«Սամվել» վեպի գլխավոր հերոսներից` Մուշեղ Մամիկոնյանից, Մերուժան Արծրունուց, Ներսես Մեծից, Արշակ 2-րդից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից և մյուսներից միայն Սամվելի մասին է, որ պատմությունը գրեթե ոչ մի մանրամասն չի արձանագրել: Սա երևի նրանից է, որ Սամվելի հայրասպան լինելու հանգամանքն է ծածկել նրա մյուս կարևոր հատկանիշները: Եվ թե որքան ցնցող է երևույթը մեր ազգային հոգեբանության և մտածելակերպի առումով, վկայում է հենց միայն պատմության մեջ միակ փաստ լինելու հանգամանքը, որին էլ անդրադարձել է Րաֆֆու ամենատես աչքը: Ֆրոյդը գուցե կասեր, որ այս մարդը մանկուց թշնամանք է ունեցել հոր կերպարի հանդեպ և հենց դրանով էլ կբացատրեր Րաֆֆու` Բուզանդի, Խորենացու մատուցած բոլոր թանկարժեք տեղեկությունների մեջ հենց այս մեկի վրա կանգ առնելու որոշումը: Բայց մենք գիտենք, թե ի՜նչ տեղ է ունեցել հայրը Րաֆֆու կյանքում, թե որքան է հպարտացել իր որդիով («Իմ Հակոբի հատը ողջ Սալմաստում չկա»,- ասում էր Մելիք-Միրզան), որքան է մանուկ Հակոբը ճամփորդել հոր հետ` նրա առևտրական գործերով, թե ի՜նչ սիրված նահապետ է եղել հայրը իրենց գյուղում:
Սամվելը խիստ բարդ կերպար է, թեև առաջին հայացքից թվում է ամբողջապես հասկանալի: Նրա յուրաքանչյուր մուտքը Րաֆֆին բարեխղճորեն նախապատրաստում է, նրա արարքները ծրագրավորվում են պատումի ընթացքում: Այնուամենայնիվ, ըստ իս, մշակվելու դեպքում այն շատ ավելի մեծ երևույթ կլիներ մեր և ոչ միայն մեր գրականության մեջ: Այսպես մտածելու տեղիք են տալիս այն հենասյուները, որ դնում է Րաֆֆին վեպի հենց սկզբից: Խոսվում է նրա քաջության մասին. 18 տարեկանում նա վագր է սպանել, մրցություններում միշտ փայլել է մարտարվեստի բոլոր ասպարեզներում: Սրանցից մեկի մասին հիշում է Որմիզդուխտը` Հումայու հետ իր տխուր զրույցի ընթացքում: Գեղեցիկ պարսկուհին` Սամվելի խորթ մայրը, չի թաքցնում երիտասարդի հանդեպ ունեցած իր զգացումները: Սամվելն էլ, կարծես թե` որպես հասուն այր, անտարբեր չէ նրա հրապույրներին: «Խորթ մայրը» վերնագրի տակ գետի նման, որ շատ է հիշեցնում հենց այս հատվածում Ողականի պատուհանից չերևացող, բայց իր վայրի բնույթով հայտնի Արածանին, հոսում են մարդկային հարաբերությունների` պեծպեծացող այն կոհակների քնքուշ ու նուրբ գույները, որ ստիպված են բախվել խոշոր, կոպիտ գլաքարերին, երբ չեն կարողանում շրջանցել դրանց: Սա դրամատիզմով իր նմանը չունեցող տեսարան է, որ կարոտ է առանձին, շատ լուրջ ուսումնասիրության:
Որմիզդուխտը չի թաքցնում երիտասարդի հանդեպ ունեցած իր զգացումները: Սամվելն էլ իր հերթին, կարծես թե, դեմ չէ նրա հետ կատակներ անելուն, նույնիսկ վերցնում է նրա հովհարը և պտտեցնում ձեռքի մեջ (թատերական ի՜նչ հրաշալի դրվագ): Րաֆֆին չի ասում` Որմիզդուխտի ձեռքից վերցրեց հովհարը, գուցե սա այն ժամանակի համար խիստ անպարկեշտ երևար «Արձագանքի» ընթերցողներին, և նույնիսկ մի քիչ Սամվելը ընկներ նրանց աչքից, բայց այսօրվա հայացքով