Հայ թատրոնի պատմության մեջ դերասանական ամենավառ աստղաբույլը փայլեց 20-րդ դարում: Անշուշտ, դրան նախորդել էր Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլոց շլացուցիչ աստղային, բայց միայնակ խաղը բեմում, բայց Հովհաննես Աբելյանին, Արուս Ոսկանյանին, Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին հայ բեմն արդեն միավորեց գալակտիկայում…
Հովհաննես Աբելյանն այդտեղ առաջինն էր և, հնարավոր է, ամենաունիվերսալը, բայց իմ սերնդին բախտ չվիճակվեց տեսնել նրա խաղը: Իսկ Հրաչյա Ներսիսյանին հիշում եմ նրա տաղանդի երկրպագուների մշտակա ուղեկցությամբ: Գաբարդինե մոխրագույն լայն վերարկուով, նյարդային դողով բռնված մատների մեջ մշտապես այրվող սիգարետը… Հաճախ էր ձեռքերը խաչում մեջքին` զուտ արևելյան սովորություն: Խոշոր դեմքը նույնքան խոշոր կնճիռների մեջ, ասես բնությունը որոշել էր նրա դեպքում թույլ չտալ մանր, անարտահայտիչ գծեր… Եվ, իհարկե, այդ դեմքը միայն խոշոր աչքեր պիտի ունենար, ներսիսյանական խոշոր, կապույտ աչքեր, որոնց շռայլ փայլը տեղում գամում էր անգամ նրան, ով չգիտեր, որ իր դիմաց Հրաչյա Ներսիսյանն է. անասելի արտահայտիչ աչքերի լույսը ապշեցնում էր: Այդ կապույտի խորությունը չկա ոչ մի դիմանկարում ու կինոկադրում: Հիշում եմ նրա հուղարկավորությունը. այդպիսի անկեղծ խոնարհում չեմ տեսել ոչ դրանից առաջ ու ոչ` հետո: Այդ հրաժեշտը Սիրո խոստովանություն էր առ թատրոնը:
Փափազյանին հիշում եմ նրա վերջին աշնանն ու ձմռանը: Կանգնած էր Սունդուկյանի թատրոնի մոտ գլխաբաց, նիհար ու կծկված (այդ նա` իր նշանավոր կեցվածքով), գունատ: Նա կանգնած էր թատրոնի շենքի առջև, ու անհնար էր չզգալ աղոթքի այդ վեհ պահը. աղոթք այն երջանկության համար, որ բաժին էր հասել իրեն, բեմին տրված կյանքի համար, որ մի ամբողջ ժողովրդի սերն է վայելել… Ասում են, վերջին անգամ «Իմ սիրտը լեռներում էե ներկայացումը խաղալուց հետո համբուրել է բեմեզրը… ու հեռացել շեփորը ձեռքին:
Ոչինչ չի փոխարինի թատրոնին` ոչ կինոն ու հեռուստատեսությունը, ոչ 3D կամ զվարճանքային հանդիսություններ: Բառի զարմանալի խորությունն ու անմիջականությունը մութ դահլիճի լռության մեջ` ահա ինչն է ջերմացնում ու սնում սիրտը: Թատրոնում արարում է ոգուն համամասնակից… ոգին: Խավարում նստած հանդիսատեսների լարված մտային ու հոգեկան ջանքերն օգնում են դերասանին բեմի լուսավորված տարածքում ապրել մի ամբողջ մարդկային կյանք մեկ երեկոյի ընթացքում: Իսկ տաղանդավոր դերասանը նաև մեծ էներգետիկ հանելուկ է: Դա այն է, ինչ մեզանից գողանում են կինոն ու հեռուստատեսությունը: Եվ որքան մեծ է դերասանը որպես անհատ, այնքան ավելի շատ է սիրում փոքր դահլիճները, որտեղ էներգետիկ ազդեցությունը համարյա արգելք չունի: Դերասանի աչքերը, շնչառությունը, ձայնը հանդիսատեսին իր ուղեծրում են պահում մինչև քսաներորդ շարքը, որից այն կողմ արվեստից քիչ բան է մնում: Այդպիսի դահլիճներում է Փափազյանը խաղացել մավրի դերը, որին դարձրել է Մեծն Մավր: Տասնյակ տարիներ նա հղկել է այդ սև մարգարիտը, և այն փայլել է ցանկացած սպիտակից առավել ու շլացուցիչ: Իսկ ինչպես էր արտաբերում բառերը… ամեն մեկն ասես քանդակված ու առանձին և ուստի` առավել միաձույլ: Տեքստը հոսում էր ու տարածվում, փայլ տալիս որպես թանկարժեք քար: Նրա ձայնը բարձր չէր, իսկ նա առավել ձգտում էր արտասանության կատարելության, գուցեև` բնազդորեն: Քանզի նա, անկասկած, շատ խելացի դերասան էր: Մի հարցազրույցում Զառա Դոլուխանովան ինձ ասաց, թե ինչքան կարևոր է տրվածով չբավարարվելը, այն սնուցելն ու ավելացնելը: Թեև ամեն անգամ, երբ խոսք է բացվում դերասանի տեխնիկայի մասին, ինքս ինձ հարցնում եմ` իսկ այն գոյություն ունի՞ մաքուր վիճակում: Չէ՞ որ օրգանիզմի բոլոր պաշարների կիզակետումը ամեն անգամ անհատական է ու առանձնահատուկ: Դերը պետք է խաղալ ամբողջ օրգանիզմով, մարմնի ողջ պլաստիկայով, ոչ թե միայն կոկորդով` հանրահայտ է…
Թափառումը Փափազյանի դերասանական ճակատագիրն էր: Ասենք, նա ծնվել էր Միջերկրականով լողացող շոգենավում, իսկ նրա անունը այդ ֆրանսիական նավի անվանումն էր… Իսկ ես մտածում էի` սովորական հայկական անուն է:
Սարոյանի Մեք-Գրեգորի շեփորը շրջանագծեց նրա թափառումները: Այդ շեփորի համար երաժշտություն գրեց Առնո Բաբաջանյանը: Եվ այդ երաժշտությունն էր թևածում Բաբաջանյանի թաղման թափորի վրա:
Փափազյանի, Սարոյանի, Բաբաջանյանի սրտերը մնացին լեռներում: Իսկ ճամփորդները վերադարձան տուն…