Կոմիտաս: Առեղծվածների մեջ նրա ոգու գաղտնիքը Հայաստանի վերքերից ամենաչսպիացողն է: Երևակայությունս պատկերում է նրա նիհար կերպարը` սև հանդերձի մեջ, որի որբությունը սահման չունի: Այդ որբությունն ավելին կլիներ, եթե մի ողջ ժողովուրդ նրա հայրական պաշտպանության կարիքը չունենար: Այդ հավաքական զավակը նրան սպասում էր հարազատ լեռնաշխարհում:
Վանականի սև հանդերձով կերպարը վերադառնում էր իր միայնակ խուցը: Բայց այնտեղ ձայներ են հնչում: Հնագույն լեռնաշխարհի դարավոր կյանքի ձայներն են դրանք: Այդ ձայները կեղեքում էին նրա հոգին: Նա գիտեր` ինչ էին իրենից խնդրում այդ ձայները: Նրանց հետագա ուղին կախված էր իրենից: Միայն ու միայն իրենից: Առաքելության վիթխարի ծանրությունը ճզմում էր նրա հոգին: Բայց ելք չկար: Նրան էր սպասում, նրան էր աղոթքով նայում ողբերգական պատմության տեր ժողովուրդը և ստիպում էր մոռանալ իր ցավն ու որբությունը: Նրա հայրենակիցները դարերով աղոթում, ուրախանում ու դառնանում էին իրենց հանգի` երգերը հյուսում էին իրենց ապրած կյանքով: Իսկ Կոմիտասը գիտեր, թե ոգու ինչ խտացում է երգը և անկարելի էր մոտենալ նրա սուբյեկտիվ տարբերակներով ու մշակումներով: Հատկապես պետք էր խուսափել մեկնաբանություններից: Պետք էր խնամքով հավաքել ու մոռացումից փրկել ժողովրդի ստեղծածը` մաքրելով այն օտար շերտերից: Արցունքն առանց այդ էլ աղի է, պետք չէ դրան խառնել քրտինքդ, եթե անգամ դա ազնիվ աշխատավորի քրտինք է: Իսկ արցունքը գալիս էր ամենախորքից, ամենանվիրական ապրումներից, այն բյուրեղային էր, և այդ բյուրեղը պարզվել-զուլալվել էր: Բյուրեղի ծնունդը տառապագին է, կայացումը` երկարատև, փոխարենը մնայուն է, համարյա` հավերժական: Իսկ ի՞նչ կարող ես անել դու, ակնթարթի զավակ: Լավագույնը` թույլ չտաս, որ բյուրեղը կորչի, նրան վերադարձնես մարդկանց:
Երգի բանավոր փոխանցումը բերանից բերան` հրաշալի է: Իսկ եթե հանկարծ այդ բերանները չլինե՞ն (Եղեռն): Ուրեմն` նոտաները փրկօղակի դեր կկատարեն ու աշխարհին կպատմեն ոչնչացվող ժողովրդի մասին: Եվ այդ առաքելությունը պիտի իրականացներ Կոմիտասը: Իսկ նա տկար է` միայնակ ապրած տարիների հետևանք: Կյանքը անխնա է նրա նկատմամբ, բայց ինքը չի շեղվի իր ճանապարհից ու չի փորձի թաքնվել ճակատագրից… մի՞թե տառապանքն է մաքրում և ուժ տալիս հոգուն: Կյանքին ծառայող ուժեր, ինչո՞ւ եք բույն դնում տառապյալ հոգիներում: Սև հանդերձներով կերպար, որ 45-ում փակվեցիր խավարում` ո՞վ քեզ նվիրումի ուժը տվեց, ո՞վ բարձրացրեց քեզ այրվող խարույկի վրա: Եթե լսես լռությանը` պատասխանը կստանաս. 19-րդ դարավերջի ջարդերն ու 15-ի կանխազգացումը ծնեցին այն միակին, ով պիտի պահպաներ ժողովրդի կյանքը հնչյունների մեջ: Ինչպես իր ժամանակին Մաշտոցը` այբուբենով, Խորենացին` պատմությամբ: Հիմա երգերի ու եկեղեցական շարականների հերթն էր: Կոմիտասն ուզում էր, որ գոնե ժողովրդի հոգին մնա, եթե մարմնին մահ է վիճակված: Նա գիտեր, որ փրկված հոգին վերագտնում է մարմինը: Նա աշխարհ էր ուղարկվել 15-ից շատ առաջ` սա կարելի է դիտարկել որպես նախախնամության հոգատարություն… Ուզում եք ոչնչացնել ի՞նձ` ամբողջ ժողովրդի՞ս, բայց ես արդեն ծնել եմ որդուս ու քո յաթաղանն անզոր է իմ սերմի առաջ…
Փյունիկ թռչունը հավերժական թեմա է: Ապրել, երբ, թվում է, անհնար է գոյատևելը` ահա մեր լեռնաշխարհի ժողովրդի գաղտնիքը: Այստեղ է խաչելության տառապանքների համար ծնված պայծառ հոգիների գաղտնիքը: Այդպես է խաչը ծառայում կյանքին: Եվ ասվածի մեջ պարադոքս չկա` խաչն ինքնին կյանքն է, որ կա: Կյանքի հավերժական ծառի խորհրդանիշը: Ճիշտ է, ծառը կենսատու հյութերով է լի, իսկ խորհրդանիշը ասկետական է: Բայց ինչպես ցանկացած խորհրդանիշ, այն իր մեջ ունի ծլարձակման ու տարածման գաղափարը:
Այսօր կատարելով նրա գործերը, ասում ենք` Կոմիտաս, մոռանալով, որ այդ մենք ենք մեզ կատարում: Որ փոխանցում ենք նրա պահպանած ժողովրդի ոգին մեզնից հետո եկողներին: Ինչի՞ հետ ենք զուգորդում «Գարունն» ու «Ծիրանի ծառը»: Դարերով այն զուգորդվել է մեր լեռների հետ: Իսկ այսօր` միայն ու միայն Կոմիտասի հետ: Եվ այդ զուգորդումն այլևս դարերինն է…
Հեղինակային թարգմանությունը` Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