100 ՏԱՐԻ ԱՆՑ / Սամվել Կոսյան

1915-2015: Ասես 100 տարի հետո միայն աշխարհի մեծամասնությունը վերջապես վերագտավ իր լսողությունը, կամ էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճրագործությունները շատերի հիշողության մեջ վերակենդանացրին անցյալ դարասկզբի Հայոց ցեղասպանության սարսափները: Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը գտնում է, որ «այսօր Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ողբերգությունը կրկին մտածելու առիթ է տալիս, քանի որ այս տարի հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միգուցե ժամանակն է, որ ընդունենք ոչ միայն ցեղասպանության այս ակտը, այլև այն փաստը, որ Օսմանյան կայսրության իրականացրածը փոքրամասնության նկատմամբ հատկապես քրիստոնյա կոտորած էր: Նրանք սպանվել են, որովհետև հայ էին և որովհետև քրիստոնյա էին»: Միանշանակ է, որ հանցագործությունների շարունակականության ամենաբեղմնավոր միջավայրը անպատժելիությունն է, և այլևս անհերքելի է, որ հետագա բոլոր ցեղասպանությունները պայմանավորված էին առաջինի մեղավորներին չպատժելու հանգամանքով: 100 տարի անց էլ Հայոց ցեղասպանությունը չի ստացել իր ճշմարիտ գնահատականը, և այդ առումով առաջընթացն աննշան է: Մինչդեռ հրեա պատմաբան Շտեֆան Իրիգի կարծիքով. «Հայոց ցեղասպանության մերժումն ավելի դաժան է դարձնում աշխարհը»: Թուրքական «Պատմություն» ամսագրի խմբագիր Ահմեթ Քույշարը կարծում է, որ կատարվածը «…ցեղասպանություն չէ: Ավելին է, քան ցեղասպանությունը: Սա պատմությունից, աշխարհագրությունից ջնջելու փորձ է: Սա պարզապես գործողություն չէ, այլ մեր պապերի մասնակցությամբ խմբակային լինչի դատաստանի դեպք»: Իսկ մյուս թուրք լրագրող Մեհվեշ Էվինը, անդրադառնալով 1915 թ. դեպքերին, կոչ է անում Թուրքիայի ներկայիս վիճակի, վախի ու թշնամանքի մթնոլորտի պատճառները փնտրել անցյալում: Սակայն Թուրքիան, հավատարիմ գորշ գայլի բնազդներին (գայլերը չեն կարողանում գլուխները հետ թեքել), ինքն էլ չի կարողանում առերեսվել իր անամոթ անցյալին: Ելնելով Թուրքիայի ներկա իշխանությունների արտահայտություններից ու վարքից՝ դժվար չէ կռահել, որ առայժմ Թուրքիան պատրաստ չէ փոխելու ժխտողականությանը վարժված իր գիտակցությունը: Թուրքիան ամեն ինչ անում է և անելու է՝ ժխտելու անժխտելին, հետն էլ բարոյական և հոգեբանական նոր խրամատներ փնտրելով՝ սեփական անցյալի հարձակումներից պաշտպանվելու նպատակով: Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելու թուրքական աճպարարություններն այլևս չափազանց պրիմիտիվ են արդյունավետ լինելու համար: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չաուշօղլին առիթը չի կորցնում կրկնելու, իբր, Թուրքիան պատրաստ է ձեռք մեկնել Հայաստանին, սակայն Երևանը Թուրքիայի բարեկամական քայլին միշտ ընդդիմանում է: «Մենք խաղաղություն ենք ուզում»,- բարձրաձայնում է արտգործնախարարը՝ միաժամանակ փակ պահելով սահմանը և խուսափելով դիվանագիտական հարաբերություններից: – «Ցանկանում ենք համատեղ ցավի վրա բարեկամություն կառուցվի»,- ասում է՝ հավասարության նշան դնելով զոհի ու մարդասպանի միջև: Այստեղից էլ՝ թուրքական հերթական հանելուկը, թե ո՞ւմ է ձեռք մեկնում Թուրքիան, եթե իհարկե մեկնում է: Գուցե ազերիներին, քանի որ նրանց և իրենց համատեղ ցավը հայերն ու հայկական հարցն է: ԱՄՆ փիլիսոփայության դոկտոր Հենրի Թերիոյի ձևակերպումը պարզ է. «Թուրքիայի երկխոսության ցանկացած նախաձեռնություն միտված է եղել Ցեղասպանության ճանաչման անկեղծ քննարկումները կանխելուն, էլ չխոսելով Ցեղասպանության փոխհատուցման մասին: Եթե դա է երկխոսության նպատակը, ապա հայերի համար և՛ անիմաստ է, և՛ վիրավորական այդպիսի երկխոսություններին մասնակցելը: Նույնիսկ որոշ ակնհայտորեն բարի մտադրություններ ունեցող թուրքեր հետաքրքրված են թվում երկխոսության մեջ՝ պարզապես իրենց լավ զգալու համար: Նրանք ուզում են դուր գալ հայերին, բայց չեն ուզում ընդունել այն, ինչ տեղի է ունեցել»: Մինչդեռ տեղի ունեցածը աշխարհի ամենասահմռկեցուցիչ, ամենաեղկելի հանցագործությունն է մարդկության դեմ, հանցագործություն, որ մարդկությունը 100 տարի անց է փորձում գնահատել ու դատապարտել: 100 տարի անց ոճիր՝ առանց նահատակների, որովհետև սրբերը չեն կարող նահատակներ ներկայանալ: 100 տարի անց մեր սրբադասված զոհերն են շարունակելու Հայոց ցեղասպանության վրայից անտարբերության մառախուղը մաքրել: 100 տարի անց սկսվելու է նոր 100-ի հաշվարկը` պահանջատիրության, արդարության և ճշմարտության հաղթանակի ժամանակը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։