Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Երբ Տոլստոյը և նրա նման ազնվականների որդիք ոչ թե թաքնվում էին իրենց ժառանգական տիտղոսների ետևում, այլ իրենց առնական, հայրենասիրական պարտքն էին կատարում, հերոսանում ու շքանշաններ էին ստանում պատերազմում, Պետերբուրգում և Մոսկվայում չէին դադարում պալատական պարահանդեսները, եռում էր բարձրաշխարհիկ կյանքն իր ամբողջ շքեղությամբ: Պատերազմն ու խաղաղությունը գոյակցում էին լայնածավալ Ռուսաստանի հարավում ու հյուսիսում: Իսկ Րաֆֆին իր պետականություն չունեցող ժողովրդի կյանքում չէր տեսնում մի բնագավառ, որ վկայեր հայ մարդու ապահով, անդորրավետ դրության մասին: Հայի համար խաղաղություն գոյություն չուներ, և պատերազմներն էլ, որոնց զինվորագրվում էր կամա թե ակամա, իրենը չէին:
Երբ Րաֆֆին գրեց «Դավիթ Բեկը», «Սամվելը», Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը» արդեն գրված էր, ու եթե ամբողջ աշխարհն էր կարդում, Րաֆֆին չէր կարող չկարդալ այն: Համոզված կարելի է ասել, որ այն, ինչ Րաֆֆին սովորել է իր հեռավոր ու մերձավոր, եվրոպացի և ռուս նախորդներից (բայց ինչո՞ւ և ինչպե՞ս չսովորեր), մեթոդն է՝ կարելի է և պետք է գրել ամեն ինչի մասին, եթե գրվում է բարձր արվեստի, մարդու վեհության, մարդասիրության, հայրենասիրական, լուսավորական գաղափարների տարածման դիրքերից: Քիչ բան կգտնենք Րաֆֆու ռազմի տեսարաններում, որ Տոլստոյից վերցված դաս է հիշեցնում, գուցե այս առումով համեմատելի են պատանի Արտավազդի և Պետյա Ռոստովի պատանեկան ռազմատենչ ոգևորությունները: Իսկ մնացյալը մեր պատմության ծալքերում Րաֆֆու մանրակրկիտ պեղումներից գոյացած և հավաստիության բազմակողմանի զննումներով անցած սեփականությունն է: Րաֆֆին, պատմականորեն մոտենալով մեր պատերազմական անցյալին, հասկացել էր, որ պետականություն չունեցող ժողովրդի համար դեռ օրակարգային խնդիր էր պայքարն առհասարակ, և դա կարող էր դրսևորվել միայն պարտիզանական գործողությունների ձևով: «Խենթը» և «Կայծերը» կարդալուց հետո հայ տղաներից շատերն էին ուզում նետվել հայրենիքի ազատագրման պայքարի մեջ՝ որպես Կարո, Ասլան, Սագո, Վարդան, Դուդուկչյան, Մելիք-Մանսուր:
Ամեն ինչի մասին գրելու առաքելությունը, որ ժամանակակից բազում տաբուների առկայությամբ միայն Րաֆֆու նման մեծությունն իրավունք ուներ իրեն վերապահելու, արդեն իսկ նախակարապետի սխրանք էր և նրան տալիս էր ստեղծագործական մեծ ազատություն, որի մեջ ծաղկում էր նրա հանճարը: Եվ դարձյալ նա էր մեր նոր գրականության այն ռահվիրան (Եղիշեն մնացել էր մոտ մեկ ու կես հազարամյակ հեռվում), որ անվարան ձեռնամուխ եղավ հայրենի բատալիստիկային, հասկացավ դրա կարևորությունը, մինչդեռ Տոլստոյը այս բնագավառում դեռ երկար ժամանակ իր ռուս հետևորդները չունեցավ՝ մինչև կգային Մ. Շոլոխովի, Կ. Սիմոնովի, Վ. Պիկուլի և այլոց ժամանակները:
Րաֆֆին եղավ ոչ թե Տոլստոյի հետևորդը՝ այլ շարունակողը, ցավոք, մնալով միայն հայ գրականագետների գնահատման դաշտում, որն էլ դեռ չի խորացել նրա բատալիստիկայի առանձնահատկությունների մեջ: Երևույթը մնաց անկրկնելի, թեկուզև ունեցանք «Գևորգ Մարզպետունի», «Վարդանանք», «Պապ թագավոր» և այլն:
Րաֆֆին չուներ Տոլստոյի զինվորական փորձը, աստիճանն ու պարգևները, բայց քանի որ նրան էր տրված իր ժողովրդի պատմության, ժամանակների մեջ սեփականատիրոջ իրավունքով քայլելու եզակի շնորհը, կարողացավ ոչ միայն ռազմի հզոր զանգվածային տեսարաններ ստեղծել, այլ նաև բազմաթիվ հերոսներ՝ բնավորության, խառնվածքների երբեք չկրկնվող հատկանիշներով: Ո՞վ է հաշվել Րաֆֆու կերտած հերոսների թիվը (գուցե հաշվե՞լ են): Մանրակրկիտ հաշվարկով, դրանք եթե ոչ հազարի, բայց հարյուրների կարող են հասնել:
Որքան Րաֆֆուն հիացնում են ու հզոր են վեհանձնությամբ, քաջությամբ, հայրենասիրական գաղափարներով տոգորված ռազմիկ հերոսները, նույնքան անողոք է նա հայրենիքի դավաճանների հանդեպ: Նա չի զլանում մատնացույց անել օտար կամ ներքին թշնամու ուժը, անկոտրում, իր սխալների մեջ խելահեղությունների հասնող կամքը և միշտ շեշտադրում է այն փաստը, թե ի՛նչ ավերների է ընդունակ հատկապես ներքին թշնամին, որ հանուն իր փառքի մոռանում է երկրի շահը: Րաֆֆու պատերազմական կերպարների պատկերասրահում նրանք հաճախ խաբեբայության, ոճրագործության, դավաճանության, հայրենիքի բախտը աճուրդի հանելու գլուխգործոցներ են ներկայացնում: Տոլստոյի գործերում բացի Աննա Կարենինայից այլ «դավաճանի» դժվար է հանդիպել, բայց Րաֆֆու անողոք մերկացումներից առաջ եկավ հայ ժողովրդի ազատագրական պայքարը, իսկ պացիֆիստ Տոլստոյի մահվանից քիչ անց սկսվեցին Ռուսաստանի դժնդակ ժամանակները:
Եվ միայն զարմանք կարող ես ապրել՝ իմանալով, որ այսօր մեր հայրենիքի բախտի հետ խաղացողների հայրերն ու պապերը հաստատ կարդացել են Րաֆֆու տված այս հանճարեղության չափ պարզ դասերը և ամեն անգամ ամոթահար են եղել իրենց անարժան նախնիների գործած սխալների համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։