Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / ԱԿԱՆՆԵՐ, ՈՐ ՄԻ ՕՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՅԹԵԼ

Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը` ձայների մեծամասնությամբ, ընդունեց բանաձև` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ըստ էության, ի՞նչ է դա նշանակում, և կարելի՞ է, արդյոք, դրանից հեռուն գնացող հետևություններ անել:

Ե՛վ այո, և՛ ոչ… Ոչ, որովհետև, նախ` ինչպես նշված է ընդունված բանաձևի մեջ, առաջին անգամը չէ, որ «Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»: Դա տեղի է ունեցել «1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի` 1981 թ. ապրիլի 22-ի № 4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների` 1975 թ. ապրիլի 8-ի № 148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի № 247 համատեղ բանաձևերի միջոցով»: Ինչպես գիտենք, այդ ամենը որևէ կերպ իր գործնական կիրառումը չի գտել ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, չի հաստատվել ԱՄՆ սենատի կամ նախագահի կողմից` թեկուզև ցեղասպանություն (գենոցիդ) եզրույթի արտաբերմամբ: Եվ ապա` միջազգային հեղինակավոր փորձագետների վերլուծությունների համաձայն, հարցի քննարկման ժամանակ Կոնգրեսի անդամներն ավելի շատ խոսել են պատմական արդարության, քան արտաքին հարաբերությունների, ԱՄՆ-Թուրքիա քաղաքական հարաբերությունների օրակարգի մասին` նշելով, մասնավորապես, այս պահին ընդունված բանաձևի կոնյունկտուրային բնույթը (որպես պատժամիջոց կամ քաղաքական սթափության կոչ թուրքական իշխանություններին` վերջին շրջանում նրանց կողմից դրսևորվող ռուսաստանյան գործընկերության ակտիվացման և թուրք-ամերիկյան հակառակությունների խորացման համար):

Եվ այո, որովհետև, նախ` անկախ բոլոր տեսակի վերապահումներից, ԱՄՆ-ի նման հեղինակավոր ու հզոր պետության կողմից Օսմանյան Թուրքիայում անցյալ դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված որևէ դրական քայլ որոշակի կաթիլ է Արդարության վերականգնման ճանապարհին: Նշված բանաձևի ընդունումը, ըստ էության, առիթ է մեկ անգամ ևս միջազգային հանրության ընկալումներում ակտիվ շրջանառության մեջ դնելու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Ընդ որում` նաև միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների միջոցով: Մասնավորապես, անցած մի քանի օրերին ամենատարբեր աղբյուրներով հիշատակվել և հիշատակվում են այնպիսի կարևորագույն փաստեր, ինչպիսիք են Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ընկերակցության (IAGS) կողմից, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունից ավելի քան 1-1,5 մլն. հայերի տեղահանման և սպանության ընդունումը, թուրք պատմաբան Թաներ Աքչամի և ուրիշների կողմից, Հայոց ցեղասպանության պետականորեն ծրագրավորված լինելու փաստի հաստատումը, Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից, հայերի հետ կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն համարվելը, բազմաթիվ երկրների, այդ թվում` Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի, Բրազիլիայի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի կողմից, Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունումը, այդ իրողությունների հետ ակնհայտ հակասության մեջ գտնվող թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականության շարունակումը… Վերջապես, ընդունված բանաձևում արձանագրված հաստատումները, թե «Միացյալ Նահանգների քաղաքականությունն է` ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով, մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի /…/ և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:

Անկասկած, թուրքական իշխանությունների ժխտողականության տակ դրված ականներ են սրանք, որ մի օր կարող են պայթել: Եվ որքան շուտ, այնքան լավ` ոչ միայն հայության, այլև ողջ մարդկության համար:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։