ՐԱՖՖԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեծ է Րաֆֆու իմացաբանական տեսադաշտը: Նա երբեք չի խոսում մի բանի մասին, եթե նյութը ուսումնասիրելուց զատ, չի մարսել ամբողջությամբ: Խոսում է այն ազգությունների մասին, որոնց տնտղել է, գիտի արմատներից: Դրանք թուրքերն են, պարսիկները, քրդերը, ասորիները: Թվարկվածներին Րաֆֆին, կարելի է ասել, ճանաչում էր անձամբ: Ա. Ավթանդիլյանի 60-ականների մասին վկայությունից իմանում ենք իր և Րաֆֆու՝ քուրդ Ալի աղա Շիկակին հյուրընկալվելու մասին: Սրանից առաջ նրանք անցել էին Հախվերան հայկական գյուղով, տեսել էին ծեր քաջարի գյուղապետին, որ երբեք անպատասխան չէր թողնում քրդերի ավազակային հարձակումները, և Րաֆֆին նրան խոստացել էր «իր բարեկամ» Ալի աղայի մոտ բարեխոսել, որ հանգիստ թողնի նրանց: Ստացել էին ծերունու պատասխանը «Սևին սապոնն ինչ անե, խևին՝ խրատն ինչ անե»: Քուրդ աղան լավ հյուրասիրություն ցույց տալուց հետո խոստանում է, որ այդուհետև հախվերանցիները ապահով կապրեն: Իսկ 1877 թ.-ին գրված «Ջալալեդդինում» Րաֆֆին ցույց է տալիս Ալի աղայի այն որդիների դաժանությունները Բարդուղիմեոս առաքյալի վանքում, որ մոտ 10 տարի առաջ վրանի մուտքի մոտ հլու հնազանդ կատարում էին հյուրասիրության ծեսը: Նույն տեղում Րաֆֆին պատմում է «Վանքի գյուղում» վանահորն ամեն առումով օգնության ձեռք մեկնած եզիդի ցեղապետ Օմար աղայի մասին:
1880 թվականին «Մշակում» տպված «Քրդական միություն» հոդվածում Րաֆֆին ոչ միայն բացառիկ հարուստ տեղեկություններ է տալիս իր ժամանակակից քրդերի մասին, այլև դարձյալ ու դարձյալ մարգարեանալով՝ անում է մի քանի ճշգրիտ կանխատեսումներ: Նրա սրատես, արծվենի հայացքից չի վրիպել թուրքերի և քրդերի այլանդակ համակեցության և ոչ մի մանրամասն, որտեղ մարտավարությունը միմյանց և մյուսների նկատմամբ՝ բնությունից ստացած գոյության կռվի օրենքն է: «Կայծերում» Ասլանին և Ֆարհատին հյուրընկալած եզիդի բեկը Սարհատին երեխայի տեղ դնելով՝ հարցնում է. «Դու քանի՞ ձի ես գողացել, քանի՞ մարդ ես սպանել: Պատահե՞լ է քեզ աղջիկ փախցնել»: Այս և սրա նման շատ բաներ հարցնում էր նա այնպիսի հասարակ ձևով, որպես մեկը վարժատան աշակերտից հարցնելու լինի՝ «դու կարդացե՞լ ես Նարեկը, կամ շարականից որքա՞ն ես անցել»: Սա եզիդին է, ում մի փոքրիկ հատվածը, փա՜ռք Աստծո, ներկայումս հարմարվել է մեր բարքերին և ընտանիքի անդամ դարձած՝ ապրում է մեր մեջ:
1877 թ. ռուս-թուրքական պատերազմում քրդերի կողմից Բայազետի բերդի պաշարման պատմությունը սահմռկեցուցիչ է, և պատմության մեջ պահպանված բազմաթիվ վկայություններ գեղարվեստորեն արտացոլվել են Րաֆֆու «Խենթում», նաև Վ. Պիկուլի «Բայազետ» ստվարածավալ վեպում և համանուն սերիալում:
Քրդերը վաղնջական պատմություն ունեն, բայց որի մասին չունեն սեփական գրավոր աղբյուրներ, քանի որ քրդական գրականությունը հիմնականում ձևավորվել է 15-16-րդ դարերում: Ըստ առկա գիտական տվյալների՝ լեզվական և մարդաբանական հատկանիշներով քայլում են հայերի և հինավուրց այլ ժողովուրդների հետ: 20-րդ դարում կարողացել են 3 անգամ կարճ ժամանակով ինքնավարություն ձեռք բերել Թուրքիայում և Իրանում, ի վերջո 1970 թվականին՝ ինքնավարություն Իրաքի հյուսիսում: Ներկայումս քրդերը հիմնականում ապրում են Թուրքիայում, Սիրիայում և Իրանում: Այս երկրների իշխանությունները ստիպված են միշտ զգուշանալ քրդերի՝ տարաբնույթ և տարալեզու, հիմնականում խաշնարած այս հանրույթի հնարավոր անկախությունից: Քրդական գործոնն այսօր լուրջ դերակատարություն ունի միջազգային հարաբերություններում: Այստեղ է, որ մեր ժամանակները խիստ նման են Րաֆֆու ապրած ժամանակներին: 19-րդ դարի 70-ական թվականներին թուրքերը թույլ տվեցին «Քրդական միություն» հորջորջված մի կազմավորման ի հայտ գալը՝ Անգլիայի հովանավորությամբ: Ըստ Րաֆֆու՝ որպես «մի խրտվիլակ пугало», ռուսների առաջխաղացումը կասեցնելու համար, և «թուրք մամուլը մի կողմից սկսեց վառել քրդերի խավար ֆանատիկոսությունը, մյուս կողմից հռչակել նրանց քաղաքակրթության արժանավորությունները, նրանց գրականությունը, դպրոցները, արհեստները և այլն… Թուրք մամուլն սկսեց դատապարտել «վայրենի հայերին», որոնք բարբարոսաբար հարստահարում էին «խեղճ քրդերին», այլ խոսքով, սկսեց բողոքել գառների դեմ, որ գիշատում էին գայլերին…»: Իսկ քիչ անց դժվար չէր նույն քուրդերին ներկայացնել «որպես անգութ գազաններ» (Ր.), որոնց պետք է «ի սպառ ոչնչացնել»: «Այդ բոլորի մեջ այն միտքը կար, որ Եվրոպային ցույց տային, թե Բ. Դուռը հակառակ չէ Հայաստանում վերանորոգություններ մտցնելու առաջարկությանը, և նա ինքը շատ է ցանկանում կատարել այդ, բայց նա ունի յուր առջև դրված մի մեծ դժվարություն, և այդ դժվարությունը կայանում է քրդերի և առհասարակ մահմեդական ամբոխի մոլեռանդության մեջ, որոնց կրոնին և սովորություններին հակառակ է ամեն վերանորոգություն: Կամենում էին ցույց տալ, որ եթե կառավարությունը մահմեդական ժողովրդի կամքին հակառակ գնար, կարող էր պատճառ դառնալ մի մեծ կոտորածի քրիստոնեից դեմ, որի համար Բ. Դուռը դժվարանում էր իրեն պատասխանատու համարել»: (Ընդգծված բառերը գրված են Մեծ եղեռնից ուղիղ 35 տարի առաջ): Հիմա էլ նույնիսկ այն թուրք մտավորականները, որ ընդունում են հայոց ցեղասպանությունը (թող լինի 70 միլիոնի մեջ մոտ 7000), երբ հարցը հասնում է մեր պահանջատիրությանը, մտավախություն են հայտնում. «Բա քուրդե՞րը… նրանց հետ ո՞նց եք գլուխ դնելու: Նրանք կոչնչացնեն հայերին, եթե հայերը խելոք չմնան»: Նույն Րաֆֆու ասած пугало-ն, որ կարող են մի տեղից հանել, մի ուրիշ տեղ դնել: Հետաքրքիր հարց՝ ինչո՞ւ թուրքերը լուսավորյալ, նստակյաց, արարող հայի «իսպառ ոչնչացումը» գերադասեցին քրդերի ոչնչացումից: Որովհետև հայերի վերջը տալն ավելի հե՞շտ էր և ուրեմն՝ առաջնահե՞րթ, քան քրդերինը: Բայց չէ՞ որ նրանք շատ հեշտությամբ կարողացան ի չիք դարձնել 1920 թ. քրդերի ստեղծած «Արարատյան թագավորությունը»: Քրդերի այս կարգի քաջության մասին է, որ Րաֆֆին ասում է. «Սխալ է այն կարծիքը, որ առհասարակ տարածված է քրդերի մասին, թե նրանք մի քաջ ժողովուրդ են: Քրդերը, ինչպես և մյուս վայրենի ցեղերը, այն քաջությունը չունեն, ինչ որ հասկացվում է այդ բառի բուն նշանակությամբ: Իսկապես քաջ լինելու համար պետք է գիտակցաբար ոգևորված լինել որևիցե գաղափարով: Բայց քուրդը իդեալ չունի: Ի՞նչը կարող է նրան դրդել արյուն թափելու, բացի հափշտակասիրության իղձից: Իսկ մի այդպիսի քաջություն՝ գազանի քաջություն է, երբ որսի ետևից է ընկնում: Մի անգամ հաղթվեցավ, քուրդը այնուհետև կորցնում է իր բոլոր արիությունը»: Նույն տեղում. «Հանգամանքները երբեմն ստիպում են նրանց թողնել բնակած երկիրը: Այնուհետև նրանք հեշտությամբ մոռանում են իրենց հողերը, որքան հեշտությամբ ձեռք էին բերել նրանց»: Այսպես, երևի նրանք արդեն մոռացել են Լաչին-Կարմիր Քուրդիստանի և իրենց երազած այլ տարածքների մասին:
Բայց ինչպես Րաֆֆու, այնպես էլ պատմական այլ վկայություններում քրդական բազմաթիվ միմյանց հանդեպ թշնամանք, վրեժխնդրություն ունեցող ցեղերից շատերը բարեկամություն են ունեցել հայերի հետ և անգամ հավատարմություն, իսկ Եղեռնի ժամանակ որոշ քրդական խաղաղաբարո ցեղեր, օր. զազաները, պատսպարել են ամեն ինչից զուրկ, այրիացած կանանց ու որբուկների: Գուցեև արժանահավա՞տ են այն տվյալները, թե ներկայիս Թուրքիայում ապրող 3 միլիոն զազաների 23 տոկոսը հայեր են (եթե նրանք ձուլված լինեին, թիվ չէին կազմի: Բայց ինչո՞վ է արտահայտվում նրանց չձուլված լինելը: Մանավանդ որ Թուրքիան խուսափում է երբևէ հստակ մարդահամար անցկացնելուց):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։