Գրականությունը դարերի մեջ հայրենիք է կերտում, հայրենիքը՝ գրականություն: Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Թումանյանի, Վարուժանի, Սիամանթոյի, Չարենցի, Տերյանի, Մաթևոսյանի ստեղծած հոգևոր Հայաստանը ապրեցնում է և ուղենշում երկիրը: Ժամանակները գալիս և անցնում են. հոգևոր Հայաստանն է մնայուն: Ամեն ազգ ունի իր հոգևոր-մշակութային երկնոլորտը, որով պայմանավորված է նրա զարգացումը: Հին Հունաստանը ճանաչելի է Հոմերոսի «Իլիականով» և «Ոդիսականով»: Շեքսպիրը մինչև այսօր անգլերենով գրավում է աշխարհը: Տոլստոյն ընդարձակեց Ռուսաստանի տարածքները, Դոստոևսկին հոգուն հաղորդակից դարձրեց: Ջոյսը Ոդիսևսի ճամփորդությունը Հին Հունաստանից դարերի միջով Իռլանդիա հասցրեց ՝ իր հայրենիքն ազատելով Մեծ Բրիտանական իշխանությունից և եղած ու ապագա գրական ներկապնակի ընդգրկմամբ հաղթանակներ ապահովեց անգլերեն գրականության համար: Գերմանական լեզվամտածողությունն է ապահովում երկրի հզորությունը և եվրոպական անսահման տարածքներում նրա առաջնորդությունը: Գյոթեից մինչև Գյունթեր Գրաս մեծանում է նրանց հոգևոր հայրենիքը: Այսօր նրանք բոլոր լեզուներով ժամանակակից գրականության ավիշով հարստացնում են իրենց մշակույթը՝ թարգմանաբար, ընթերցումներով, համացանցային բազմալեզու կայքերով: Իսկ Հայաստանը այլոց համար երբեմն ճանաչելի է Մանդելշտամի գրականությամբ:
Ո՞ւր են տանում հայ գրականության ուղիները. թռիչքների թևերի՞ն են, թե՞ անկումների եզրին, համաշխարհային գրական օվկիանոսո՞ւմ, թե՞ իր ծովերը կորցրած՝ լեռներից գահավիժող գետերում: Ողբերգության մատյա՞ն է այն, նաիրյան մորմո՞ք, հույսի ու լույսի հայրենի՞ք, թե՞ դարեր անց՝ մեր սարերում-փակ, աշխարհախորթ, ինքն իրենով միայն ամենին հաղորդ: Կայսրության մեջ պատերի դեմ սարերում կարելի էր ինքնանալ, բայց ազատության մեջ ինքնությամբ պիտի ներկայանալ: Կարելի է մարկեսյան գրչով հարյուր տարվա մենությունը համաշխարհայնացնել, բայց համացանցային դարում ոչինչ չի կարող ներփակ լինել, մենությունը ևս: Առավել շատ ներընդգրկողն է հնարավոր՝ պատմություններ, ժամանակներ, տարածություններ, ոճեր, լեզուներ…
Դյուրահավատներին հավատաքննաբար հավատազրկելը շրջադարձում է ոչ միայն իրականությունը, այլև՝ մտածողությունը: Ու մեզանում դա ունեցել է իր հետևանքները: Ռուսերենի կայսերական տիրապետությունը նույնիսկ թարգմանություններն է իրենով որոշել, այլ լեզուներով գրականության հետ առնչությունները պայմանավորել: Բարձր պիտի լինեն մեր գրականության սյուները` համաշխարհային գրականության բարձր արժեքներին հաղորդակցվելու համար: Այլապես աշխարհի գրական օվկիանոսից ցածրարժեքը թվացյալ ազատությամբ կարող է ներհոսել մեր գրականություն, ինչպես սովետական երկրի փլուզումից հետո եղավ: Եվ ծփանք է պետք օվկիանոսում, ոչ թե լեռ կամ քար լինել:
Մեզ՝ գրականությունն իբրև հոգու թռիչք ապրողներիս համար հայրենիքը քայլելու երկիր պիտի լինի՝ քայլքով աճի: Սակայն հաճախ թռիչքների համար երկինք գտնելն ավելի հեշտ է, քան քայլելու համար՝ մաքուր հող: Փոքր լինի երկիրը թե մեծ՝ հարաբերական է, մեկ երկիր, հիմքում մեկ լեզու է: Եվ օտարերկրացու համար Հայաստանն ու հայերենը նույնքան հետաքրքիր են, որքան մեզ համար այլ երկիրն ու լեզուն:
Մեր` հիմնականում երկնահայաց երթի մեջ լեռնակուտակ ամբարներ են. մատենադարանյան ձեռագրերը՝ բազում, սկսած 7-րդ դարից, Գերմանիայում` 9-րդ դարից: Մերը հաճախ մեր երկրում իսկ չընթերցված, ուրիշների համար անընթեռնելի է, նրանցը՝ իրենց երկիրն ընթերցմամբ սնող, ուրիշներին՝ հայտնի: Աշխարհում հզորների գիրն է երևելի: Բայց հզոր հայրենիքի համար պոետները անպիղծ շուրթերով պետք է խոսեն: Որ մաքուր հնչի դարերով գրված, բայց երկրի հողին երբևէ չիջած հոգու մեր Հայրենիքը: