ԺԱԳ ՀԱԿՈԲՅԱՆ

Կյանքի 102-րդ տարում վախճանվել է անվանի բանաստեղծ, արձակագիր Ժագ Հակոբյանը: Նա, հիրավի, սփյուռքահայ գրականության նահապետն էր, անցյալ դարի առաջին քառորդին ասպարեզ մտած գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը` Վահե Վահյանի, Մուշեղ Իշխանի, Անդրանիկ Ծառուկյանի հետ միասին: Ժագ Հակոբյանի «Գաղտնի ճամբան» (1938) խորագիրը կրող անդրանիկ ժողովածուն արդեն իսկ լուրջ հայտ էր հայ բազմադարյա գրականության անդաստանը մուտք գործելու համար, որը նկատվել ու գնահատվել է ոչ միայն ընթերցողների, այլև խստապահանջ քննադատ Նիկոլ Աղբալյանի կողմից: Հետագա տասնամյակներին Ժագ Հակոբյանը հրատարակել է բանաստեղծությունների, արձակի, հուշագրական, օրագրային, նամակագրական ժանրի ավելի քան 40 հատորներ: «Թէքէեան աստուածախոյզը» գրքում նա պատմել է Վահան Թեքեյանի հետ ունեցած իր մտերմության ու բարեկամության մասին: «Մեսրոպաշունչ» (1946), «Վերածնունդ» (1949), «Մասիսածին» (1968), «Ուլունքաշար» (1983) և այլ բանաստեղծական ժողովածուներում, «Հայատրոփ» չափածո վեպում և այլ հատորներում ամփոփված գործերը շնչում են հայկականությամբ, հայոց լեզվին, ազգային արժեքներին, քրիստոնեական հավատքին հավատարմությամբ: Սփյուռքի և Հայրենիքի միասնության երգիչը լինելով` նրան, ցավոք, բախտ չվիճակվեց ոտք դնելու հայրենի հողի վրա, բայց նրա կապը Հայրենիքի հետ այլ` ավելի խորքային արմատներ ուներ, քանզի ինչպես խոստովանել է մի առիթով` «ես հոգեկան աչքերով ամե՜ն օր կը տեսնեմ զայն»:

Ժագ Հակոբյանի` մարդկային և ազգային իդեալների նվիրյալ գրողի, մտավորականի հիշատակը երբեք չի խամրի` գրի ու գրչի մարդկանց, հազարավոր ընթերցողների սրտերում մշտապես կենդանի պահելով «գարունազարդ» բանաստեղծի կերպարը:

Հայաստանի գրողների

միության վարչություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.