ՄԱՔՈՒՐ ԵՎ ՍԱՌԸ, ԲԱՅՑ ԱՆՕԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ… (Յուրգիս Բալտրուշայտիսի քնարերգությունը) / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Այս տարի լրանում է բրյուսովյան անթոլոգիայի հրատարակման 100-ամյակը: Վ. Բրյուսովի, Ա. Բլոկի և այլ ռուս թարգմանիչների հետ միասին գրքի հրատարակման աշխատանքներին մասնակցել է նաև լիտվացի բանաստեղծ Յուրգիս Բալտրուշայտիսը (1873-1944), որը ստեղծագործել է թե՛ մայրենի լեզվով և թե՛ ռուսերեն: Անթոլոգիայի համար նա թարգմանել է Ալեքսանդր Ծատուրյանի և Վահան Թեքեյանի բանաստեղծությունները (Պ. Մակինցյանի տողացիների հիման վրա):
Ստորև ներկայացնում ենք Ֆելիքս Բախչինյանի հոդվածը Յուրգիս Բալտրուշայտիսի քնարերգության մասին և վերջինիս բանաստեղծությունը՝ նվիրված Ալեքսանդր Ծատուրյանին:
Տեղեկացնենք նաև, որ Յուրգիս Բալտրուշայտիսի որդին` Յուրգիս Յուրգիսի Բալտրուշայտիսն ուսումնասիրել է հայ ճարտարապետությունը, հրատարակել մենագրություններ հայ ճարտարապետության մասին: Տակավին վերջերս` 2015-ին, հայերեն հրատարակվեց Յուրգիս Բալտրուշայտիսի և Տիգրան Քույմջյանի «Ջուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները» աշխատությունը:

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Յուրգիս Բալտրուշայտիսի բանաստեղծությունները զարմանալի ճակատագիր ունեն: Մի կողմից, անգամ այն ժամանակ, երբ «սիմվոլիզմ» բառը գրաքննադատներն օգտագործում էին բացառապես կշտամբանքի ձևով, նրա անունը հարգանքով էր արտասանվում: Մյուս կողմից՝ երբեք, անցյալ դարի վերջի ու նորի սկզբի բանաստեղծների թողած ժառանգության նկատմամբ հետաքրքրության բռնկման ժամանակ անգամ, նա չդասվեց սիրելիների, ընթերցվողների, մեջբերվողների շարքում:
Հարգված, բայց չընթերցվող բանաստեղծ: Այս պարադոքսը մեկնաբանության կարիք ունի: Ամենապարզն այն է, որ ապրելով Ռուսաստանում և ստեղծագործելով ռուսերեն՝ Բալտրուշայտիսը բացարձակապես օտար մնաց այն ամենին, ինչով շնչում էր Ռուսաստանը, ինչից ցնցվում էր երկիրը: Նրա պոեզիայում իրական կյանքի ժամանակի նշաններ չես գտնի: Մեկնաբանությունը գայթակղիչ է, բայց հազիվ թե ճիշտ: Տյուտչևը հզոր ու մեծ է ոչ թե այն բանաստեղծություններով, որոնք համամասնակից են օրվա չարին ու ողջ դարին, այլ՝ այն թեմաներով, որոնք մեկնաբանում են հոգու և հավերժ բնության գաղափարները: Հաճախ ասում են, որ սիմվոլիզմն ընդհանրապես փակուղային ուղղություն է, և արժեքավոր է սոսկ այն, ինչ գրվել է սիմվոլիստների կողմից՝ հակառակ սիմվոլիզմի (սովորաբար վկայակոչում են Ա. Բլոկին): Դրանում ճշմարտության մասնիկ կա: Բայց պետք է հաշվի առնել, որ որևէ օժտված բանաստեղծ (իսկ Յու. Բալտրուշայտիսի օժտվածության վրա կասկածելու ոչ մի առիթ չկա) չի տեղավորվում այն ուղղության սահմաններում, որին ինքն իրեն դասում է:
Բալտրուշայտիսին հենց սկզբից էլ բախտը չէր ժպտում: Որքան էլ արտառոց է, բայց այդ անհաջողության պատճառն այն է, ինչը հենց կազմում է նրա ստեղծագործության ամենաուժեղ կողմը: Բանաստեղծը միանգամայն օտար մնաց ողջ այդ աղմուկին: Գիտակցաբար կամ անգիտակցաբար, նա արիություն ունեցավ հետևելու պուշկինյան պատգամին.
Դու արքա ես: Ապրիր մենակ://Թանկագին ազատությամբ://Գնա, ուր տանում է քեզ միտքը ազատ,//Կատարելագործելով սիրելի խոհերի//պտուղները,//Չպահանջելով պարգև ազնվաբարո//սխրանքի համար:
Պարգևը, իսկապես, այդպես էլ չեկավ: Սերունդների դատը, ավաղ, միշտ չէ արդարացի:
Հարգանքի և զարմանքի արժանի սառնասրտությամբ Յուրգիս Բալտրուշայտիսը չէր շտապում հրապարակել իր բանաստեղծությունները: Այն ժամանակ դրանք անկասկած վիթխարի տպավորություն կթողնեին հասարակության վրա, որը ինչ-որ չափով արդեն ծանոթ էր սիմվոլիզմի պայմանական լեզվին, և կըմբռներ, թե որքան հարուստ բովանդակու- թյուն է թաքնված Բալտրուշայտիսի ժլատ տողերի ետևում: Բայց «Երկրային աստիճանները» լույս տեսան միայն 1911 թ., իսկ հասարակությանն արդեն սիմվոլիզմը չէր հետաքրքրում: Ավելին՝ ռուսական սիմվոլիզմն այդ ժամանակ արդեն անտանելիորեն գռեհկացել էր: Բալտրուշայտիսը մեղավոր չէր, որ Ֆոֆանովի և նրա նմանների պատճառով սիմվոլիզմի մետալեզուն տարօրինակ նշանակություն ձեռք բերեց: Բայց նրա բանաստեղծությունները (ինչպես նաև մեկ այլ հիասքանչ սիմվոլիստի՝ Ինոկենտի Անենսկու գործերը) որպես փաստ մնացին ռուսական պոեզիայի պատմության մեջ և այդպես էլ չդասվեցին ընթերցողների «հավերժ ուղեկիցների» թվում:
Ամենից առաջ, թերևս, պետք է ասել, թե ինչն է ապարդյուն փնտրել Բալտրուշայտիսի բանաստեղծություններում: Ռուսաց լեզուն հարազատ չէր նրան, և դա զգացվում է սառն ու զգուշավոր անվրեպ խոսքում, ուր չի թափանցում ոչ մի կենդանի, սուր բառ, այն «խելահեղ անկանոնությունը», որն այնպես գնահատում էր Տուրգենևը Գերցենի երկերում: Դրանցում բնությունն անգամ վերացական դեկորացիա է, սոսկ համեմատության եզր.
Մշուշոտ երեկոյի նման տխուր եմ ես…//Գիշերային շրշյունի նման է խոսքն իմ://Ժամացույցիս ձանձրալի վազքը//Նման է սահուն ձյան անդորրի ժամանակ: («Էլեգիա»)
Ինչո՞վ են հատկանշական Բալտրուշայտիսի բանաստեղծությունները: Լուրջ և համառ խոհերով այն ուղու մասին, որն անցնում է մարդկային հոգին երկրի վրա: Ազնիվ որոնումով սարսափելի հարցի պատասխանի՝ արդյո՞ք այդ ուղին իմաստ ու նպատակ ունի: Այդ բանաստեղծությունները թախծոտ են և ազնիվ: Դրանք չի կարելի մետրոյում կարդալ: Դրանք ծնվում են ընթերցողի համար հայտնագործվելու այն պահին, երբ նա կհայտնվի խաչուղում և ուժ կգտնի ինքն իր հետ մենակ մնալու՝ մարդկանց մոտ գնալուց առաջ: Բավական բնութագրական օրինակ է «Սև արև» բանաստեղծությունը (կերպար՝ ներշնչված Հ. Հայնեից):
Ուր գիշերային ժամին,//շիրմաթմբի ագռավի նման //Սևանում եմ ես//Եվ սպասում կյանքի խաբկանքն ըմբռնած՝// Անէության:
Աչք է զարնում, որ երկու կերպարներն էլ արտահայտում են գործողություն և ոչ թե վիճակ: Սա հնարավորություն է տալիս ընթերցողին զննել «առաջին» պլանը և հաշիվ տալ ինքն իրեն, որ բանաստեղծության իսկական իմաստը բնավ էլ ներկայացված պատկերը չէ (սև հագած մի մարդ, որ կանգնած է շիրմաթմբին և հեռվից ագռավի է նման), այնուամենայնիվ պատկերացնել այն՝ հարադրելով կռահվող իմաստի հետ:
Կարելի է ասել, որ ռուսական սիմվոլիզմի սահմաններում (իսկ ռուսական սիմվոլիզմը էապես տարբերվում է «սկզբնաղբյուրից»՝ ֆրանսիական սիմվոլիզմից) Յու. Բալտրուշայտիսը շոշափում էր նոր և բավական հեռանկարային ուղիներ: Եթե «Երկրային աստիճանները» գոնե հինգ տարի առաջ լույս տեսներ, հնարավոր է, որ ռուսական սիմվոլիզմն ավելի որոշակի գծեր ձեռք բերեր, քան դեպի «շրջանակների խտացման» գնալը: Տեսանելի երևույթների գաղտնի իմաստը թափանցելու անշեղ ձգտումով, բանաստեղծը մոտենում է Ա. Բլոկի նկրտումներին: Պատահական չէ մշտապես նոր ուղիներ փնտրող հանճարեղ կոմպոզիտոր Ա. Սկրյաբինին նվիրել հայտնի տողերը.
Եվ ուր մահից հեռու թաքնված է մեղմ լույսի մեջ//Ոսկե անհունության հեռուներում մարգարտե//Ողջ իրականությունը իրերի և դարերի//գործը եղծանելի,// Ինչպես ծուխ թեթև սուրբ խնկամանի: («Արևածագ»)
Ի՞նչն է զարմանալին այս տողերում: Պատկերված տեսարանի հանգիստ իդեալական առաջին նշանակությունը՝ «մեղմ լույս», «մարգարտե հեռուներ», «թեթև ծուխ»: Ծավալվող անհունության կերպարի թաքնված ողբերգականությունը մեղմացված է «ոսկե» մակդիրով: Այս տեսարանի երկրորդ պլանը այն հասկացության սահմանումն է, թե հատկապես ինչ է հայտնաբերվում «ոսկե անհունության» մեջ: Դա իրերի իրականությունն է և դարերի գործը: Դրանք զատված են ներկայից անհուն, թե՛ ընկալման առարկա են, թե՛ գիտակցման նպատակ: Չափածոն ու խոհը ձեռք են բերում վիթխարի, լայնածավալ խորություն և հեռանկար: Հարյուրամյակների անցած ուղին և իրերի ներքին իմաստը պետք է հասանելի լինեն, որպեսզի անհունությունը չփակվի:
Բայց, ի վերջո, Ա. Բլոկի և Յու. Բալտրուշայտիսի ճանապարհները բաժանվեցին: Բլոկը վճռականորեն շրջվեց իրական կյանքին. «Երբ գործը ամենակարևորին հասնի, պոետը կբացի սիրտը և ոչ թե խելքը, և ձեռքը կվերցնի սուրը և ոչ թե գրիչը, և կնետվի դեպի պատուհանը՝ ցրիվ տալով բանաստեղծությունների և խոհերի փաթեթները բոլոր»: Բալտրուշայտիսը հասնելով պոեզիայի գագաթնակետին՝ մնաց այնտեղ՝ մաքուր և սառը, բայց անօդ տարածքում:
Սրբարանն իմ հավերժ է//Ծովային անհունության մեջ,//Ուր ազատությունն անսահման է//Մարդկային չնչինության: «Իմ տաճարը»)
Եվ, այնուամենայնիվ, նրա բանաստեղծություններում արտաքին հանդարտության շղարշի տակ ներքին տագնապ է զգացվում՝ տանջալից իրականությունից եկող, կյանքի ավարտունության և միասնության ձգտումով.
Ժայռերին խփվող ջրվեժի նման //Ուժեղ և գեղեցիկ է սլացքը մեր կրակոտ,//Եվ յուրաքանչյուրը մեզնից, հանց//անցորդ ուշացած, //Մոտենում է հանդիսությանը խոժոռ ու լուռ:
Պոետի հայացքը, որպես օրենք, ուղղված է հավերժ, անսահման գլխավորին: Այս հայացքը հաճախ տխուր է, բայց միշտ անվախ:
Բալտրուշայտիսի բանաստեղծություններին բացահայտորեն չի բավականացնում անհանգիստ իրական կյանքը: Դրանք չոր են, վերացական, փոքր-ինչ թերևս միապաղաղ: Նրա պոեզիան կմնա պոեզիա քչերի համար: Բայց դրանում սեփական ճշմարտություն կա, սեփական բարձր համակարգ: Այդ պատճառով էլ, ի տարբերություն «րոպեականի քրմերի, հաջողության երկրպագուների» ռուսական բանաստեղծների շարքում Բալտրուշայտիսը զբաղեցնում է իր առանձնակի տեղը, որը ոչ ոք չի կարող վիճարկել:
Խորապես ինտելեկտուալ բանաստեղծը կյանքի մեջ տեսնում էր ոչ թե անիմաստ և աննպատակ վազք դեպի վայրկենական անզորության ու մոռացության ճակատագրական սահմանը, այլ՝ հոգու հավերժ պայքարը ժխտման մռայլ ուժերի դեմ:
Հպարտ միտք,//Մահվան կապանքներից ազատ //Մտքերի քմահաճություն,//Ահա իմ ողջ բեռը:
Բեռ, որ ընդունում ենք բանաստեղծից ակնածանքով և երախտագիտությամբ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ
ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրում էր մեզ հետ՝ ջերմ իր սրտում
պահած
Սուրբ բոցը երգի, որի թախծի մեջ
Հյուսվածքի պես ձույլ հյուսվել էին իրար
Քույրերն այդ երկրային՝ ցավը և հույսը,
Ղողանջն իրիկվա և արշալույսը…
Նա, դառնության զավակ, գնաց ջինջ
սրտով,
Նախազգաց, մեղմեց ցավն իր ճամփեքի,
Եվ հոգին, փռվող ճշմարտության համար,
Պահում էր վախով հավատն իր՝ կյանքին:
Ահա թե ինչու գերեզմանին անհայտ,
Սերմնացան որպես, իր երկրի դաշտից
Հեզ բերեց նա ողջ մարդկության սեղանին
Որպես պարգև խաչբառն իր
ծանրաքիստ:
Դաժան բախտը դրեց շվիի մեջ նրա
Թախիծը հայոց դարավոր ցավի,
Եվ ոգին նրա կելնի ծաղկի պես
Այնժամ՝ երբ նորեն ելնի իր մոխրից
Հայաստանը՝ զոհարան, որի սև ծխում
Նա զոհ բերեց իր սիրավառ հոգին
Եվ իր մեղեդու ղողանջը տխուր:

Թարգմանությունը`
Ֆրունզիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.