ՍԻՐՈՒՆ ՏՂԱ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

(Պայմանական իրականություն, երազային պատմվածք)

Նա աշխարհ եկավ վաղ առավոտ, լույսը չբացված, մորը՝ Ֆլորին մահացու ցավեր պատճառելով, որի տառապալից կանչերն արձագանքում էին դեռևս քնած քաղաքում։ Նախածննդյան ինն ամիսները նույնպես անտանելի եղան։ Ֆլորն արդեն երիտասարդ չէր, որ հեշտ ու թեթև ապրեր իր հղիությունը, որը կարծես շարժվում էր ոչ թե կլոր անիվներով, այլ՝ քառակուսի կամ եռանկյուն։ Փորը մեծանում էր ժամ առ ժամ։ Շուտով ահռելի դհոլ դարձավ, թվում էր՝ ներսում մի քանի երեխա, որոնք անկանոն դհոլում էին նրա մարմինը։ «Մեռնում եմ,- հաճախ ասում էր նա ամուսնուն՝ իրենից բավականին տարեց Զավենին,- դու ինչո՞ւ չես մեռնում»։ Զավենն ուրախ էր, որ չի մեռնում, և երջանիկ, որ շուտով, ծերության շեմին արու զավակ է ունենալու։ «Բա որ աղջիկ լինի»։ «Ես իմ ցանածը լավ գիտեմ, կին»,- հպարտանում էր ամուսինը։ «Ինչո՞ւ այսքան ուշ ցանեցիր»։ «Հասկացիր, լավ է ուշ, քան երբեք»։ «Արի միասին մեռնենք»։ «Անխիղճ Ֆլոր»։ «Դու ինձ չես սիրում»։ Զավենը սիրում էր կնոջը, բայց այդ ժամանակ դեռևս չծնված իր որդուն ավելի սիրեց։

Երբ մանկաբարձուհի Լալան առաջին անգամ մոր ձեռքը տվեց երեխային, որ իր ծիծկաթով կերակրի, Ֆլորը տեսավ, թե նա որքան տձև է, առավել տգեղ, քան Զավեն հայրը, կարծես հոր բազմապատկված այլանդակությունը լիներ։ Բերանը՝ լայն ու երկար՝ ականջից ականջ։ Շեղաչք։ Քիթը՝ սար ու ձոր։ Արդեն մի քանի առաջամաս ծուռ ատամներ ուներ։ Շրթունքները՝ հաստ, ծանր ու կպչուն։ Այնպիսի ոգևորությամբ էր քաշում մորական թանձր կաթը, կարծես ինն ամիս, իրականում մի ամբողջ դար և ավելի սոված էր եղել։ Ֆլորը փորձեց նրա բերանից ազատել ծաղկած պտուկները, սակայն տղան ատամներով դրանց այնքան ամուր էր կառչել, որ նա սուր ցավ զգաց։

Նորածնի տգեղությո՞ւնն էր պատճառ, թե՞ մեկ ուրիշ բան, գուցե Ֆլորն ամաչում էր այդքան այլանդակ երեխային հորը և հարևան-բարեկամներին ի ցույց դնել, որ նա ոտքը կախ գցեց ու չէր շտապում տուն վերադառնալ և ծննդատանը մնաց գրեթե երեք շաբաթ։

– Ինչքան սիրուն է,- բարուրված երեխային գիրկն առնելով` ասաց երջանկությունից շաքարի պես հալվող Զավենը։

– Քեզ նման տգեղ,- ասաց Ֆլորը,- կարծես ոչ թե իմ փորից, այլ քո քթից ընկած լինի։

– Ես էլ եմ սիրուն։

– Եթե դու սիրուն ես, բա տգեղն ո՞վ է,- չարացավ կինը։- Բախտներս բերեց, աղջիկ չի, հազար տարի տանը կմնար։

– Դու լավ էլ ամուսնացար ինձ հետ։

– Ես սիրուն եմ։

– Դու սիրուն, ես սիրուն, մեր երեխան սիրուն… Որոշեցի. անունը դնում եմ Սիրուն Տղա։

– Աշխարհը չի ընդունի, եկեղեցին չի կնքի։

– Աշխարհի ու եկեղեցու հերն էլ անիծած, դրանք ո՞վ եղան, որ իմ ցանկությանը հակառակվեն։

Ֆլորը համեստ ու խոնարհ կին էր և, ի վերջո, չուզելով` կուլ տվեց ամուսնու որոշումը։ Նորածինը ի լուր աշխարհի ու եկեղեցու դարձավ Սիրուն Տղա՝ երեկ, այսօր և հավիտյանս հավիտենից։

Աշխարհը շուռ էր եկել, եկեղեցին՝ նմանապես։ Մարդկությունը հիացած էր՝ Սիրուն Տղան այնքան տգեղ է, որ գեղեցիկ է երևում շատ ավելի, քան Միքելանջելոյի մարմարակերտ «Դավիթը»։ Սիրուն Տղայի հոբելյանական տասնամյակի առթիվ Հռոմի պապը մագաղաթե շնորհավորանք հղեց սիրունների ընտանիքին՝ «Աստված Սիրուն Տղային պահի-պահպանի կաթոլիկներիս համար»։ Զավենն ու Ֆլորը չգիտեին՝ ովքեր են այդ կաթոլիկները, որտեղ են բնակվում, և պապից նեղացան՝ ինչո՞ւ միայն դուք, բա մե՞նք, և իրենց ծնողական դժգոհությունն ուղարկեցին Հռոմ` սխալմամբ գրելով «Հոռոմ»։ Մեծահոգի պապը մի թուղթ մեղայականով նրանցից ներողություն խնդրեց. «Աստված Սիրուն Տղային ողջ-առողջ պահպանի ի երջանկություն ձեզ և ամբողջ մարդկության, Հոր և Հոգվոյն Սրբո, ամէն»։

Ամուսիններն ապրում էին սիրո ծաղկանոցում, հաշտ ու խաղաղ և հպարտանում իրենց զավակով` շարժելով շատերի նախանձը, որոնք բարի ու գեղեցիկ երեխաներ ունեին, բայց կարծում էին՝ նրանք տգեղ են ու չար։ Այս հակասության հիմքով ընտանիքներ քայքայվեցին, առաջացավ խոր անջրպետ ծնողների ու զավակների միջև, հակասությունը երկճղվեց հակընդդեմ ուժերից, առաջացան միմյանց թշնամի կուսակցություններ, հազարամյա երկրի գլխավերևում շողաց դամոկլյան սուրը։

Արդեն մի քանի հարյուրամյակ մարդագետ գիտնականները տալիս-առնում էին, թե երբ, ինչպես և ումից է առաջացել մարդը։ Սիրուն Տղայի աշխարհ գալով այդ վեճն ավելի բորբոքվեց։ Նրա տեսքի ու տեսակի ազդեցությամբ փորձ էր արվում ապացուցելու, որ մարդն առաջացել է կապիկից, որ նոր գաղափար չէր և դարձյալ արժանանում էր միանգամայն տրամաբանական հակաճառության. ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ քարե դարից մինչև այսօր, միլիոնավոր կապիկներից անգամ մեկ մարդ չառաջացավ։ Ասացին նաև՝ մարդը ծագել է խոզից։ Գուցե։ Այժմ էլ մեր շրջապատում այնքան խոզաբարո մարդիկ կան։ Բայց դա ավելի զգացմունքային, քան գիտական թեզ էր։ Մարդու ծագումնաբանության հարցում երկար ժամանակ կանգ առան և Աստծո վրա՝ մարդուն ծնել է Աստված, որ դարձյալ բազմիցս կրկնված հնություն էր և մերժվեց ընդամենը մեկ տեղին ու անխուսափելի հարցով՝ իսկ ո՞վ է Աստծուն ստեղծել, եթե Աստված էլ մարդ է, լույս, հոգի, գերմարդ։ Իսկ այն կարծիքը, թե աշխատանքն է ստեղծել մարդուն, ոչ այլ ինչ էր, քան ընդամենը քաղաքականացված եզրահանգում, ջուր՝ որոշ պետությունների ջրաղացին։ Ոչ մեկի մտքով չանցավ, որ մարդուն ստեղծել է ո՛չ թե կապիկը, ո՛չ թե խոզը, ո՛չ թե աշխատանքը, ո՛չ թե Աստված, այլ՝ բնության ու աշխարհի հանդեպ մեծ սերն է ստեղծել մարդուն, քո մեջ ու քեզնից դուրս սերը սիրելու գործողությունը։

Սիրուն Տղան թեև անօրինակ տգեղ էր, բայց միտք ու հոգով չափազանց խելացի ու աշխատասեր, որը նույնպես դեղին նախանձություն էր ծնում՝ շատերին մատնելով սրտամաշ անքնության։ Երբ նա ոսկե մեդալով ավարտեց դպրոցը և պետական համալսարանում դարձավ աստղաֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, համազգային նախանձը փոթորկվեց իններորդ ալիքով։ Մեր երեխաները՝ ծույլ ու անբան, գիրք չեն կարդում, տգետ ու երեսառած, իսկ սա, մի սրան տեսեք, օր ու գիշեր քեֆ է անում աստղերի հետ։ Արդարությունը մեռել է։ Աստված էլ չկա։

Մի գիշեր Զավեն հայրը քնեց և առավոտյան չարթնացավ։ Ճաշին էլ էր խոր քնի մեջ։ Միայն երեկոյան կողմ Ֆլորը հասկացավ, որ ամուսինը մեռած է։ Նրան տարան, թաղեցին Հոռոմ գյուղում, իր ծնողների մամռակալած շիրմաքարի տակ, որտեղից շատ ու շատ տարիներ առաջ եկել էր Երևան՝ մարդ դառնալու։

– Դու էլ նոր սեր արա, մայրիկ,- սգավոր Սիրուն Տղան այս բառերով մխիթարեց սգավոր Ֆլորին։

– Իմ տարիքում էլ ի՞նչ սեր։

– Սերը տարիք չի ճանաչում, մա։

– Կարծո՞ւմ ես։

– Համոզված եմ։

– Ես քեզ եմ սիրում։

– Ես էլ քեզ։

Սիրուն Տղան սիրող ու սիրառատ էություն էր ծնված իսկ օրից։ Սերն անթառամ ծաղիկ էր նրա հոգում։ Սիրում էր այն ամենն, ինչ կա աստղերի ներքո՝ ամբողջ բնությունն ու կենդանական աշխարհը։ Միայն փողի ու ստի հետ էր ատելու չափ անհաշտ։

Այդ ժամանակ հայ-ամերիկյան կինովարպետները ցանկացան Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վիպասանությունը վերածել ֆիլմի։ Ըստ երևույթին նրանք ենթադրում էին, որ այդ հռչակավոր ճարտարապետությունը մի օր հրի ճարակ պիտի դառնա, հարկավոր էր նրա ամբողջական դիմապատկերը փրկել ճակատագրական մոռացումից։ Ռեժիսորներն աշխարհով մեկ որոնում էին հարմար մի դերասան, որը կմարմնավորեր սարսափելի տգեղ մարմնի հոգեղեն մեծ սերը երիտասարդ գեղեցկուհի Էսմերալդայի հանդեպ, ստեղծելու աստվածային տաճարին հարիր սիրո և գեղեցկության կինոռեքվիեմ։ Երկար ժամանակ դա նրանց չէր հաջողվում, որովհետև երբ հասարակությունն ամբողջովին այլանդակ է, շատ դժվար է, գրեթե անհնարին նրա մեջ տգեղություն և սեր համատեղող մարդ գտնել, առավել ևս՝ դերասան։

Մի լույս օր հայ ռեժիսորը Աբովյան փողոցում այս ու այն կողմ դեգերելիս պատահաբար նկատեց մի անհավատալի տգեղ տղամարդու, որի ձեռքին ճերմակ ծաղիկ կար։

– Արի իմ ետևից,- խնդրելու հանգով հրամայեց նա։

Մտան սրճարան։ Աղջնակը, որ կույս չէր, սուրճ մատուցեց։

– Քեզ ինչպե՞ս կոչեմ։

– Սիրուն Տղա։

– Հիանալի է,- ասաց ռեժիսորը։- Ծաղիկն ո՞ւմ ես նվիրելու։

– Մորս։

– Հիանալի է,- կրկնեց ռեժիսորը։- Ճիշտ իմ ուզածն ես։ Տգեղություն և ծաղիկ։ Հակասությունների միասնություն։ Պատրաստվիր։ Մեկ շաբաթից գնում ենք Փարիզ։ Դու մեր ֆիլմում կխաղաս Քվազիմոդոյի դերը։

– Բայց ես դերասան չեմ,- շփոթվեց Սիրուն Տղան։

– Ինձ դերասաններ պետք չեն, որոնք բոլորն էլ կեղծ ու անբնական խաղ են խաղում։ Քեզ պես բնական մարդ էի որոնում և գտա։ Սիրուց դու կտառապես, կերջանկանաս ու կմեռնես։ Միայն դու կարող ես այդպես ապրել այս կարճ կյանքը։

Ֆիլմի նկարահանումները տևեցին շուրջ մեկ և կես տարի։ Հաջողությունն աննախադեպ էր։ Բազմաթիվ գովեստներ տպագրվեցին աշխարհի առաջատար պարբերականներում։ Ամեն դիտող արտահայտում էր իր սրտի, հոգու և աչքերի հիացմունքը։ Միայն Վիկտոր Հյուգոն լուռ մնաց, չէր կարող խոսել, քանզի ֆիլմի ստեղծումից հարյուր տարի առաջ արդեն մահացել էր և թաղվել մեծանուն ֆրանսիացիների Պանթեոնում։

Ռեժիսորների չարաշունչ ենթադրությունը շուտով իրականացավ. հրդեհը ճարակեց Փարիզի Աստվածամոր տաճարը։

Միջազգային մի քանի փառատոներում ֆիլմն արժանացավ բարձր գնահատության։ Իբրև «Տարվա ֆիլմ»՝ մասնակցեց նաև ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Տաղանդավոր կինոգործիչներից բաղկացած խստապահանջ հանձնաժողովը «Տղամարդու գլխավոր դեր» անվանակարգում Քվազիմոդոյի դերախաղի համար միաձայն «Օսկար» շնորհեց Սիրուն Տղային՝ նշելով նրա ազգությունն ու բնակության վայրը (հայ, Երևան, Արմենիա)։ Երբ «Գրական թերթում» այս լուրը տպագրվեց, շատերը նախանձությունից դարձան խելագար, մի քանիսին էլ ծայրահեղ խելագարության պահին զսպաշապիկ հագցրին և տարան գժանոց, որտեղ նրանք երկաթաճաղ դուռ ու լուսամուտի ետևում մեկուսացած գտնվում են մինչև օրս։

Աշխարհն անտրամաբանական պատերազմների մեջ էր։ Նորահայտնի համաճարակը ձախ ու աջ, վերև ու ներքև, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միլիոնավոր մահեր էր սփռում։ Պետություններն իրենց բնակիչներից պահանջում էին պաշտպանիչ դիմակ կրել և տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ հաց և դեղորայք գնելու։ Շատ երկրների միջև ամեն տեղաշարժ՝ լինի ինքնաթիռով, ոտավար թե գնացքով, արգելափակվեց։ Կինը խուսափում էր ամուսնուն սիրել, ամուսինը՝ կնոջը, սիրելիս էլ դիմակ էին կրում, որով սերը վերածվում էր մի անհամ գործընթացի։ Օտարացան ծնողք ու զավակ, բարեկամ, քավոր, հարևան, նույնիսկ ննջեցյալները, որոնք իրար չէին ժպտում, բարև չէին տալիս, չէին հետաքրքրվում միմյանց որպիսությունից։ Ամեն շփում սպառնալիք էր գոյությանը, պետք է թքած ունենայիր սեփական կյանքիդ վրա, արհամարհեիր մահը՝ մնալու ազատ և ազատամիտ մարդ։ Աշխարհում դա շատ քչերին հաջողվեց։ Նրանցից մեկն էլ նրբամարմին, ժպտերես գեղեցկուհի Անժելինա Ջոլին էր, որը Աստվածամոր տաճարին նվիրված ֆիլմում Էսմերալդա էր պատկերում՝ ալեկոծելով կաղ ու տգեղ Քվազիմոդոյի կապույտ սիրո ծովը։

Ջոլին ժամանեց Արմենիա՝ «Օսկարը» հանձնելու Սիրուն Տղային։ Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում, որտեղ այդ երեկո ասեղ գցելու տեղ չկար՝ պետական այրեր, հասարակ ժողովուրդ, հայ ու օտարազգի նշանավոր արվեստագետներ, տեղի ունեցավ բացառիկ հանդիսավոր արարողություն։ Բոլորը ոտնկայս լսեցին ու երգեցին Արմենիայի օրհներգը։ Դահլիճում ծածանվեցին եռագույն դրոշներ։ Սիրուն Տղայի հագին՝ սև ֆրակ, ճեփ-ճերմակ տաբատ ու վերնաշապիկ, սև թիթեռ-փողկապ։ Ջոլին բարձրացավ բեմ և ոսկեզօծ «Օսկարը» պահելով գլխավերևում՝ ի ցույց դրեց ամբողջ մարդկությանը։ Ժողովրդական դերասան Փանոսը դերասանական շեշտադրումներով կարդաց Ամերիկայի ներկա և անցյալ նախագահների շնորհավորանքը Սիրուն Տղային, նրան երջանկություն և ստեղծագործական նոր հաջողություններ մաղթեց նաև Հռոմի պապը իր ու նախորդ բոլոր պապերի անունից։ Վաստակավոր դերասան Փանոսուհին, որ ժողովրդական Փանոսի երրորդ կինն էր, բեմ ելավ ուսաբաց կարճ շրջազգեստով և հրապարակեց շատ երկրների նախագահների, վարչապետերի և հոգևոր հայրերի շնորհավորական տեքստերը Սիրուն Տղային ու հայ ժողովրդին։ Միայն Ռուսաստանից ծպտուն չեկավ։ Ամենայն Հայոց քահանայապետը «Հայր մեր» խոսեց, խաչով խաչակնքեց Սիրուն Տղային և «Օսկարը», հետո երբ Ջոլիին էր խաչակնքում, միայն նրան լսելի, որ ոչ ոք չլսի, ասաց՝ «Սիրուն ջան, քեզ իմ «Բելաջո» հյուրանոցում ճաշի եմ հրավիրում, մենակ կգաս»։ Ջոլին այդ ակնարկը հասկացավ և Բելաջո չգնաց՝ չդավաճանելու Սիրուն Տղային, որին սիրահարվել էր դեռևս «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Այն օրերին Ջոլին ինչ չէր արել համեստորեն ու անվստահությունից, համարձակորեն ու ոգևորված կատարեց այժմ։ Նա ոչ թե որպես Էսմերալդա, այլ՝ Ջոլի, գրեթե անթաքույց կրծքերով փարվեց Սիրուն Տղա Քվազիմոդոյին և նրա շրթունքները համբուրեց։ Երկար համբուրում էր, լեզուն վիբրացիայի հանգով թրթռացնում նրա բերանում։ Հետո զգաց ու զգաց նրա թրթռուն համբույրն իր շուրթերին։ Անդադար լիզում էին իրար և լիզլիզվում։ Այդ ընթացքում դահլիճը հրճվալից ծափահարում էր, կարծես դիտում էր «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմի երկրորդ մասը։

