ԽՈՒՄՀԱՐԱՇԱՐ

Խաչիկ-ՄանուկյանԽաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մայրուղին գերեզմանոց էր տանում և այն շրջանցելու ճանապարհ չկար: Սա խենթանալու բան է. խորտկարանը` քաղաքի լքված մի անկյունում, իսկ հանգուցյալների օրրանը` ուղիղ քթի տակ: Նա, իհարկե, պիտի վերադառնար. նախ, որ ծարավն ու քաղցը տանջում էին, և հետո` սիրո իր բաժինն աշխարհի վրա բնավ չէր սպառվել, և մարմինն ու հոգին տարիներով հեռու էին հողում և երկնքում սահմանազատվելուց: Պիտի վերադառնար, բայց ոտքերը գամվեցին, և հայացքում միանգամից տեղավորվեց դանդաղ շարժվող ամբոխը, որն իրեն աննկատ թողնելով, զանազան պատմություններ շաղող ձայների խրթին համանվագն իր ծանրացող ունկերը լցնելով` ուղիղ գերեզմանոց էր գնում: Ամենասոսկալին երեխաների ծիծաղն էր, որոնք փուչիկներով և խաղալիքներով զարդարված, իրենց ոստյուններով ու ետուառաջ վազվզոցով` անկանոն էին դարձնում շարունակ խտացող բազմության երթը: «Չէ, այսպես անհնար է, այսպես չի լինում, ինչ-որ բան հարկավոր է անել»: Կրկին փորձեց հետ շարժվել, բայց մի եղունգաչափ անգամ չստացվեց, և մարգարեաբար զգաց, որ շարժումը լոկ մի ուղղությամբ է հնարավոր, և դատողությունների անզորությունն ընկալելով` գնաց ամբոխի հետևից, որն, ասես, հենց դրան սպասելով` ներողամիտ ժպիտով մի պահ շրջվեց, և հենց այդ ակնթարթի մեջ բոլոր դեմքերն այնպիսի պայծառությամբ տպավորվեցին, որ կարծես նրանց լուսանկարներն առանձին-առանձին նայելիս լիներ: Սարսափը պատեց, լեզուն ջուր դառավ բերանում, և հոգու մեջ թանձրացող ճիչը ոչ մի կերպ չէր գոյանում, կոկորդի պատերին զարկվելով` իջնում, տարածվում էր մարմնով մեկ: Դրանք բոլորը հանգուցյալներ էին, որոնց հանդիպել էր իր ապրած տարիների ընթացքում և մի քանիսի շիրիմներին կանոնավոր այցելել ամեն մեռելոց: Գերեզմանոցից մոլորակի սահմանն ընդհատվում էր, և կտրուկ հատվածով, չափման բոլոր միավորները շրջանցող վիհ էր բացվում դեպի անկշիռ, հավերժամշուշ հորիզոններ: Մեռյալների բազմությունը դեռ չէր հասցրել ամբողջությամբ հեռանալ, երբ մի քանի քայլի վրա, թիկունքից լսվեց նվագախմբի զվարթ ու հնչեղ ձայնը, և շրջվելով, ուրախությամբ նկատեց իր կողքին ապրող ծանոթ-բարեկամների, որոնք, չգիտես ինչու, զինվորական համազգեստներով, «Կայսրինը` կայսրին» չլսված ու տարօրինակ երգը երգելով գալիս էին` իրենց զորեղ մարմինների տակ հողը թնդացնելով: Սա աստվածաշնորհ փրկություն էր, որի լույսով բոլոր տագնապները փարատվեցին, և զարհուրանքն իսպառ չքացավ: Սակայն ինչո՞ւ կայսրինը` կայսրին: Էհ, միևնույնն է, ապրողների հետ հեշտ է, նրանց հետ կարելի է գնալ: Բայց հենց առաջին քայլից զգաց, որ պարանոցից ինչ-որ բան կախվեց, և դաստակի մեջ շոշափելի էր ինքնաձիգի կոթը, որի սև մռութին նայելով` նկատեց նաև, որ ինքն էլ էր ինքնաձիգի կոթը, որի սև մռութին նայելով` նկատեց նաև, որ ինքն էլ է զինվորական համազգեստով, և ընկերների ջերմ ու սիրալիր հայացքներն այլևս պաղել են: «Աստծունը` Աստծուն»` բղավեց նա: «Դա էլ կլինի»,- պատասխանեց զինվորներից ամենատարեցը. «հոգիդ նրանն է, իսկ կայսրին միայն քո մարմինն է պետք»: «Բայց այդ ո՞ւր եք գնում, այդտեղից այլևս ճանապարհ չկա, այդտեղ ամեն ինչ վերջանում է»: «Մենք վերադառնալու իրավունք չունենք, մենք կայսրից արդեն հրաժեշտ ենք առել»: Մթնող երկնքի խորքում մեծ լուսապսակն էր, որի կենտրոնից ներքև կանացիորեն ճոճվում էր օսլայված մի ձեռք:
Բացվող աչքերի հետ շուրթերի շարժումն զգաց, երբ վերջին բառի հնչյուններն էին համբարձվում սենյակից: Գրիգորի հայացքն էլ դեռ կար, Գրիգորը ապրողների մեջ էր:
«-… անիմաստ զբաղմունք է:
– Ես այդպես չեմ կարծում:
– Ուրեմն ծերացել եք:
– Ես ընդամենը…
– Մեր սահմանած ժամանակային բաժանումները չեն բխում բուն ժամանակի ճշմարիտ էությունից, դա ինքնախաբկանք է: Ժամանակը ոգեղեն զգացողություն է, ոչ թե` սլաքների մեխանիկական շարժում կամ եղանակների անընդհատ հաջորդականություն:
– Դուք իմ ինքնասպան մորեղբոր պես եք դատում:
– Ես չեմ դատում, ես թութակի պես կրկնում եմ հողից ու երկնքից ինձ ասվածը»:
Ռադիոբեմադրության հատվածը թվաց խրթին երազների շարունակություն, և իր ճանաչած պարզ ու սովորական իրականությունը դեռ անհաղորդ էր մնում: Ննջարանի պատին Հենդոյի «Քաոսն» էր` անկապ գծերի շիլաշփոթով ու միատոն գույների երանգավորմամբ: «Սա, նկար լինելուց զատ, առողջարար լիցքերի շտեմարան է, այս գիծ-պատկերները աստեղային էներգիան հաղորդող կոոդեր են, որոնք կազատեն բոլոր չարություններից». սա նկարչի մեկնաբանումն էր. նկարիչ, որն առավել հայտնի էր իր խուց-արվեստանոցում հորինած միակ բանաստեղծությամբ. «Եվ աղբանոցում ոռնում էր որձը», որը որպես վերջաբան միաբերան հնչում էր Ճուտոյի խորտկարանի ծխաման առանձնասենյակում. «Որձը մեռնում էր ամենքից լքված», և, ինչպես միշտ, փշրվում էին ապակե բաժակները գինոտ սալահատակին: Փշրտոցի վրա հայտնվում էին Զինայի կիսաբաց կրծքերը, փղոսկրե երանգի մեջ տանջախեղդ անում տղերքի արնակալ աչքերն, ու նրա ժպիտն այլևս տեսանելի չէր: Այս անփոփոխ վերջաբանից Զինան չէր նեղանում. բաժակների կործանման զարկը վարձի ազդանշանն էր: «Հետո ո՞ւր գնացինք: Ելենան էլ էր երազիս մեջ: Էդվարդը կոնյակ վերցրեց, երգելով մթի մեջ շարժվեցինք, հետո Գրիգորը սայթաքեց գարնան ցեխաջրերում, և հյուրանոցի մոտ անվճար մնացած մի էգ ամբողջ չարությամբ հայհոյեց, ծաղրեց ու զվարճացավ:
Օղու թանձր շնչից թոքերն այրվում էին: Հատակի սառնությունը վայելելով` մոտեցավ ու գլուխը կախեց ջրով լի դույլին` խմեց, հիշեց օղորմած պապու եզներին, էլի խմեց և հալածանքը պահի մեջ մեղմելով` չգոհացավ: «Շատ եմ խմում: Երևի շատ եմ խմում». խրատվելու պես մտածեց, ու փակվող կոպերի տակ` Ելենայի մեղմ, տևական հայացքը ծխացող խնկի պես խաղաղեցնող էր:
Առավոտյան ժամերգությունից հետո Ղուկասյանների տուն պիտի գնար, ուր հրաժեշտի հանդիպումն էր քաղաքի ազնվացեղ ընտանիքի հետ: Նրանք հայրենիքից ընդմիշտ հեռանում էին:
«Կռունկ» սրճարանի դիմաց կանգնած փիլիսոփան որևէ ծանոթից թեյի հրավեր էր սպասում: Իրականում նա մի անապաստան ծերունի էր, որը վերջին ցուրտ ամիսներին կենտրոնական հանրախանութի պահակատանն էր գիշերել: Իր գլխաբաց ողջույնին ողջույն առնելով` հպարտ կարոտանքով Արամին նայեց և աշխուժացավ ճիշտ այն ձկնորսի պես, որի ուռկանը վերջապես խփեց:
– Ինձ ձու և թեյ պատվիրեք, պարոն, և հիշեք, որ դատարկ ստամոքը դատարկ գլխից առավել անտանելի է:
Գինարբուքից ուշքի չեկածին այս խոսելաոճը հայհոյանքի պես էր: Գանգի տարբեր հատվածներում խրվող ասեղների տեղատարափն, իհարկե, զորավոր պատվար էր բառերի հոսքի առաջ, բայց, միևնույնն է, դրանց չիմաստավորված հնչյուններն անգամ իրենց մուժակալած ունկնդրին հեշտորեն տանջում էին:
– Ես իմ նավթավառը վաճառեցի, պարոն, և, ինչպես տեսնում ես, ողջ և առողջ եմ. հինգ դյուժին օղիով ձմռան հետ ավելի հեշտ էր լեզու գտնել, և ամենակարևորը, պարոն, իմ ժամանակավոր կացարանում երկրիս քաղաքակրթությունն ան­նահանջ մնաց:
Ծերունին մեծագույն ախորժակով էր ուտում և բնավ չգիտեր, որ սա իր կյանքի վերջին գարունն էր, և բնավ չգիտեր, որ իր բառերի հնչյուններն իր ջահել սեղանակցի ունկերի թաղանթին զարկվելով` դուրս էին շպրտվում խեղճուկրակ որբերի պես: Հնամաշերով պարուրված ծերունու աչքերում տարօրինակ պայծառություն կար, որ միմիայն սիրահարներին է տրվում: Բայց ի՞նչ սեր կարող էր իջնել այս ավերակ հոգուն` մահվա՞ն, ինքնամոռացմա՞ն կամ էլ, ի՞նչ իմանաս, Զինայի կրծքերի փայլն է թաքուն հաղորդվել: Վերջին միտքն Արամին երկրորդ բաժակից հետո տրվեց. մարմինն աստիճանաբար կենդանանում էր:
Ընդամենը հինգ օր հետո, հանգուցյալ ծերունու խղճուկ թափորի հետ անցնելիս, Արամն ամենայն մանրամասնությամբ հիշեց վերջին հանդիպումը. սպիտակ ձուն` մատների թորշոմած կաշվի հանգույցում, հետո դեղնուցը` ժպտացող շուրթերի առաջ. աներևույթ մնացած երկու ժապավեն, որ երբեք լուսանկար չեն դառնա: Նրա արտաբերած հնչյունները բառերի տեսքով գալիս և իմաստավորում էին խոսքը. ինչպե՞ս, տեր Աստված, ախր, ոչինչ չէր լսել: «Գուցե ծերունու դին մի ձայնահավաք ձող է, որն իր արտաբերած հնչյունները երկնքից հավաքելով` սփռում է ողջ թափորին, և բոլորին լսելի են ինձ հասնող խոսքերը»:
– Մարդկանց շարքերը կնոսրանան, շա՜տ կնոսրանան, մարդիկ կկարոտեն իրար, և ամենուր սիրո օրենքները կիշխեն: Ես տիրակալ եմ, պարոն, իմն է մոլորակի լուսավոր կալվածքը, բայց այս նյութապաշտ խավարում պապս իր անսահման հարստությունից մեռավ, ես մեռնում եմ քաղցից ու աղքատությունից:
Այս ամենը հետո, դեռ հինգ օրից է լինելու: Իսկ հիմա ծերունին ողջ-առողջ, ձմռանը հրահեղուկով ջերմացած, գարնան զարթոնքն էր վայելում:
Առավոտյան ժամերգությունն արդեն ավարտվել էր, և Մաշտոցի փողոցով մի գլանակ ծխելու չափ էր մինչև Ղուկասյանների տուն: Փողոցը կամաց-կամաց աղջիկների ծիծաղկուն հմայքով էր լցվում: Եկեղեցուց վերադարձող արբունքահասների կրքախանձ մարմինները հալածվում էին պարկեշտության չոր սմբակներից, իսկ տիկին Ռոզիի քաղաքամերձ առանձնատուն շտապողները կրքահանդեսի ճանաչված վարպետներ էին, որոնց զգալի մասը ժամանակին երազել էր երգչուհի կամ դերասանուհի դառնալ: Թեև համոզմունք կար, որ ուհիների այդ անկողնային «խոստովանանքը» իրենց դատարկ հոգիները խորհրդավորությամբ շղարշելու միջոց էր և անդիմադրելի խայծ` երազային հովերով տարված անփորձ պարմանիներին: Տեսաբանների բնորոշմամբ` մարմնավաճառությունը մեզանում ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցներից է, ինչը չես կարող անել կրթական կամ բժշկական ոլորտին:
Շքամուտքի մոտ հիմնականում միջին տարիքավորներ էին, որոնք կցկտուր բառեր փոխանակելով, հայացքներն անորոշ կետերի գամած` հուզումնային սրտառուչ պոռթկումների էին նախապատրաստվում: Նրանցից շատերը, Ղուկասյանների տան մշտական այցելուներ լինելով, մի գավաթ թեյի կամ սուրճի շուրջ շարունակ փորձել են իրենց կյանքն իմաստավորել` զանազան դատողություններ անելով գեղեցիկ, չծերացող կանանց ներկայությամբ:
– Ինչպիսի՜ անտարբերություն. պատկերացնո՞ւմ եք` նրանք ընդմիշտ հեռանում են, իսկ կառավարությունից ոչ մեկը չկա:
– Սոսկալի է:
– Իսկ գուցե տեղյակ չե՞ն:
– Ինչպե՞ս թե, չէ՞ որ բեռնատար ինքնաթիռը անձամբ վարչապետն է խոստացել:
– Մի՞թե հասկանալի չէ, պարոնայք:
– Հավատացնում եմ` ես չեմ կարող տիկին Ելենայի արցունքները տեսնել:
Վերջին արտահայտությունը կլորիկ դեմքով, կիսաճաղատ, մի գեր պարոնից էր, որի սև, չբացված անձրևանոցը հետագայում կարող է ձեռնափայտի փոխարինել` մտածեց Արամը և, ինչպես ճանճերի ու մլակների պարագայում, սրանց դեպքում էլ Աստծուն դիմեց` ինչի՞ համար, Տեր:
Կանացի թաթիկ համբուրող այս օսլայված պարոնները տիկին Ելենային միշտ էլ զզվելի են եղել: Սրանց հետ անցկացրած երեկոյան հանդիպումները` անսեռության անկիրք զգացողությամբ` խեղճացրել, հուսահատեցրել էին հիսնամյա կենսախինդ կնոջը, որն ուզածդ տղամարդու կյանքը կարող էր ցնծուն տոնի վերածել:
Նախորդ ամռանն էր: Ղուկասյանների տնամերձ այգում հերթական հավաքին, փայտե ճոճքին բազմած Ելենան Արամին իր մոտ հրավիրեց: Անսեռ զանգվածը մի պահ դավաճանված զգաց. մի մասը մորուքներն էր շոյում, մյուսները` հայացքներ փոխանակելով փորձում էին պարզել` արդյո՞ք իրենց հավատարիմ ջրահարսը բանականության անծիր ծովերի ծփանքի բերկրանքը չի փորձում մարմնեղեն ճղճիմ կրքերով խեղդել:
– Հայրիկիցս ժառանգած մի հին տափաշիշ ունեմ,- ակամա արդարացավ «ջրահարսը»,- Արամը հնէաբան է, խնդրում եմ` ուսումնասիրի և արժեքը որոշի, կարծեմ արծաթից է:
Զանգվածը փարատված էր, մինչև այն պահը, երբ նրանցից մեկի տափակ անեկդոտից տիկին Ելենան զրնգուն ծիծաղով Արամին գգվեց և թևանցուկ անելով` ասաց. «Ծիծաղելի է, չէ՞»: Այդ ակնթարթային գգվանքից` նրա բույրը, խշխշան մարմնի ջերմությունը և անգամ սրտի կարոտալի տրոփը միանգամից հաղորդվեցին, և Արամը հասկացավ, որ տանջահար է լինելու` մինչև կրակը ռունգերից չթափվի:
Այլևս վաճառելու ոչինչ չէր մնացել. նկարներ, հին գորգեր, արձանիկներ, զարդեր` ապրուստի էին վերածվել: Աղջիկը վաղուց Փարիզում էր: Փեսան գրկաբաց սպասում էր վաճառված տան գումարով Ֆրանսիա ժամանող զոքանչին: Ահա նա` հյուրասրահում կանգնած ինչ-որ կանանց հետ է զրուցում: Արամին նկատելով` ժպտուն մոտեցավ, և առանձնացան խոհանոցում:
– Ձեզ երեկ էի սպասում:
– Դեռ ուշքի չեմ եկել:
– Ինձ հետ խմեիր: Մեկ ժամից մեկնում եմ: Սա քեզ եմ նվիրում: Կյանք է, ո՞վ գիտե, գուցե մի օր էլ օտար ափերում հանդիպենք:
Կարծում եմ` այս վիճակում գրգիռներ չեն լինի, բայց մի փոքրիկ պաչով տակնուվրա եղավ և ափսոսաց կորցրած գիշերվա համար:
Հավաքվածներն Արամին անբարյացակամ հայացքներով ուղեկցեցին` մինչև բակից հեռանալը: Շոշափելով հասկացավ, որ արծաթե տափաշիշն է նվիրել: Խմելու ճիշտ ժամանակն է: «Յուրահատուկ տեղ պիտի խմվի»: Ծանոթ վարդապետը բարևելով, հասկացրեց, որ շտապում է եպիսկոպոս դառնալ: Արամը նկատեց, որ մտքերով ընկած` եկեղեցու ճանապարհն է բռնել: «Հո խորանում չեմ խմելու»: Դիմացի մայթին, սրճարանի հարևանությամբ Ռաֆոն է` խարխուլ կրպակի տիրակալը: Ամբողջ կյանքում տղա երազեց, բայց երեք աղջիկ ունեցավ: Պստիկի մեջ դերասանական շնորհք կա. տեր կանգնեն` բեմից բան-ման կասի, ծափ ու ծաղիկ կտան ու էս դժվար աշխարհում հեշտ կապրի: Սրանից-նրանից մի քանի գրոշ փախցնելով` երեխեք է պահում-մեծացնում: Ինքը չկա: Ինքը երեխեքի համար է, կամուրջ է` էս ափից մինչև… Կգան, տրորելով կանցնեն, օտարների ծոցը կտաքացնեն ու հոր մրսելը չեն հիշի: Շամպայնի տրաքոց, պանդոկից պանդոկ, անվարտիք գիշեր, ձեռքից ձեռք… Չէ, խումհարից է, որ լավ չստացվեց. լավ էլ աղջիկներ են, տեղը տեղին ընտանիք կկազմեն, իրենց վաստակած հոր շուրջը թոռներին երգ ու պարով կշարեն ու` Ռոզիի մե՛րն էլ:
Կարծում էր` կոնյակ է լինելու, բայց իր սիրած` բալի կանաչ պոչերով թրմած օղին էր:
– Հրահանգված է` էս անմահական հրահեղուկը մաքուր հոգու տեր, ազնվասիրտ մարդու հետ խմեմ:
– Էսօր շուտ ես սկսել:
– Ռաֆո, կա՞ն երկրներ, որտեղ մայրուղին գերեզմանոց չի տանում:
– Ի՞նչ մայրուղի, ի՞նչ գերեզմանոց:
– Մինչև վերջ` չծերացող կանանց կենացը:
– Լավ ասացիր:
– Հիմի հատուկ մի կնոջ կենաց խմենք` դարձյալ չծերացող:
– Խմենք,- կենացի թիրախն ընկալելով` ժպտաց Ռաֆոն:
– Ռաֆո, պապուս գոմերը կհիշես. ցլին փշի-փշի անելով` հանում էին, գլխին զարկելով` մորթում, քերթում ու բաժան-բաժան էին անում:
– Ինչի՞ հիշեցիր:
– Ասում եմ` հսկա ախոռում, աշխարհի ամենամեծ ախոռում` տասնհինգ ցուլ կապած բտում էին, կարմիր դրոշները թափահարելով` բտում էին: Անասուն չէինք: Փշի-փշի անելով չէ, հարայ-հրոցով դուրս բերեցինք ու բորենու պես ընկան ջանին: Ռաֆո, ասում եմ, բերանում դեռ շունչ կա, արի էս շակալների մռութները ջարդենք:
– Քեֆդ լավ ա, գնա, հանգստացիր:
– Էս վերջին բաժակն ա` հեռացող, չվող կանանց կենացը:
– Էդ մեկը չէինք խմել:
Վերջին կաթիլները գոնե կում չդարձան. տափաշշում բալենու անուշ բույրն էր մնացել:
– Էս ո՞ւր,- հեռացող Արամի հետևից կանչեց խարխուլ կրպակի տիրակալը:
– Գնամ ուրիշ գոզալների…
– Վրադ գույն չկա:
– Մենք էլ մեր երկրի պես անգույն ենք:
– Սիգարետների փողը չտվեցիր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։