Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ/Շնորհակալություն Սիլվա

Վերջերս Գրողների տան Մեծ դահլիճում նշվեց Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը: Նախորդ դարի հայ գրականության, պոեզիայի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն էր նա (նաև տաղանդավոր խմբագիր էր), ում ստեղծածը ոչ միայն որպես մարդկային հոգու և մտքի գեղարվեստական «թարգմանություն», այլև որպես գրական կատարյալ արժեք իր մնայուն տեղն է գրանցել հայ մշակույթի ոսկե մասնաբաժնում: Շնորհակալություն ՀԳՄ ղեկավարությանը՝ այդ միջոցառումը կազմակերպելու համար: Արժանավորները վաստակել են հետմահու կյանքի իրավունքը: (Սա՝ ի դեպ):

Ամեն ընթերցող չէ, որ կարողանում է որսալ հեղինակի տողատակերում թաքնված հոգու մրմունջը, խոսքի ենթատեքստը, զգացմունքի անկեղծությունը: Դա, ինչպես ասում են, ասմունքողի գործն է, նրբազգաց, «վերլուծաբան» ասմունքողի: Ով լսել և հիշում է մեր մեծատաղանդ ասմունքողներին՝ Սուրեն Քոչարյանից մինչև Վլադիմիր Աբաջյան, նա կհաստատի, որ, հիրավի, ասմունքողը հեղինակի երկվորյակն է, օգնականը՝ նրա խոսքը, զգացմունքը, վարպետությունը ավելիով տեղ հասցնելու առումով:

Այս իմաստով, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը անգերազանցելիներից մեկն է, ով տասնամյակներ շարունակ հանրայնացնում է հայ գրականության, մանավանդ՝ խորհրդային շրջանի հայ պոեզիայի լավագույն գործերը: Բազմիցս եմ լսել նրան, հիացել ու մտածել, թե այդ ինչպես է նա կարողանում տվյալ հեղինակի ստեղծագործության արժեքը կրկնապատկել, պեղել, բոլորին հասանելի դարձնել նրա հույզի, ապրումի, մտքի շեշտը: Կրկնում եմ՝ ամեն ընթերցող չէ, որ կարողանում է դա որսալ, կամ էլ, ամեն հեղինակ չէ, որ տիրապետում է ասմունքի արվեստին, թեև դա նրա «մեղքը» չէ: Շատերը հենց այնպես կարդում են, իսկ Սիլվան նրբազգաց, հմուտ վերլուծողի պես է ներկայացնում տեքստի տողատակերում թաքնված հեղինակի հոգին, ասելիքի կարևորությունը: Իսկ ձայնի հնարավորությունները գործածելու առումով նա պարզապես անգերազանցելի է. Սիլվայի թավշյա, հմայիչ, աստվածատուր ձայնը…

Երեկոյի ընթացքում դրվատանքի խոսքեր ասացին Դավթյանին ճանաչած, նրա ստեղծագործության արժեքն իմացող գրողներ: Իսկ Սիլվան այնպիսի սիրով ու վարպետությամբ ներկայացրեց Դավթյանի պոեզիայի ու արձակից ընտրած հատվածները, որ անգամ դրանց հեղինակը եթե մի հրաշքով լսեր (իսկ գուցեև լսում էր, ով գիտի), կզարմանար ու կասեր՝ «մի՞թե դա ես եմ գրել»: Հեռուներում օտարացած ծննդավայրի, հայրենի տան, տատի, ծնողների նկատմամբ ունեցած սիրո, կարոտի, ցավի հիշողությունները քնքուշ, հուզիչ նրբերանգներով հնչեցին, որ արցունքները ինքնաբերաբար հոսում էին հարյուր տարի անց նույն թշնամու ձեռագրով ստեղծված համանման իրավիճակում գտնվողիս հոգում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։