Հայոց եղեռնի մասին գրվել, կազմվել ու լույս են տեսել հարյուրավոր գրքեր ու ժողովածուներ և լույս կտեսնեն, քանի դեռ թուրքական իշխանությունները չեն ընդունել ու չեն ճանաչել իրենց նախորդների իրականացրած դիվածին ծրագիրը:
Առկա ժողովածուների շարքում իր տեղը կարող է զբաղեցնել «Հայոց ցեղասպանությունը վրացական պարբերականներում 1914-1918 թթ.ե վերտառությամբ նյութերի ժողովածուն ևս: Դրանք վրացական արխիվներում հանգրվանած որոշ թերթերից ու հանդեսներից, մասնավորապես` «Սաքարթվելոե, («Վրաստանե), «Սամշոբլոե («Հայրենիքե), «Սախալխո փուրցելիե («Ժողովրդական թերթե), «Կլդեե («Ժայռե), Մեծ եղեռնի վերաբերյալ ի մի բերված թղթակցություններ, հրամանագրեր, հեռագրեր, նամակներ, հարցազրույցներ, վավերագրեր, վկայություններ, այլևայլ գրություններ են, որոնց գերակշիռ մասը ամբողջովին կամ հատվածաբար քաղված են հայկական («Մշակե, «Հորիզոնե, «Վան-Տոսպե «Պայքարե), ռուսական («Новое обозрениеե, «Листокե, «Кавказская речьե, «Кавказское словоե, «Петербургские ведомостиե, «Русские ведомостиե), ինչպես նաև Անգլիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների լրատվամիջոցների հրապարակումներից:
Նյութերը համակարգված են ժամանակագրորեն և ընդգրկում են Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած կարևորագույն դեպքերից մինչև 1918 թ. մայիսի վերջը: Ժողովածուն բաղկացած է հինգ մասից` «1914ե, «1915ե, «1916ե, «1917ե և «1918ե, որոնց վերնագրերը՝ «Մեր դրացիներըե, «Հայերի դրությունը Թուրքիայումե, «Հայերի սպանդըե, «Անգլիան և հայերի ինքնավարությունըե, «Հայոց հարցը Անգլիայի պառլամենտումե, «Հայոց հարցը Ռայխստագումե, «Ամերիկան և հայերըե, «Հայ գաղթականներըե և այլն, ավելի քան խոսուն են և արտացոլում, խտացնում են արծարծվող հարցերի ու շոշափվող թեմաների բովանդակությունը:
Առհասարակ վրացական մամուլը, իր հերթին, պատմությանն է հանձնել թուրքական կառավարության՝ հայերի հանդեպ կատարած ոճրագործությունը, իրենց մշտական բնակավայրերից հայ ազգաբնակչության տեղահանությունը, աքսորի ճանապարհներին ու հատուկ ճամբարներում ջարդարարների չարանենգ գործողությունները, սանձարձակ խաժամուժի վայրագությունները, անօրինակ խոշտանգումներն ու դաժանությունները: Խոսվում է նաև բազմաթիվ երկրներում, դրանց թվում և Վրաստանում ապաստանած փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության, գաղթականների կարիքների համար տարբեր երկրների տրամադրած և հասարակական կազմակերպությունների ու խմբերի հանգանակած գումարները, սննդամթերքը, հագուստը բաշխելու մասին:
Անկախ ծավալից ու բովանդակությունից, այս նյութերն էական են հատկապես այսօր: Անհրաժեշտ է թարգմանել, ներկայացնել նաև օտարալեզու հանրությանը, դարձյալ ու դարձյալ, ի թիվս նմանաբնույթ այլ ժողովածուների, գիտական շրջանառության մեջ դնել հայոց դաժանագույն ողբերգությունը հավաստող, երբեմն էլ դատապարտող վրացական մամուլի արձագանքները:
Իր ամբողջության մեջ ոչ այնքան ստվարածավալ այս ժողովածուն կազմելու, հրատարակելու գաղափարը հղացել և աշխատանքները իրականացրել է Վրաստանի հայ համայնքի ուսանողական միությունը: Գիրքը լույս է տեսել Թբիլիսիում եվրահայկական ֆեդերացիայի վրացական գրասենյակի հովանավորությամբ:
Հայոց եղեռնի արձագանքները վրացական մամուլում 1914-1918 թթ. / Հրաչիկ ԲԱՅՐԱՄՅԱՆ
