ԲԵՄԱՐՎԵՍՏՈՎ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Լինում են արվեստագետներ, որոնց ճակատագիրն ի վերուստ նախանշված է, մանկուց արդեն հայտնի է նրանց ապագան: Այդպիսիներից է ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Մարիամ Ղազարյանը: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանի ամենատես աչքից չվրիպեց Մարիամի խաղացած դերերն ուսանողական բեմում և նրան հրավիրեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն: Սա լուրջ հայտ էր դերասանուհու համար, որովհետև նա լինելու էր հանրաճանաչ դերասանների կողքին, խաղալու էր նրանց ընկերակցությամբ և ստանալու էր մեծերի բարի խորհուրդն ու օրհնությունը:
Արդեն 40 տարի այս թատրոնում է հյուսվում վաստակաշատ դերասանուհու ստեղծագործական գործունեությունը` դառնում հարուստ և իմաստավորված կենսագրություն: Ունենալով դերի վրա վարպետորեն աշխատելու ունակություն` նա ձգտում է կատարելության, մտնելով կերպարի մեջ՝ դրամատուրգի և ռեժիսորի ասելիքին հավելում է իր մեկնաբանությունը:
Հայ բեմի մեծագույն կատակերգակ Կ. Խաչվանքյանը դրվատանքով է խոսել Մ. Ղազարյանի մասին: Դերասանուհին Կնյազ-Խաչվանքյանի կողքին, մոտ երկու տասնամյակ, խաղաց Ադելաիդա, որը և լայն ճանաչում բերեց նրան (Ժ. Անանյան, «Տաքսի, տաքսի», բեմադրությունը` Մ. Մարինոսյանի): Մ. Ղազարյանի խաղացած դերերը մեկը մյուսից հետաքրքիր են, ուշադրության արժանի. Զառա («Իմ զոքանչը»), Անժելա («Արևը ձեզ հետ»), Զումրաթ («Փողոց, իմ փողոց»), Ստասի («Սիլվա»), Ալլա («Խելահեղ օր»), Շուշան («Մեծապատիվ մուրացկաններ»), Էլիզ («Իմ չքնաղ լեդի»), Ագաֆիա Տիխոնովնա («Ամուսնություն»), Միրանդոլինա («Հյուրանոցի տիրուհին»), Խանումա («Խանումի արարքները»), Կոլինիկե («Լիսիստրատե»), Ջեննի («Պահանջվում է ստախոս»):
Արագ վերամարմնավորվելու և յուրաքանչյուր կերպարին բնորոշ հատկանիշներ գտնելու հազվագյուտ շնորհ ունի արտիստուհին: Այս իմաստով կարելի է հիշել Նիլ Սայմոնի «Սիրեկանը շիկացած անկողնում» պիեսի բեմադրության մեջ (բեմադրությունը` Հր. Գասպարյանի), հոգեբանորեն և ներաշխարհով տարբեր երեք կանանց` Էլեն, Բոբբի, Ժանեթ կերպարների մարմնավորումը: Մեկ ներկայացման մեջ հանդես գալով տարբեր բնավորություն ունեցող կանանց դերերում, շնորհիվ իր վարպետության, նա հասել է ցանկալի արդյունքի: Այս ներկայացումը փայլուն հաջողություն ունեցավ նաև Իրաքում` Միջազգային թատերական փառատոնում: Ներկայացման մեջ զբաղված երկու դերակատարներն էլ` Մ. Ղազարյանը և Բ. Պեպանյանը, արժանացան տղամարդու և կնոջ լավագույն դերի համար սահմանված «Գրան պրի» պարգևին:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 60-ամյակի և անվանի կոմպոզիտոր Ա. Այվազյանի ծննդյան 100-ամյակի առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ե. Ղազանչյանը բեմադրեց «Ատամնաբույժն արևելյան» օպերետը: Բեմադրությունն ունեցավ փայլուն հաջողություն. անվանի թատերագետները և մշակույթի գործիչներն այն բարձր գնահատեցին` բնութագրելով որպես անսամբլային և մասշտաբային ներկայացում: Բեմադրությունը լրացրեց խաղացանկի օպերետային ժանրը` դառնալով թատրոնի լավագույն ներկայացումներից: Բեմադրիչը նկատի ունենալով Մ. Ղազարյանի ունակությունները` Մարթայի դժվարին դերը վստահեց նրան: Ստեղծագործական վերելք ապրող արտիստուհու հաջողված դերակատարումը առանձնահատուկ ձևով հարստացրեց նրա բեմական կենսագրությունը: Մ. Ղազարյանի մարմնավորած կերպարը ջերմորեն ընդունեց հանդիսատեսը և բարձր գնահատվեց արվեստագետների կողմից: Տեսարանից-տեսարան «բացելով» կերպարը` նա կարողանում է համոզիչ և ինքնատիպ մեկնաբանել այն` հարազատ մնալով Պարոնյանի Մարթային: Այս դերակատարման համար Մ. Ղազարյանն արժանացավ Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի:
Օրերս «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումը նվիրված էր սիրված դերասանուհու հոբելյանին: Մեծարման արարողությանը Ե. Ղազանչյանն ասաց. «Պարոնյանցիներն այսօր նշում են թատրոնի երևելիներից մեկի` Մարիամ Ղազարյանի հոբելյանը և բեմական գործունեության 40-ամյակը: Հսկայական են Մարիամի ծառայությունները, նա եղել է թատրոնի ոսկե դարի մասնակիցը: Պատիվ է ունեցել խաղընկեր լինել Կ. Խաչվանքյանին, Ս. Գրիգորյանին, Ս. Հարությունյանին, Մ. Համամջյանին, Ա. Հովհաննիսյանին, Մ. Կարագյոզյանին և այլոց»:
Հոբելյարին` ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի անունից վարչապետի հուշամեդալ հանձնեց Ա. Միրզախանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի անունից ոսկե մեդալ` Ա. Ղազարյանը, Թատերական միության նախագահ Հ. Ղազանչյանը` ՀԹԳՄ ոսկե մեդալ: Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց Ե. Ղազանչյանը: Դերասանուհուն ողջունեցին խաղընկերներ Ա. Դեղտրիկյանը, Զ. Աբրահամյանը, Ի. Աբելյանը, Վ. Մանուկյանը և թատրոնի անունից` Հ. Գալոյանը: Հուզիչ էին դուստրերի և թոռնիկի ձայնագրված շնորհավորանքներն արտերկրից:
Բեմական լիաբուռն կյանքով ապրող արտիստուհին իր նոր դերերով դեռ շատ հաճելի պահեր կպարգևի հանդիսատեսներին: Ժամանակն է, որ Մարիամ Ղազարյանը, թեև ուշացած, կրի ՀՀ ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչումը, քանզի նա վաղուց է վայելում ժողովրդի սերն ու համակրանքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։