Նոյյան աղավնի լինելու դժվարությունը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Իմ միջից դուրս են հորդում մտքերը
հանց հանդարտ ջրերը սուրբ գետ Գանգեսի,
Ուզում եմ, որ ջրերում
այդ հանդարտ ընկղմվեն
բոլոր հոգիները վիրավոր, բորոտները
բուժվեն անհապաղ…
Այսպես է Անուշ Վարդանյանն ընթերցողին հրավիրում առաջին հայացքից հանդարտ թվացող, բայց խորունկ վայրիվերումներով, ալեկոծ փոթորիկներով, մակընթացությամբ ու տեղատվությամբ հարուստ ջրերի իր աշխարհը. մի աշխարհ, որ հառնում է 100 տարվա հեռուներից ու կռիվ տալով խավարի հետ, գնում դեպի լույսն ու հույսը:
Թող լինի լույս,
լույս թրթռուն կամ
հզոր` աչք կուրացնող,
միայն
Թող լինի
լույս…
(«Թող լինի»)
«100 տարի առանց քեզ» բանաստեղծությունների ժողովածուն բացվում է «Էրգիր» շարքով, ուր որպես առաջնորդող ընտրված «Էրգիր» բանաստեղծությունն ընթերցողին տանում է Վանա էրգրի խորունկ արմատներից ծլարձակած մի հյուրընկալ պարտեզ` լի բերքատու ծառերով, գույներով, կյանքով ու… շարունակությամբ:
Վանա Խրականց գյուղի «Արքայադուստրը» թշվառ», հարյուր տարվա վաղեմության իր պատումը սկսում է «Թիվ 2015» բանաստեղծությամբ` ետ նայելով անցած եղեռն-ճանապարհին: Իր արյան մեջ թրծելով «զանգակատան» ղողանջները, բանաստեղծուհին կոմպրոմիսային հարցի «խճճված կծիկի» ծայրը թողնում է ընթերցողին ու մատնացույց անում դրա` սարդոստայնով Երկիր մոլորակը պատած ահարկու հուշերի պատկերը: («Ոչ ոք չի մոռացվել»): Հուշերի դուռը բանալով, նա մարտահրավեր է նետում ժամանակին, որ «…սրբում է բոլոր հետքերը…», սակայն նաև «ամենափրկիչ» ժամանակին, քանզի այն ի զորու է դարմանել «կոկորդը խցանող կծիկը»: Իսկ մի ընթացքում «երբ դեռ գոյություն չուներ անգամ ժամանակը…», Արարիչն ստեղծեց աշխարհը, և, չնայած մեղսագործ մարդկության «էշելոնի» պատճառած չարիքներին, բանաստեղծուհին կարողանում է նշմարել, վայելել ու հիանալ աստվածաստեղծ դրախտային բնության պարգևած հրաշքներով.
Օ՜, Արարի՛չ, ի՜նչ
հզոր ու հիասքանչ է
աշխարհը, աշխարհը, որ
ստեղծել ես մի օր,
մի ժամանակ, երբ դեռ
գոյություն չուներ
անգամ ժամանակը…
(«Նմանակում Սուրբ Գրքի»):
Ժամանակը… ժամանակը պատմություն է դառնում ու որբության դրոշմով կնքված բանաստեղծի ոգին թափանցում է «Պատմության նյութը, առարկան փաստն է» խոսքի կաղապարից ներս, պրպտում ու վեր հանում պատմություն դարձած շերտերը, ուր դրա ստեղծողն են դառնում ամայության մեջ այս ու այն կողմ նետված սերմերը, ուր Օղիկ և Օլինկա տատիկների թոռնիկները վարդագույն նոտաներով անապատը վարդագունելու փորձ են անում ու… շարունակվում («Պատմությունը»). շարունակվում են, քանզի արյունը ջուր չի դառնում: Խորանարդ առ խորանարդ կյանքի ընթացքում հավաքվում և ի մի է բերվում տոհմածառը, ծվեն առ ծվեն վերականգնվող հիշողությունը երբեմնի որբուկին հանկարծ վերածում է «ամենահպարտ ազգականի». նա արյունակիցն է Արշիլ Գորկու («Մնաք բարով, սիրելիներս»):
