Զուխրա Երվանդյանը ընթերցողների դատին է ներկայացրել մեր գրականության ամենալուսավոր դեմքերից մեկի` Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությանը նվիրված խորապես հետաքրքիր և միաժամանակ անհրաժեշտ գիրք:
Մուշեղ Գալշոյանի երկերը միշտ էլ եղել են գրաքննադատության ուշադրության կենտրոնում. շատերն են գրել նրա մասին, և սակայն բացակայել է այդ պայծառ գրողի ստեղծագործության ամբողջական ուսումնասիրությունը: Զուխրան իր աշխատությամբ լրացնում է այդ զգացվող բացը` դրսևորելով հավուր պատշաճի վերաբերմունք իրենից առաջ արտահայտված կարծիքների, զանազան դիտարկումների նկատմամբ: Զուխրան էլ ունի իր խոսքը: Այս պարագայում պիտի ասեմ` ի խորոց սրտի, ասել է թե` նա Գալշոյանի մասին գրում է, ինչպես պոետը կասեր, ոչ թե «փառքի ծարավից», այլ` ներքին պահանջից: Նա գրականության մարդ է, լայն իմացությունների տեր, բարձրաճաշակ բանաստեղծությունների ու արձակ գործերի, երեք տասնյակից ավելի գիտական աշխատանքների` հրատարակված գրքերի, հոդվածների հեղինակ: Նրան խորապես հարազատ են Գալշոյանի ստեղծագործության ներքին նոտաները: Հայրենի հողից բարձրացող տագնապներով, անհանգիստ սպասումներով, հերոսականությամբ ու նվիրվածությամբ խմորված մեղեդայնությունն է, որ մտերմացնում է գրողին և ընթերցողին և առավելապես հետազոտողին:
Զուխրան հետևողականորեն ուրվագծում է գրողի անհատականությունը որոշակիացնող ստեղծագործական ինքնատիպ որակների կայացման ու զորացման, նախորդների հետ ունեցած գրական շփումների և մանավանդ հոր ու հայրենի եզերքից արտաքսված հայրենակիցների մշտահոլով ցավի ու բոցեղեն կարոտի արդյունքում ստուգապես ձևավորված սասունցի մարդու գոյակերպը:
Գրքում ծրագրավորված գրաքննական հարցադրումները համառոտ շարադրվում են ներածության մեջ տրամաբանական այնպիսի հերթագայությամբ, որով պատճառաբանվում, արդարացվում և առավել համոզիչ են դառնում շարունակության մեջ դրսևորված մոտեցումներն ու լայն հնարավորություններ տալիս բացահայտելու և ընդգծելու գալշոյանական խոսքի այն նոր որակները, որոնցով առանձնանում է նրա արձակն իր տեսանելի գույներով ու խորունկ ենթատեքստերով: Մուշեղն ինքը զտարյուն սասունցու կերպար է և մշտապես ներկա է լինելու այդ հերոսական լեռնաշխարհը վերագտնողների երթում: Եվ, մտածում եմ, եթե նա ողջ լիներ, հավանաբար կջնջեր գրքի վերնագրի «կորուսյալ» բառը: Կա սերունդը. եզերքը կորուսյալ չէ:
Սասունցին փրկության երաշխիքով չգնաց անապատ, այլ ապավինեց լեռներին ու զենքին, ինչպես Մուսա լեռն ու Զանգեզուրը, Վանը… ինչպես մեր օրերում հերոսական Արցախը… Ճիշտ այնպես, ինչպես հին Սասունում շաղգամի արտը մշակող պառավ մերիկը հուշեց Դավթին. «Քո հեր հրեղեն ձի ուներ և թուր կեծակի»… Սա էր սասունցու Աստվածաշունչը… Այստեղից է գալիս Մուշեղ Գալշոյանի` զենքի ու լեռան նկատմամբ ունեցած պաշտամունքը` «Միայն զենքով կա հայոց փրկություն»:
