Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ / ԵՐԱԶԱՆՔԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ

Սկզբում երազանքն էր, հիասթափու­թյան ծանր թմբիրը մեզ հետո պատեց, երբ օրերը նստվածք տվին, և հոգսի թռչունը անհայտ հեռուներից եկավ ու թառեց մեր ուսին: Եվ տաք, հեռացող ժամանակի երազանքը, մեր խակ օրերի խատուտիկ երազանքը հանկարծակի գունաթափվեց, երազանքի նյարդը մեր մտքում ջղաձգորեն թրթռաց, ու մենք կծկվեցինք մեր հոգսի և մեր ամոթի արանքում: Դա ժամանակափոխության առաջին ալիքն էր, որ առաջին ապտակի դառնության պես ծանր ու ստորացված տարանք: Դարձյալ մենք էինք, դարձյալ նույն դեմքերն էին, բայց հանդիպելիս հայացքներս շփոթված փախցնում էինք, որովհետև միասին վրիպելու դառնությունը դեռ արթուն ու հոգեմաշ պտտվում էր մեր բացդուռ հուշերում: Նախախնամու­թյան մա՞տն էր խառը, անփորձության խակությո՞ւնն էր մեզ մոլորեցրել, թե՞ լինելիքի թաքուն տրամաբանությունն էր ուղի հարթել մեր բնազդների հետնախորշերում: Ինչևէ. այն օրերի հավաքական գնահատականը պարզ արձանագրում էր` խաբվեցինք: Ումի՞ց` ճակատագրի՞ց, սատանայի՞ց, թե՞ մեր քնած արյունը մեր հոգու հետ խաղաց: Հարցնենք ինքներս մեզ` իսկ ի՞նչ էր մեր ուզածը. գաղափա՞ր, անկախացած երկի՞ր, թե՞ որովայնի հոգսի կապը կտրած պարտադրանքն էր մեզ հունից հանել: Անկախությունը մեզ համար ոգո՞ւ նվաճում էր, Աստծու ընձեռած հնարավորությանը տեր կանգնելու արժանապատվությո՞ւն, թե՞ վերացարկված գաղափար: Անկախ երկիր կերտելը մեզ համար հավաքական կամքի փորձարկո՞ւմ էր, ինքնադրսևորման պատեհու­թյո՞ւն, թե՞ նորաթուխ բդեշխների տնկարան: Պատմությունից կարծես թե դաս էինք առել, կարծես թե հասկացել էինք, որ երկիր ու հայրենիք ունենալուց առաջ նախ այդ երկիրն ու հայրենիքը քո մեջ որպես գաղափար պիտի ունենաս և նոր միայն մտածես այդ գաղափարը աշխարհագրական տարածք դարձնելու մասին: Ունե՞նք այդ գաղափարը, թե՞ շահի հմայումն է, ի վերջո, մեր գոյության առանցքը: Մենք իրակա՞ն երկրի մեջ ենք ապրում, թե՞ երկրի գաղափարի, մենք մի՞շտ ենք տարանջատում տեսանելին ու երևութականը, մեզ մի՞շտ է հաջողվում նյութեղենը զատել իր գաղափարից, թե՞ դեռ խցանի գաղափարով շշի բերանը փակելու մոլորության մեջ ենք:
Բայց երկիր թե երկրի գաղափար` մենք նախ խնամքով մասնատում ենք. պատահականության քմահաճույքով իշխանավոր ենք` պետությունը մեր տակին թամբած նժույգ ենք կարծում ու մտրակավորվում ենք, վիրավորված, բարդույթներով տառապող ընդդիմություն ենք` մեր ինքնաոչնչացնող մաղձի մեջ ենք, պետությունը մեզ թշնամի ենք կարծում: Եվ քաղաքական դաշտի հակառակ բևեռներում նստած պետության և պետականության ընկալման մեր դասընթացներն ենք քարոզում: Իսկ մեջտեղում ժողովուրդն է. կիսատ խոսքը՝ ճաքած շուրթին, անփետուր հույսը՝ եղունգի ծայրին, հայացքը` Տիրոջ խղճի դարպասներին… Ինքն իր ցավի մեջ թել-թել մանվում ու կծկվում է, հետո քանդվում ու հուսահատությանը թևանցուկ` քոչում է. մեկ-մեկ, երկու-երկու, երամ-երամ… Արդյունքում` սև խաչերով մեխված դռներ, որբացած ու ամայացած այգիներ, կմախքացած արտեր… Եվ հույսի ցամաքած լճակ: Իսկ Հայաստանը՝ պուճո՜ւր-պուճուր, հայը` հազիվ մի բուռ: Քոչում ու մեր ջրաղացի ջրով օտարի ջրաղացի չախչախն ենք պտտում: Սա ի՜նչ սատանայական մոգություն ու ան­տրամաբանական գոյավիճակ է. սերմը դրսում, սերմնացանը դրսում, հույսը դրսում, ցավը ներսում… Մեր ձին չափ գցած սլացանք ու կես ճանապարհին մոլորվեցինք և մեր բաժին հրճվանքը մորմոք դարձրինք: Բայց ձեռքներս ճար չկար. բռունցքներս սեղմում էինք` եղունգներս ափերս էին ծակում: Ինքներս մեզ ոգևորեցինք, ասացինք` բա անկախությունը հո հանաք բան չի… Բայց դեմներս ցուրտ ու խավար էր, խեղված ճակատագրեր ու ջղաձիգ զրկանք էր, մահվան թափառող ուրվականը դարձյալ մանգաղավորվել էր, և մեր տառապանքը անդագաղ թաղված մեր մեռելների խուլ մորմոքով չափակշռեցինք, որ նրանք հարություն առնելուց հետո բարևներս առնեն… Եվ հացի հոգսում ջլատվելով` անկախությանը ցնցոտիներ հագցրինք, անկախությունը դարձրինք ոտաբոբիկ մուրացկան ու նույնացրինք թշվառության հետ: (Իսկ ո՞վ է թշվառին պաշտում): Եվ ամենավեհը խարազանի տակ գցեցինք…
Իսկ արանքում հուշն էր. ամբողջ ազգով 88-ի հյուսած հեքիաթի մեջ էինք. բանտված ոգու ժայթքում էր, երկինք պարզած բռունցքի և երդման հրապարակում մի պատառ հացը տասը հոգու մեջ էինք կիսում ու հեքիաթի վերջում դրախտ պատկերացնում, իսկ երեկվա դեղնակտուց փիլիճը, որ գոմաղբի գլխին ծուղրուղու կանչելու աքլորական նախավարժանքները կիսատ թողել ու շնչա­կտուր քաղաք էր ընկել, իր նախապապի քարանձավային տեսիլքով հմայվեց, աճպարարի հմտությամբ անակնկալ փետրավորվեց ու այդ տասը հոգու բաժինը մենակ խլեց: Մինչ մենք երկու հասարակարգի արանքում մոլորված, ափ շպրտված ձկան նման բերաններս էինք բացուխուփ անում, նա իր սև գործն արեց. հիմնավորապես կշտացավ-տռզեց ու իր նորակառույց դղյակի պատուհանից կարգի հրավիրեց թոկից փախածներիս. «Բա կարելի՞ է անկախությունը փնովել, բա ամոթ չի՞, բա դուք գետինը չե՞ք մտնում, անկախությունն, ախր, մեր զավակն է…»: Փարախից` դղյակ, ի՜նչ սրընթաց այլակերպություն: Կապը կտրած մտքի ի՜նչ խոյահար թռիչք: Ողորմի քեզ, Քաջ Նազար (կամ` ճիտդ փորիդ տակը մնա), դու էս ի՜նչ մազալու բախտատեր էիր, էս ի՜նչ տիեզերական թափի առեղծված էիր, որ քո զարմը էսպես հարատևորեն է կենսունակ…
Իրողության փաստի առջև պապանձված` մեզ այլևս բան չէր մնում անել. անզորության թե ներողամտության թեթև ժպիտը դեմքներիս առանք, խուճապահար շփոթի մեջ մեզ մի կերպ տիրապետեցինք, կատակի հանգույն միջամտեցինք, ասինք. «Բա մե՞նք, գրող տղերք ենք, բա ո՞նց կլինի, գոնե մի պատառ հաց չունենա՞նք, որ նստենք հանգիստ գրենք»: Ասաց. «Դուք իբր էդ ինչի եք գրում որ, էն ա Թումանյան Հովհաննեսը հայի պատմությունը տակետակ գրել վերջացրել ա»: Ասինք. «Բա կռված տղե՞րքը»: Ասաց. «Կռված տղերքն ի՞նչ. կարող ա՞ ինձ ու իմ հոր համար են կռվել, թե՞ Արաբստանն են թալանել ու ավարը մեր տուն բերել»: «Բա քո թալա՞նը»,- ասինք: «Էդ թալա՜ն չի,- ականջից ականջ երանությամբ ժպտաց,- էդ խելքի հաշիվ ա»: Եվ դեմքին թատրոնի դիմակ հագավ ու ապիկարներիս սովորեցրեց ապրել կարողանալու արվեստը. «Պոչդ խաղացնելով, աննկատ-աննկատ մտնում ես իշխող կուսակցության դրոշի տակ, ու ամառը՝ հո՜վ, ձմեռը՝ տաք… Իշխանությունը փոխվեց, իշխող կուսակցությունը փոխվեց, անցնում ես նոր կուսակցության դրոշի տակ: Մարդու կյանքն էլ ինչ է` արև էր, վառվեց անցավ»: Ասինք. «Բա գաղափարախոսությո՞ւնը»: «Ի՜,- լրիվ հիասթափվեց, ասաց,- էշ ծնվել եք, էշ էլ կմեռնեք»:
