկ օրն էլ՝ բախտ եմ համարում…
* * *
Ծափ ու գովեստ չեմ ուզում.
Ճամփաս փշով մի՛ պատեք.
Բարևեցեք մտերիմ,
Մաքրաժպիտ՝ հեռացեք…

Մարդիկ՝ բարի ու անշահ՝
Վեր են ամեն մի բանից.
Բարդ է ուղիս ու դժվար,
Ծափեր, գովեստ պետք չէ ինձ…
ԱՂՈԹՔ
Ե՞ս աշխարհին բեռ դարձա,
Թե՞ աշխարհը՝ ինձ.
Աստվա՛ծ, ճար արա…

Դուռս՝ փակ, տունս՝ ավեր,
Մարդիկ՝ հեռու, անտարբեր.
Աստվա՛ծ, ճար արա…

Փշե պսակ գլխիս դիր,
Պահիր անունս մաքուր,
Տե՛ր, միակ իմ Սուրբ…
* * *
Երանի քար լինեի՝
Ճաքեի զարկից…

Երանի ձյուն լինեի՝
Հալվեի տաքից…

Երանի հունդ լինեի՝
Ծլեի մեկից…
* * *
Ելնեմ տնից.
Ինչ այստեղ եմ կորցրել,
Գուցե դրսում գտնեմ…

Ելնեմ տնից.
Հեռու-հեռվի սարը գնամ,
Մնամ սարում, էլ ետ չգամ…
* * *
Անպատրաստ էի
Տմարդի քայլին.
Բարձունքում էի…

Անհաղորդ էի
Տարիքի կանչին.
Ձիավոր էի…

Բառից սոսկում եմ,
Մարդկանցից՝ փախչում.
Տիրավոր չէի…
* * *
Ի՜նչ եմ ցանել,
Ի՜նչ եմ հնձում…

Որոմն է ծլել,
Իսկ ցորենը՝ ո՛չ…

Ա՜խ, ցանքս՝
Ցանքս չէր…

Քամի՜ էր, քամի՜
Սնամեջ խաղի…
* * *
Ես, որ լեռ էի
Լեռների շարում,
Անոթ եմ անգո
Հիմա սնամեջ…

Հիմա ես չկամ.
Ո՛չ պատաշարում,
Ո՛չ վեր ու վարում,
Ո՛չ էլ մտքի մեջ…
* * *
Իմ անունը, Երկի՛ր,
Պահի՛ր հողերիդ մեջ.
Խորքո՜ւմ, խորքո՜ւմ, խորքո՜ւմ,
Պահիր ու պահպանիր…
Մի օր, մեկ է, կելնեմ,
Կելնեմ արևերես…
* * *
Ամեն ինչ առար,
Տե՛ր, դու ինձանից,
Գիտեմ՝ երգն էլ ես
Մի օր առնելու…

Օ՜, բարեգութ Տեր,
Նախ՝ կյանքս հատիր,
Ապա նոր՝ երգս՝
Քեզ բարեբանող…
* * *
Ո՛չ լեռնագնաց,
Ո՛չ լեռնանվաճ.
Եղել եմ համառ՝
Լեռնասեր մի այր…
Ճամփաս՝ լեռներով՝
Ինձ նման՝ մենակ,
Ո՞ւմ թողնեմ, ասա՛,
Ուղի ու կածան…
* * *
Միշտ վեր, դեպի վեր՝
Հայացքով, մտքով՝
Երկինքներ ելա…
Առավոտ կանուխ,
Ե՛վ միջօրեին,
Ե՛վ երեկոյան…
Իրիկնանում է.
Վերև գնալու
Էլ հնար չկա՞…
* * *
Կենդանակերպի գրբաց նշանով՝
Ծնվել եմ ես էլ, այո՛, Շան տարում.
(Ի՜նչ իմանայի, որ իմ վարք-բարքով՝
Միայն գայլերի ոհմակ եմ… շահում):

Ես գելխեղդ էի, միայնակ գելխեղդ՝
Համարձակ ելած ոհմակների դեմ…
…Թեև սին խոսքի ես չեմ հավատում,
Եղելությունը ինչպե՞ս չփաստեմ…
ՄԱՆՐԱՆՎԱԳ
Անգամ քայլելիս՝
Ես թևավոր եմ,
Մտքերիս թամբին՝
Ես ձիավոր եմ,
Երբ գոհ են մարդիկ,
Ես հարկավոր եմ:
* * *
Գարնան որոտ ծաղկաբույր,
Արթնացումի զիլ կոչնակ,
Վե՜ր հան, վե՜ր քնածներին.
Ես ոտքի եմ շատ վաղուց…
* * *
Թուխ աչքերը գիշերվա՝
Կամաց-կամաց կապտացան,
Եվ արևը ղողանջեց
Կապտամաքուր երկնքում…
* * *
Հազա՜ր-հազար բույն են պահում՝՝
Թռչունները հազարանուն,
Թռչունների՞ չափ էլ չկանք,
Որ մեր տունը չենք պահպանում…
* * *
Ես լեռներով պիտի գնամ՝
Հանգրվանը իմ վերջին,
Լեռանց համար զինվոր եղա՝
Հավատարիմ Սուրբ կանչին…
* * *
Գրում եմ երգեր՝
Մի շնչում ասվող…
Արտաշնչում եմ՝
Այլ երգի տողում…
* * *
Ոսկուց է սիրտը այս երիցուկի.
Կուզեի կյանքում երիցուկ լինել:

Մաքուր, սրսուռ է ձյունը սարերի.
Կուզեի մի բուռ սարի ձյուն լինել:

Արդար, հնչեղ է ձայնը լույս մանկան.
Կուզեի երգել ձայնով մանկության:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։