Բանաստեղծուհին մի կողմ է նետում ձևաբանություններն ու տրվում արյան ու հողի կանչին. ի՜նչ չոր պատմություն, ի՜նչ պայմանագիր, երբ ամեն մի քար խոսում է քեզ հետ, երբ եղեռնված հոգիներն ու «զբոսաշրջիկ զավակները թշվառ» զգում են միմյանց, երբ Կարսը այդքա՜ն «հայեցի» է, «անբասիր ու ձգող» («Վարագա վանք», «Կարս»): Իր ոտնակոխած ամեն մի վայրում բանաստեղծուհին ամբողջ հոգով զգում է այն անտեսանելի, նուրբ, բայց ամրակուռ թելերը, որոնք կապում են իրեն հարազատ կանչին, ու ապացուցում, որ ամբողջի անքակտելի մասնիկն է ինքը: Ահա, նրան տեսնում ենք Թուրքիայում զբոսնելիս, ուր հայացքն ամենուր հայի է տեսնում ու հայի թողած հետքերի… տարակուսելի է. «Ողբերգությունը բոլոր ժամանակների մի՞թե եղել է կայսրությունում այս…»:
Տառապանքով լի հուշերում բովված բանաստեղծուհու ոգին որոնման մեջ է: Նա փնտրում է աղետներից փրկության ելք որոնող մարդկանց տրվելիք պատասխանը… գտնում է` կուսական բնության գրկում («Գուշակություն ըստ պոետի») և դեպի սիրտը տանող ճանապարհի բանաձևում` «հույս- հավատ-սեր…» («Աղոթք թիվ 3»):
Ցավով ու դառնությամբ է խոստովանում բանաստեղծուհին.
Պետք է պահպանել մարդ արարածին
ոչ թե վայրի կենդանիներից, փոթորկից,
ձյունից, այլ
ուրիշ մարդուց…
(«Խոստովանություն»)
«Ճշմարտություն» բանաստեղծության մեջ փրկության մեկ այլ ուղի է մատնանշում բանաստեղծուհին, երբ այցելելով Գեղարդի տաճար, նրա հոգին միաձուլվում է «սրբազան քարերից հորդող հոսանքների» հետ կենարար, մաքրվում աղտերից:
«Հուսալքության ու միայնության դառը գավաթը ցմրուր դատարկելուց հետո» է միայն բանաստեղծուհին հնարավոր համարում երկնային բարձունքներին հասնելու ճանապարհը («Ապրիր և հիշիր»), ու, չնայած առաջվանը լինելն անհնարին է, բայց մոխրից վերհառնումը ապտակ-պատասխան է քսանմեկերորդ դարի վերելքներից:
Ալմաստը
թրծվելով է դառնում
Ադամանդ:
(«1915 թ.»)
Ցավով, տառապանքով, կարոտով, փնտրտուքով, աղոթքով անցնելով հուշերի ճանապարհը, բանաստեղծուհին մերժում է կործանիչ թուլությունը և «Էրգիր» շարքի ավարտին խոնարհումով լի իր ձոներգն ուղղում հերոս Անդրանիկին:
Ամենահրապուրիչը վերջաբանն է:
Դու հանում ես կիտելը մարտից հետո
Եվ թափ ես տալիս անխռով…
(«Ազգային հերոսին` խոնարհումով»)
«Մանուշակագույն ոտանավոր» վերնագրված շարքում «Վան պատվական քաղաքի հարուստ օջախի զավակ»-ը մտորում է կյանքի ու մահվան, լավագույն աշխարհի, նրա վերջի ու սկզբի մասին: Վիրավոր հոգու առկայծումները ցայտում են մերթ հրաշք աշխարհում, ուր «Ոչ մի նյութ չի խանգարի մեր դրախտային կեցությանը…» (««Գարբիջ» պոպ խումբ»), մերթ շամանի կերպարում արծվի աչք, հզոր կաղնի, ցող ու անձրև դառնում, մերթ` մարգարեական երազից ահասարսուռ ձայն հնչեցնում, մերթ… հանդարտվում: Երկրագունդն էլ մի վիրավոր հոգի է, ու եվրոպական երկրների օրինակն առած կանգնած է «մասնատման կարմիր գիլիոտինի առջև…» («Նոր Եվրոպա»):
