ԿԱՆԱՉ, ՎԻԹԽԱՐԻ ԸՆԿՈՒԶԵՆՈՒ ՏԱԿ

Բնության ընծայած բերքն ու բարիքը նաև հայ շինականի տքնաջան աշխատանքի վարձատրությունն  է: Բերքահավաքը միշտ էլ  առանձնակի բերկրանք է պատճառել հայ մարդուն, և ամեն մի պտղահաս նշանավորվել է նաև տոնական հանդեսներով, զանազան խրախճանքներով, խաղերով, մեծի ու փոքրի անխառն ուրախությամբ: Այսօր Աշտարակում վերականգնվում են այդ հրաշալի ավանդույթները: Արդեն քանի տարի շատ ընտանիքների հարկի տակ, նորաստեղծ հյուրատներում, պանդոկներում ու միկիտաններում  նշում են ընկույզի տոնը,  և սա մեկն  է բերքահավաքին նվիրված հին ու նոր տոնախմբություններից:

Պտղատոների ավանդույթի վերականգնմանը խթանեց  անվանի բանաստեղծ և նկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանի նախաձեռնությունը:  Ամեն տարի, Քասախի ափին գտնվող նրա այգում  յոթ մրգերի հասունացման օրերին նշվում են թթատոնը, կեռասատոնը, ծիրանատոնը, դեղձատոնը, խաղողատոնը, նռնատոնը: Տոնախմբությունների  շարքն  այս տարվա հոկտեմբերի 4-ին եզրափակվեց ընկուզատոնով, որին  ներկա էին  գրողներ Արտակ Ավագյանը, Արտավազդ Նազարյանը,  Ալբերտ Հովհաննիսյանը, նկարիչ Սոս Վարդազարյանը, երգիչ-երգահան Արսեն Համբարյանը, լրագրող Վարդևան Գրիգորյանը, մշակույթի գործիչներ և  արվեստասերներ: Պոեզիայի ու երգի հանդեսը կայացավ Քասախի կիրճի ժայռակոփ զառիվայրում, ուրարտական ջրանցքի ափին, որտեղ նկարիչ-բանաստեղծի ընտանիքի շնորհալի անդամները գողտրիկ դարավանդներ ու անկյուններ են ստեղծել` օգտագործելով  բնության պատկերասրահի գծերն ու գույները, ժայռեղեն  զանգվածներն ու ընկուզենու դարավոր ծառերը: Եվ կանաչ, վիթխարի ընկուզենու տակ կրկին ու կրկին  հնչեց հայոց բառն ու բանը, արձագանքվեցին հնագույն ու նոր մեղեդիներ:

Լ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։