ՄՈՎՍԷՍ ՊՉԱՔՃԵԱՆ

Մովսէսն ալ մեկնեցաւ

Ուշ գիշերին ստացանք գոյժը: Մովսէս Պչաքճեան ոչ եւս է: Չհաւատացինք: Դեռ քանի մը շաբաթ առաջ հեռաձայնած էր Փարիզէն եւ յայտնած կրկին Հայաստան այցելելու իր ծրագրին մասին: Երեւանի մէջ «Հայաստան» հրատարակչութեան խնամքով եւ Վիւասել և ՄՏՍ ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանի հովանաւորութեամբ հրատարակուող իր «Երկերու Լիակատար Ժողովածու»ի ութերորդ հատորը պատրաստ էր տպարան երթալու: Պիտի գար այդ առիթով:
Հալէպ ծնած, ատեն մը Պէյրութ ապրած եւ ապա Փարիզ հաստատուած Պչաքճեան, իր օրապահիկը շահելու համար ստանձնած ուսուցչական, քարտուղարական եւ այլ պաշտօններու կողքին առաջնահերթ նկատեց գրելը: Իր բեղուն գրչին կը պատկանին տասնեակ հատորներ: Փորձեց թատրերգութիւնն ու բանաստեղծութիւնը, հրապարակագրութիւնն ու օրագրութիւնը, ինչպէս նաեւ թարգմանութիւնը, բայց մնաց գեղարուեստական արձակի վարպետը: Իր գրչին կը պատկանին բազմաթիւ պատմուածքներ եւ վէպեր: Անոր ստեղծած գրականութիւնը թաւալեցաւ սփիւռքահայ իրականութեան շուրջ: Սփիւռքահայու վտարանդի կեանքին վերաբերող հոգեկան եւ զգացական ներաշխարհը, օտար միջավայրի մէջ հայօրէն ապրելու մարտահրաւէրն ու անհեթեթ իրաւիճակները, արեւմտահայերէնով ստեղծագործող գրողին վիճակուած դժուարին եւ ապերախտ կացութիւնը եղան իր գրականութեան առանցքը, սակայն ոչ՝ ամբողջութիւնը: Ան անդրադարձաւ ժամանակակից մարդկութեանը յուզող ամէն թեմայի եւ արձագանգեց անոնց իր հայ գրողի յատուկ պրիսմակէն: Յատկանշական եղաւ անոր օգտագործած լեզուն: «Մեռնող» արեւմտահայերէնով ան կրցաւ ձեւակերպել ժամանակակից կեանքն ու շրջապատը, լեզուի հանդէպ մեծ բծախնդրութեամբ, հոգածութեամբ եւ գորովով:
Արդարեւ, Մովսէսի անակնկալ մահը խոր վիշտ պատճառեց զինք սիրողներուն ու իր երկերը գնահատողներու սրտերուն:
Հին օրերէն սկսեալ Հայաստան կ՛այցելէր ան, մեծ խանդավառութեամբ: Ինչպէս բովանդակ հայութիւնը, հայրենիքը ու յատկապէս հայ գիրն ու հայ խօսքը կիզիչ մղումներ դարձած էին իրեն համար, որ բնատուր առիթներով ու խոր ներշնչումներով դրսեւորեց զանոնք իր գեղարուեստական ու նաեւ իրապաշտ հատորներուն մէջ: Այլազան առիթներով երբ իրարու հանդիպէինք, Փարիզ, Թորոնթօ, Վենետիկ, Երեւան եւ այլուր, ինծի եւ Էլիզին յաճախ կը խօսէր Հայաստանի եւ հոն փոխադրուելու մասին եւ հայրենի հողին վրայ ստեղծագործել իր ապագայ երկերը:
Մովսէս բուռն կերպով կը հաւատար ազգային հողին ու միջավայրին ունեցած ստեղծագործական ուժին,եռանդին ու անսպառ աւիւնին: Դժբախտաբար սակայն, տարօրինակ հիւանդութիւն մը քանդել ուզեց իր բնատուր առողջութիւնը: Երկար պայքարեցաւ, գրելը, խօսիլը ու գիտցած լեզուները մոռցնել պատճառող այս անսովոր հիւանդութեան դէմ: Ճիշտ է, որ յաղթահարեց զայն, բայց միշտ մնաց առողջութեամբ դիւրաբեկ ու տկար: 2010էն սկսեալ նոր երկեր ստեղծագործել չկարողացաւ: Իր հոգին աւանդեց, ընթացիկ տարուան հոկտեմբերի կիսուն:
