Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրեց Լևոն Մութաֆյանի «Առնետները» հոգեբանական դրաման: «Հանդիսատեսի դատին ենք ներկայացնում մի ներկայացում, որն իր ձևով, բովանդակությամբ, կոնցեպցիայով, իր մեկնաբանությամբ և խաղաոճով, նկարչական ձևավորումով տարբերվում է մինչ այժմ եղած ներկայացումներից: Ամենակարևորը` անտարբերության մասին ենք խոսում, վախից ծնված մարդկային անտարբերության: Ուզում եմ, որ հանդիսատեսը հասկանա, որ մենք ինքներս ենք մեզ դնում անելանելի վիճակի մեջ, երբ անտարբերությունը ծնում է մարդկային ողբերգություններ»,- ասաց բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը: Դրամատուրգ Լևոն Մութաֆյանը, չնայած իր փորձառությանը, մինչ ներկայացումը բավականին հուզված էր, քանի որ. «Սա իմ թատրոնն է, իմ քաղաքում է, իմ պիեսները խաղում են երևանյան թատրոններում, ես այսպես չեմ հուզվում, քո քաղաքում քննություն տալ, հաշվետու լինելը, իհարկե, բարդ է: Տարիներ առաջ ամերիկյան ֆիլմում մի միջադեպ` մետրոյում կատարվող իրադարձությունները ինձ շատ հետաքրքրեցին: Անցան տարիներ, այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ վայրենությունը, դաժանությունը, ցավոք, դարձել են կարևոր իրողություններ: Մեռնում է գեղեցիկը, նրան փոխարինելու է գալիս դաժանությունը: Ահա ինչու գրեցի այս պիեսը, իմ նպատակն է դաժանության միջոցով սերմանել բարություն: Այսօր մարդու նկատմամբ մտահոգությունը պակասում է: Եվ մեր դրամատուրգիայում, հեռուստասերիալներում, կինոարտադրության մեջ դաժանությունը ծնունդ է առնում հանուն դաժանության: Իսկ իմ նպատակն է եղել հնչեցնել զգուշացում»:
Ներկայացումից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Հիացած եմ այս պիեսով, նրա առաջադրած բարոյական խնդիրներով: Լևոն Մութաֆյանն ապացուցեց, որ ոչ միայն մեր ժամանակի ամենատաղանդավոր թատերագետներից է, լուրջ գիտնական, այլև ինքնատիպ թատերագիր: Բարդ ու հետաքրքիր մարդկային կերպարներ է նա բերել դրամատիկական ստեղծագործություն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանի առաջարկությամբ` առավել շեշտել է անտարբերության թեման, ստեղծել է ուրույն դրություններ և պատկերներ: Իսկ մեր երիտասարդ բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանն իր հերթական ու կարևոր ստեղծագործական հաջողությունն է հաստատում: Հիացած եմ նրա աշխատանքով, բեմադրության կերպարով»: Բեմադրության մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստներ Խաչիկ Բադալյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, արտիստներ Տիգրան Վիրաբյանը, Կարո Եղոյանը, Արկադի Ղարագուլյանը, Հասմիկ Վիրաբյանը, Ռաֆայել Խառատյանը, Արսեն Միքայելյանը, Արմինե Միքայելյանը, Հռիփսիմե Աբաջյանը, Տիգրան Գաբոյանը, ուրիշներ:
Քրիստինե ՄԿՐՏՉՅԱՆ