Այդ այդպես եղել ու այդպես էլ լինելու էր, որովհետև մեր խաթարված մտքերում անկախության գաղափարը տարբեր թանձրացումներով էր հունցվել: Մեզ համար անկախությունը ֆիդայու կտրված ոտք էր, ցրտից դողացող երեխայի արցունքոտ աչք էր, խավարում մարմրող հալիվորի խուլ տնքոց էր, զրկանք ու նվիրում էր, ոգևորություն ու ոգու ճախրանք էր, թիրախի 10-ին խփված նետ ու հիասթափություն էր, բայց արդյունքում` մի վե՜հ ու վսեմ արժանապատվություն` փառքդ շատ, տեր Աստված, մեր պապերի երազանքը դու իրականություն դարձրիր… Մերը նպատակը գեղեցիկ դարձնելու և գեղեցիկ տեսնելու սիրահարվածություն էր, քոնը, Փիլիճ` չոր հաշվարկ` դանակի ու դմակի մասին սերտված հեքիաթ: Անկախությունը մեզ համար Նժդեհի ոգով հունցված ասք ու լինելիության աղոթք էր, քեզ համար, Փիլիճ` երկնքից ընկած երեք խնձոր, և մի շքե՜ղ հեքիաթ. Արթիկի վառ­վռուն տուֆով պարսպապատ դղյա՜կ, այգին` դղյակի շուրջբոլորը ծփացող դրա՜խտ, աղբյուրի մաքուր ջրով լցված լողավազանը` Աստծու երջանկության արցո՜ւնք, դու` լողավազանի կապույտ ցոլանքում խայտացող իշխա՜ն, դղյակին հարակից տաղավարում տողանի կանգնած Ջիպերիդ խատուտիկ զորագունդը` Սասնա կռվին հասնող փրկությո՜ւն… Եվ փողի համն առած անթիվ սիրուհիների նազանք…
Բա քո սիրասուն կողակի՜ցը` տիկին Փիլիճուհի՜ն… Թամաշան բողբոջել-պայթել ու հին թատրոնի համ էր տվել. դու քո անձնական գործերով Մոսկվա էիր մեկնել, ու կինդ իր հարազատի ծնունդին մենակ էր գնացել: Տանտերը հետաքրքրվել էր. «Ամուսինդ ո՞ւր է գնացել»: Ու շարունակությունը ականատեսի պատմությունն էր. «Կարծես կռահելով` ես ուշադիր հետևում էի տիկնոջ մտքի ու դիմախաղի ընթացքին. նա գիտեր, որ ինքն այդտեղ հավաքվածների շողշողուն հետաքրքրասիրությունն է, և հենց այդ գիտենալու մեջ էլ նա կերպափոխվե՜ց. մեծավորի կին լինելու հրճվանքը դեմքին շողաց, խելացի երևալու ցանկությունը մտքի հեռավոր անկյունում բողբոջեց-վետվետաց, բառերն իրար հրմշտելով նոր ձև ու բովանդակություն առան, ու նա կոտրատվելով բարբաջեց. «Կառավարության կազմումը արտասայման է ուղեփոխվել…»: «Ինչո՞ւ է արտասայման ուղեփոխվել»,- հարցնողի շրթունքները խտղտալով ետ էին գնում: Տիկինը մազափունջը նազանքով ականջի ետևն անցկացրեց, ասաց. «Հանձինս պետության գործերովը…»:
Խե՜ղճ պետություն… Աչքերիս առաջ կինոյի պատկերն եկավ: «Բա եղա՞վ, Պավլե՛, էդ ո՞նց ես խոսում պետության հետ»: «Սա է պետությունը՞, տո դու ես պետությունը՞, պետության հացը որ ձրի ուտում ես, կարծում ես՝ պետություն ե՞ս. պետությունը Ավագն է, որ կնիկ չունի, ժամանակ էլ չունի` կնիկ առնի…»:
