«ՈՐՍԿԱՆ ԱԽՊԵՐ» / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Նելլի-ՍահակյանՄոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում մարդկանց անվերջանալի հոսքը վերջին հրաժեշտն էր տալիս Արամ Խաչատրյանին, որից հետո, իր իսկ կտակի համաձայն, մեծ կոմպոզիտորը «վերադարձավ» Հայաստան: Եվ հանրահայտ Ջութակի կոնցերտը վերադարձավ հայաստանյան արևին, լեռներին ու ցնծուն-կայտառ ջրերին…
Հանճարին հատուկ հեռատեսությամբ էր օժտված Արամ Խաչատրյանը, ինչի վկայությունն է այս պատմությունը, որը լսելու բարեբախտությունն եմ ունեցել: Հայրենական պատերազմի նախօրեին, երբ դեռ նոր էր մտահղացել Ջութակի կոնցերտը, միջինասիական կինոստուդիաներից մեկը նրան առաջարկեց մի քանի ֆիլմերի համար երաժշտություն գրել: Առաջարկը ոչ միայն շոյում էր երիտասարդ կոմպոզիտորի ինքնասիրությունը, այլև նյութապես շահեկան էր: Բայց Խաչատրյանը մերժեց` այդ երաժշտությունը երկար չի ապրի, իսկ փողը կծախսվի-կգնա: Կոնցերտի համար ավելի քան համեստ հոնորար կստանամ ու նրան չի «սպառնա» էժանագին հանրաճանաչությունը, բայց եթե կոնցերտը երկար կյանք ունենաս (իսկ ես շատ եմ ցանկանում, որ այդպես լինի), ապա և՛ փառքը, և՛ վարձահատուցումը ժամանակի հետ միայն կավելանա: Ժամանակը ապացուցեց նրա անսխալականությունը: Բայց դա նրան տրված շնորհներից մեկն էր միայն, բնությունն ավելի քան շռայլ էր նրա հանդեպ. ազգային հնչերանգը լսելու` աշխարհում ամենաանորսալի երևույթը ի վերուստ էր նրան տրված:
Փողոցային լապտերներով լուսավորված ձյունապատ Օգարյով փողոց: Ուշ գիշեր: Մոսկովյան ամայի փողոցով քայլում է Արամ Խաչատրյանը: Ծուլորեն իջնող սպիտակ փաթիլները շեշտում են նրա ուրվագիծը` սև վերարկու, մուարե սև ժապավենով լայնեզր գլխարկ: Դեռ հեռվից տեսնում եմ նրան` պարզ է, քնից առաջ զբոսնում է: Նկատելի նիհարած, դեմքը հիվանդագին մթնած` ցավը մաշում է ավելի ու ավելի դաժան: Նա քայլում է քաղաքում, որտեղ ապրում է հինգ տասնամյակից ավելի` հեռվում թողած իր մանկության Թբիլիսին: Այնտեղ էր լսել «Որսկան ախպերը», որ երգում էր մայրը և այդ երգը ուղեկցեց նրան ամբողջ կյանքում:
Նա կարողանում էր խոնարհվել մեկ այլ հանճարի առջև: Քանի՜ անգամ է ինքնամոռաց լսել Սայաթ Նովայի «Քանի վուր ջան իմ»-ը ու չի հագեցել… Դա հորինված մեղեդի չէ միայն: Նա գիտեր` դա ժողովրդի հնչյունային ինքնարտահայտման խորին շերտն է, իսկ հանճարը սինթեզել ու երևակել է այդ նույն ժողովրդի երգող հոգին: Նույն կերպ Խաչատրյանը լսում էր «Որսկան ախպերը»: Մայրը երգում էր, ինչպես կերգեր ժողովուրդը` կամացուկ, կենտրոնացած, ներքին հրայրքով: Ախ, եթե որևէ մեկը այդպես կատարեր իր մեղեդիները, իսկ իրեն տրված է երաժշտական մեծածավալ մտածողություն (սիմֆոնիա, կոնցերտ, բալետ)… Բայց ինչո՞ւ է սեղմվում սիրտը, երբ հնչում է «Որսկան ախպերը»` ընդամենը երաժշտական հասկ, փոքրիկ հատիկ: Բայց բաբախող, կենդանի հատիկ, որը հղկել, մշակել է ոչ թե մեկ հանճար, այլ՝ ժողովուրդը: Ահա թե ինչու շատ բան կգա ու կանցնի, իսկ որերորդ անգամ, օրորոցին հակված, մայրը կերգի «Որսկան ախպերը»: Եվ ի՞նչ է ցանկացած մեծածավալ ստեղծագործության հոգին. մանկուց լսած ֆոլկլորը, մեղեդիները: Նրա բալետում ո՞վ է լսել այն լեզգինկան, որ լսել է ինքը Հավլաբարում, երբ հինգ տարեկան էր: Փոխակերպված այն ներհյուսվեց հայկական երաժշտական նախշին ու միայն զգայուն ականջն է լսում անպաճույճ բնագիրը: Հավլաբար… հինգ տարեկան… Կյանք է անցել այդ օրից, բայց ի՞նչ է այդ կյանքը «Որսկան ախպեր»-ին տրված ժամանակի համեմատ: 2×2=4: Հաշվել կարելի է միայն երկրայինը: Հավերժությունը հաշվարկ չունի, ինչպես և` ազգը: Իսկ ազգը` նորանոր ծնունդներ են: Եթե գրես հանճարեղ թաղման քայլերգ կամ օրորոցային` մահ չունես: Ուրեմն` ի՞նչ է տաղանդը: Գուցե ազգի զգացմունքների ո՞ւժը: Ահա ինչու կես դարից ավելի տարածությամբ հեռու լինելով հայրենի հողից, նա զգում էր այդ հողի ձգողականության ուժը: Ու «Որսկան ախպերը» այդ հարազատ հողն է, սարերը, որտեղ որս է անում որսկանը ու որսն անգամ հարազատ է որսորդին` հազարամյակների հիշողությամբ: Սա է կյանքի սովորական ընթացքը, որից ինքը դուրս էր մղվել: Բայց ո՞վ գիտեր` ինչու… Գուցե նրա համար, որպեսզի ավելի սուր ու զգայուն գիտակցի այն դարավոր ուղին, որն ապրում էր իր արյան ու հիշողության մեջ: Իսկ երևակայություն ունեցող մարդու հիշողությունը մոռացում չունի… Դրա համար էլ «Որսկան ախպերը» հնչում է նրա ստեղծագործության մեջ:
…Հունվարյան ձյունապատ փողոցում վերջին անգամ տեսա Արամ Խաչատրյանին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.