Գրողը ներկայի մեջ է անցյալի հետ: Հետազոտողը գնում է նրա հետքերով, աստիճանաբար բացում արձակագրի մտքի ու մտածողության առանձնահատկությունները, հին ցավերի ու նոր տագնապների զուգահեռներում խմորվող ժողովրդական վարքաբանության թույլ և ուժեղ կողմերը:
Գիրքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից և ունի համապատասխան եզրակացություն: Այս բաժանումները, ինչպես հուշում է հեղինակը, պայմանական են, որովհետև Մուշեղի ստեղծած գեղարվեստական աշխարհը կուռ ու միասնական, անտրոհելի ամբողջականություն է: Այդ ամբողջականի մեջ կան տեղաշարժեր, ժամանակային ու տարածական փոփոխություններ, բայց այդ աշխարհը անտրոհելի միասնություն է: Հերոսների ներհոգեկան ապրումների ծալքերում է զգացվում պատմության միանման ընթացքը. հայրը գաղթի ժամանակ եղել է Զանգեզուրում. «Զանգեզուր Սասնա նման է: Հա՛, նման, քանց մարդու աջ ու ձախ ձեռքեր»:
Մեծերը հեռանալով իրենց հետ տանում են և մեծ բարոյականությունը: Սուտը դառնում է բարոյականության կեղծ չափանիշ («Մամփրե արքան»), Միրոյի վերջին որդին` Հարութը հեռանում է քաղաք («Ձորի Միրոն»), Թելունց մեղվանոցին տիրություն է անում թուրք Ջաֆարը, պանիր կտրելու դանակ չունեն հայ ուղևորները, իսկ թուրք լամուկներից դանակներն անպակաս են («Ագռավաքար»), դատավորը ոչ թե միամիտ է, այլ նենգ ու դավադիր («Մեղապարտը») և այլն:
Գրականությունը մարդակերտումի արվեստ է, և սակայն այս գաղափարը ավելի քան ընդհանրական է: Մեր գրականությունը մեր տեսակի, ասել է թե` հայակերտումի և հայրենակերտումի արվեստ է: Այս առումով ցանկալի էր, որ օտար հեղինակների փոխարեն ավելի շատ վկայակոչվեին բուն սասունցի Սիմոն Սիմոնյանի ստեղծագործությունները, Ռուբենի հուշագրությունը, ինչպես նաև տրվեր Վասիլի Գրոսմանի, մանավանդ Ֆրանց Վերֆելի հանրահայտ վեպի և գալշոյանական վիպաշխարհում կյանքի կոչված հերոսների հոգեբանական վիճակների և սոցիալ-քաղաքական միջավայրի համեմատական նկարագիրը, տարբերությունները և նմանությունները: Սա հիշեցման կարգով:
Հեղինակի կողմից առաջադրված խնդիրները և դրանց հիմնարար քննությունը առանձնանում են խոր գիտականությամբ: Նշենք գրքի համար հատկանշական մի քանի ընդհանրացումներ. առանձնացվում են գրողի գեղագիտական համակարգը ներկայացնող հիմնադրույթները` նախորդների հետ ունեցած շփումների ենթատեքստում, հատկանշվում, ընդգծվում են պատմաքաղաքական այն գործոնները, որոնցով պայմանավորված են հայրենական եզերքից դուրս մղված հայության հոգևոր կեցության տեղաշարժերն ու գոյաբանական խնդիրները, ներկայացվում է մարդու և բնության` միաձույլ միասնականություն լինելու գալշոյանական հայեցակարգը, ինչպես և քննության են առնվում հայ մարդու կենսափիլիսոփայության և զգայական աշխարհի պատկերման համար գրողի ստեղծած լեզվաոճական համակարգի առանձնահատկությունները:
Զուխրա Երվանդյանը ներկայացրել է մի ամբողջական աշխատանք, համակողմանի մի ուսումնասիրություն, որ սկզբնաղբյուրի դեր է կատարելու գալիք ուսումնասիրողների համար: