«Բարեգործությունը իր տեսակներով նույնպես ժամանակի ծնունդ է և կրում է յուր վրա իր դարի դրոշմը» (Րաֆֆի):
Ինչպես միշտ, բարեգործության հարցում ևս Րաֆֆին գիտեր ամեն ինչ՝ ամենատեղյակ էր, սրտացավ էր, աչալուրջ… «Մեր բարեգործական հիմնարկությունները և մեր բարեգործները» հոդվածում (1883 թ.) նա ոչ շատ ծավալուն, բայց ըստ էության խոսեց այս երևույթի մասին ևս: Նա խորհել էր ու հասկացել բարեգործության արժեքը պետականություն չունեցող իր ժողովրդի համար, նաև՝ դրա լավ ու վատ կողմերը: Իր գեղարվեստական գործերում, բնական է, նույնպես պետք է արծարծեր ազգի համար հույժ կարևոր այս թեման: Ներսես Մեծի հիմնած բարեխնամ հաստատությունների մասին խոսում է հիացմունքով («Սամվել»), բաց չի թողնում պատմիչների հաղորդած տեղեկություններից ոչ մի փշուր: Բարեգործության հետևանք էր նաև մեր գրականության ամենակենդանի, իրենց գործը լավ իմացող ու կատարող հերոսներից երեքի՝ Կարոյի, Ասլանի, Սագոյի ուղևորությունն ու ուսումնառությունը Ամերիկայում («Կայծեր»): Իրենք էլ իրենց հերթին ամեն ինչ պետք է անեին ժողովրդի բոլոր խավերի մեջ առաջադիմություն սերմանելու համար: Մասիսյանի հսկայական հարստության ժառանգորդը դարձած և Րաֆֆու պատկերացրած հայ վաճառականության առաջավոր, նոր տեսակը ներկայացնող Միքայելը, հակառակ Ստեփան Մասիսյանի հրաժարումների, ամեն կերպ օգնում էր ժուժկալ կյանքի մեջ հպարտ ապրող ազգային գործչին («Ոսկի աքաղաղ»)»:
Րաֆֆին գիտեր, թե ինչ են արել չարագործները դարերի ընթացքում, և ինչ են արել բարեգործները, ինչ են անում իր օրերում և ինչեր կարող են անել ապագայում: Նա մատնացույց արեց բարեգործների վարքի վարակիչ լինելու հանգամանքը: Լավ է, երբ մեծահարուստներն իրարից առաջ են ընկնում բարի գործեր կատարելու մրցասպարեզում: Բայց նրանց հաճախ խեղճացնում է երևակայության պակասը … Եթե մեկը վանք է կառուցում, մյուսն էլ սկսում է վանք կառուցել, եթե կամուրջ՝ կամուրջ, եթե դպրոց, բոլորը՝ դպրոց: «Եվ բարեգործության այդ արդյունքները ավելացրին Անդրկովկասի ավերակների թիվը»: Չէ՞ որ կառուցելուց հետո վանքերը խնամք, ծախսեր են պահանջում, որ էլի ժողովրդից է ակնկալվում: Րաֆֆին չգիտեր, որ հնում կառուցված կամուրջներից շատերը գործածվելու են մինչև 21-րդ դարի 1-ին կեսը, գուցեև հետո, և նորերը դեռ բավական ժամանակ չեն կառուցվելու (գետերն էլ ինչ-որ պատճառով ծանծաղելու են), որ անապատային վայրերում բարեգործների կառուցած աղբյուրները ճամփորդի ծարավը այլևս չեն հագեցնելու՝ վերացել են, քարվանսարաները պատմական հուշարձանների են վերածվելու (առանց հատուկ խնամքի), գյուղական դպրոցներից շատերը մնալու են առանց աշակերտների, իսկ ջրերով առատ Արաքսի հովիտը ամռան շոգ օրերին բացուխուփ է անելու պապակած շուրթերը, քանի որ բոլոր ջրերը հոսում են «ձկնարդյունաբերողների» գրպանը, դեպի իրենց բերդամրոցներն ու գյուղացու հոգսերից ապահովապես անջրպետված պարտեզները, որ կոչված են արաբական հեքիաթների շքեղության հետ մրցելու: Արաքսի նոր «որոգայթներ»:
Րաֆֆին ենթադրում էր (այլապես չէր ուսումնասիրի այս խնդիրը), որ գալու է նոր տիպի բարեգործների ժամանակը: Նրա կենդանության օրոք արդեն ծնվել էին Մանթաշյանցը, (1842 թ.), Պողոս Նուբար Փաշան (1851 թ.): Հարուստներին կոչ էր անում՝ շատ ուշադիր լինել ազգի տաղանդավոր, բայց աղքատ զավակների հանդեպ: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց Գ. Բաշինջաղյանի վրա՝ ասելով. «Այդ երիտասարդը գուցե մի օր Այվազովսկու արժանավոր հաջորդը կլինի, բայց ոչ ոք միջոց չէ տալիս նրան իր ձիրքերը զարգացնելու և իր արհեստը կատարելագործելու»: Վերջինս դարձավ Ս.Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ուսանող, և շուտով նրա «Կեչիների պուրակը» արժանացավ արծաթե մրցանակի: Րաֆֆին դարձյալ մարգարեանում էր, երբ դեռ Բաշինջաղյանը 1000-ից ավելի կտավ ուներ ստեղծելու, դառնալու էր նկարչական նոր դպրոցի հիմնադիր:
Րաֆֆին չգիտեր, որ իր անկախացած հայրենիքում խաղատներն ու ռեստորանային համալիրներն իրենց թվով ու ֆանտասմագորիկ շքեղություններով հարյուրապատիկ գերազանցելու են գրադարաններին, կինոթատրոններին, համերգասրահներին: Մեր ներկայիս համերգասրահներից Ֆիլհարմոնիայի Փոքր դահլիճը կառուցվել է Մանթաշյանցի փողերով, իսկ մեր բարեգործներից դեռ ոչ մեկի մտքով չի անցել, որ մեր ժողովրդին նոր համերգասրահներ, թատրոններ են պետք… Թող այդ թատրոնները կրեն բարերարի անունը… Թիֆլիսի Ռուսթավելու անունը կրող թատրոնը նույնպես Մանթաշյանցի կառուցածն է: Րաֆֆին իր երազանքների ու մարգարեությունների ցանկում կոնկրետ անունով թատրոն չի երազել, բայց նա սիրում էր թատրոնը, հաճախում էր և ամենայն մեծալրջությամբ էր վերաբերվում դրան (հիշենք «Էլի մեկ զոհի» բեմադրության մասին նրա փայլուն գրախոսականը): Նա գիտեր հայ վաճառականի վարքուբարքը, որ շատ հաճախ հիմնված էր խաբեբայության, վաշխառության, իր իսկ ժողովրդին կեղեքելու գործելակերպի վրա: Երբ համեմատում էր նրան եվրոպացի վաճառականի հետ, ավելի ակնառու էր դառնում նրա չարչիությունը: Իսկ չարչին երբեք չի դառնա բարեգործ, այդ բառի քրիստոնեական նախիմաստով… Չարչու կատարած բարեգործությունն էլ պետք է նման լինի իրեն…