Մովսէս երիտասարդ տարիքէն երբ գրելու նուիրուեցաւ, իր ապրած կեանքի թանաքին մէջ թաթխեց իր գրիչը ու անոր ներշնչումով ալ ստեղծագործեց իր մնայուն գործերը: Փարիզի «Մենք»ի անմոռանալի սերունդին (Շահնուր, Որբունի, Շուշանեան եւ ուրիշներ) արժանաւոր յաջորդներէն էր Մովսէս, որ քալեց իրենց ակօսած ուղիէն, աւելի զսպուած ու պահպանողական ընթացքով: Ազգային մայրուղիներէն չքալեց ան, ինչպէս Փարիզի «Մենք»ի այս պաշտելի տղաքը ըրին, այլ մնաց լուռ ազգային լուսանցքներուն մէջ, համեստ, ինքնամփոփ ու բեղուն:
Սփիւռքին ու Հայաստանին մէջ Մովսէս Պչաքճեանի անունն ու գործը դեռ երկար պիտի յիշատակուին հայ մտքով ու գրականութեամբ զբաղողներուն եւ ընթերցողներուն կեանքին մէջ:
Հայաստանին մէջ, արժանի կերպով, քանի մը գրական շքանշաններու ու պատիւներու արժանացած է ան© «Մովսէս Խորենացի»՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, «Գրական վաստակի համար»՝ Հայաստանի Հայ Գրողներու Միութեան վարչութեան որոշումով, «Ուիլիեմ Սարոյեան»՝ Սփիւռքի նախարարութեան միջոցաւ:
Արժանի հայ գրող մըն է Մովսէս ու այսպէս ալ պիտի յիշուի դեռ երկար: Յարգանք ու սէր իր անունին ու թողուցած վաստակին:
Արժանի է:
Մարգար ՇԱՐԱՊԽԱՆԵԱՆ

ԺԱՄԱՆԱԿԻ ԵԶԵՐՔԻՆ
Աստված բարեհաճ էր եղել Մովսես Պչաքճյանի հանդեպ:
1940 թ. Հալեպում, Գեհենից փրկված Կարապետի հայ օջախում էր ծնվել՝ ոչ միայն Չմեռնող ազգի զավակը լինելու հպարտ դրոշմը կրելու, այլև Ապրող ազգի ապրեցնողներից մեկը դառնալու պայծառ շնորհով, որ քչերին է վերապահված: Իր աստանդական կյանքի ամենագրական հանգրվանը Փարիզն էր, ուր մշտական բնակություն էր հաստատել 1976-ից՝ հավերժ նրա գրկում մնալու ճակատագրական պատեհությամբ: Այստեղ էլ ծավալվեց նրա լուսավոր տաղանդը՝ ուսուցիչ-լրագրողի խոնարհ գրիչն այստեղ հանդուգն ստեղծագործական թռիչքներ ունեցավ. հյուսվեցին «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտվիլակներեն» (1990), «Լուսավոր աչքերով օտարականը» (1993), «Անցողիկը և Անժամանցելին» (2002) վիպական կտավները, «Կեռասի ժամանակեն վերջ և առաջ» պատմվածքների (1993), «Մինչև վերջինը արևներուն» (2001) բանաստեղծական ժողովածուները և լայնաշունչ հրապարակախոսությունը, որոնք Մովսես Պչաքճյանին սփյուռքահայ գրական ընթացքի մեջ ուրույն կշիռ և դերակատարություն վերապահեցին: Նա վերջին շառավիղն էր Շահան Շահնուրի, Զարեհ Որբունու, Շավարշ Նարդունու, Վազգեն