«Գրական թերթի» հիմնական առաքելությունը գրողների (առավելապես՝ ՀԳՄ անդամների) ստեղծագործական ձեռքբերումների, գրական կյանքի ընթացիկ կարևոր խնդիրների անդրադարձն է, առանձին դեպքերում՝ մերձգրական, մշակութային երևույթների լուսաբանումը։ Այս առումով և այս շրջանակներում կուզեի ներկայացնել ժամանակի հիշողությունում (բայց ոչ նրա ժամանակակիցների և մերձավորների) «մոռացված» անվանի գիտնական-բանագետի, հայ բանահյուսության և բարբառագիտության նվիրյալ գործչի, բայց ամենից ավելի՝ մի հայրենախոս գրողի, ով անսահման նվիրումով ստեղծել է եզակի գրքաշար՝ հայ ազատագրական-ֆիդայական շարժման, նրա ակունքների և ոգեղեն էության, նրա քաջարի առաջնորդների, թուրքական բռնակալության դեմ մղած հերոսական պայքարի մասին։ Եզակի երևույթ Հայոց պատմության այդ շրջանի գիտական-գրական իմաստավորման և տարաբնույթ անդրադարձների շրջանակներում։
Սուրեն Սահակյանը արմատներով պապենական Սասնո լեռնաշխարհից էր, Մշո Խաստուր շենից, որտեղից բռնագաղթել էին նրա ծնողները 1918-ին և հիմնավորվել Թալինի Միջնաձոր գյուղում։ Մեծանուն գիտնական-գրողը, որ ողջ կյանքում խնկարկել էր Էրգրի նվիրական սրբությունները, այս աշխարհին հրաժեշտ տալուց առաջ պատգամել էր իր որդուն՝ բանաստեղծ Վարուժան Խաստուրին և դստերը՝ «Լուսակն» հրատարակչության տնօրեն Ռուզան Սահակյանին, հնարավորության դեպքում, ընթերցողներին ներկայացնել իր ‹‹թղթերը››։ Եվ ի՜նչ «թղթեր», մի ամբողջ գրադարան, հիմնականում հանրամատչելի խորադիտակ գեղարվեստական հյուսվածքով զրույցներ օսմանյան բռնակալության դեմ մեր ժողովրդի և նրա ֆիդայի զավակների մղած ազատամարտերի մասին։ Եվ ոչ միայն. անտիպ են մնացել իր ուսանողների հետ երկրի քաղաքներում ու գյուղերում պարբերաբար անցկացված բանահավաքչական այցերի ընթացքում ձեռք բերած բազմաժանր նյութերը, հայ բանահյուսության, բարբառագիտության խնդրահարույց հարցերին նվիրված ուսումնասիրություններն ու հոդվածները։ Ժամանակին հրապարակվել են միայն «Ֆիդայական» առանձին զրույցներ՝ «Հերոսապատում» խորագրով (1990), «Հայկական հնադարյան ռազմախաղեր›› գիտական ուսումնասիրությունը, «Ասք Անդրանիկ Զորավարի մասին» պոեմը (1989, 2002), պատմաբանասիրական-ազգագրական ակնարկներ։ Այսքանը։ Եվ վերջապես «սառույցը շարժվեց». երախտապարտ զավակների նախաձեռնությամբ և ջանքերով սկիզբ է դրվել նրա ստեղծագործություններն առանձին մատենաշարով հրատարակելու գործընթացը, որի առաջնեկը «Սարերու առյուծ» գիրքն է՝ նվիրված մեծանուն հայդուկապետ Գևորգ Չաուշին, նրա կյանքի ու սխրանքի անհայտ էջերի լուսաբանմանը՝ եզակի լուսանկարներով հանդերձ։ Հաջորդ պրակները նվիրված են Անդրանիկ Զորավարին, Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Հրայր Դժոխքին, ֆիդայական շարժման մյուս երևելի գործիչներին, նրանց մղած ազատամարտերի քիչ հայտնի դրվագներին։
Եվ այսպես՝ «Հայրենախոս գիտնականն ու գրողը» խորագրով ներկայացնում եմ Սուրեն Մուշեղի Սահակյանին՝ հակիրճ կենսագրականով, գիտական-գրական գործունեության մեկ-երկու դրվագներով։
Ծնվել է 1930-ին, Թալինի Միջնաձոր գյուղում։ Ավարտելով ծննդավայրի դպրոցը և Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը (այժմ` համալսարան)` երկար տարիներ մայրենի լեզու և գրականություն է դասավանդել Հոկտեմբերյանի (այժմ` Արմավիրի մարզ) դպրոցներում, ապա տեղափոխվել է Երևան և շարունակել իր գործունեությունը մայրաքաղաքի տեխնիկումներում և վերջնականապես հաստատվել Հայոց մանկավարժականում՝ սկզբում «Մանկավարժ» թերթի խմբագրության պատասխանատու քարտուղար և, մինչև կյանքի վերջը՝ հայոց լեզու և բարբառագիտություն առարկաների դասախոս՝ միաժամանակ ծավալելով գիտահետազոտական անխոնջ գործունեություն հատկապես հայ բանահյուսության նշխարքների հավաքման և ուսումնասիրման ասպարեզում։ Մեծ հեղինակություն է վայելել իր հիմնադրած և խմբագրած «Հայագիտական հանդես›› գիտական հոդվածների ժողովածուն։ Թեկնածուական ատենախոսության թեման հարազատ Ալաշկերտի բարբառն էր, որի համար արժանացավ բան. գիտ. թեկնածուի գիտական աստիճանի։ Զուգահեռ՝ Սուրեն Սահակյանը համատեղությամբ դասավանդել է նաև ժամանակին հայտնի «Հրաչյա Աճառյան» համալսարանում՝ նաև վարելով դեկանի պաշտոն։
Ի՞նչ կարող եմ հավելել այս ամենին։ Նորից շեշտելով, որ նրա կենսագրության «գիտական էջերը համադրվել են կյանքի ամենագլխավոր առաքելությանը՝ Հայոց պատմության, «ֆիդայական հերոսապատումի» շատ անհայտ դրվագների, նրա երևելի գործիչների կյանքի ու սխրանքի խորքային արտացոլմանը, հիմնականում, ինչպես նշեցի, գեղարվեստական-գրական հյուսվածքով։ Եվ այդ ամենը ընթերցող հասարակայնությանը երախտագետ որդին ու դուստրը ներկայացնելու են նախանշած մատենաշարով. մեկ տասնյակից ավելի գրքեր՝ բոլորն էլ հայրենասիրական-ճանաչողական ինքնատիպ ասելիքով։ Դրանք ծնվել են արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների վկայությունների, պարբերական մամուլի հրապարակումների, բանահյուսական և այլ նյութերի համադրմամբ։
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու