ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾՆ ՈՒ ՉՈՒՆԵՑԱԾԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքն է այն անձանց համար, որոնք նվիրվում են ծառայելու հայրենիքին: Ով հայրենիք չի տեսել, չի ճանաչել և կամենում է նրա համար մի ծառայություն անել, նման է այն դերձակին, որ մարդուն չտեսած, նրա չափսը չառած, նրա համար հագուստ է ձևում: Եթե դերձակը լավ արհեստավոր ևս լինի, բայց հագուստը կամ նեղ կդուրս գա կամ՝ լայն, կամ կարճ կդուրս գա կամ երկար: Մի խոսքով այլանդակ բան կլինի: Մի այդպիսի սխալի մեջ չընկնելու համար ես ցույց տվի քեզ մեր հայրենիքը. շատ երևույթների պատճառները բացատրեցի քեզ, շատ տեղերի և շատ ցեղերի հետ ծանոթացար դու: Ես ձգեցի քո մեջ ապագա հառաջադիմության սերմերը միայն: Իսկ գիտության լույսը կծլեցնե, կաճեցնե և պտղաբեր կկացուցանե նրանց: Այդքանը բավական է, այժմ գնանք»: Այսպես խոսեց Ասլանը Ֆարհատի հետ ՝ իրենց երկար դեգերումներից հետո («Կայծեր»): Րաֆֆին հիանալի գիտեր իր երկրի ամեն մի թիզը, որ իր ոտքով չափել, իր աչքով էր տեսել: Նա մեր մեծ բնանկարիչն է նաև: Նրա նկարագրությունները գեղարվեստի չգերազանցված նմուշներ լինելուց զատ, հայրենագիտական, ճանաչողական անգնահատելի քարտեզներ են: Նա վկայում է ոչ միայն իր, այլև հին ժամանակներում տվյալ տեղանքի աշխարհագրական, բնագիտական, բնակեցվածության (նույնիսկ բնակչության խտության) վիճակի մասին:
Իր երկրի բնությամբ հմայված, արբած այս մեծ ճանապարհորդը անվերջ մտածում էր, թե ինչից ինչ կարելի է շինել, գիտեր բնակլիմայական տարբեր գոտիների պայմանները և Նալբանդյանի նման համոզված էր, որ «տնտեսական հարցն է» ամենակարևորը, որ գյուղացուն անպայման պետք է կապել հայրենի հողի հետ:
Մի՞թե ներկայիս կլիմայափոխություններն այնքան են ազդել մեր երկրի այս շատ փոքրիկ, բայց անկախացած հատվածի վրա, որ այստեղ այլևս հնարավոր չէ ծխախոտի փոխարեն կամ գոնե դրա չափ շաքարի ճակնդեղ, ցորեն աճեցնել այնքան, որ գերի չդառնանք «գերժամանակակից» վաճառականների անխնա հարստահարումներին: Թթենին, որից առաջնակարգ մետաքս էին ստանում, Հայաստանում աճում է գրեթե առանց հատուկ խնամքի: Նալբանդյանի և Րաֆֆու վկայությամբ՝ Հայաստանում նաև բրինձ էին մշակում: Սովետների ժամանակ մեր երկրում բամբակ էր աճում, նույնիսկ Բամբակաշատ անունով գյուղ ունեինք. պիոներներին տանում էին բամբակահավաքի: «Կայծեր»-ում Խրիմյան Հայրիկը խոսում է կարտոֆիլի, տորոնի և թթենու մշակման մասին: Իհարկե, կարտոֆիլին ասում է «գետնախնձոր»: Պատմում է, որ վանքը սկսել է գետնախնձոր աճեցնել «և մինչև այսօր մեծ դժվարություններ է կրում գյուղերում տարածելու: Մեր տերտերները դեռևս չեն լուծել այն հարցը, թե արդյո՞ք գետնախնձորը կարելի է ուտել պահոց օրերում»: Այսօր կարտոֆիլը մեր աղքատների և հատկապե՜ս պահոց օրերի հիմնական կերակուրն է:
Րաֆֆին գիտեր իր երկրի օգտակար հանածոների ցանկը: Վանի սբ. Նշան եկեղեցու սրբազանը Ասլանի ու Ֆարհատի հետ զրույցի ժամանակ «ցավակցական եղանակով» ասում է. «Հարստություններ շատ կան մեր երկրում, պարոն բժշկապետ, մեր հանքերը լի են արծաթով, զառիկով (զառիկը մկնդեղն է, Ա.Հ.), պղինձով, մենք ունենք նավթի աղբյուրներ, առատ քարածուխ ևս գտնվում է մեր լեռներում, ուրիշ ինչե՛ր չունենք մենք, բայց օգուտ քաղողներ չկան: Եթե ձեզ նման ճանապարհորդներ հաճախ այցելեին մեր կողմերում, մենք բախտավոր կլինեինք»: Այսօրվա Թուրքիայի տա- րածքում մոտ 100 տեսակի օգտակար հանածոներ կան, քրոմիտի պաշարներով այն աշխարհում 4-րդ տեղում է, աշխարհի սնդիկի 25 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային: Շատերը մեր պատմական հայրենիքի ընդերքի հարստություններն են: Մենք վաղո՛ւց արդեն (1934-ից) ունենք ԵրՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, լավ մասնագետների, մեր ընդերքի գինն իմացողների պակաս երբեք չենք ունեցել: Րաֆֆու ժամանակներում մեր երկրում չկային հանքանյութերը կորզողներ, իսկ հիմա չկան կորզողներից կորզողների գայլային ախորժակը զսպողներ: Անվերջ գոռում-ճչում ենք մեր օգտակար հանածոների ճիշտ օգտագործման մասին, մեր բնապահպանները կոկորդ են պատռում մեր այս փոքրիկ երկրի հետ զգուշավոր վարվելու կոչերով… Ձայն բարբառո…
Րաֆֆին գիտեր, թե ինչպես է Վանի շրջակայքի գյուղացին բորակ նյութը հայթայթում և դրանից օճառ պատրաստում, թե ինչպես են առափնյա գյուղերի ձկնորսներն իրենց համար նավակներ պատրաստում, գիտեր, որ հնձվորները գիշերով պետք է հնձեին ցորենը, քանի որ «ցերեկվա տոթը այն աստիճան տոչորում է, ցամաքեցնում է հասունացած արտերը, որ հնձելու միջոցին հասկերից հատիկները թափվում են» («Կայծեր»):
Մեր մեծ մտածողը գիտեր աշխատասեր գյուղացու և ծույլ գյուղացու բնակության վայրերը: «Մեր գյուղացիք… Անիծվին նրանք… այնքան ծույլ են, որ տրտնջում են Աստծո դեմ. «Ինչո՞ւ, Աստված, հացը այնպես չստեղծեցիր, որ գետնից հենց թխած բուսներ, մենք վարելու, ցանելու, հնձելու, աղալու, թխելու հոգ չունենայինք»,- ասում է ս. Նախավկայի վարդապետը»: «Մտքումս ասեցի, թե դուք եք ծուլացրել նրանց» («Ուղեգրություններ»): Գյուղացուն ծուլացնելու, ամլացնելու այս գործընթացը համաշխարհայնացման ծրագրի մի մասն է: Անգլիայի ֆերմերները, որոնց ծագման և տնտեսվարական կարգի մասին արդեն իսկ շատ բան գիտեր Նալբանդյանը, հիմա կանգնած են նույն այդ որակազրկված հողագործի վիճակում: Մ. Թետչերի կառավարությունը ֆերմերին դրեց մի կացության մեջ, որ շատ արագ դեպի անկում տարավ գյուղացիական տնտեսությունը: Այսօր Անգլիան գյուղմթերքի էժանագին ներկրող է և արտահանելու քիչ բան ունի:
Ծույլ գյուղացու մասին մեր ներկայիս հայրենիքում էլ շատ է խոսվում, երբ թվում է, թե գյուղացին և աշխատասիրությունը հայի համար հոմանիշ բառեր պետք է լինեին: Երևանին մոտ գյուղերից մեկում փորձ են արել կանանց ասեղնագործություն, գորգագործություն սովորեցնել, բայց ոչինչ չի ստացվել: Ըստ երևույթին, ազգային արվեստներն ու արհեստները նախ իրենց ծագումնաբանությունն ու ավանդականությունը պետք է վերագտնեն:
Որքա՞ն, ուրեմն, Րաֆֆու ասած հայրենագիտությունը և Նալբանդյանի ցույց տված Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ, մեզ՝ այսօրվա հայերիս համար գանձ-նպատակի արժեք պետք է ունենան… Մի օր մենք էլ մեր տնտեսությունն այնքան լավ կիմանա՞նք, որքան լավ գիտեր Րաֆֆին օտարի լծի տակ տնքացող և սեփական պետականություն չունեցող իր ժողովրդի ունեցածն ու չունեցածը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։