– Ախչի Անժիկ, փչացածի մեկը, լեզուդ հանիր տղայիս բերանից, տղա ջան, ինձ խայտառակ մի՛ արա,- դահլիճից բղավեց Ֆլորը, բայց նրան լսող չեղավ։

Դահլիճում ծանոթ-անծանոթ՝ տղամարդ ու կին, կին ու կին, տղամարդ ու տղամարդ, մոռացած համաճարակ, պատերազմներ ու սով, ֆիլմի հերոսների օրինակով գրկախառնվեցին, համբուրում և լիզում էին միմյանց և չէին հագենում, բռնաբարության փորձեր էլ եղան։ Մեկ էլ մի խումբ կույս կանայք և անկույս աղջիկներ նետվեցին բեմահարթակ, Ջոլիին քաշքշելով պոկեցին Սիրուն Տղայից և գրկեցին, համբուրեցին, լիզեցին նրան՝ իրենց ծարավ զգացմունքներին հագուրդ տալու։ Հետո դարձյալ մի խումբ տղամարդիկ, իրար հրմշտելով, վազեցին բեմ և Ջոլիի վրայից պատռելով հանեցին շրջազգեստը՝ նրան մերկ տեսնելու ցանկասիրությամբ։ Ջոլին մորեմերկ չէր, հագին՝ ծաղկավոր լողազգեստ, որը մասամբ շղարշում էր նրա ամենակնոջը։ Տղամարդկանցից մեկը, նախկին քահանա, ձեռքը տարավ լողազգեստը հանելու, սակայն Ջոլին նրան ապտակեց։ Տղամարդկանցից ոմանք էլ, համընդհանուր խառնաշփոթից օգտվելով, շոյեցին Ջոլիի մերկ մասերը և, ապտակի չարժանանալով, երջանիկ էին, որ ճակատագրի կամոք մասնակից են Սիրուն Տղային «Օսկար» շնորհելու անմոռանալի արարողությանը։ Կանայք ավելի երջանիկ էին, որ օսկարաշնորհ Սիրուն Տղա են համբուրել։

Ռաֆֆի Ադալյանից ձայն եկավ. «Բուն թռչուններից ամենագեղեցիկն է։ Տգեղ թռչուն չկա։ Աշխարհում ոչ մի տգեղ բան չկա։ Կա միայն «տգեղ» բառը»։

Պատմվածքը սրանով չավարտվեց, այլ կշարունակվի միասնական ոճաբանությամբ ու տարաբնույթ ձևակառուցվածքներով թե՛ հերոսների և թե՛ ընթերցողի համար։

Տղամարդիկ Անժելինա Ջոլիի պատառոտված շրջազգեստն ավելի պատառոտեցին, մկրատով դարձրին հազար ու մի կտոր և հավասարաչափ բաժանեցին իրար  մեջ։ Որոշ կանանց էլ Ջոլի հասավ, բայց՝ խտրականորեն։ Մեկ անգամ ևս աշխարհին ի ցույց դրվեց, որ տղամարդիկ ու կանայք քսանմեկերորդ դարում ևս անհավասար հավասարություն են։ Մի քանի օրից շրջազգեստի փերթերը փայլուն թղթով մեկ առ մեկ փաթեթավորեցին՝ վրան Ջոլի, և վաճառքի տարան սև ու սպիտակ շուկաներ, բանուկ խաչմերուկներ և սուպեր մարկետներ։ Սկզբնապես առևտուրը կանգնած էր։ Բայց երբ տեսան ու համոզվեցին, որ փաթեթում իսկապես Ջոլին է, ապրանքը տանող տանողի եղավ։

