Լույսի ճանապարհ
Ես քայլեցի քո ոտնահետքերով,
Եվ դու ինձ տարար դաշտերը ամա,
Ուր քարերն անգամ շրթունքներ ունեն
Արևապեպեն երեսներով գորշ փշերի գրկում…
Ես այդ քարերից մեկն էի ասես,
Այդ չոր փշերից մեկն էի անգամ
Եվ զգում էի հպումն արևի
Ու տիեզերքի անտարբերության…
Լռություն ծորաց հեռացող լույսի կոպերից արծաթ,
Ու ես, պապանձված սեզերից զատված,
Եղեգի նման աղոթք բուրելով, երկինք ձգվեցի,
Շուրթիս՝ շրշյունը մենավոր աստղի…
Էլիզիում
Սա այն տեղը չէ, այն երկինքը չէ,
Որը ծով թվաց, այն քարքարուտը,
Ուր սերմ նետեցիր հոգուդ հասկերից,
Ոչ էլ այն ծառն է կրակածաղիկ,
Որի ճյուղերը թռչուններ դարձան
Լուսնի հմայող մեղեդիներից…
Սա նոր աշխարհ է և նոր ուղեծիր,
Հինը էլ չկա, այն մնաց այնտեղ՝
Լքված, անմռունչ հուշերի ծովում,
Կարոտի կապույտ բիբերում սառած,
Այն ճերմակ ճայի խաղաղ հայացքում,
Որի կռինչով բանաստեղծացար…
Քեզ խանգարո՞ւմ են քո երազները,
Երբ վառվում է լույսը սենյակիդ,
Թե՞ մաքրում են, երբ գիշերվա քամին
Կիսաբաց պատուհանին երազներդ է ճոճում…
Քեզ փոխո՞ւմ են տեսիլքները շնչասպառ,
Երբ պատշգամբին կյանքն ու մահն են խաղում…
Գուցե օգնո՞ւմ են, ճանապարհ բացում
Առանց մասնատման, առանց դրվագների,
Ինչպես օվկիան՝ լռության մեջ,
Կամ անապատ՝ ավազե ստինքներով.
Երբ վերջանում է ժամանակը կյանքի,
Ժամանակը, որ ինչ-որ տեղ միշտ էլ
Շարունակում է պտույտը հնի ու նորի
Իմ, քո, ամենի միջով և՛ ընդմիշտ…
Հայելիներ
Դու կարող ես հիշել անհետ մոռացվածը
Եվ այստեղ մնալ,
Այս մամռոտ քարերի կողքին,
Այս ծղրիդների հետ լուսնի գովքն անել
Եվ այս հողի պես գարուն նկարել,
Բայց ցավն ավելի անտանելի կլինի,
Քան ամենօրյա տառապանքը,
Որ դու կարող ես գտնել ու նաև կորցնել՝
Արևի կարմիրին ձուլվելով
Եվ հորիզոնի կապտամշուշը ցրելով,
Գիտակցության սահմանն անցնելով
Եվ լսելով լուսնային թռչունի երգը,
Մտնել մատուռը մենության,
Մոռանալ ողջը, որ կյանք էր կոչվում,
Գիրը, որ պատիժ էր շնորհված,
Հույզը, մրմունջը՝ պատռված ենթագիտակցության,
Ու տեսնել իրականությունն առանց գույների
Եվ չվախենալ մահվան այբուբենը սերտելուց,
Արձագանքից՝ սեփական ձայնի, ինչը որ թանկ է,
Ինչը զտվել է ժամանակով՝ ղողանջելով քո զանգակատնից,
Եվ փառաբանել է գիշերվա առասպելը լույսի կերպարանափոխությամբ՝
Ցանելով սերմերը արարչական լուսնափոշու մեջ,
Որ օրորոցային երգի քոռ բուն՝
Պատմելով հեքիաթները անտես աստվածների և այն ժամանակների,
Որ գալու են կրկին մշուշված երևակայության տարբեր կետերից
Ու հրդեհելու են հորիզոնը՝ քո սիրով բացահայտված,
Որ ճամփեզրի քարերի հետ սպասում են մատներիդ հպմանը,
Քո տաք խոսքերին հմայական,
Որ մնացին զնդանված շուրթերիցդ ներս՝ այն ճամփաբաժանին,
Որտեղ դեռ կարող ես անվերջ հրճվանքով խոստովանության
Զգալ և ապրել բերկրանքը բանաստեղծության…
Երկունք
Իջնում է թանձր թախիծը՝
Գիշերվա մռայլ հայացքով.
Իբրև սևազգեստ մի կին՝ երգում է,
Ծղրտում՝ բուից վախեցած,
Եվ օրորվում ժայռից պոկված քամու թևին՝
Լուռ ու մութ կիրճեր փնտրելով,
Որ հետո գետին պատմի այդ մասին,
Որ անքուն ջրերը տանեն,
Անդունդը գլորեն պոռթկումը երկուսի՝
Ցավի ու հրճվանքի ճմուռից ծնված,
Եվ գիշերվա թաց աչքերից մաքրեն մաղձը
Ու թախիծը ուրախության վերափոխեն
Առաջին շողերի խանդավառությամբ,
Եվ Լույս մաղթեն արևոտ հայացքով
Ու շարունակեն երգել
Երգերը ներսի…
Երկինք
Այսօր ամպել ես աշնան անձրևով,
Թել-թել մշուշ ես գործել թացից,
Իսկ ես իմ ներսում արևամուտի
Աղջկան եմ քանդակել ցավից,
Որ լուսաբացի շամանդաղում
Վերագտնեմ սերը երկնանուն
Ու գորշ կտավին ասեղնակարեմ
Անթիվ արևներ շողշողուն
Եվ ծառերի պես անվերջ տերևաթափվեմ
Իմ մենությանը…
Բնություն
Մեկ շլացնում ես նորաբաց հարսի շիկնանքով,
Մեկ հասուն կնոջ խոհեմությամբ նախշում ես հմայքներդ…
Սիրո, բերկրանքի դասերի համար կարճ է ժամանակը,
Դրա համար կգամ լեռներդ ճակատախոս մաքրության,
Չեմ ուզում խեղդվել իրերի այս ճահճում,
Երբ արդեն ավարտվել է նախերգը՝
Մենության ճռինչից գազազած,
Եվ չկա էլ սահման հաղորդությանը՝
Անընկալելիի ճաճանչներով պարուրված…
Կգամ, որ խոնարհվեմ հավերժության թագակիր ճակատիդ առջև
Եվ առնեմ պարտությանս պսակը, նվիրվեմ անհայտին…
Գարուն, անձրԵՎ ու սեր
Կտուրներից վերև ազատություն է,
Ալեհավաքներից այն կողմ՝ անվերջ թռիչք:
Բարդիները զուր են տենչում կապույտին հասնել,
Թող օրորվեն (քամիները նոր ռիթմեր են բերել)
Եվ թողնեն ագռավների բամբասանքները
Եվ ներքև նայեն` այս խայտաբղետ քաղաքին`
Անճաշակ գույներով, արևից ու ցրտից խամրած,
Եվ հիվանդ ծառերին, որ չեն կարողանում
Սև բորբոսից մաքրվել մահաբեր,
Եվ փողոցներին նայեն, որ ծիծաղելի են
Կարկատաններով` անիվներից անվերջ պատռվող,
Եվ անցորդներին անուրախ,
Եվ դատարկ բակերին` ճնճղուկի բույն,
Ուր երեխաները հողից հաց չեն թխում էլ,
Ճիչով չեն արթնացնում մեռյալներին…
Այս ամպոտ ու հղի օրերին
Վերև ու ներքև նույն թացն են շնչում,
Եվ գարունը տատմեր ծննդկանի շորերն է արևին տալիս,
Եվ բնությունը երկունքի ցավերից ուրախության
Անձրևներ է շռայլում,
Եվ երևակայությունն անդորր է փնտրում ամպամած ծիրում,
Որ կտուրները, ծառերն ու քարերը ծաղկեն,
Եվ հոգնած քաղաքի երեսին ժպիտ բացվի մայիսի կեսերին
