175-ամյա երգը՝ հայերեն / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Հաճելի գործով էի զբաղված այս քանի օրը. թարգմանում էի ուկրաինական ժողովրդական շատ հայտնի ու սիրված մի երգի (,,Дивлюсь я на небо та й думку,,) խոսքերը: Նախաձեռնությունն իմը չէր, խնդրել էին Կիևից, որտեղ տարբեր լեզուներով այս ստեղծագործության թարգմանությունների ժողովածու է հրատարակվելու՝ բանաստեղծության հեղինակ Միխայիլ Պետրենկոյի ծննդյան 200 և աննման այս երգի ստեղծման 175-ամյակի առթիվ: Հրաշալի է, չէ՞. շուրջ երկու դար առաջ ծնված երգը շարունակում է ապրել ու ապրեցնել, փոխանցվել սերնդեսերունդ, բազում սրտեր գերել: Այն թե՛ ժողովուրդն է երգում, թե՛ շատ երգիչներ ընդգրկում են իրենց երգացանկում ու մեկնաբանում յուրաքանչյուրը յուրովի՛: Ընդ որում՝ ո՛չ միայն Ուկրաինայում…
Ասել է թե՝ պատասխանատու գործ էր վստահված ինձ, և ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել: Թարգմանությունը կարծես թե ստացվեց: Համենայն դեպս, մեր լավ բարեկամ Օլեքսանդր Բոժկոն (ով, ի դեպ, հայերենի իր փայլուն իմացությամբ ինձ մեծապես օգնեց հնարավորինս հարազատ մնալու բնագրին) այդ կարծիքին է: Ի դեպ, օրերս նա ինձ ուղարկեց հրաշալի այդ երգի նույնքան հրաշալի կատարումը Անատոլի Սոլովյանենկոյի մատուցմամբ ու կատակեց. «Մեր ճանաչված երգչի ազգանունը հայերեն թարգմանությամբ կլինի Բլբուլյան, դրա համար էր հենց քե՛զ վստահված բոլորիս սիրելի այդ երգի թարգմանությունը»:
Ահա ինչու համարձակվում եմ «Գրական թերթին» առաջարկել թարգմանությունը, մանավանդ որ երգի ասելիքն ու տրամադրությունն այսօր այնքա՜ն համահունչ է շա՜տ-շատերիս հոգեվիճակին:

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

ՆԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԿՆՔԻՆ…
Միխայիլ Պետրենկո
Նայում եմ երկնքին՝ լուռ խոհերի տրված.
Ինչո՞ւ բազե չեմ ես, մի հավք թևատարած,
Ինչո՞ւ, Տեր, դու ի՛նձ էլ չես շնորհել թևեր,
Որ թողած երկիրն այս՝
սավառնեմ դեպի վեր:

Ամպերի՜ց էլ անդին, այս աշխարհից հեռու՝
Բախտ փնտրելու,
վիշտն ու ցավն իմ մոռանալու,
Սե՛ր խնդրելու աստղ ու արեգակից անշեջ,
Վշտերն իմ մարելո՛ւ նրանց լույսերի մեջ:

Ծնված օրից է դեռ բախտն ինձանից խռով.
Նրա ծառա՛ն եմ ես, անտեր ո՛րբ մի մոլոր:
Նա՝ իմ հանդեպ միշտ չար,
մարդիկ՝ պաղ ու օտար.
Ո՞վ կարող է, ախր,
խորթ զավակին սեր տալ:

Բախտից հալածական՝
մի լավ օր չեմ տեսնում,
Դառնությամբ լի են սև իմ օրերը անցնում:
Ու չարքաշ այս կյանքում ես
հասկացա մի բան՝
Երկի՛նքն է լոկ ինձ տուն ու միակ օթևան:

Դա՛ռն է կյանքն այս ու
երբ ավելի՛ դառնանա,
Կնայեմ դեպ երկինք՝ սիրտս կըգոհանա.
Կմոռանա՜մ, որ ես բախտի ընտրյալը չեմ,
Բա՜րձր, դեպի հեռո՜ւ մտքերս կթռչեն:

Ա՜յ թե ունենայի արծվի թևեր հզոր,
Կըչվեի ընդմիշտ երկրից այս մեղավոր.
Վսեմ մի ճախրանքով, թևերս լայն բացած՝
Կսուզվեի կանչող ամպերի գիրկն անդարձ:

One thought on “175-ամյա երգը՝ հայերեն / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։