Ապրիլի 20-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհանդեսը: Հայաստանում լույս տեսած հայ պոեզիայի ֆրանսերեն ժողովածուից և ռուսերեն տողացիներից 28 հեղինակի բանաստեղծություններ սերբերեն է թարգմանել Լյուբիցա Միլետիչը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով ժողովածուի թարգմանիչ Լյուբիցա Միլետիչին, նշեց, որ նա չորրորդ անգամ է լինում Հայաստանում և ամեն անգամ Հայաստանից Սերբիա վերադառնալուց հետո հրատարակում է գրքեր` նվիրված Հայաստանին: «Այսօր պիտի փաստենք, որ մեր գրականությունը շարժվող երակ է, ու թեև 1915 թվականին սպանվել են մեծ գրողներ, սակայն դա չի կարող վերջը լինել մի գրականության, մի ժողովրդի, որը անվերջ արարելու ջիղ ունի»,- ասաց ՀԳՄ նախագահը և հավելեց. «Այս ժողովածուն ապացուցում է, որ մեր ժողովրդի կենսական արյունը շարունակվում է բանաստեղծական խոսքով»: Նրա հավաստմամբ` Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պիտի սթափեցնի մեզ` առավել խորքով ճանաչելու մեր գրականությունը` դասական և ժամանակակից, քանի որ թուրքերն առաջինը սպանեցին մտավորականներին` ցույց տալու համար, թե որտեղ է մեր ուժը: Գրական գործունեության և հայ գրականության միջազգայնացման գործում ունեցած մեծ ավանդի համար Էդ. Միլիտոնյանը Լյուբիցա Միլետիչին պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, ով վարում էր շնորհանդեսը, նշեց, որ անթոլոգիան իրադարձություն է երկու երկրների գրական կյանքում. գրքին անդրադարձել է սերբական և՛ գրական, և՛ պաշտոնական մամուլը: «Այս անթոլոգիան նպատակ չի հետապնդում ներկայացնել արդի հայ պոեզիայի ողջ համայնապատկերը»,- ասաց Գ. Դավթյանը` հավելելով, որ բանաստեղծությունների ընտրությունը բացառապես թարգմանչինն է: Ապա Լ. Միլետիչի գործերից կարդաց երկու բանաստեղծություն` իր թարգմանությամբ:
Բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը շնորհակալական խոսքում տեղեկացրեց, որ մինչ անթոլոգիան նախաձեռնելը, ընտրված հեղինակների բանաստեղծությունները թարգմանել և տպագրել է մամուլում: Իսկ ժողովածուն որոշել է հրատարակել հատկապես 2015 թ. ապրիլին, քանի որ այս տարին շատ կարևոր է հայերի համար: «Այժմ, երբ ապրում ենք ծանր ցավերի ժամանակներում, հարկավոր է բարի գործեր կատարել»,- ասաց նա և ավելացրեց, որ Սերբիայում ժամանակակից հայ բանաստեղծներին գրեթե չէին ճանաչում, և այս գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում: Լ. Միլետիչը նաև ընդգծեց, որ ապրիլի 24-ին Բելգրադի հայկական եկեղեցում տեղի է ունենալու «Արդի հայ պոեզիա» գրքի շնորհանդեսը:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Ռուզան Ասատրյանը, Գոհար Գալստյանը, Շանթ Մկրտչյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