Շուշանյանի և այլոց կողմից ձևավորած ստեղծագործական ավանդույթների, Մենքին տղաքի գաղափարաբանության ամենակրտսերը, թեև՝ բեղունը, լավատեսը, երջանկություն որոնողը, ով գիտակցում էր, որ «աշխարհի մեջ իր գոյությունը պարտադրող նոր դրության դեմ» անհրաժեշտ է երջանկության ծրագիր, նոր մոտեցումներ, նոր ապրելակերպ: Ու թեև իրեն շարքում էր զգում գրական ավանդույթների առումով, այնուամենայնիվ նրա արձակը առանձնանում էր նախորդներից գեղարվեստական նոր գյուտերով, խոհական-փիլիսոփայական անեզր ընդգրկումներով, որն այնքան հարիր էր, համաձույլ կյանք կոչված առեղծվածին, օրվա գույնին ու բույրին, նաև ոճական դրսևորումներով, որ խիստ անհատական էր, խիստ մարդկային և երբեք՝ խրթին կամ շինծու:
Նա Մայր հայրենիքի լիիրավ քաղաքացին էր: ՀՀ անձնագիր էլ ուներ և պետական պարգևներ: Օտարական մը չէր Հայաստանում: Իր գրական տեսադաշտում (ինչ էլ գրեր) Հայաստանն էր, հայն ինքնին՝ նրա դժվար օրն ու լուսավոր ապագան: «Երևանին քիչ մը Փարիզ կպակսի, Փարիզին՝ ամբողջ Երևանը»,- սիրում էր կրկնել նա: Ի դեպ, նա Սփյուռքի այն եզակի հեղինակն էր, ում պիեսը՝ «Անկարելի Կարելին» առաջին անգամ բեմադրվեց Երևանում 1991 թ.՝ ճգնաժամի խարխափումի մեջ փորձելով թեկուզ մի մոմի չափով լույս սփռել, հավատի կոչել, շունչ ներարկել համակերպվածներիս:
Վերջին տասնամյակում, ծանր հիվանդությունից հետո, Մովսես Պչաքճյանը այլևս չգրեց, թեև մի ինքնակենսագրական վեպի գաղափար համառորեն տանջում էր նրան, հանգիստ չէր տալիս: Միասին կազմեցինք և 2012 թ-ից սկսեցինք հրատարակել նրա «Երկերու լիակատար ժողովածուն» (8 հատորով) և մտածում էինք, որ տպագրական աշխատանքների վերջում նա ընթերցողի սեղանին կդնի իր կյանքի վեպը և անկատար կդառնա «լիակատար» կոչված ժողովածուն, և կրկին կվերադառնան անառակ մուսաները, և տոն կլինի պչաքճյանական գրական աշխարհում: Նշեմ, որ այդ աշխարհից զատ, նա ոչինչ չուներ ա՛յս աշխարհում. «Երբ սեփական երկիրս չեմ,- պարզաբանում էր նա,- երբ սեփական հողս ինձի չի պատկանիր, երկիրս կփոխարինեմ… աշխարհով»: Եվ թերևս այդ է պատճառը, որ վերջին շրջանում նա առավելապես «ներսում» էր ապրում՝ իր հերոսների հետ, նրանց միջավայրում, նրանցից ազդվելով, հիշեցնելով նրանց ասածն ու արարքը և մտերմիկ, լուսավոր ժպիտով մեզ մասնակից դարձնում ի՛ր աշխարհի անցուդարձին՝ հուշ ու լուսանկարին:
Գրական մեծ ժառանգություն թողեց Մովսես Պչաքճյանը՝ երաշխիք միշտ շարքում լինելու, ընթերցողների հետ բանավիճելու, երկխոսելու սերունդների հետ, ժամանակի եզերքին նստած հավերժելու երկրայիններիս հետ՝ հեգնելով՝ «Յուսամ՝ բան չմոռցայ»…

Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։