Ծիծեռնակների վերադարձով,
Եվ թող վայելեն ազատությունը
Բոլոր կտուրներից, բարդիներից վերև`
Թովիչ կապույտի, արևի, լույսի, սիրո թևերին…
Ղողանջներ
Ո՞վ կարթնացնի, ո՞վ կկանչի աքաղաղից ավելի հնչեղ,
Ավելի ահարկու, քան ամպրոպը սևամիտ
Ու մատաղի գառի մայունը անմեղ, ո՞վ,
Գուցե լռությո՞ւնը, այն մաքուրն ու միակը,
Որ մեր մեջ է… բայց մենք էլի սպասում ենք,
Փնտրում ենք ամենուր նշաններ,
Նույնիսկ սեփական հայելում՝
Ծիծաղելի դիմակները հանած
Ոչնչի առջև, և կրկին չենք տեսնում պարզը,
Այն մուրացիկին, որի ձեռքը միշտ բաց է,
Իսկ մենք քնած ենք, լուսնոտ ենք, տարված ենք,
Զբաղված ենք ամեն ինչով, ամեն անպիտանով,
Իսկ մեր հոգին հուսահատ ճչում է մենության խորշերում,
Որ արթնանանք նրա ձայնից, նրա կանչից, նրանով,
Ու դառնանք այն, ինչին կոչված ենք,
Ու տեսնենք լույսը մեր հոգու,
Եվ արարչի մասնիկը վառվի մեր սրտերում
Արևից պայծառ, արևից անհոգ՝ ծիծաղելով
Անգիտության այն մանուկ օրերի վրա,
Որոնք հիմա են, միշտ են ու քչերինն են,
Եվ բացառիկներին է տրված հայելուց հայելի տեսնել
Եվ ծիծաղել սեփական չնչինության վրա
Եվ շարունակել շարժումը շարժման ներսում՝
Առանց հանգերի, գույների, նիշերի…
Քաղցր սուտ
Գուցե ես էլ մի օր երազեմ,
Որ ձմեռը երկարի, ու ձյունը ծածկոցը լինի եղած-չեղածի,
Եվ պատուհանից ծիկրակող շողը պլլվի ինձ՝
Սառը ճաճանչները խրելով սիրտս,
Որ մերժման պես ցավ զգամ և ուրախություն,
Որ սյուները հոգուս աներեր մնան
Ամեն մի տեսությունից հետո,
Երբ միտքը հասնի ճշմարտությանը,
Այն իրողությանը, որ կանգուն է պահում
Կամարը անկանգ պտույտի՝
Փնտրելով անդուլ Աստծուն ու մարդուն
Ամեն ինչից դուրս, ինքնախարանման դիվային ճիգում,
Երբ բնության կերպարանափոխման առաջ
Այնքան իրարամերժ են մտքերը, այնքան զուլալված,
Որ միակերպության մոլուցքը
Չհամակերպվող մարդու համար զզվելի է նույնքան,
Որքան դավաճանությունը կենաց ուխտի,
Այն հեքիաթի, որ մի խնձորով է սկսվել
Եվ շարունակում է մանուկների ու բանաստեղծների հոգիներում
Ամեն առավոտ և ամեն իրիկուն,
Երբ լուսինն է զրույցը շարունակում
Աչառու աստղերի համասփյուռում…
Իսկ ձյունը, իմ երազած ձյունը իջնում է,
Իջնում է նույն անշտապ քայլերով՝ ծածկելու եղած-չեղածը
Դերարար մի գարնան համար՝
Հուշի սառույցներում ծպտված…