ԶՈՐԱՎԻԳ ԷՐ ԵՎ ՀՈՒՅՍ, ՄԵՐԱՆ` ԱԶՆԻՎ ԲԵՐՔԻ / Ռաֆայել ՍԱՀԱԿՅԱՆ

Տարվա պսակի մեջ աշունը նրա թագն էր: Աշնանը՝ հոկտեմբեր ամսին էր ծնվել, հոգու խաս խնկաբույրեր ուներ, մեղրանուշ թրթիռների զմայլելի կարկաչներ, որոնց ծիրերը իր հայրենաշխարհի գույն ու խաղերի մեջ էր, ծննդավայր Կողբ գյուղի անրջաբույր առավոտների անքուն օրորոցում: Ինչպիսի՜ սեր՝ խորքերում ծաղկած զվարթանքի պատկերներով՝ օծված մանկության վճիտ ու անապական խանդաղատանքով, հին տան, անթառամ հեքիաթի և մայրականչի սիրավոր աղերսներով: Նա թարգմանն էր օրերի հեռվից տաքացնող այն հարազատ խարույկի մտերմության, որը այրելուց առաջ ջերմացնում է սրտի սահմանը, մերձենում ոգու հնաբույր ծեսով, ապա՝ կյանքի լուսանցիկ կրակի վրա հրդեհվում դանդաղ, բայց չի մոխրացնում սիրո գույնն ու կարոտի կակաչը և վերածաղկումի հունդը՝ ծիրանավոր առավոտի շուրթերին: Նա՝ իմ մեծ բարեկամ Լևոնը, այս հոգեբաղձ հաղորդության կրողն էր ու տերը: «Ես գալիս եմ դեպի քեզ, ինչպես կգնան խորքը հոգու՝ անքննելի ու անթեք: Եվ ամեն անգամ քեզ գտնում եմ նույնը, նույնը, նույնը:… Եվ ամեն անգամ քեզ գտնում եմ տարբեր, տարբեր, տարբեր»: Սա նրա քնարական վերջաբանն է ծննդավայրին, սակայն սկիզբ ու անսահմանություն՝ հավիտենականի խորհրդով խարսխված իր էության բնականչերին: Սա լուսավոր խոնարհումի անմնացորդ պանծացում է՝ իմաստաբառ խորքերով ծաղկած մայրականչերին… Այսպես ճանաչեցի նրան 1990¬ականների սկզբում, երբ հանձն առավ իր ստեղծած «Ապոլոն» հրատարակչության միջոցով տպագրել իմ «Գիրք վշտի և հպարտության» մատյանը, որը արցախյան գոյամարտում զոհված և անհայտ կորած 105 քաջորդիների կյանքի փաստա-գեղարվեստական պատումն էր: Հետո, երբ հանդիպեցինք, կարդացել էր ցավով, խորքերից ակնածալից ժպտաց և կարճ ժամանակում հրատարակեց: Դա սկիզբն էր մեր բարեկամության, որը մեկ տասնամյակ անց ավելի խորացավ, երբ նա արդեն Հայաստանի գրողների միության նախագահն էր: Այդ օրվանից Լևոն Անանյանը եղավ մեր գրական անդաստանի խղճի ձայնը, համերաշխորեն միավորեց բոլոր նրանց, ովքեր բառ ու խոսքի, ձիրք ու ձայնի պատկերավոր դաշտում էին, ովքեր հավատում էին իրենք իրենց և բոլորը միասին՝ իրենց որոնող ու հարեհաս նախագահին: Եվ այսպես 14 տարի, մի ժամանակաշրջան, որը թեև իր բարդություններն ուներ, բայց ի պատիվ Լևոնի ջանքերի ու կազմակերպական անուրանալի տաղանդի, տարեցտարի գրական անդաստանը ընդարձակվեց, դուրս եկավ երկրի սահմաններից, բոլոր ուղղություններով ակներև էր նորը, ընդունելին և ճշմարիտը հաստատվում էր նրա անհատականության շնորհիվ:
…Բայց անգթորեն զարկվեց նրա սիրած աշնան սեպտեմբերյան այգը, որը դարձավ նրա բազմաբեղուն կյանքի անակնկալ ավարտը…
Գույժը մթնած ամպի նման սահեց և մի աստղ ցոլաց ներքև, ծննդավայր Կողբի բարձունքներին այդ առավոտ կայծակ զարկեց… Եվ մի աղբյուր մանկության կանչն իր շուրթերին լուռ հեկեկաց: Մի բուռ կարոտ ու դարձի կանչ էր պակասել իր ափերից: Հին տան ծոցում, մայրաաղոթքի օրորոցին քարացել էր երգի մի տող: Հին տան թոնրի ծուխն էր ձգվում մտամոլոր, երդիկի տակ աղոթքների ափսոսանք էր, սաղմոսների վերջին սոսափ, որոնց կապույտ երամների առաջնորդն էր ձգվում երկինք: Ո՞ւր էր գնում, երբ ոտքի տակ Բերդաղ սարն էր՝ ամուր ու պինդ: Ու լսվում էր ձայնը նրա, լսվում վերջին պատգամի պես, որպես խոստովանանք ու ձոն ծննդավայր գյուղին. «Գյուղի խոր երկինքն աննկատ, պռնկեպռունկ լցվում է աստղերով, ասես մարգարիտով լի պնակ լինի՝ կապույտ արծնապակիով ընդելուզված: Եվ օդը զնգում է առասպելներից»:
…«Վերստին համոզվեցի, որ այգիներդ բուրում են մանուշակով և երբ թեթև, կամերային իրիկունդ լվանում է մարդկանց հոգնությունը, դու ցնորք ես թվում, տեսիլք»:
Վերջին անգամ բաժանվելիս, մտքերի շարադարսը դարձել է մարգարտահյուսք խոհեր.
«Ես միշտ կարոտում եմ քո կուսական անտառներին, ոտաբոբիկ վազվզող քո տղեկներին, քո տապ ու հասուն կեսօրին, որի քուրմն եմ ես»:
Եվ նա գիտեր, որ խղճի մատյան գնդով միշտ զորավիգ էր և հույս, մերան՝ ազնիվ բերքի: Նա ժամապահն էր պատկերավոր տող ու հանգի, լուսապսակ գիր ու գրքի առաջապահ սերն էր, օրվա զիգզագներից լավն ու վատը տարանջատող, տաղանդավոր գրիչների արարուն փառքերն ի մի բերող մեղրահացի անուշաբույր ցողն էր: Աշնան այդ առավոտ նա հասցրեց տեսնել իր թիկունքից նայող գարունները անդարձ, զավակների նման իր գիրկն առավ տեսիլքավոր բարուրները նրանց, մնացողին նա շշնջաց հույսի բառեր և ցանկացավ բարի ակոս հայրենական հողում, դեռ չաղարտված թղթի սահմաններին, նաև ազնիվ և անխոտոր հոգիներում:
Երգի նման մի օր նա քաղաք էր եկել Կողբից, իր հետ սարի բույր էր բերել, ծաղկածոցիկ հովեր, անտառների իմաստավոր շռինդ, քարափների օրոր: Տարիների երամները որքան էլ փորձ արին հեռու պահել նրան հեռահմա թախիծներից անքուն, մայրաբույր հուշը՝ իբրև դարձի օրոր՝ կամրջի պես կապեց նրա օրը դարին, կարոտների կաղնին հավատարիմ մնաց իր արմատին: «Եվ երբ բաժանվեցի քեզնից ու կրկին հայտնվեցի քաղաքի փողոցներում, ինձ թվաց, թե քարե ջրվեժներ են թափվում վրաս, քարի կարկուտն է պատել աշխարհը: Եվ մի անհագուրդ զգացում տենդի պես հալածում է ինձ ամենուր: Քո կարոտն է»: Ծննդավայրի, մանկութ օրերի կանչն ու հույսը նա տարավ իր հետ: Գնաց, որպես մեծ կարոտյալ, ոչ մեկի պարտք չմնաց, իր հոգնած սրտի և ալեկոծ հոգու հաշտությամբ՝ ներում շնորհեց բոլոր մոլորյալներին: Ու եթե այնուամենայնիվ պարտք մնաց՝ մանկության ձորի լուսաղբյուրն էր, դիմացի քարափը, որոնք երկար, շա՜տ երկար կսպասեն նրա վերադարձին…
Իրիկունը սգաբարուր, իրիկունը թախծաօրոր փաթաթվել էր եկեղեցու գմբեթներին, ողբացող մոր հանգերգով սյուքն էր սիգում պատերն ի վեր, և ստվերների դողդողացող պաղ ջրվեժի կոհակումն էր պատերն ի վար… Աշնան օրը ծրարել էր ափսոսանքի թանկ հնչյուններ, դրսում, ներսում շշուկների հատընտիր հոսք, խորանի դեմ, Աստվածամոր հայացքի տակ ՆԱ էր՝ փակ աչքերով, նավի վրա, որ երկնքի ճամփեքին էր:
Հոգեհանգիստ, հարազատի ալեկոծ սիրտ, մերձավորի զսպած արցունք՝ հեղեղի պես հոգին ի վար: Լուռ աղոթքներ, ապա հայոց գրաբարի անուշածոր երգ ու հորդոր, աղերսների փնջավոր տաղ, դրախտադուռը բացելու հաղորդության հոգեարար… Հավատամքի, սիրո անանց ջերմություն էր անցորդների աչքերում թաց, խոնարհումի տուրք ու պատիվ, հրաժեշտի թախծոտ արար՝ աշնանալաց մի բուռ աշուն՝ երկնաճամփորդ Լևոնի լուռ սրտի վաստակած ու վիրավոր ծոցերում:
Հրաժեշտի մի ուրիշ այգ էր գրողների տան դահլիճում: Այս անգամ էլ նա բեմում էր, այդ բարձունքին նրա Մեծ լռությունն էր: Սակայն լեփ¬լեցուն դահլիճը չէր մոռացել նրա ձայնը, հանպատրաստի բարի խոսքը, ժպիտները՝ մեծին, փոքրին, ծանոթ¬անծանոթին, ամենեցուն:
Այդ խորին զգացումներով, հոգիների թավշյա խոնարհումով նրան ծափահարեց մայրաքաղաքը…
…Աշուն էր, փխրուն միջօրե, հեռանում էր գրողը, մտքի ու սրտի թարգմանը: Կորուստը զարկվել էր ժամանակին, կորուսյալ օրը մեղավոր ու շվարած՝ վարագուրվել էր օրացույցի տխուր էջերում: Իսկ ափսոսանքի հեղեղը սահում էր մայրաքաղաքի պողոտաներով, Երևանի հետ, համահայկական վշտի խորքերում՝ Լևոնի հեռացող առագաստն էր, իսկ նրա խուփ աչքերում՝ ծննդավայրի աղբյուր¬լանջերի մորմոքն էր և սգացող աշնան մայրաշշուկ արցունքներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.