Տիեզերքն էլ խորք ունի, ճահիճն էլ. տիեզերքի խորքն Աստծու բնակատեղին է, ճահճի խորքը` սատանայի: Հիմա տիեզերքի խորքը ճահճի խորքի հետ նույնացրած Փիլիճը եկել ու անկախությունը մեզանից է պաշտպանում. «Բա ամոթ չի՞, բա կարելի է՞ անկախությունը փնովել, բա դուք գետինը չե՞ք մտնում…»: Մի հարցնող լինի. «Բա կարելի՞ է, պստիկ պարոնիկ, մեր երազած ու փայփայած անկախ երկիրը խորտկարանի հետ շփոթել ու անկախության գաղափարը քյաբաբի բույրով օծել, բա ամոթ չի՞ ծուղրուղուն կիսատ թողնել ու գալ էստեղ ամբիոններից ճառ ասել:
Աքլորը քարոզչի վերարկու հագած,
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք:
Պահի պատեհությամբ առաջնորդվենք և մեր մեջ պայթող բառի արձագանքով ականջիդ բան ասենք. «Սխալվել ես, պարոն Փիլիճ. գոմաղբի գլխին ծուղրուղու կանչելով գուցե դու մի օր թրիքի մեջ ոսկի դառնայիր, բայց եկար ու ոսկու մեջ թրիք դարձար»: Թե չէ` եկել ու ջրիկ ուղեղի և կուշտ փորի անհաշտ աղետով բարոյախոսո՜ւմ ես. «Բա դուք գետինը չե՞ք մտնում…»: Այ ձյունը գլխիդ, կասեր ժողովուրդը, որ փորացավդ գլխացավիդ հետ ես շփոթում. անկախության անունը տալիս ուրիշների պռոշն է ճաքում, իսկ քո որովայնն է ճաքում…
Ահա և մեր երազանքի երեսն ու աստառը, կեղևն ու միջուկը, պատկերն ու այդ պատկերի արտացոլքը: Արդարի, վսեմի, ճշմարիտի փնտրտուքով երկիր կառուցեցինք, բայց շատ հաճախ այդ կառույցի պատերը սխալ շարեցինք, սխալ շարված պատերը սխալով սվաղեցինք-հարթեցրինք. մեր հորինած հեքիաթը սարքեցինք բամբասանք, սիրո վրա ատելության շապիկ հագցրինք, զոռբայությունը դարձրինք ապրելու սկզբունք, և արդյունքում` հավատացյալն աղոթեց` Աստծու հաջողությունը խուժանին ուղեկցեց, այգեպանը այգի տնկեց` բերքը վայելեց օտարը, անտաղանդները մրցանակ ստացան, տաղանդավորները` ինֆարկտ, ու հավաքական միտքը հեռուներից արձագանքեց-զնգաց Ջիվանու մեկ տողի հազարբերան ղողանջով.
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած…
Խոսքը գնաց, ու մեզ մնաց մեր մտքում հյուսված նախնական հեքիաթը: Վսեմագույն հայի գաղափարն էլ՝ մեջը: Մաքրամաքուր հայի կառավար տեսակի գաղափարն էլ՝ սպիտակ ձիու վրա: Արդարության փողփողացող դրոշն էլ՝ ձեռքին…
…Ու վրա հասավ տևական թմբիրը: Քսանհինգ տարի շարունակ մենք հոգնած մրափում էինք ասես անգիտության մշուշներում. այն ուժասպառ ձիու վիճակում էինք, որին նստած` մտրակելով սպանդանոց են տանում: Ձիուն նստած` ձիուն մտրակելով սպանդանոց են տանում: Վախճանի շունչը, թվում էր, մեզ արդեն վերջնականապես պատել է, բախտի կամքին հնազանդ` մեզ արդեն հանձնել էինք դիպվածի ողորմածությանը, ու մեկ էլ… նրանք եկան` անկախության զավակները, եկան ու թուրքի հարամ շունչը մեր մայրերի ու քույրերի, մեր աղջիկների ոտուփեշին շուլալվելու վտանգի դեմն առան, եկան ու գրքերի խունացած էջերում մարմրող լինելիության առասպելը իրականություն դարձրին, թղթի վրա վավերացված անկախության գաղափարը անկախ երկիր դարձրին, իրենց կամք ու կորովով, իրենց ոգով ու արյունով, իրենց ձիավոր վարքով ու մտրակի զորությամբ: Ու երեկվա ֆիդային կանգնեց զինվորի կողքին: Իր մեջ արժանապատվություն կրող հայը կանգնեց զինվորի կողքին: Հայրենիքից հեռացածը եկավ ու կանգնեց զինվորի կողքին: Մենք գտանք իրար, ամբողջացանք և ասես ազգովի նորեն հայտնվեցինք 88-ի արթնության աղջամուղջի մեջ… Ասում ենք` եկան, բայց իրականում նրանք վաղուց էին եկել, պարզապես մենք նրանց չէինք ճանաչում: Ու ճանաչեցինք: Ճանաչելուց հետո հպարտացանք ու չիմանալու համար ամաչեցինք: Իմանալուց հետո նրանց արևով երդվեցինք: Եվ մրմունջը մեր շուրթից պոկվեց ու աղոթք դարձավ. «Աստված ձեզ պահապան, տղե՛րք, դուք եք մեր հավատի մատուռը, մեր երկրի աղն ու նշխարքը, մեր արևն ու լույսը, քաջակորո՛վ տղերք, ձեր ցավը տանեմ, տղե՜րք…»: Քաջերին օրհնեցինք ու քաջաբար ընկածների հոգու անմահության համար մոմ վառեցինք: Իսկ դու, Փիլիճ, զոհվածների մասին լսել, բայց լսածդ չէիր ընկալել, գետափնյա խորտկարանում, հարբած ուղեղի մղձավանջով, ձայնդ գլուխդ գցած երգում էիր. «Պատրոնդաշս կապել եմ…»: Բայց դու այդտեղ էլ ստեցիր, երգի մեջ անգամ խաբեցիր, որովհետև քոնը պատրոնդաշ չէր ու անհայրենիք մարդու զառանցանք էր. պատրոն ասելով դու քյաբաբի ձողիկներ էիր հասկանում: Հետո կարծես սթափվել, ասել էիր. «Բա ոնց, հայրենիքը զոհեր է պահանջում (ո՞ւմ հայրենիքը, Փիլիճ, քո՞, թե՞ նրանց): Միտքդ գորտի պես սառն էր, որովհետև այդ զոհվածը քո զավակը չէր (Աստված մի՛ արասցե), ու ուրիշի զավակն էր. քո զավակը հոլանդիաներում-բաներում էգ ու որձի արանքում վարդաջրով ցողված-մոլորված` դեռ իր սեռային ինքնությունը պարզելու փնտրտուքի մեջ էր: Իսկ զոհվածը… Դու կարո՞ղ ես հասկանալ մարտադաշտում ընկած զինվորի մորը, որը իր միակ զավակի չգոյության մղձավանջում ցնորվել ու պարում էր երկրի ու երկնքի արանքում… Չես կարող հասկանալ, քանզի հասկանալու համար մտածելու կարողություն պիտի ունենալ, իսկ դու չունես, Փիլիճ, որովհետև քո գլխի և որովայնի մեջ նույն նյութն է… Սիրտդ՝ նույնպես: Հոգիդ էլ` վերադիր: Մեր շնչին ծանրացած քո աղետալի գոյությունը, որ գնալով պատուհասված նողկանքի երանգ է ստանում, շալակի բեռան նման դեռ տանում ու անճարի հաշտվածությամբ մեզ մխիթարում ենք` Աստված ավելի վատից ազատի: Լինել-չլինելու այս միգամած գոյավիճակը դեռ չմարսած` հիմա էլ մտահոգությունն է մեր մեջ ահագնանում-թանձրանում. վաղը, մյուս օրը մեր զինվորները զորացրվելու են, գան, նրանց` կատարյալներին, ի՞նչ աչքերով ենք նայելու` իրենց մայրերի՞ աչքերով, թե՞ ավանդական ծեսով` եղունգ ունես, գլուխդ քորի: Բայց այս կարգի վերաբերմունքն էլ չի աշխատելու. մեզ պաշտպանողներին կարող է հարկ լինել մեզանից պաշտպանվել, որովհետև աչքը տեսածից է վախենում, գիտենք, որ անկատարները կատարյալներին կատարելապես նսեմացնելու արվեստին փառահեղ են տիրապետում…
Էս է, Փիլիճ, եղած-չեղածն էս է. Հայաստան դրախտ աշխարհը քեզ համար քո ամրոցի շքեղությամբ է դրախտ, մեզ համար` աղոթք է ու ճակատի գիր: Էսքան մի բան, Փիլիճ: Բայց մի հարցում ես քեզ հետ լիովին համաձայն եմ. քո ձևակերպումը ճիշտ է, որ անկախությունը մեր զավակն է, միայն թե այդ զավակը առողջ ժամանակ է քո զավակը, երբ հիվանդանա` մենք ենք սնարի գլխավերևում կանգնելու, մտածելով, որ զավակի հիվանդանալու հարցում ծնողն էլ մեղքի իր բաժինն ունի:

Մեկ մեկնաբանություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.