– Ջոլի տուր։

– Վերջացել է։

– Ջոլի ունե՞ս։

– Վաղն արի։

Փաթեթն ավելի մեծ պահանջարկ էր վայելում, քան գյուղատնտեսական ու արդյունաբերական ապրանքները։ Իրար Ջոլի էին նվիրում։ Հարսանիքներին ու հոբելյանական ծնունդներին Ջոլիի շրջազգեստի մի ծվենը ոսկի արժեր։ Դոլարային կաշառքը փոխարինվեց Ջոլիով։ Ով Ջոլի չուներ, նա մարդ չէր։ Ջոլիի գողին սպառնում էր ցմահ բանտարկություն։ Ազգային ժողովում ընդդիմադիրների կողմից առաջարկություն եղավ Ջոլիի գողին դատապարտել մահապատժի՝ առանց հաշվի առնելու որևէ նրբացուցիչ դեպք հանցանաց կամ անմեղության կանխավարկածը, սակայն մեծամասնություն կազմող իշխանական թևն այդ առաջարկությունն էլ մերժեց՝ պատճառաբանելով, որ դա անհարիր է ժողովրդավար երկրին։

Պարզ չէ՞, այդքան աշխույժ առևտրում մի օր Ջոլին պիտի սպառվեր։ Տղամարդիկ, որ նրա վրա տաղանդավոր առևտրական էին դարձել, դիմեցին խորամանկության՝ իրենց կանանց շրջազգեստներից փերթեր քաղեցին և, նույնկերպ փաթեթավորելով, իբրև Ջոլի հանեցին շուկա։ Սակայն կեղծիքը շուտով բացահայտվեց. դրանցից ոչ թե Ջոլիի ծաղկաբույրն էր գալիս, որին արդեն ծանոթ էին, այլ՝ այդ կանանց հոտած-անլվա ճահճային հոտը։ Մեր առևտրականները դեմ առան պատին և շուտով էլ ճարպկորեն թռան պատից այն կողմ, որտեղ Ջոլիի լողազգեստն էր գտնվում։ Լավ հիշողություն ունեցողները հիշեցին, տեսան, շոշափելու պես շոշափեցին Ջոլիի վերն ու վարը և դարձյալ իրենց կանանց լողազգեստների մասերը մասնատելով և վրաները քաղցր օծանելիք շաղ տալով՝ ավելի ընտիր փաթեթավորմամբ տարան շուկա։ Այս անգամ խաղը հաջողվեց։ Սակայն իմանանք, ամեն խաղ, շատ խորանալիս, ի վերջո դառնում է խաղամոլություն և ձանձրալի ու վտանգավոր թատրոն։

– Ինչո՞ւ ես թանկացրել։

– Ջոլիի կրծքերն են,- ինքն էլ հավատաց, որ վաճառում է Ջոլիի կրծկալը։

– Երեք Ջոլի տուր։ Մեկը՝ շեֆիս, մեկը՝ կնոջս, մեկն էլ՝ սիրուհուս։

Այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այս իրադարձությունները, Երևանում և նրա շուրջը կային զանազան ու զարմանազան կուսակցություններ, խմբավորումներ ու քաղաքական մաֆիաներ, շատերը՝ թալանչի, կեղծ ու պատեհապաշտ։ Տեսնելով ժողովրդի աչքում Սիրուն Տղայի օրըստօրե աճող համբավը, ժողովրդյան հարգանքն ու սերը նրա նկատմամբ՝ կուսակցությունները որոշեցին ամեն գնով նրան իրենցով անել՝ ժողովրդական երևալու համար։ Սակայն ոչ մեկին դա չհաջողվեց։ Սիրուն Տղան մինչև վերջ հարազատ մնաց իր ինքնությանը։ Ահա այդ պահին հայտնվեց զառամյալ մի խմբակ, որը հարյուր ու ավելի տարիներ տառապում էր իշխանատենչության անբուժելի ախտից։ Նա բանագնացների եռյակ խումբ կազմեց՝ Մողեսը, Բոբոն՝ ծնված ի Ծապլվար, որդի ընկեր Փանջունու, և Ագռավը, որոնք թեև արդեն հասուն ու մամռակալած այրեր էին, սակայն հպարտությամբ կրում էին իրենց պատանեկան տարիների թաղային մականունները, և ճանապարհեց Սիրուն Տղայի տուն։ Չէ, դատարկ ձեռքով չեկան, հետները թթի օղի էին բերել և լավաշով  փաթաթված գառան խորոված։

– Բարև, ընկեր ջան։

– Աստծո բարին։

– Առողջությո՞ւնդ…

– Հիանալի։

– Մենք էլ՝ հիանալի։ Աստղերի վրա հեղափոխականներ կա՞ն։

– Աստղերը փայլում են։

– Մի օր այնտեղ էլ կշատանանք և իշխանություն կգրավենք։

Մողեսն ու Ագռավը Բոբոյին, որն իրենց մեջ ամենալեզվանին էր, աչքով հասկացրին, թե ճիշտ պահն է բուն գործին անցնելու։

