Բանասիրական կրթությամբ լրագրող Յաշա Չախոյանի ստեղծագործական կյանքի ավելի քան քառասունհինգ տարիների գործունեությունը իմաստավորվել, կերպարանք է ստացել մեծանուն արվեստագետների, բեմարվեստի նշանավոր գործիչների, թատերագիրների և թատերագետների շրջանում: «Տարիների հետ» ժողովածուի գեղարվեստական արժանիքն առաջին հերթին թատրոնի կյանքով ապրող, մարդկային նախանձելի, կենսական և աշխատանքային դժվարությունները հաղթահարելու մեջ անգամ լավատես Յաշա Չախոյանի` մեծ արվեստագետների, թատրոնի հանրաճանաչ գործիչների նկատմամբ երախտագիտության զգացումն է, անսահման սերն ու հարգանքը, իսկ ուշագրավն ու գնահատելին` թատրոնի մեծերի նշանակալից արվեստը հասանելի դարձնել հասարակության տարբեր շերտերին:
«Տարիների հետ» ժողովածուի մեջ տեղ են գտել ժամանակին տպագրված թատերասեր ընթերցողների և արվեստագետների հավանությանն արժանացած նյութեր, որոնք խմբավորել է «Դիմանկարներ», «Հարցազրույցներ», «Ներկայացումներ», «Գրախոսականներ» և «Թատերական էսքիզներ» բաժիններում, որոնցում իրենց արժանի տեղն ունեն հանրապետության գրեթե բոլոր թատրոնների անվանի արվեստագետներ` դերասաններ, բեմադրիչներ, թատերագիրներ, թատերագետներ, փառատոնային ներկայացումներ, թատրոններին վերաբերող ուշագրավ նյութեր:
Թատերական ընթերցողին կհետա-քրքրի ռեժիսորներ Վ. Աճեմյանի, Հր. Ղափլանյանի, Ե. Ղազանչյանի, դերասաններ Մ. Մկրտչյանի, Խ. Աբրահամյանի, Ս. Սարգսյանի, Ա. Ջիգարխանյանի, Գ. Նովենցի, Կ. Խաչվանքյանի, Ս. Գրիգորյանի, Վ. Վարդերեսյանի, Լ. Թուխիկյանի, Ժ. Ավետիսյանի, ռուս հռչակավոր արտիստներ Կ. Լավրովի, Յու. Բորիսովայի, Վ. Լանավոյի, բեմանկարիչ Ս. Արուտչյանի, դիրիժոր Հ. Ոսկանյանի, օպերային երգիչներ Գ. Գասպարյանի, Ն. Հովհաննիսյանի, Տ. Լևոնյանի, Հ. Պապյանի, մնջախաղի անզուգական վարպետ Լ. Ենգիբարյանի, թատերա- գիրներ Ա. Պապայանի, Ժ. Անանյանի և նման հզոր անհատականությունների մասին զետեղված ուշագրավ նյութերը:
«Ներկայացումներ» բաժնում հեղինակը թատրոնների նոր ներկայացումները վերլուծել և իր տեսակետն արտահայտել է ժամանակի մեջ: Անշուշտ գնահատելի և կարևոր են «Գրախոսականների» նյութերը և բազմատար` «Թատերական էսքիզները», որոնք հարստացնում և ամբողջացնում են ժողովածուն:
Ժողովածուում կան թեմաներ, որոնց անդրադարձել է գրեթե միայն Յա. Չախոյանը: Հայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ-Մանուկ Ադոյան) շատ է գրվել, բայց նրա կենսագիր Նուրիցա Մաթոսյանի մասին` քիչ, ով տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է մեծ նկարչի կյանքն ու գործունեությունը:
Հարկ է նշել, որ «Տարիների հետ» ժողովածուն ընդգրկում է շուրջ չորս ու կես տասնամյակի /1971-2015/ ստեղծագործական գործունեության, մամուլում տպագրված նյութերի չնչին մասը միայն: Ժողովածուն լավ նվեր է թատերասեր լայն հասարակության համար:
Դերենիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, թատերագիր