սա միանգամայն ընդունելի է, և նորից զարմանալի, թե Րաֆֆին որքան է առաջ ընկել իր ժամանակից: Չի վախենում Սամվելի սիրախաղը զարգացնելուց, որ ուղեկցվում է Տաճատուհու համար խիստ տհաճ հեգնական այս խոսքերով. «Այդ ծառերի ստվերախիտ լռության մեջ կանգնած են Մամիկոնյանների կառուցած տաճարները: Իմ պապերը սպառեցին այնտեղ իրանց գանձերը, աշխարհի բոլոր թանկագին իրեղեններով զարդարելով այդ տաճարների սուրբ սեղանը: Թվով մի քանի հարյուր աբեղաներ կերակրվում են այնտեղ մեր հացով և աղոթում են իրանց բարերարների հոգու համար: Այժմ մենք` Մամիկոնյաններս, կկործանենք այդ տաճարները, սիրելի Որմիզդուխտ, և նրանց տեղը պարսկական ատրուշաններ կհիմնենք: Թո՛ղ ծուխով ու մուխով լցվի այդ նվիրական դրախտը… …և թող բարեպաշտ հայ շինականը, այդ ձայնը լսելով, դողդոջուն սրտով բարձրանա յուր կտուրի վրա և երկրպագություն տա ելանող ու մտանող արեգակին… Լսո՞ւմ ես, սիրելի Որմիզդուխտ, ահա այդ է պահանջում քո եղբայրը, և այդ պետք է կատարե Մերուժանը, հայոց թագավոր դառնալու համար…
Բայց Որմիզդուխտը ոչինչ չէր լսում: Նա մի քաղցր ինքնամոռացության մեջ, ձեռքը դրած ոգևորված երիտասարդի ուսի վրա և կպած նրա կողքին, զգում էր միայն սիրելի ձայնի մուզիկան, արբեցած էր նրա շնչով, և ամեն անգամ, երբ նա մի փոքր շարժում էր գործում, ցույց տալով այս և այն առարկան, գեղեցիկ կնոջ մանուկ սիրտը բաբախում էր մրրկածուփ ջերմությամբ…»: Ահա այս ամենը օրը ցերեկով, Տաճատուհու աչքի առաջ: «Լսում էր Սամվելի մայրը:
– Բավական է, Սամվել…- գոչեց նա, և մոր սպառնալից ձայնը սթափեցրեց որդուն յուր խորին հափշտակությունից:
– Դու ծաղրո՞ւմ ես, Սամվել…- կրկնեց նա:- Լա՜վ մտածիր, քո վարմունքը… Որմիզդո՛ւխտ, հեռացի՛ր այդտեղից»:
Տաճատուհին նույնիսկ բառացիորեն «պարսկական վավաշոտություններ» է անվանում Սամվելի ու Որմիզդուխտի պահվածքը: Գուցե այս հանգամանքը շատ ավելի մեծ հմայք կհաղորդեր Աշխենի հանդեպ Սամվելի սիրուն և նրան տված հավատարմության երդումին, եթե Րաֆֆուն սիրային անզուգական պատում ստեղծելու կարողության հետ մեկտեղ նաև կյանքի ժամանակ տրված լիներ:
Մոր և որդու` Սամվելի ու Տաճատուհու փոխհարաբերություններին ուշադիր նայելիս նրանց Համլետի և Գերտրուդի հետ համեմատության մեջ դնելու մեծ գայթակղություն է առաջանում: Գուցե րաֆֆիագիտության մեջ թույլ ակնարկ եղել է Սամվելին Համլետի հետ համեմատելու: Քիչ հավանական է, որ Րաֆֆին ուսումնասիրած չլիներ Շեքսպիրի այս գործը: Թեպետ անհասկանալի է նրա անտարբերությունը Պետրոս Ադամյանի կերտած այս կերպարի հանդեպ, երբ ռուսական թատերասեր աշխարհը ցնցված էր նրա մոսկովյան և պետերբուրգյան ներկայացումներից, իսկ Թիֆլիսի բարձրաշխարհիկ խավը մի քանի տարի անց տեսնելու էր հռչակավոր Ռոսսիի Համլետը և միաձայն վկայելու էր, որ Ադամյանը գերազանցել է նրան: Շիրվանզադեն գրում է, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվել համոզել Րաֆֆուն գնալ Ադամյանի խաղը դիտելու: Ասել է, որ տեսել է, չի հավանում Ադամյանին: Շիրվանզադեի պնդումով, թե նա յոթ տարի առաջ է տեսել նրան, նա հիմա հրաշքներ է գործում, ի վերջո համաձայնել է, բայց ժամանակ չի գտել թատրոն գնալու: Գուցե նա հայտնաբերել էր իր Համլետին, կառուցել էր նրան իր մտապատկերում և չէր ուզում փլուզել իր ստեղծածը: Գուցե իսկապե՞ս ժամանակ չէր կարող կորցնել: Հիշենք, որ Ադամյանի հյուրախաղերը 1886-ին էին Թիֆլիսում, իսկ ինքը, չմոռանանք, շտապում էր: «Արձագանքի» գրաշարները «Սամվելին» էին սպասում:
Դժվար է որոշել` որևէ զուգահեռ Գերտրուդ-Համլետ, Տաճատուհի-Սամվելի առումով երբևէ հայտնվե՞լ է Րաֆֆու դիտարկումներում, բայց որ սրանց համեմատությունը մեզ կարող է տանել դեպի Րաֆֆու մտածողության շատ հետաքրքիր բավիղներ, գայթակղիչ է:
Մի շատ հետաքրքիր միտք է հայտնում Վահրամ Փափազյանը Համլետի կերպարի մասին. «Այս հոյակապ ստվերին մոտենալիս, հիշի՛ր, որ քո բոլոր մարդկային, խիստ մարդկային վշտերը լուծված են վաղուց նրա համամարդկային վշտի օվկիանոսում, և նրա ամենատես աչքը գիտի արդեն ցավը, որով տառապում ես դու, նախքան թե կպատմես ինքդ: Եվ սիրելով միայն նրան կարող ես ընտելացնել քեզ, որով և կտեսնես քեզ շրջապատող աշխարհը ոչ թե այլ աչքերով, այլ քո սեփական աչքերի առավելագույն տեսողությամբ»: Իսկ Գյոթեն Դանեմարքայի արքայազնի մասին ասել է. «Իշխանի գործողությունները կաթվածահար են լինում մտածողության գերազանցման հետևանքով»:
Մոր և որդու` Սամվելի ու Տաճատուհու հանդիպման առաջին իսկ պահից Սամվելը սկսում է հեգնել պճնված մորը. «- Այդ ի՜նչ եմ տեսնում… Աստված է վկա, առանց հարցնելու կարող եմ ասել, որ հայրս գալիս է:
– Ինչի՞ց իմացար,- հարցրեց մայրը, քաղցր կերպով ժպտելով:
– Այդպես զարդարվել ես… հոնքերդ ներկել ես… ձեռքերդ ներկել ես… Այդ բոլորը ո՞ւմ համար է…»:
Այսպես հեգնում է և Համլետը: Երկու որդիների սրտում էլ մի հույս կա, թե ուր որ է` որդու հանդեպ սերը ետ կկանգնեցնի մորը ուրացման ճանապարհից, բայց ո՛չ. Տաճատուհին և Գերտրուդը իրենց մոլորության մեջ պիտի քայլեն մինչև վերջ: Որդիները երկուսն էլ որբացել են սիրասուն հայրերից և երկուսն էլ հոգեկան հզոր ալեբախումների մեջ են… Իսկ նրանց մայրերն ինքնակամ` դեպքերից կուրացած գործիքներ են:
Սամվելի զգայուն հոգին բոլորովին այլ ուղիներ ունի անցնելու: Դանեմարքայի իշխանը կանգնած է մեծ անհատի խնդիրները լուծելու առաջ, իսկ մեր իշխանը բացի իր անհատական ապրումներից իր վրա ունի նաև ազգի խնդիրը լուծելու ծանրությունը:
Րաֆֆին ինքն է Սամվելը և իր վրա է վերցրել այս վիթխարի գործը… Եվ ի՜նչ պատվով, ի՜նչ հաղթանակով դուրս եկավ նա այս մարտից: Կարողացավ իր վեպի մեջ հավաքագրել ոչ միայն աշխարհի գրականության գոհարներից քամած ճշմարտություններն ու իմաստությունը, այլև տիրաբար դրանցից սինթեզեց հենց այն, ինչ ուզում էր, ինչ պետք էր իրեն և իր ազգին:
Սամվելը դուրս է գալիս պալատից… Նա ուղղություն է վերցնում դեպի իր երկրի աղետները, դեպի նրա բաց տարածքները, որ ոտքի կոխան էին դառնում խիղճ, հավատք, երդման սրբություն կորցրած հրոսակների կողմից: Եթե անսպասելիորեն պալատական խարդավանքների ձնահյուսի ծանրության տակ հայտնված Համլետը խելագարվում է, և նրա միակ հենարանն աշխարհում մի ազնիվ ուրվական է, ապա Սամվելի զգայուն հոգին ժամանակավոր միայն խոնարհվեց, ընկրկեց ֆիզիկապես…
Նա իր երկարատև հիվանդությունը հաղթահարելուց հետո միայն պիտի կարողանար իրագործել այն, ինչ վեր էր գիտակցությունից: Նրա գլխում սեպի պես խրվել էր ինչ-որ տեղից թելադրված կեղեքիչ միտքը, թե իր գործողությունների ծայրակետը լինելու է մի բան, ինչին իրեն չեն պատրաստել ո՛չ դաստիարակությունը, ո՛չ իր ապրած փափուկ կյանքը և ոչ էլ իր կրոնական համոզմունքը: Սակայն այդ «աղոտ միտքը», որ «ծագել էր նրա մեջ», դեռ ճանապարհ ուներ անցնելու` մեկ տարի և ավելի տևող աղետներով, հոգեմաշ արհավիրքներով լեփ-լեցուն մի ճանապարհ: Սամվելի հոգեկան տառապանքներն իրենց գագաթնակետին են հասնում «Արարատյան դաշտի առավոտը» հատվածում, որտեղ նկարագրվող սահմռկեցուցիչ դեպքերը վստահաբար ոչ մի ընթերցողի չեն կարողացել հունից չհանել, և Սամվելին հիմարաբար հայրասպան անվանողները միայն կեղծ բարեպաշտներ են, ուրիշ ոչինչ:
Արաքսի ափին հորը և քեռուն այդքան մոտ գտնվելով, տեսնելով, թե ինչպես նրանք ժամանակ չեն կորցնում իրենց ճանապարհին ամեն ինչ կործանելիս, ամեն մի հայի և ոչ հայի մեջ բացի չարը ոչնչացնելու գաղափարից, ոչ մի այլ միտք չի կարող հասունանալ: Սամվելի քայլերը խիստ հաշվարկված են: Մինչև այստեղ գալը` նա արդեն անցել էր բոլոր այն նախարարների դռներով, որ պատրաստ էին դիմագրավելու թշնամուն: Նրա նպատակը նախ և առաջ թշնամի դարձած հոր և քեռու բանակը հետախուզելն էր: «Նա որոնում էր հորը, որոնում էր և քեռուն: Որոնում էր այնպիսի սրտով, որպես կյանքից ձանձրացած, բայց դեռ անվճռականության մեջ տատանվող մարդը որոնում է մահադեղ և, միևնույն ժամանակ, ինքն իրան մխիթարում է, երբ չէ գտնում, որ բաղձանքը կատարե: Նույնպիսի մի անվճռականության մեջ տանջվում էր նա, սկսյալ այն օրից, երբ բաժանվեցավ յուր մորից, երբ թողեց Ողական ամրոցը և ճանապարհ ընկավ դեպի հոր բանակը: Այն օրից անցան ամիսներ, անցավ մի տարի, և ավելի: Որքա՜ն ցավալի դեպքեր պատահեցան, որքա՜ն դժբախտ իրողություններ կատարվեցան»: Նպատակներից մյուսը, որի իրագործումը ամենաքիչ հավանականն էր, նրանց դարձի բերելն էր: Եվ այնուհետև, այն էլ միայն հոր մերկացած դաշույնը տեսնելուց հետո «աղոտ միտքը» գրեթե ակամա գործողության վերածվեց: Համլետն էլ միայն թագավորի դավադիր թունավոր սրով է, որ թագուհի մորը թունավորված տեսնելուց հետո, խողխողում է ու սպանում Կլավդիոսին: Սրանք համեմատություններ են ոչ թե որևէ փոխառություն կամ ազդեցություն մատնանշելու, այլ նման իրավիճակներում կատարվող գործողության տրամաբանական նույն ավարտը տեսնելու համար:
«Սամվելում» կա երկու որսի տեսարան: (Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ում միայն մեկն է): Առաջինը որսի պատրվակով Ողական ամրոցից դուրս գալն է, երկրորդը` Իշխանաց կղզու որսի տեսարանը: Երկուսում էլ Սամվելի հոգեկան վիճակը մանրակրկիտ զննության է առել Րաֆֆին: Հիշենք, թե ինչպես երեներն անգամ առանց վախենալու անցնում էին Սամվելի որսորդական խմբի կողքով. հասկանում էին, որ նրանց կողմից ագրեսիա չկա: Իսկ երկրորդ որսի տեսարանում Սամվելի հոգեկան խռովքը, երբ նույնիսկ արդեն մահն է ցանկալի, հասունանում է մինչև պոռթկումը: «Կցանկանայի, հա՛յր, վագրների հանդիպել, առյուծների հանդիպել,- պատասխանեց Սամվելը թախծալի ձայնով:- Բայց ափսո՜ս որ այստեղ ոչ վագրներ կպատահեն և ոչ առյուծներ: Կցանկանայի գոնե Արաքսի սոսկալի նհանգներից մեկը (երևի ինչ-որ առասպելական արարած է) հրեշավոր գլուխը ջրերից վեր բարձրացներ և յուր կատաղությամբ հարձակվեր իմ վրա…»:
Երկարորեն Րաֆֆին նկարագրում է կղզու անցուդարձը: Մի կողմում պատանի Արտավազդն է քաջության հրաշքներ գործում, մյուս կողմում հայր ու որդի քայլում են կողք կողքի, ուզում են մինչև վերջ հասկանալ մեկմեկու: Եթե նրանք միմյանց չսիրեին այնքան գորովագութ սիրով, շատ ավելի հեշտ կլուծվեր մահառիթ հանգույցը:
Սամվելը սրանից հետո պետք է մասնակցեր Նախճավանի մոտ ծավալված կռվին, պետք է ևս մեծահոգության մի ցույց աներ անօգնական Մերուժանի հանդեպ, պետք է հողին հանձներ հոր մարմինը:
Մոր սպանությանն անդրադառնալուց առաջ մի անգամ էլ հիշենք Համլետին, թե ի՜նչ անձկությամբ էր սպասում, որ Գերտրուդն իր քայլերը չի ուղղի դեպի թագավորի ննջասենյակը:
Սամվելը նույնպիսի վշտով էր լեցուն, երբ մայրը նրան տարավ ատրուշանի մոտ: «Սամվելը թախծալի աչքերով նայեց կրակի վրա, նայեց և մոգերի վրա: Փոփոխությունը չափազանց անմխիթարական էր: Մտաբերեց, որ այժմյան ատրուշանը այն եկեղեցին էր, որտեղ աղոթել էին յուր նախնիքը, և որի սուրբ ավազանից ինքը ծնունդ էր առել»1:
Հոգեբանական լուծմանն այստեղ Րաֆֆին էլի ճիշտ ուղիով է հասնում: Սամվելն արդեն կատարել էր այն սոսկալի քայլը, որից հետո այլևս հոգեկան հանգիստ չպետք է ունենար: Ինչպես Տարաս Բուլբան Անդրիին սպանելուց հետո: Այստեղ, այս ամենավերջին արարում, նա դեռ չգիտեր, որ նաև մայրասպան է դառնալու: «Անզուսպ կատաղությունը տիրեց դժբախտ որդուն: Նրա սպառնական դեմքը այդ րոպեում ահռելի էր: Խորին վրդովմունքով դարձավ դեպի մայրը, ասելով. -Կրկնում եմ, մա՛յր, հանգցրու այդ կրակը…»: Այսպիսի Սամվել մենք չէինք տեսել ամբողջ պատումի ընթացքում, բայց աֆեկտի վիճակի հասունացումը տեղի ունեցավ մեր աչքերի առաջ….
«Մնացյալը լռություն է»,- սրանք էին Համլետի վերջին բառերը:
Իսկ Սամվելի արարքով ավարտվեց պատումը: Նա կարող էր և չասել վերջին բառերը. «Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թող մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՛, այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե և ուրացող մորը»…
————
1 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 8, Եր., 1986 թ., էջ 500: