Վաչագան Ա. Սարգսյանի օրինակելի մեկ գիրքը / Թորոս ԹՈՐԱՆԵԱՆ

Հեղինակը արտակարգորեն խնամված իր այս գործը կոչած է «Մեծ գիրք փոքրերի համար», մինչդեռ մեր մայրենի լեզուն պաշտելու սահմանված այս աշխատասիրությունը իր արժանի գունագեղությամբ հրատարակված ըլլալուն, ընթերցումի գրգռիչ առիթ է նաև մեծերի համար: Մայրենի լեզվի գանձատուն մը այս գիրքը, ուր կհանդիպենք մեր մշակույթի բոլոր ճյուղերուն, ոչ միայն երաժշտության, թատրոնի, պատմագիտության, պարի, գրականության, այլ նաև երգիծագրության ու թվաբանության ուժին:
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը հեղինակած է 11 դասագիրք, 16 ուսումնական ձեռնարկ, 16 գեղարվեստական հրատարակություն, 30 ուսումնաօժանդակ մատյան, 11 գիտահանրամատչելի երկ, և թարգմանած տասը հատոր գրականություն, այս բոլորը հանուն մայրենի լեզվի պանծացումին:
Անշուշտ Վաչագան Ա. Սարգսյանը միակը չէ, որ նման առաքելության մը նվիրած է իր ողջ կյանքը: Բարեբախտաբար անուններու թվումը մեզ դեպի հեռուն կտանի: Բայց կրնանք հաստատել, որ մայրենիին հանդեպ նվիրյալներու հույլին մեջ իր ակնառու տեղը կգրավե Վաչագան Ա. Սարգսյանը:
Ընթերցողը շվարումի կարենալ մատնող այս հատորին մեջ կհանդիպիք հետևյալ վերադիրներու.
երկտողեր, երգում են տառերը, զարմանալի Ա-Ֆ տառերը (երգող Այբ, բեն, գիմ հուլունքաշար), լեզվատրամաբանական, չափածո մաթեմատիկա, բառը ափի մեջ, շուտասելուկներ, սուտասելուկներ, հանելուկներ, հեքիաթներ:
Մեկ խոսքով, հեղինակը հանդես եկած է նոր տասնաբանիայով մը, որ հայկական ըլլալու առավելությունը ունի ու կհատկանշվի պարզությամբ ու տրամաբանությամբ: Այստեղ հույժ կարևոր է նաև շեշտել պատկերազարդումը տրված բոլոր գործերուն, որոնք ավելի տպավորիչ կդարձնեն մատուցածը հատկապես պատանիներու համար:
Հեղինակը «Երկու խոսք»-ով կբանա իր ծաղկալի ագարակին դռները, ուր կկարդանք. «Սիրելի մեծեր և փոքրեր, այս գիրքը մի յուրօրինակ շտեմարան է: Յուրօրինակ է թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ: Գրքում հայերեն յուրաքանչյուր տառի համար ստեղծվել է 11 բաժնից բաղկացած մի հավաքածու, որն ընդգրկում է 39 երկտող՝ տառերի առանձնահատկությունների մասին, 80 նույնտառիկ չափածո և արձակ ստեղծագործություններ, որոնց բոլոր բառերն սկսում են նույն տվյալ տառով, 147 հանելուկ, 44 լեզվատրամաբանական չափածո առաջադրանք, 43 չափածո մաթեմատիկական նյութեր` խնդիրներ, առաջադրանքներ, մաթեմատիկական հասկացությունների մասին երգեր, 40 սուտասելուկ, 50 շուտասելուկ, ընթերցանության համար նախատեսված արձակ և չափածո 130 ստեղծագործություն»:
Սիրելի ընթերցողներ, նման գանձատունի մը որ բաժինը որ ներկայացնել ուզենք, կրնա գրքի մը բովանդակության հավասարիլ, այսքան լարում, երբ բոլոր օրինակները հեղինակային են. չըսի՞նք վերը, որ ընթերցողը թեև կմատնվի շվարումի, բայց նաև կդառնա ուրախության ալիքներու լողորդ:
Ա տառով կսկսի հատորը Ֆ տառին հասնելու ճիգով մը, ուր լեզու կառնեն, կերգեն մեսրոպյան հանճարի ծնունդ մեր տառերը:
Երգել կսկսի Այբ տառը.
Առաջինն եմ, Ա-ն եմ ես, // ԱՅԲ անունով տառն եմ ես, // Ձայնավոր եմ, ա՜յ այսպես, // Արարատից ինձ գիտես, // Արագածից, արևից, // Աստծո տված բարևից…
Տակավին հոս են, երգի մեջ են Արան՝ կենսատու, Հայկը՝ լայնալիճ աղեղով, Անահիտը՝ ոսկեծամ, Աստղիկը՝ ոսկեծին, արար աշխարհը` հրաշալի: Միայն մեկ էջ և անոր մեջ` Հայ աշխարհը ընծայված ընթերցողին: Մեկ խոսքով, Այբ տառին Վաչագան հայագետը հատկացուցած է 20 էջ: Իսկ այդ էջերուն վրան դեռ որքա՜ն չափածո և արձակ նյութ կա՝ ընթերցելու համար, վայելելու համար: Ուրեմն որպիսի՜ նորություններ պիտի ունենա Հայ պատանին շարունակելի 380 էջերի վրա:
Երգում են ոչ միայն տառերը:
Երգում են ածականն ու գոյականը, հնչյունն ու տառը, բառն ու նախադասությունը և այլն, և այլն:
Բարդ բառի երգից մի քառատող.
Մեկից ավելի // Արմատ ունեմ ես, // Ամեն մի արմատ // Բառ է պարզապես:
Չափածո և արձակ նյութերով բուրգ ալ կկազմենք, բազմանկյուն նկար կգծենք ու բեկյալ չենք մնար, բզեզն անգամ մեզ կշալկե ու մեր ուզած տեղը կտանի մեզ: Բաբկենի պարտեզին մեջ ալ բամբակ կտեսնենք, բազում, բազմավանկ, բազմապատիկ, բազմապատկել, բազմազան, բյուր, բևեռ, բռնակալ, բառերին, հետո Բաբելոնյան աշտարակաշինության ևս կհանդիպենք:
Մեկ օրինակ՝ պատմություն, որի բոլոր բառերը կսկսին Բ տառով:
ԲԱՐԴԻՆ ՈՒ ԲՈԽԻՆ
Բարդին բացականչեց. // – Բարձրացե՜լ եմ, բարձրացե՜լ եմ, բոլորից բա՜րձր եմ: // Բոխին բարկացավ. // – Բավակա՛ն է: Բոլորից բա՜րձր եմ, բոլորից բա՜րձր եմ: Բարձրը բալենին է, բերք ու բարիք է բռնել, բալ է բաժանում բոլորին:
Ի՜նչ հարստություն…
Այսպես որ քալենք մինչև Ֆ տառը, կդառնանք ոչ թե միլիոնատեր, այլ` միլիարդատեր: Հոս պահ մը կենանք ու մեզ հարստացնող` Վաչագան Ա. Սարգսյանին ըսենք, որ մնացյալին թող իրենք ծանոթանան:
Տեսաք, հայ տառերը ուրե՜ր կրնան հասցնել մեզ Վաչագանի շինարարի Մեծ գրքով:
Վայ թե սակայն ըսէ. այս Սփյուռքի տղան ալ եկած Երևան, իբր գիրքս կը գրախոսե, կիսատ-պռատ հոդված կը գրե: Կարևորը` Մեսրոպ Մաշտոցը գոհ է քեզմե` Վաչագան:
Պատասխանե՞մ Վաչագանին:
– Եղբայր, միտքս գրքիդ մասին գիրք մը գրելը չէր: Ձեռքերդ դալար մնան: Եթե քիչ մըն ալ գրեի, ընթերցողները երկար եղավ պիտի ըսեին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.