– Սիրելի ընկեր Սիրուն Տղա որդի Օսկարի,- Բոբոն ոտքի ելավ, ուղղեց կապույտ փողկապն ու կապույտ շրջանակով, կապույտ ապակիով ակնոցը, ինչի կարիքը բնավ չկար, քանզի ուղիղ էին տեղավորված պարանոցին ու կապույտ քթին, և խոսքն այսպես ետ ու առաջ տարավ։- Ընկեր Օսկարը մեր ժողովրդի հոգևոր եղբայրն է։ Գեղեցկուհի տիկին Ֆլորը մեր շատ սիրելի ժողովրդի մայրն է, դարձյալ հոգևոր։ Ես իմաստուն ու հոգևոր ազգ եմ։ Կեցցե՜ մեր հեղափոխությունը երեկ, այսօր և վաղը, կեցցե՜, կեցցե՜…- Մողեսն ու Ագռավը ծափահարեցին, որից Բոբոն ավելի ոգևորվեց։- Ով մերոնցից չի, ոչ կեցցե և մահ ու մահ նրան։ Զարթնիր, լաո,- Բոբոն մի քանի տող երգեց,- մեռնեմ քզի ու չմեռնեմ։- Ծափահարություն։ Բոբոյի ակնոցը վայր ընկավ։ Նա կռացավ, բարձրացրեց կապույտ ակնոցը և որպես օղ՝ կախեց ձախ ականջից՝ ներկաներին հիշեցնելով իր սեռական կողմնորոշումը։- Դժվար ու պատմական ժամանակ ենք ապրում, ժողովուրդը՝ մահացու փոսի մեջ, ժողովուրդ ջան, ո՞վ կփրկի քեզ, ես եմ փրկիչը, դու ես փրկիչ, թանկագին Սիրուն Տղա։ Սա է կռիվը մեր վերջին, մաշեցնենք թունավոր ծառի արմատները, սպանենք ու սպանենք հողատուներին ու ոռատուներին։- Բուռն ծափահարություններ։- Կեցցե՜… Արդեն հաղթել ենք… Կեցցե՜…

– Ես չեմ հաղթել,- վերջապես ասաց Սիրուն Տղան։

– Կուսակցական երդում կեր,- ծափահարելով ասաց Ագռավը։

– Երդվում եմ չերդվել,- ասաց Սիրուն Տղան։

Ինչպես մահացու ճակատամարտից հետո, աշխարհին տիրեց հեղափոխական լռություն։ Ագռավն իր ծոցագրպանից, Բոբոն ու Մողեսն՝ իրենց, փողի մեկական կապոց հանելով՝ դրեցին սեղանի վրա, թթի օղու լիտրանոց շշի և խորովածի միջև։

– Վերցրու,- ասացին,- տունդ վերանորոգիր, կահույք, մեքենա և քեզ պես սիրուն մի կնիկ առ, կանխավճար է, երդումիցդ հետո էլի կստանաս։

– Ես փող չեմ սիրում,- վերջապես ասաց նա։

Շատ զարմացան՝ կարծելով, թե Սիրուն Տղան մարդ չէ։ Գուցե այդպես էր։

– Բա ի՞նչ ես սիրում։

– Ճշմարտություն,- ասաց նա։

Նրանք շփոթված նայեցին իրար.

– Ախր մենք ճշմարտություն չունենք, հավատա, չունեցած բանը ո՞նց տանք։

– Բա ի՞նչ ունեք։

– Փող,- ասաց Ագռավը։

– Կալաշնիկով ու նռնակներ,- ասաց Մողեսը։

Սիրուն Տղան կիրթ ու կրթված մարդ էր և ասաց.

– Խնդրում եմ, գնացեք, դժբախտ կլինեի, եթե ձեզ չճանաչեի, հիմա երջանիկ եմ։

Բոբոն սեղանից հավաքեց փողերը, օղին ու խորոված գառը, որ այդ ընթացքում սառել էր, լցրեց ցելոֆանե տոպրակի մեջ և փնթփնթացող ընկերների հետ տնից փախավ։

Եկող վաղ առավոտյան, փակ դռների ետևում տեղի ունեցավ կուսակցության ղեկավար մարմնի արտահերթ գաղտնի նիստ, որը տևեց մինչև ուշ գիշեր ու չվերջացավ, և արդեն հաճախակի սրճխումով շարունակեցին նաև ամբողջ հաջորդ օրը։ Ղեկավար մարմինը՝ բաղկացած մի քանի միաձույլ, միմյանց սերտաճած մարմիններից, ըստ էության մեկ մարմին, հետևաբար՝ մեկ ուղեղ, մեկ բերան, մեկ կապույտ քիթ, մեկ թոք, սիրտ ու երիկամունք, մնացածը չասեմ, բանագնացներին մեղադրեց Սիրուն Տղային կուսակցություն բերելու սխալ, ծույլ ու անվճռական գործողությունների մեջ։ Բանագնացները լռելյայն չհամաձայնելով՝ գլխիկոր ու բարձրաձայն մեղայի եկան։ Հիմնական մեղադրանքը հնչեց այդ երեկոյան և հաջորդ օրը. դուք քաղաքական աններելի սխալ եք թույլ տվել՝ փողը Սիրուն Տղային ներկայացնելով իբրև կաշառք, թեև, մեր մեջ ասած, օտար մարդ չիմանա, այդպես է, այլ՝ ոչ որպես բարեգործություն ու մարդասիրություն, այդ ինչո՞վ էիք մտածում, լռեք, լավ գիտենք։ Ամենամեծ ու աններելի սխալը, ընկեր հարբեցող Բոբո, կատարեցիր դու՝ խորովածն ու թթի օղին ետ վերցնելով, դրանով իսկ վիրավորելով մեր առատաձեռն ու հպարտ կուսակցության արժանապատվությունը, նաև Սիրուն Տղային թշնամացնելով մեզ, բա որ գնա ու մտնի մեզ հակառակորդ կուսակցության շարքերը, հը՞, հասկանո՞ւմ ես ինչ ես արել։ Մողեսն ու Ագռավը միաձայն արժանացան խիստ նկատողություն։ Իսկ Բոբոյի կուսակցականությունը կասեցվեց երեք ժամով։ Ո՞ւր են փողերը։ Փողերը վերադարձրեք։

Գիշերվա ընթացքում Բոբոն հասցրել էր մի քանի հազար դրամ տակով անել, բայց ոչ ոք դա չիմացավ։ Մինչև իսկ չկասկածեցին։

Ամեն կաթոգին մայր երազում է իր տուն բերել որդուն արժանի գեղեցիկ, կուսական, մաքրասեր, օրինակելի հարս։ Դա ոչ միշտ է հաջողվում, ահա թե ինչու հարս ու կեսուր հարաբերությունները հաճախ թշնամական են, ինչպես կատվի ու շան։

– Սիրունս, քո ամուսնանալու ժամանակը վաղուց եկել է, քեզ կաթնակեր աղջիկ է պետք։

– Ես ամուսնացած եմ, մա։

– Ո՞վ է…

– Անժելինա Ջոլին։

– Հիմա կմեռնեմ։

– Մենք իրար սիրում ենք։ Ամեն րոպե մտքով իրար հետ ենք, իրար մեջ։ Ես Ջոլիին սիրեցի շատ տարիներ առաջ, երբ ստեղծվում էր «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմը։ Նա էլ ինձ սիրեց։

– Բա ամուսի՞նը…

– Բրեթ Փիթից բաժանվել է։

– Երեք երեխա ունի։

– Երկու աղջիկ։

– Իրենց մոր նման բերան լիզող։ Ուզում ես էդ անտերներին հա՞յր կանգնել։

– Աշխարհի բոլոր երեխաները իմ երեխաներն են, մա։ Ջոլին հրեշտակ է։

– Բայց կույս չի։

– Քսանմեկերորդ դարն է, մա, իսկ դու ասում ես նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին։

– Վաղը գնամ Հոռոմ և մի կաթնակեր կույս բերեմ։

– Հոռոմի աղջիկները վաղուց մոռացել են կաթի համը։

– Ես էլ եմ հոռոմցի,- ասաց Ֆլորը,- հիմա էլ ամեն օր կաթ եմ խմում։

– Դու ուրիշ ես, մայրիկս,- ասաց Սիրուն Տղան։- Խնդրում եմ, սիրիր Ջոլիին։

2022 թվականի մայիս ամսվա վերջին շաբաթն էր։ Գրվում էին այս պատմվածքի ավարտական նախադասությունները։ Բացօթյա արևաշող սրճարանում մայր ու որդի հինգ համարի փարիզյան սուրճ էին խմում։ Կիթառահարը հիշում էր Իոհան Սեբաստյան Բախին։ Մոտեցավ դիմակավորված սատանան և Սիրուն Տղային գնդակահարեց։ Ոստիկանը գետնին գտավ Կալաշնիկովի մեկ պարկուճ։ Քանի որ Սիրունի մահը ձեռնտու էր շատերին, ոչ ոք պաշտոնապես կամ անպաշտոն չասաց՝ ով էր սատանան, ով է կանգնած նրա առջևը կամ ետևում։

Հեռավոր Ամերիկայում Ջոլին լսեց կրակոցը և ցավից ճչաց, կարծես իր սիրտն էին գնդակահարել։ Նա գնաց Փարիզ և արդեն վերակառուցված Աստվածամոր տաճարում մոմ վառեց ու սև դիմաքողի տակից իր տղամարդուն աղոթք և սեր շշնջաց։ Շատ ու շատ տարիներ, գուցե դարեր հետո Հոլիվուդի Աստղերի փողոցի մայթին անհուն տիեզերքից իջավ նոր աստղ հայերեն ու անգլերեն մակագրությամբ՝ Սիրուն Տղա և Անժելինա Ջոլի։

2022 թ.

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.