Բարդ է ապրելը ներկա աշխարհում, հերոսություն է` ըստ բանաստեղծուհու: Մահն ամենուր է և «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցը` փուչ: Ապրելու համար մի ռեժիմ-հրովարտակ է առաջարկում գրողը, ըստ որի, հերոսությունը պարզ ապրելու մեջ է, այնքան պարզ, որ կարողանաս հեծանիվ նստելով ոչ թե տեղափոխվել, այլ` քշել, քշել…:
Արթնացիր մեկ ժամ շուտ
տես վարդագույն լույսը,
լուսաբացի Արարատի վեհ գույները,
Ջո՛ւր տուր ծարավ բույսերին,
Այգու ցողերի մեջ քայլիր
ոտաբոբիկ,
Կամ նստիր հեծանիվ և
քշիր, քշիր…
(«Հրովարտակ»):
«Մենության ճերմակ թերթերի միջից…» («Սկիզբ») գտնելով ընթերցողին, բանաստեղծուհին նրա հետ միասին կանգնում է կյանքի հայելու առաջ: Հարցերի հարցի պատասխանն է որոնում… «Ի՞նչ եմ ուզում ես…», – հարցնում է նա` ետ նայելով անցած ճանապարհին, որի առջևում բացվում է նորը: «Պատասխանը` միակն է», – հաստատում է նա, – «Ես սիրում եմ կյանքը…» («Ճանապարհ-կյանքը»):
Այս ամենի մեջ հուշերից ու զգացմունքներից հյուսված մի քնքուշ կերպար ամենուր ուղեկցում է բանաստեղծուհուն… մոր կերպարն է` որպես կապող մի ամուր արմատ հայրենի հող ու ջրին, բնությանն ու հայ մարդու էությանը: Բանաստեղծուհին մկրտվում ու օրհնվում է Վանա լճի սուրբ ջրերում, ուր «լողացել են երազանքներն» իր վանեցի մոր:
Մայրս աստղ է ինձ ուղեկցող
կյանքի փոթորկոտ օվկիանում…
(«Աստղերի շքահանդես»)
Անցավորների աստղերն օգնում են վերից մեզ` երկրավորներիս…
Միայն թե բարձրացրե՛ք գլուխը`
Աստղերը տեսնելու համար:
(«Պատգամ»)
Անցյալի հուշերից, խարամից ընտրելով ոսկե հատիկները, բանաստեղծուհին բազմազբաղ օրվա 24 ժամում սեփական ձեռքերով ապագայի դղյակը կերտել հասցնելու կոչ է անում («24 ժամում»): Կառուցելով ապրելու համար հույսի, հավատի ու սիրո բանաձևը որդեգրած ապագայի ուղին, բանաստեղծուհին ձգտում է «շրջանակել ապագան փայտե, անգամ կաղնեփայտե, լավորակ շրջանակով…» և հիանալ դրանով, ինչպես «առաջին անգամ մանուկը տեսնում է գեղադիտակի գույնզգույն դրասանգները զվարթ…» («Հույս, հավատ, սեր»):
Ճախրում է բանաստեղծուհու հոգին, ճախրում Նոյան աղավնու պես` ծաղկած նշենու շիվը կտուցին, իսկ «…ձեռքին Գիրն է, Խոսքը` նախագո…»` ի պատասխան 100 տարի տևած դեգերումների…
Անկանգ ճախրում է բանաստեղծուհու հոգին, փնտրում է իրականությունն ու պատրանքը ներդաշնակ պահող այն տարածությունը, որտեղ կարող է դուրս գալ «մենության ճերմակ թերթերի միջից» և տարածվել տրոհվելով, կիսվելով, մաս-մաս բաժանվելով: Առայժմ նա դա անում է` գտնելով ընթերցողական իր տարածությունը, որտեղ կիսվել` նշանակում է ավելանալ:
Այսպես, բացսիրտ գտանք մերօրյա բանաստեղծուհուն, ում բաց սիրտը լի էր ճշմարիտ հայուհուն արժանի զգացմունքներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։